Տնտեսություն

Հայաստանի առեւտուրը ԵՏՄ շրջանակներում

Լուսանկարը՝ Akorda.kz

Արդեն 2 տարի է Հայաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) լիիրավ անդամ է: Հինգ երկրներ ընդգրկող ինտեգրացիոն միավորմանը միանալու գործընթացը Հայաստանը սկսեց 2013թ. աշնանը` Միության կազմում երկրի համար խոստումնալից ապագա կանխատեսելով: Չունենալով ընդհանուր սահման ԵՏՄ մյուս երկրների` Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի հետ, 2016թ. Հայաստանն իր արտաքին առեւտրաշրջանառությունը կազմակերպեց ԵՏՄ համաձայնագրերով: Ի՞նչ ծավալների է հասնում Հայաստանի առեւտուրը ԵՏՄ շրջանակներում, որքա՞ն է  Հայաստանի մասնաբաժինը Միության արտահանման եւ ներմուծման մասով եւ ի՞նչ ակնկալել առաջիկայում:

Իրավիճակ

Եվրասիական տնտեսական միությունը, որը պաշտոնապես ստեղծվել է 2014թ. մայիսի 29-ին, զբաղեցնում է ավելի քան 20 մլն կմ քառ. տարածք՝ 182,7 մլն բնակչությամբ: Միության 5 անդամ երկրներից միայն Հայաստանը չունի ընդհանուր սահման ԵՏՄ մյուս երկրներից որեւէ մեկի հետ, ինչն էլ էական դժվարություններ է առաջացնում ապրանքաշրջանառության տրանսպորտային ապահովումը կազմակերպելու հարցում: ԵՏՄ-ի կարգավորումներն առաջին հերթին վերաբերում են անդամ երկրների փոխադարձ եւ երրորդ երկրների հետ առեւտրին: ԵՏՄ-ի ընդհանուր առեւտրաշրջանառությունը երրորդ՝ Միության անդամ չհանդիսացող երկրների հետ 2016թ. կազմել է 509.8 մլրդ դոլար, որից արտահանման ցուցանիշը` 308.4 մլրդ, իսկ ներմուծմանը` 201.4 մլրդ: Սա 2015թ. ցուցանիշից 12%-ով քիչ է:

Ապրանքաշրջանառության ցուցանիշների դիտարկումն առանձին երկրների մասով ցույց է տալիս, որ թե’ արտահանման, թե’ ներմուծման առյուծի բաժինը՝ մոտ 85%-ը, հասնում է Միության գերխոշոր անդամ Ռուսաստանի Դաշնությանը: Պատկերը նույնն է ԵՏՄ ներքին ապրանքաշրջանառության դեպքում: ԵՏՄ 5 անդամ երկրների ներքին ապրանքաշրջանառության 84%-ը բաժին է ընկնում Ռուսաստանի հետ 4 երկրների փոխադարձ առեւտրին:

ԵՏՄ-ն աշխարհին առաքում է հանքահումքային եւ վառելիքաէներգետիկ ապրանքներ (արտահանման 60.6%) եւ ներմուծում պատրաստի տեխնոլոգիական արտադրանք (43.3%), ինչը փաստում է ԵՏՄ-ի արդյունաբերական պոտենցիալի ցածր եւ անմրցունակ մակարդակի մասին:

Հայաստանը ԵՏՄ-ում

Հայաստանը Միության արտաքին առեւտրաշրջանառության մեջ ունի աննշան ծավալներ` ընդամենը 0.7%: Արտահանման ծավալներում Հայաստանի մասնաբաժինը 0.4% է, ներմուծման մեջ՝ 1.1%:

Հայաստանի մեկ տարվա առեւտրային ցուցանիշները Ղազախստանի, Ղրղզստանի եւ Բելառուսի հետ ցույց են տալիս, որ Միության 4 անդամ երկրներից 3-ի հետ Հայաստանը չունի շոշափելի ծավալներ: Այս 3 երկրների հետ 2016թ. ունեցած առեւտրի ծավալների գումարայինը` 43.4 մլն դոլար է, ավելի փոքր, քան, օրինակ, նույն ժամանակահատվածում Հայաստան-Լեհաստան առեւտրի ծավալները, որը կազմել է 48.5 մլն դոլար:

Սա փաստում է, որ Հայաստանն ի սկզբանե կայուն ապրանքաշրջանառություն է ունեցել այլ, մասնավորապես, եվրոպական երկրների, այլ ոչ թե Ղազախստանի, Ղրղզստանի կամ Բելառուսի հետ: Հայ գործարարները ներգրավված չեն եղել ղազախական, ղրղզական եւ բելառուսական շուկաներում, նրանց հիմնական ուղղությունները եղել են Եվրոպան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Կանադան: Այդ է պատճառը, որ ներկայումս բավականին դժվար է նոր շուկաներ մտնելը, եւ չնայած ապրանքաշրջանառությունն այս երկրների հետ շատ ցածր է, այնուամենայնիվ, նկատվում է որոշակի աճ: Խնդիրը դժվար լուծելի է դառնում նաեւ այն պատճառով, որ այդ երկրների արտադրանքները մրցունակ եւ նախընտրելի չեն միմյանց համար: Սա դժվար թե կարգավորեն անգամ Միությունում գործող առեւտրային կարգավորման ազատական դրույթները: Եվ սա միայն Հայաստանի հետ առեւտրային հարաբերություններին չի վերաբերում, այլ նաեւ նշված Բելառուս-Ղազախստան, Բելառուս-Ղրղզստան եւ Ղրղզստան-Ղազախստան փոխադարձ առեւտրին:


