Տնտեսություն

Փխրուն տնտեսական աճ ճգնաժամային 2020-ից մեկ տարի անց

Որքան տարին մոտենում է ավարտին, այնքան ավելի անհավանական են դառնում այն կանխատեսումները, թե Հայաստանը 2021 թ․ արդյունքներով կունենա երկնիշ տնտեսական աճ։ Այս պահին ամենաթարմ կանխատեսումը Համաշխարհային բանկինն է, որը հոկտեմբերի սկզբին 6,1 % տնետսական աճ էր կանխատեսել Հայաստանի համար։

Սա նշանակում է, որ Հայաստանում ընթացիկ 2021 թվականին կստեղծվի 6,1 %-ով ավելի մեծ համախառն ներքին արդյունք (ՀՆԱ), քան նախորդ տարի։

ՀՆԱ-ն տարվա ընթացքում Հայաստանում ստեղծված բոլոր ապրանքների (գյուղատնտեսական, արդյունաբերական և այլն), մատուցված բոլոր ծառայությունների, կատարված բոլոր ներդրումների հանրագումարն է։

Ընդունված է այն ներկայացնել փողային արտահայտությամբ, որպեսզի հնարավոր լինի համեմատել այլ տարիների կամ այլ երկրների արդյունքների հետ։

Տնտեսագետ, Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոնի ( ACSES) ղեկավար Հայկազ Ֆանյանն «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում բացատրում է, թե առհասարակ ինչպես պետք է բնակչության վրա զգացվի տնտեսական աճը։

«Դա, մասնավորապես, վերաբերում է աշխատավարձերի աճին։ Այս տարի աշխատավարձերի որոշակի բարձրացում ունեցել ենք։ Բայց երբ համադրում ենք գնաճի հետ, որը բավականին բարձր է, արդյունքն այդքան էլ մեծ չի լինի», – նշում է Ֆանյանը։

Այսպիսով, հոկտեմբերի սկզբին Համաշխարհային բանկը կանխատեսել է, որ Հայաստանի 2021 թվականի ՀՆԱ-ն 6,1 %-ով ավելին կլինի, քան 2020 թվականինը։ Այս պահի դրությամբ առկա ցուցանիշներով ՀՀ վիճակագրական կոմիտեն հաշվարկել է տարվա առաջին 9 ամիսների համեմատությունը նախորդ տարվա առաջին 9 ամիսների հետ։ Ստացված թիվը հուսադրող չէ՝ 4,4 %։

Համաշխարհային բանկը, սակայն, միակը չէ, որ անում է նման կանխատեսումներ։ Այդպիսի կանխատեսումներ անում են նաև հենց Հայաստանի կառավարությունն ու կենտրոնական բանկը, ինչպես նաև Արժույթի միջազգային հիմնադրամը, Ասիական զարգացման բանկը։ 2021 թվականի վերաբերյալ այս կառույցների և կազմակերպությունների՝ տարբեր ամիսներին կատարած կանխատեսումները տարբեր են եղել։

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանն իրատեսական չի համարում այս տարի Հայաստանի տնտեսության 6,1 % աճը: Պատճառը 9 ամիսների տնտեսական ակտիվության 4,4 % ցուցանիշն է։

Բանն այն է, որ նախորդ տարվա մարտից տնտեսությունը վատ օրեր էր ապրում կորոնավիրուսային լոքդաունի պատճառով։ Իսկ այս տարի այդ խնդիրներն ավելի նվազ էին արտահայտված, հետևաբար այս տարվա առաջին 9 ամիսների նկատմամբ հույսերն ավելի շատ էին։ Տարբերությունը, սակայն, ընդամենը 4,4 % է եղել։

Ամբողջ տարվա կտրվածքով 2020 թվականին Հայաստանում ստեղծվել է շուրջ 6 տրիլիոն 180 միլիարդ դրամի ՀՆԱ (ապրանք, ծառայություն, ներդրում)։ Սակայն նախորդ տարին, ինչպես հայտնի է, ճգնաժամերի տարի է եղել, հետևաբար տեղին է այս տարին համեմատել ոչ թե 2020 թվականի, այլ 2019 թվականի հետ։

