Քաղաքական

Տավուշը թիրախում․ Հուլիսյան մարտերը հրետանու և անօդաչուների ակտիվ կիրառմամբ

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Հուլիսի 12-ի կեսօրից հայ-ադրբեջանական սահմանում՝ Տավուշի շրջանի Չինարի և Մովսես գյուղերի հարևանությամբ մեկնարկած մարտերը ամենաթեժն են 2016թ․-ի ապրիլյան պատերազմից հետո։

Արդեն հինգերորդ օրն է, ինչ այս հատվածում շարունակվում են մարտական թեժ գործողությունները։

Հուլիսի 16-ի գիշերը ադրբեջանական բանակի հատուկ ստորաբաժանման մի քանի տասնյակ զինծառայողների մասնակցությամբ հարձակում է սկսվել Տավուշի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։

ՀՀ ԶՈՒ համաձայն, հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը կանխվել է, հակառակորդը կրելով մարդկային կորուստներ՝ նահանջել է։ Հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

Սակայն լուսաբացին մոտ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Հրետանու կիրառումն ակտիվ շարունակվել է մինչև առավոտյան ժամը 7-ը։ Օրվա ընթացքում կիրառության է դրվել հարվածային անօդաչու սարքեր (ԱԹՍ), այդ թվում՝ նաև բնակավայրերի ուղղությամբ։ Դրա հետևանքով վիրավորվել է Չինարի գյուղի մեկ բնակիչ։ Սա հայկական կողմից քաղաքացիականների շրջանում վիրավորման առաջին դեպքն է ։

Հայկական կողմը հայտարարել է, որ «Ադրբեջանի զինված ուժերի կողմից կրակի դադարեցման և համապատասխան բարենպաստ պայմանների ստեղծման պարագայում հայկական կողմը պատրաստ է թույլատրել ադրբեջանական զոհերի և վիրավորների հայտնաբերումն ու տարհանումը մարտադաշտից»:

Ավելի ուշ ՀՀ ՊՆ խոսնակը տեղադրել է միջդիրքային տարածությունից հայկական կողմի թույտվությամբ ադրբեջանցի զինծառայողների դիերի տարհանման լուսանկարներ և տեսանյութ։

Ընդհանուր առմամբ, հուլիսի 15-ի դրությամբ, Ադրբեջանական կողմը հայտնել էր զինված ուժերի 12 զինծառայողի մահվան մասին։ Այսօրվա մարտերից հետո թիվը կարող է փոխվել։

ՀՀ ԶՈՒ-ի տեղեկությունների համաձայն, վերջին հինգ օրերի ընթացքում՝ սկսած հուլիսի 12-ից, մարտերի ժամանակ զոհվել է հայկական զինված ուժերի 4 զինծառայող և շուրջ 20-ը վիրավորվել են։

Ինչու ակտիվացան մարտական գործողությունները

Հուլիսի 12-ի կեսօրին հայկական դիրքերից մեկին մոտեցել է ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենա, որից զինծառայողները դուրս են եկել և շարժվել դեպի հայկական դիրք։ Ըստ ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի, քանի որ շարժումը անսպասելի է եղել ՀՀ ԶՈՒ դիրքապահների համար, վերջիններս կոչ են արել լքել տարածքը՝ հաշվի առնելով ադրբեջանական զինծառայողների հնարավոր մոլորվածությունը։

Դեպքը տեղի է ունեցել հայկական Մովսես և ադրբեջանական Աղդամ գյուղերի միջև ընկած միջդիրքային տարածությունում։ Հակառակորդը, թողնելով մեքենան, վերադարձել է դեպի իր դիրքեր։

Հեռանալուց կարճ ժամանակ անց նույն դիրքի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սկսվել է հրետակոծումը։

