Վայոց ձորի ապագան կառուցվում է գինու համից, պանրի հոտից, վայրի խոտաբույսերի թեյից ու ժայռապատկերների խորքից եկող անցյալի մասին պատմություններից։ Սակայն այս ամենը, որ սկիզբ է առնում հողի զարկերակից և ջրի բյուրեղներից, այսօր կանգնած է իրական սպառնալիքի առջև։
Մարզի տնտեսության ողնաշարը գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունն են։ Բայց վերջին տարիներին ներդրումային ծրագրերի անվան տակ այստեղ անընդհատ վերադառնում է հանքարդյունաբերության ստվերը։ Գլաձորի բազմամետաղային հանքավայրը, Զառիթափում կառուցվելիք ոսկու կորզման գործարանը՝ ցիանիդի կիրառմամբ, սպառնում են ոչ միայն բնությանը, այլ մարդկանց ապրելակերպին, համայնքների ինքնությանը։
Գինու գինը՝ ցիանի դեմ պայքար
Զառիթափ բնակավայրի մարդիկ դեմ են։
«Մեկ անգամ այստեղ արդեն եղել է հանրային լսում։ Ասում են՝ ցիանիդով են կորզելու։ Այդ ջուրը գալու է, լցվի Արփա գետը, որից միայն Զառիթափը չէ, այլ շատ համայնքներ օգտվում են ոռոգման նպատակով, այդ թվում՝ Արենին [խմբ․ հայտնի է գինեգործությամբ]», – «Ամփոփ Մեդիային» ասում է Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը։
Նույն խնդրից են խոսում նաև Եղեգնաձորի խոշորացված համայնքի բնակիչները։ Նրանք հստակ պատկերացնում են՝ եթե հանքն աշխատի, գինին այլևս չի վաճառվի։ Եղեգնաձորցի Հայկ Իսախանյանը մտահոգված է, որ գործարանի շահագործման դեպքում Արենու խաղողը և գինին կկորցնեն իրենց արժեքը։
«Ցանկացած գինեգործ պետք է իր փաստաթղթերում նշի ցիանական պոչամբարի հեռավորությունը իր խաղողի այգուց կամ գինու գործարանից։ Չնշելու դեպքում որևէ դեպք պատահի սպառողի հետ՝ մեղադրելու են արտադրողին, իսկ եթե նշենք, էլ ոչ ոք չի առնի», – համոզված է նա։
Հայկը Գլաձորի բազմամետաղային հանքավայրի շահագործմանը դեմ նախաձեռնության ակտիվ անդամներից է և ասում է, որ չնայած հասարակական դիմադրությանը՝ հանքարդյունաբերական փորձերն այստեղ շարունակական են։ Նույն ներդրողները տարբեր ընկերությունների անվան տակ վերադառնում են տարիներ շարունակ՝ փորձելով շրջանցել մերժումները։

«Երկու տարին մեկ տարբեր ընկերություններով նույն մարդը՝ Արամ Օսիկյանը, վերադառնում է, քանի որ երբ մի ընկերությունը մերժվում է, չի կարող նույն կերպ ներկայանալ։ 2024 թ․ եկան, հանրային լսում չկազմակերպեցին, քանի որ գիտեին, որ կրկին մերժվելու էին, բայց նախապատրաստվում են նոր ընկերություն բացել և գալ», – ասում է Հայկը և վստահեցնում՝ համայնքը ամուր կանգնած է իր դիրքերում։
Բարեկեցության այլընտրանքը՝ «կենդանի լանդշաֆտ»
Վայոց Ձորի մյուս համայնքներում՝ Արենիում, Ելփինում, Վերնաշենում, գյուղացիներն ու ձեռնարկատերերը նույնպես շարունակում են իրենց հողի վրա արարել՝ գինի, պանիր, թեյ, չիր, ազգային ուտեստներ։ Նրանց գործը միայն տնտեսություն զարգացնելը չէ․ նրանք ստեղծում են կենսամթերք, ավանդույթ, պատմություն, համ ու հոտ։

Պատմամշակութային վայրերով հարուստ Վայոց ձորում ապագան կապում են գյուղատնտեսության, գինեգործության և զբոսաշրջության հետ, և հենց այս ճյուղերի զարգացման ուղղությամբ էլ տարիներ շարունակ կատարվում են ներդրումներ։
«30 տարիների ընթացքում կատարված խոշոր ներդրումների շնորհիվ է, որ ունենք տասնյակ գինու գործարաններ, խաղողի այգիներ, որոնց ակունքները գալիս են 6000–ամյա պատմության խորքերից։ Անհամատեղելի են հանքարդյունաբերությունն ու գինեգործությունը», – ասում է Իսախանյանը։

