Հայաստանի Կոռուպցիայի կանխարգելման նորաստեղծ հանձնաժողովի գործունեությունը մեկնարկային փուլում է։ Այս ինքնավար մարմինն ընդհանուր առմամբ ուսումնասիրելու է պաշտոնյաների ունեցվածքի վերաբերյալ հայտարարագրերը, ընթացք է տալու շահերի բախման դեպքերին, վարույթներ է հարուցելու, հանցակազմ գտնելու դեպքում գործերն ուղարկելու է Դատախազություն։ Բացի վերը նշվածներից, մարմինը նաև իրականացնելու է հակակոռուպցիոն կրթական ծրագրեր և մի քանի այլ գործառույթներ:
Այս նորաստեղծ մարմնի հինգ անդամներն ընտրվել են խորհրդարանի կողմից՝ նոյեմբերի 19-ին՝ փակ, գաղտնի քվեարկությամբ։ Հիմնվելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին ՀՀ օրենքում կատարված փոփոխության վրա՝ թեկնածուներն առաջադրվել են ՀՀ կառավարության, Բարձրագույն դատական խորհրդի, իշխող խմբակցության և երկու ընդդիմադիր խմբակցությունների կողմից:
Նոյեմբերի 26-ին հանձնաժողովի առաջին նիստն էր, որի ընթացքում կայացել էր հանձնաժողովի նախագահի ընտրությունը։ Երկու թեկնածուներից մեկն Էդգար Շաթիրյանն էր՝ առաջադրված խորհրդարանական մեծամասնություն կազմող «Իմ քայլը» դաշինքից, իսկ երկրորդը՝ փաստաբան Հայկուհի Հարությունյանը՝ առաջադրված ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից։ Վերջինս էլ ընտրվեց նախագահ։
Շաթիրյանը, հանձաժողովի նախագահի ընտրությունից շատ չանցած, հրաժարվեց անդամությունից, ինչը նշանակում է, որ «Իմ քայլը» դաշինքը նոր թեկնածու պետք է առաջադրի սույն պաշտոնի համար։
Հանձնաժողովի նորընտիր նախագահ Հայկուհի Հարությունյանը 2003թ․-ից ի վեր իրավապաշտպան գործունեություն է ծավալել՝ երկար տարիներ աշխատելով նախ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում, այնուհետև հանդիսացել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահ։
Իրավապաշտպանական ակտիվ գործունեությանը զուգահեռ նա հասցրել է սովորել և 2012թ․-ին ստանալ մագիստրոսի աստիճան՝ ԱՄՆ-ի Միննեսոտայի համալսարանի իրավաբանական դպրոցում՝ մասնագիտանալով առաջնորդության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ոլորտներում:
Հանձնաժողովի մյուս անդամներն են Լիլիթ Ալեքսանյանը՝ առաջադրված Կառավարության կողմից, Արամայիս Փաշինյանը՝ առաջադրված Բարձրագույն դատական խորհրդի կողմից և Նարեկ Համբարձումյանը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից։
Հանձնաժողովի անդամների պաշտոնները համարվում են քաղաքացիական պաշտոններ։ Ըստ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» և «2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքների՝ հանձնաժողովի անդամները ստանալու են շուրջ 794000 դրամ՝ ներառյալ հարկերը, իսկ հանձնաժողովի նախագահը՝ գրեթե 926 000 դրամ՝ ներառյալ հարկերը։
Հանձնաժողովի գործունեության կարևորությունը
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանն «Ամփոփ մեդիային» տված բացառիկ հարցազրույցում նշում է, որ գործունեության մեկնարկը տալու համար օրենքը տալիս է բավարար լծակներ՝ սակայն գործնականում մեկ-երկու գործ ունենալուց հետո նախատեսում են օրենդիրին և գործադիրին դիմել՝ դուրս բերված թերությունները շտկելու առաջարկով։