Որոշ ժամանակ անց ոչ պաշտոնական խողովակներով հայտարարվեց հայկական կողմի նոր, ավելի բարենպաստ դիրքերի զբաղեցման մասին։ ՀՀ պաշտպանության նախարարությունը դիրքային փոփոխությունների վերաբերյալ մանրամասներ պաշտոնապես չի հայտնել, սակայն նշել է, որ ՀՀ ԶՈՒ բոլոր հենակետերը տեղակայված են բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում։

Հուլիսյան մարտերի առաջին իսկ ժամերից հակառակորդի կողմից կիրառվեցին զինատեսակներ, որոնք 2016-ի ապրիլյան մարտերից հետո չէին օգտագործվել առաջնագծում։ Հայաստան-Ադրբեջան սահմանագծի այս հատվածում ծավալված մարտական գործողություններն իրենց ծավալներով ակնհայտ տարբերվեցին նախկինում այս հատվածում տեղի ունեցած փոխհրաձգություններից և դիվերսիոն հարձակումներից։

Հուլիսի 12-ից սկսած՝ հայկական կողմը գրանցել է հակառակորդի մարտական գործողություններում կիրառված ականանետեր, տանկ, «Գրադ» համազարկային ռեակտիվ կրակի համակարգեր, մեծ տրամաչափի հրետանային միջոցներ։

Այնուամենայնիվ, այս մարտական գործողություններում նորություն էին ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից զանգվածաբար կիրառված անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ)։ Հայկական կողմի պնդմամբ՝ մարտերի ընթացքում Ադրբեջանը կորցրել է շուրջ 13 այդպիսի սարք, որոնցից 3-ը՝ հետախուզական, 10-ը հարվածային։

Դրանցից ամենալուրջ կորուստը Elbyt Hermes-900 իսրայելական արտադրության ԱԹՍ-ն է, որը խոցվել է «Օսա-ԱԿ/ԱԿՄ» տեսակի ՀՕՊ հրթիռային համակարգով:

Elbyt Hermes-900 տիպի ԱԹՍ-ը փաստացի հնարավորություն ուներ երկնքից կառավարել ադրբեջանական այլ ԱԹՍ-ների և հրետանու մարտական գործողությունները։ Սարքի արժեքը՝ տարբեր մասնագիտական աղբյուրների համաձայն, շուրջ 30 մլն դոլար է։

Բնակչության թիրախավորումը

Հուլիսի 12-ին ադրբեջանական զինված ուժերը նախ 82 մմ-անոց տրամաչափի ականանետի 7 արկ արձակեցին Տավուշի Չինարի սահմանամերձ բնակավայրի ուղղությամբ՝ վնասելով բնակելի տներից մեկի տանիքը: Նույն օրը Չինարիի ուղղությամբ արձակվեց նաև 120մմ-անոց տրամաչափի ականանետի 3 արկ։ Արկերից մեկն ընկավ տան վրա, երկուսը՝ բակում։ ՀՀ ՊՆ խոսնակը հայտնեց, որ բնակիչների շրջանում տուժածներ չկան։

Հուլիսի 14-ին, «Հետքը» հայտնեց, որ ադրբեջանական զինված ուժերը հրետակոծել են նաև Տավուշի Այգեպար գյուղը։ Հրետակոծության հետևանքով վնասվել է 7 տուն, գնդակոծության հետևանքով բռնկվել են հրդեհներ:

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացրին, որ հուլիսի 13-ին վերգետնյա գազատար ցանցերի վնասվելու պատճառով, դադարեցվել է Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Չինարի գյուղերի մի հատվածի գազամատակարարումը:

Այդ օրն առավոտյան ՀՀ ՊՆ-ն հայտնեց, որ հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրախավորվել են Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքները։

Ավելի ուշ Բերդում գտնվող «Տավուշ տեքստիլ» գործարանի տնօրեն Միքայել Եզեկյանը «Սպուտնիկին» տեղեկացրել էր, որ կեսօրին մոտ հակառակորդը 120 մմ-անոց ականանետներից կրակել է նաև գործարանի ուղղությամբ։ Տնօրենի խոսքով՝ կրակոցների պահին գործարանում եղել են ինքն ու ադմինիստրատիվ որոշ աշխատողներ։