Արենիի «Old Bridge» գինու գործարանում, որը հիմնադրվել է դեռ 1998-ին, սկսել են խաղողի այգիների հիմնումից՝ զարգացնելով գինեգործության զբոսաշրջության գաղափարը։ Այստեղ գինու համտեսմանը զուգընթաց զբոսաշրջիկին պատմում են հողի տված բերքի, մարդկանց աշխատասիրության ու ընկերության շուրջ 30 տարիների պատմության մասին։
Նույն մոդելով Ելփինում արտադրում են պանիր, խմորում համադրված համերով, համագործակցում գինեգործների հետ, սպասարկում հյուրատներին։ Մեկը մյուսի մատակարարն է, ոչ թե սպառողը՝ ապահովելով տնտեսական շղթայի կայուն զարգացումը։
«Գաուդա պանիր ենք հնեցնում վիսկիով, եգիպտական համեմունքով պանիր ենք պատրաստում։ Ամեն ինչ այստեղ ենք անում ՝ մեր Ելփինում», – ժպտում է Արթուր Նազարյանը՝ «Արթչիզ» պանրի արտադրության տնօրենը։
Հին ուտեստը՝ նոր երազանքով
Արենիի բնակիչ Մարիամ Սիմոնյանը վերջերս իրականություն է դարձրել վաղեմի երազանքը՝ իր գյուղում հիմնելով «Շերամ» ազգային խոհանոց–ռեստորանը։ Այստեղ նա Վայոց ձորի հին ավանդական ուտեստներ է մատուցում՝ դրանց նոր շունչ հաղորդելով։ Օրինակ նրա ճաշացանկում խորոված չես հանդիպի, բայց առաջարկվում է մասուրով ճաշ, ինչը իսկական բացահայտում կդառնա թթվաշ ապուր սիրողների համար։ Մարիամը վստահեցնում է, որ զբոսաշրջիկը անծանոթ ուտեսներն համտեսելուց հետո կհեռանա ոչ միայն կուշտ, այլ նաև հիշողություններով լի։
«Շերամ» ռեստորանի, ինչպես նաև թվարկված մյուս արտադրությունների զարգացմանը նպաստել է նաև «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագիրը (LILA), որի մեկնարկը տրվել է 2021 թ-ի գարնանը:
Ծրագիրը, որն իրականացվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) աջակցությամբ, նպատակ ունի բարելավել հեռավոր շրջաններում ֆերմերների, գյուղական բիզնեսների եկամուտները և գյուղական բնակչության բնական ապրուստի միջոցները՝ տեղական բնական ռեսուրսների տնտեսապես ավելի արդյունավետ և ավելի կայուն օգտագործման ու կառավարման շնորհիվ: LILA-ի միջոցով ստեղծվել են կապեր մատակարարների միջև, ինչպես նաև համագործակցություն զբոսաշրջային գործակալությունների հետ։ Կազմակերպել են արտադրություններին առնչվող դասընթացներ, կառուցվել են համտեսի սրահներ և իրականացվել կահավորում։
Հանքարդյունաբերությո՞ւն, թե՞ կենդանի տնտեսություն
Վայոց ձորում ընտրությունը մեկն է։ Կամ հանք՝ կարճաժամկետ շահույթով ու երկարաժամկետ բնապահպանական վնասով, կամ երկարաժամկետ ներդրում՝ մարդկային կապերի, բնության, համատեղ ստեղծարարության մեջ։
«Եթե մեկ օղակ ընկնի, ամբողջ շղթան կտուժի։ Եթե ջուրը պղտորվի, գինու որակը կփոխվի։ Եթե գինին չվաճառվի, այգին կմնա անտեր և կչորանա։ Իսկ եթե այգին չմշակվի, մարդը կհեռանա», – ասում է Գեղամ Մարգարյանը։
Վայոց ձորի բնակիչներն ամենօրյա աշխատանքով ցույց են տալիս, որ հնարավոր է ապրել և արարել բնության հետ, ոչ նրա հաշվին՝ առանց թունավորելու գետերը և քայքայելու հողը։
Հեղինակ՝ Մարիա Խաչատրյան
Լուսանկարները՝ Էկոլուրի
Այս հոդվածը պատրաստվել է մայիսի 5-7-ը «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից կազմակերպված մեդիա այցի շրջանակում։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 03/06/2025