2019 թ-ին Հայաստանում ստեղծվել է 6 տրիլիոն 543 միլիարդ դրամի արդյունք։ Եվ այս արդյունքին հասնելու համար բավարար կլինի 5,85 % աճը։ Իսկ եթե կատարվի Համաշխարհային բանկի կանխատեսումը (6,1 %), այս տարվա արդյունքը կգերազանցի 2019 թվականի արդյունքը։

Գրաֆիկում կարմիր գծով ներկայացված է ՀՆԱ-ի չափը 1994 թվականից։ Այն հիմնականում աճում է, և հարցն այն է, թե քանի՞ տոկոսով է աճում։ Կապույտով սյուները ցույց են տալիս հենց աճի ցուցանիշները։ Գրաֆիկում ներկայացված 2021 թվականի ցուցանիշները կանխատեսումային են և ներկայացնում են 5,85 % աճի դեպքը։

Նախորդ տարիներին Հայաստանի տնտեսական աճը կազմել է մինչև 14 %: Սակայն բացառություն էին 2017 թ․ ու 2019թ․, առաջին դեպքում երկրում գրանցվել էր 7,5%, իսկ երկրորդում՝ 7,6% տնտեսական աճ։

Անկումներն եղել են 2008 (-14,1%) և 2020 թթ․-ին (-7,4%)։ Դրանք կապված են եղել համաշխարհային տնտեսական ճգնաժամի (2008) և կորոնավիրուսի համավարակի ու պատերազմի հետ (2020)։

Այս տարվա աճը, սակայն, ունի յուրահատկություն։ Այն, այնուամենայնիվ, համեմատվում է նախորդ՝ անկումային տարվա հետ։ Տնտեսագետները այս դեպքում խոսում են ցածր բազայի էֆեկտի մասին։ Այսինքն, եթե նախորդ տարի եղել է ճգնաժամ, որը կասեցրել է տնտեսության աճը, ապա այս տարի, նման ճգնաժամի բացակայությամբ, տնտեսությունն ավելի արագ պետք է աճեր։

Հայաստանի պարագայում աճի տեմպը համաշխարհային միջին տեմպից համեմատաբար ցածր է լինելու, քանի որ տնտեսության վրա բացի համավարակը նաև պատերազմն է հետք թողել։

Համաշխարհային բանկում կարծում են, որ տարվա առաջին ամիսներին Հայաստանի տնտեսական ցուցանիշներն ավելի հուսադրող են եղել, քան սպասվում էր։ Արդյունքում, տարեմուտին մոտ երեք միջազգային կառույցներն էլ ավելի բարձր տոկոսով աճ են կանխատեսել Հայաստանի տնտեսության համար։

Տնտեսագետ Ֆանյանը բացատրում է, որ սովորաբար հետճգնաժամային փուլերում տնտեսություններն ավելի արագ են զարգանում, քան սպասվում է, բայց Հայաստանում այս տարի այդպես չեղավ։

«Մեզ մոտ մի քանի գործոններ են համատեղվել, այդ թվում քաղաքական գործընթացները, ընտրություններն ու ակտիվ փուլում գտնվող կոնֆլիկտն Ադրբեջանի հետ, և շատ անորոշություններ կան, որոնց պարագայում ներդրողները, այսպես ասած, ռիսկ չեն անում խոշոր ներդրումային նախագծեր իրականացնել Հայաստանում»։

Ֆանյանը նաև հիշեցնում է, որ առանձին ոլորտներում ևս կան անկումներ, ինչպես օրինակ՝ ծխախոտագործության ոլորտում, որտեղ արտահանման խոշոր անկում է գրանցվել, ինչն էլ կապ ունի Հայաստանում տվյալ ոլորտի առանձնահատկության հետ։

Հեղինակ՝ Գարիկ Հարությունյան
Գծապատկերները՝ հեղինակի

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 28/10/2021