Գործարանը նոր կորոնավիրուսի համաճարակի ընթացքում զբաղվում էր բժշկական դիմակների արտադրությամբ, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով՝ որոշվել է ժամանակավոր կանգնեցնել արտադրությունը։

Այս դեպքերն ամփոփելիս, հուլիսի 14-ի բրիֆինգի ժամանակ, ՀՀ ՊՆ ներկայացուցիչ, Իջևանում այս օրերին բացված միասնական տեղեկատվական կենտրոնի համակարգող Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ օրվա ընթացքում հակառակորդի կողմից հրետակոծվել են Տավուշի մարզի Չինարի, Այգեպար, Բերքաբեր, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը և Բերդ քաղաքը։

Քաղաքացիական ազգաբնակչության շրջանում հուլիսի 16-ի դրությամբ կա մեկ վիրավոր՝ Չինարի գյուղից։

Հուլիսի 15-ի երեկոյան բրիֆինգին, Հովհաննիսյանը նշեց, որ հուլիսյան մարտերի առաջին օրերի ընթացքում հայկական 5-6 բնակավայրերի նկատմամբ կիրառվել է մոտավոր հաշվարկներով 50-ից ավելի հրետանային արկ։ Նույն ճեպազրույցի ժամանակ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացրեց, որ նշված սահմանամերձ գյուղերում կատարում են մշտադիտարկում և փաստագրել են բնակավայրերի հրետակոծությունները։

Հուլիսի 15-ի, լույս 16-ի հրետակոծության ժամանակ վնասվել են Այգեպարի մանկապարտեզը և Ներքին Կարմիրաղբյուր գնացող ջրագիծն ու բնակելի տներ։

Հուլիսի 16-ի ճեպազրույցի ընթացքում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտնեց, որ ընդհանուր առմամբ այս օրերին մարզի բնակավայրերում հակառակորդի կողմից թիրախավորվել է մոտ 30 առանձնատուն։ Դրանց մի մասը վերականգնման ենթակա են, բայց կան դեպքեր, երբ տները վերակառուցվելու են զրոյից։

Նույն օրվա ընթացքում հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը կանխամտածված խոչընդոտում է հրդեհները մարելու համար այդ գյուղեր մեկնող ԱԻՆ հրշեջ մեքենաների ժամանմանը։ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ ադրբեջանական զինված ուժերի հարվածային ԱԹՍ-ն հարվածել է ԱԻՆ մեքենային, զոհեր չկան։

Այս փաստերը ցույց են տալիս, որ ադրբեջանական կողմը չի խորշում նաև հայկական քաղաքացիական բնակչությանը, քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորելուց։

Ադրբեջանն իր հերթին հայտարարեց, թե հայկական բանակը թիրախավորում է ադրբեջանական գյուղերը։ Սակայն փաստն այն է, որ Ադրբեջանի բանակը իր հրետանային մարտկոցները տեղակայում է իրենց իսկ գյուղերի հարևանությամբ։ Այս մասին տեղեկացնում է Razm.info կայքը, որը հրապարակել է մի քարտեզ, ներկայացնելով, թե որքան մոտ է Ադրբեջանի բանակի հրետանին տեղակայված բնակավայրին, ինչը վտանգի տակ է դնում քաղաքացիական բնակչությանը։

Մարդկային կորուստները

Մարտերի ընթացքում հայկական կողմն ունեցել է 4 զոհ՝ երկու սպա՝ մայոր Գարուշ Համբարձումյանը և կապիտան Սոս Էլբակյանը, և երկու ժամկետային զինծառայող՝ կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյանը և Գրիշա Մաթևոսյանը։ Ժամկետայինները, ըստ ՊՆ հաղորդագրության, մարտերի ժամանակ առաջնագծում չեն եղել:

Մարտերի առաջին օրերի ընթացքում ՀՀ ԶՈւ-ն ունեցել է շուրջ 20 վիրավոր, որոնցից հուլիսի 16-ի դրությամբ բուժում են ստանում վիրավոր զինծառայողներից 10-ը, մյուսները վերադարձել են շարք։ Բուժում ստացողներից միայն մեկի վիճակն է գնահատվում ծայրահեղ ծանր։ Հինգ զինծառայողների վիճակը համարվում է միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ թեթև։

Քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորման միակ դեպքը եղել է հուլիսի 16-ին՝ ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածից։ Մահվան դեպքեր չեն գրանցվել։ Սահմանամերձ շրջաններից տարհանում չի իրականացվել, սակայն քաղպաշտպանության միջոցառումներ են իրականացվել՝ պատսպարանների ապահովման համար։

Ադրբեջանական կողմը պաշտոնապես հրապարակել է 11 զինծառայողի մահվան մասին տեղեկություն։ Նրանց թվում կան նաև բարձրաստիճան զինվորականներ․ ադրբեջանական բանակի՝ Տավուշի մարզի ուղղությամբ դիրքավորված Ադրբեջանի 3-րդ կորպուսի շտաբի պետ, գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը, նույն կորպուսի հրետանու պետ, գնդապետ Իլգար Միրզեևը։

Չի բացառվում, որ ՀՀ ՊՆ հրապարակած տեսանյութում տեսագրված է նշված զինվորականներին տեղափոխող մեքենայի ոչնչացումը։

Անհայտ թվով կորուստներ ադրբեջանական կողմը կրել է նաև հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը, երբ հատուկջոկատայինները հարձակում են գործել հայկական դիրքերի վրա։ Ադրբեջանական կողմը հաստատել է միայն մեկ զինծառայողի կորուստ։ Սակայն հայկական կողմը հրապարակել է միջդիրքային գոտուց ադրբեջանցիների զինծառայողների դիերի տարհանման տեսանյութ, որտեղ դիերն ավելի շատ են։

Ցույցեր Բաքվում և Սումգայիթում

Մահվան այս դեպքերը լուրջ ռեզոնանս ստացան Ադրբեջանում։ Սպանված ադրբեջանցի գեներալի դին Բաքվում դիմավորեցին ծափողջույններով, իսկ նույն գիշեր մեկնարկեցին բազմահազարանոց երթեր, որոնց մասնակիցները իշխանություններից պահանջում էին պատերազմ սկսել Հայաստանի դեմ։

Մինչ այս կորոնավիրուսային համաճարակի պայմաններում Ադրբեջանում անցկացվող ցույցերն անմիջապես ճնշվում էին։ Սակայն այս ցույցի դեմ իշխանություններն սկզբում որևէ միջոց չկիրառեցին։

Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի պնդմամբ՝ դա ցույց է տալիս, որ ցույցի կազմակերպումը առնվազն խրախուսել են պետական մակարդակով։ Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի պնդմամբ էլ Ադրբեջանի ղեկավարը փորձում է հանրության սոցիալական բողոքի ալիքն ուղղել դեպի հայկական կողմ։

Ցույցերը, սակայն, «անցան սահմանները» և դուրս եկան կանխատեսելի հունից այն ժամանակ, երբ ցուցարարները «Շեհիդների ծառուղի» հասնելուց հետո ներխուժեցին երկրի խորհրդարանի շենք։ Նրանք պահանջում էին հայտարարել համընդհանուր մոբիլիզացիա։

Ոստիկանությունը ցուցարարներին դուրս մղեց Միլի մեջլիսի շենքից, իսկ ցույցը ցրեց մահակների, ջրցան մեքենաների, արցունքաբեր գազի գործադրմամբ։ Ձերբակալվեցին տասնյակ մարդիկ։

