Մարտի 2-ին BBC-ին իր նամակներ խորագրի ներքո հրապարակել է աֆրիկացի լրագրող Իսմայիլ Էյնաշենի նամակը։ Նա ճամփորդել է դեպի Եթովպիա հանդիպելու հայկական համայնքին։ Ամփոփ Մեդիան իր լսարանին է ներկայացնում այդ նամակի հայերեն թարգմանությունը։
Վերջին հայերին գտնելու որոնումներս սկսվեցին Պիասա քաղաքից՝ Ադիս Աբեբայի առևտրական կենտրոնից: Քաղաք կատարած նախորդ այցելություններիս ժամանակ ինձ միշտ հետաքրքրել էին այն դրվագները, որոնք լսել էի համայնքի և նրա պատմության մասին: Եթովպիան և Հայաստանը կապված էին վաղեմի ժամանակներից Ուղղափառ եկեղեցու միջոցով։ Բայց սա տեղի է ունեցել քահանաներից հետո, երբ այստեղ են բերվել դիվանագետներ և առևտրականներ:
19-րդ դարում որոշ հայեր կարևոր դերակատարում են ունեցել Մենելիկ II կայսեր դատարանում: Իսկ ավելի ուշ՝ 20-րդ դարի սկզբին, հաստատվել է մի համայնք, որն իր ազդեցությունն է ունեցել երկրի տնտեսական ու մշակութային կյանքում:
Մի արևոտ օր կանգնած էի 1930թ․-ին կառուցված Սուրբ Գրիգոր հայ առաքելական եկեղեցու բակում։
Եկեղեցին թվում էր՝ փակ է, բայց ես ամհարերեն ասացի «սելամ», որը նշանակում է «բարև»:
Շփոթված արտաքինով անվտանգության մի տարեց աշխատակից դուրս եկավ, և երբ հայտնեցի, որ ցանկանում եմ շրջել այնտեղ, նա գնաց եթովպահայ սպասավոր Սիմոնին կանչի: Մի հանդարտ ու արժանապատիվ մարդ դուրս եկավ ու ասաց, որ իրենք շատ այցելուներ չեն ունենում:
Հայիլ Սելասիի ժամանակաշրջանում
Եկեղեցին հազվադեպ է բացվում, քանի որ քահանա չունի, իսկ հազիվ 100 հոգանոց համայնքում հիմնականում տարեցներ են: Եկեղեցու խորանը զարդարված է զարդանախշերով, իսկ հատակին՝ պարսկական կարմիր գորգեր են: Սա այն համայնքի սիրտն է, որը ծաղկեց Հայիլ Սելասիի օրոք, ով որպես Ռաս Տաֆարի 1916-ին դարձավ Եթովպիայի արքայազն, իսկ 1930-1974թթ․ Եթովպիայի կայսր: Նրա իշխանության օրոք Եթովպիան սկսեց արագորեն զարգանալ, և դրան մեծապես նպաստեցին հայ արքունականները, առևտրականներն ու գործարարները:
1924թ.-ին Ռաս Տաֆարին այցելեց Երուսաղեմի հայկական եկեղեցի՝ հանդիպելու մի խումբ երեխաների, որոնք որբացել էին Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան թուրքերի իրագործած զանգվածային ջարդերից: Նրանց ապրումները տեսնելով՝ Տաֆարին խնդրեց Երուսաղեմի հայոց պատրիարքին, որ իր հետ երեխաներին Եթովպիա տանի և հոգ տանի նրանց մասին:
Բոլոր 40 որբերը (կամ ամհարերեն՝ «արբա լյոխքը») երաժշտական կրթություն ստացան և ընդգրկվեցին Եթովպիայի կայսերական փողային նվագախմբում:
Նրանց ղեկավարում էր արմատներով հայ՝ կայսերական հիմնի հեղինակ Գևորգ Նալբանդյանը: 1960-ականներին համայնքն ամենաբազմամարդն էր՝ բաղկացած 1200 հոգուց:
Չնայած փոքր թվին, հայերը վճռորոշ դեր խաղացին Եթովիայի առաջխաղացման գործում՝ սկսած եթովպական ուրույն ջազ ոճի մշակման մեջ ունեցած ներդրումից մինչև դերձակի, բժշկի, գործարարի և կայսերական դատարանում ծառայողի աշխատանք:
Կայսեր տապալումը
Սակայն, քանի որ հայկական համայնքը կապված էր կայսերական պատմության հետ, կայսեր տապալումից հետո այն նույնպես անկում ապրեց: Հայիլ Սելասին գահընկեց արվեց 1974-ին՝ մարքսիստ Դերգ խունտայի կողմից, որը տիրացավ նրա, այդ թվում հայերի, ունեցվածքին:
Հայերի թիվը նվազեց Հյուսիսային Ամերիկա և Եվրոպա մեկնողների հաշվին:
Բայց ոմանք մնացին, որոշներն էլ ամուսնացան տեղացիների հետ՝ ստեղծելով հայ-եթովպական մշակույթների յուրօրինակ խառնուրդ:
Նրանց դեռ կարելի է տեսնել եկեղեցում՝ կրոնական կարևոր տոնակատարությունների ժամանակ:
Այս ամենից զատ կա նաև հայկական ակումբ` իր ռեստորանով, որը մարդկանց տնական ուտելիքի համն ու հոտն է հիշեցնում:
Եկեղեցու սպասավոր Սիմոնն ասաց, որ պետք է պարտադիր այցելեմ այնտեղ:
Համեղ ուտեստներ
Երեքշաբթի երեկո էր: Սրահում բացի ինձնից և ընկերոջիցս երեք եթովպահայ կին էլ կար․ նրանք ոգևորված էին անծանոթների ներկայությունից: Կանայք խոստովանեցին, որ համայնքն առաջվանը չէ: Իսկ ակումբը մնացել է իբրև համայնքը պահպանելու միջոց:
Այդ գիշեր, երբ վայելում էի համեղ և հյութալի բորեկին ու լյուլյա քյաբաբները, զգում էի, որ համտեսում եմ Եթովպիայի հայերի պատմությունը:
Հեղինակ՝ Իսմայիլ Էյնաշեն [Ismail Einashe]
Թարգմանությունը՝ Արմինե Փափազյանի
Սկզբնաղբյուր՝ BBC.com , Letter from Africa: Ethiopia’s lost Armenian community
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի, թարգմանությունների եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 04/03/2020