կարդացեք նաեւ    Արտաքին տնտեսական կապանքներ

Ըստ առեւտրային ցուցանիշների` Հայաստանի առեւտրատնտեսական կապերը ԵՏՄ-ի շրջանակներում սահմանափակվում են բացառապես ՀՀ-ՌԴ տնտեսական կապերի տիրույթում: Այս իրավիճակում ավելորդ է դառնում անդրադարձ կատարել Հայաստան-Բելառուս, Հայաստան-Ղազախստան, Հայաստան-Ղրղզստան ներդրումներին, աշխատանքային միգրացիային, տուրիզմին կամ այլ ոլորտների, քանի որ տեսանելի շարժ այդ առումով չկա:      Հետեւաբար, ԵՏՄ-ի սկզբնավորման գոնե այս փուլում Հայաստանը Միության կազմում փորձում է առաջնահերթ եւ բացառապես տնտեսական հարաբերություններ խորացնել Ռուսաստանի հետ:

Փաստարկ

ԵՏՄ անդամակցությունից հետո, Հայաստանը եւս զրոյականացրեց մաքսատուրքերը, ինչը երկարաժամկետ դրական ազդեցություն կարող է ունենալ նախ հայկական շուկայում սպառողական ապրանքների գների նվազման, ապա`հայկական ապրանքների ԵՏՄ շուկայում մրցունակության մեծացման առումով: Թե որքանով է մաքսատուրքերի զրոյականցումը նպաստել Ռուսաստանից ներմուծվող եւ դեպի Ռուսաստան արտահանվող ապրանքների ծավալների վրա,  ցույց է տալիս վիճակագրությունը: Օրինակ, եթե 2015թ. Ռուսաստանից տրանսպորտային միջոցների ներմուծման ծավալը կազմում էր 16.5 մլն դոլար, ապա 2016թ. այդ ծավալն աճել է 53%-ով` հասնելով 25.3 մլն դոլարի: Տրանսպորտային միջոցների ներմուծման աշխարհագրությունը միանգամից չի կարող փոխվել ի նպաստ ԵՏՄ երկրներից ներմուծումների, քանի որ երկար տարիներ տրանսպորտային միջոցների ձեռքբերման երկրորդային շուկան համարվում էր Վրաստանի շուկան եւ այն շարունակում է այժմ էլ նախընտրելի մնալ:

Հայաստանից Ռուսաստան ամենաշատն արտահանվում են ոգելից եւ ոչ ոգելից ըմպելիքներ: 2015թ. արտահանումը կազմել է 92.3 մլն դոլար, մինչդեռ 2016թ. այն աճել է 52.5%-ով` կազմելով 140.8 մլն: Ոգելից եւ ոչ ոգելից ըմպելիքներ ապրանքախմբի մեջ 94%-ը բաժին է ընկնում սպիրտային խմիչքներին, հիմնականում կոնյակի եւ օղու տեսականուն: Դեռեւս խորհրդային ժամանակներից ռուսական շուկայում հայկական խմիչքները կայուն սեգմենտ եւ մրցունակություն են ունեցել: Թեպետ հայկական ըմպելիքները աճ են արձանագրել ռուսական շուկայում, սակայն դա ամբողջապես չի կարելի փոխկապել ԵՏՄ-ի հետ անդամակցությանը: Ինտեգրացիոն միավորման անդամակցության դրական կամ բացասական միտումները կարտացոլվեն առնվազն 3-5 տարիների ընթացքում:

ԵՏՄ անդամակցության շրջանում անկում է արձանագրվել Հայաստանից Ռուսաստան արտահանվող կաթի, կաթնամթերքի եւ այլ կենդանական ծագման սննդամթերքի տեսականիում` 2016թ. նվազելով 43%-ով եւ կազմելով 13.2 մլն դոլար: Արտահանման կառուցվածքում խոշոր ապրանքախումբ համարվող «Բանջարեղենի, պտուղների, ընկույզների եւ բույսերի մասերի վերամշակումից  մթերքները»  եւս 2016թ. նվազել են` կազմելով 12.2 մլն դոլար 2015թ. 14.3 մլն-ի  փոխարեն:

Փորձագիտական շրջանակներում Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին տարբեր կերպ են գնահատում: Մի մասը հակված է այն մտքին, որ այս անդամակցությունը Հայաստանի համար տնտեսապես արդյունավետ չէ՝ վկայակոչելով, որ Հայաստանն առաջին հերթին նվազեցրել է ԵՄ-ի հետ տնտեսական հարաբերություններ ունենալու հեռանկարը: Մյուս թեւի ներկայացուցիչները ԵՏՄ անդամակցությունը շարունակում են համարել անշրջելի իրողություն: Այնուամենայնիվ, ավելի առարկայական գնահատական կարելի է տալ ՀՀ-ԵՄ համագործակցությունը կարգավորող հիմնական փաստաթղթի ստորագրումից հետո, երբ հայտնի կդառնան Հայաստանի եւ Եվրամիության տնտեսական հարաբերություններին վերաբերող դրույթները, իսկ ԵՏՄ անդամները համագործակցության ավելի մեծ փորձ եւ ավելի հարուստ վիճակագրություն կուտակած կլինեն:

Փորձագետի կարծիք



Հղումների պահոց

Ամփոփեց Հակոբ Սաֆարյանը

Պատասխանատու խմբագիր` Աստղիկ Գեւորգյան

© Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Հրապարակվել է` 24/03/2017