Առավոտյան իշխանությունները հայտարարեցին, որ դեմ չեն մահացածների հիշատակը հարգելուն, բայց ցուցարարները պետք է «պահպանեն հակահամաճարակային կանոնները»։

Միջազգային արձագանքը

Միջազգային արձագանքը հիմնականում ուղղված է երկու կողմերին՝ կոչ դադարեցնել զինված դիմակայությունը և զսպվածություն դրսևորել։

Այնուամենայնիվ, Թուրքիան այս անգամ որոշեց տարբերվել մյուս երկրներից՝ իր անվերապահ աջակցությունը հայտնելով Ադրբեջանին։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր թվիթերյան էջում գրեց, թե պատրաստ են իրենց կյանքը տալ Ադրբեջանի համար։

Հայաստանի ԱԳՆ-ից արձագանքեցին ոչ միայն նրա, այլև Թուրքիայի նախագահի և պաշտպանության նախարարի հայտարարություններին, որոնք հնչել են այս օրերին։

«Թուրքիայի կողմնակալ և սադրիչ կեցվածքը լուրջ վնաս է հասցնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը և փաստում է, որ Թուրքիան միջազգային՝ նախևառաջ ԵԱՀԿ, շրջանակներում չի կարող որևէ ներգրավում ունենալ հակամարտությանն առնչվող գործընթացներում:

Թուրքիան այս մոտեցումներով հանդիսանում է Հայաստանի և մեր տարածաշրջանի անվտանգության սպառնալիքը, որի դիմակայումը պահանջում է լայն տարածաշրջանային և միջազգային համագործակցություն», – մասնավորապես նշված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

Քանի որ մարտերն ընթանում էին Հայաստանի և Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանին, դրան պարտավոր էր արձագանքել նաև Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), որի հիմնադիր անդամներից է նաև Հայաստանը։ Ադրբեջանը չի անդամակցում ՀԱՊԿ-ին։

Կազմակերպության առաջին արձագանքը թվում էր, թե արագ տեղի ունեցավ։ Մարտի սկսելուց մեկ օր անց՝ Հուլիսի 13-ին հայտարարվեց, որ ՀԱՊԿ մշտական խորհուրդը նիստ է գումարում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման պատճառով, սակայն կարճ ժամանակ անց հայտարարությունը հեռացվեց կայքից։ Կազմակերպության մամուլի խոսնակը հայտարարեց, որ նիստը հետաձգվել է անհայտ ժամկետով։

Ավելի ուշ` հուլիսի 14-ին, եղավ նաև կազմակերպության քարտուղարության պաշտոնական հայտարարությունը իրադրության վերաբերյալ։

«Ստեղծված իրավիճակը չի նպաստում երկու հարևան պետությունների սահմանին իրավիճակի կարգավորմանը, որոնցից մեկը Հայաստանի Հանրապետությունը, ՀԱՊԿ անդամ պետություն է և վկայում է հրադադարի պայմանավորվածությունների խախտման մասին, որը ձեռք է բերվել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության մակարդակում», – նշվում էր հայտարարության մեջ։

ՀԱՊԿ քարտուղարությունն ընդգծում էր ՀԱՊԿ պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի անհապաղ վերականգնման անհրաժեշտությունը։

Սակայն սա հայտարարություն էր ուղղված էր երկու կողմերին՝ առանց հաշվի առնելու, որ Հայաստանն է այն պետությունը, որին անհրաժեշտության դեպքում պետք է օգնության հասնի կազմակերպությունը։ Միջազգային կազմակերպությունների հայտարարություններից անցել է երկու օր, սակայն հրետանու կրակը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ժամանակ առ ժամանակ վերսկսվում է նույն ուժգնությամբ։

Հեղինակ՝ Գարիկ Հարությունյան

Պատասխանատու խմբագիր՝ Սուրեն Դեհերյան

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 16/07/2020