«Մենք հիմա դժվար փուլ ենք թևակոխում՝ տեղեկատվության վերլուծության և դրա նկատմամբ կիրառվող արդյունքների մասով։ Եթե հայտնաբերենք, որ ինչ-որ մեկը ստացել է թանկարժեք նվեր՝ անհամատեղելի իր գործունեության հետ, կամ կան կասկածներ, որ դրա դիմաց անձն այլ տեսակի ծառայություն է մատուցել, ստեղծել առավելություն, արտոնյալ պայմաններ ինչ-որ խմբի կամ անձնանց համար, մենք ամբողջությամբ նոր սխեմայով աշխատանք ենք տանելու»,- ասում է Հարությունյանը։
Ըստ նրա՝ սա հենց այն ձևաչափն է, որը նախկինում գործող նույնանման մարմինները չէին իրականացնում։ Հարությունյանն ասում է, որ այժմ հանձնաժողովը շատ կարևոր ֆիլտրացիայի դեր է տանելու վերը նշված դեպքերի հայտնաբերման ժամանակ։ Բացի այդ, ունի նաև ուղիղ պարտականություն այդ գործերն ուղարկելու Դատախազություն և հետևելու, որ Դատախազությունը դրանց պատշաճ գնահատական տա։
Միևնույն ժամանակ Հայկուհի Հարությունյանը շեշտում է, որ իր կողմից ղեկավարած կառույցը պատժիչ գործառույթ չունի, և քրեական գործի վարույթի շրջանակներում պատասխանատվության ենթարկելու գործիքի չի տիրապետում․ այն իրականացնում է տվյալների և փաստերի հավաքման գործառույթը։
Ըստ էության, Հարությունյանի ղեկավարած հանձնաժողովը փոխարինելու է 2012թ․-ից գործող Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին՝ լայնացնելով գործունեության շրջանակը։ Կոռուպցիայի հանձնաժողովի ամբողջական կազմն այս պահին բաղկացած է 10 աշխատակցից, որոնցից երեքն ադմինիստրատիվ աշխատողներ են։
«Անձնակազմը համալրվել է հիմնականում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակիցներով։ Ցավոք, սա մասնագիտական կարողությունների և քանակի առումով դեռ բավարար չէ»,- նշում է Հարությունյանը։
Նախատեսված է, որ հանձնաժողովի աշխատակազմը բաղկացած լինի 35 հաստիքից, որն էլ կհամալրվի արդեն հաջորդ տարի։
Նոր մարմինն արդեն հասցրել է ստանալ դիմումներ, նամակներ՝ շահերի բախման և այլ երևույթների առկայության մասին։ Այս պահին աշխատում են նաև նոր հայտարարագրման ձևաչափի վրա, որը հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի։
Հանձնաժողովի նախագահը նշում է, որ հանձնաժողովը որևէ տարբերակում չի դնելու դատավորների, դատախազների կամ որևէ պաշտոնոտար անձի միջև․ հայտարարագրելը ստուգվելու են նույն կերպ։ Դատավորների դեպքում, Հարությունյանը նշում է, որ կա համապատասխան մարմին՝ Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ): Հանձնաժողովի կողմից հատնաբերված խախտումների պարագայում դրանք փոխանցվելու են ԲԴԽ և դրանք հիմք են հանդիսանալու, որպեսզի տվյալ մարմինը վարույթ հարուցի։
Հանձնաժողովի անկախությունը
Հանձնաժողովի ստեղծումից ի վեր ամենաքննարկվող հարցերից մեկը կապված է անկախության հետ։ Արդյո՞ք գործադիրի, օրենսդիրի կամ դատական իշխանության կողմից առաջադրումը չի՞ կարող խոչընդոտել հանձնաժողովի անդամների անկախ և անկաշկանդ գործունեությանը։
Հայկուհի Հարությունյանը կարծում է, որ այս հարցը ուռճացված է․ «Ես գիտեմ, որ ինձ առաջադրել է քաղաքական կոնկրետ ուժ, բայց պայմանով և դա իրավական պարտադիր ամրագրում ունի, որ այդ ուժը իմ հետագա գործունեության վրա ազդելու որևէ լծակ չունի։ Ես ինչո՞վ պետք է կաշկանդված լինեմ, եթե որպես անձ ինձ համար հստակ որդեգրել եմ մոտեցում, որ աշխատում եմ և իմ թիրախը ոչ թե ինձ առաջադրած խմբի շահերի պաշտպանությունն է, այլ կոռուպցիայի կանխարգելումը։ Այդ դեպքում ինչո՞վ ես պիտի կոմպրոմիսի գնամ այդ ուժի հետ»։
Դիտարկմանը, թե անձնական կապերը գուցե ինչ-որ դեր խաղան, հանձնաժողովի նախագահը նշում է, որ դա արդեն անձնային տոկունության հատկանիշ է։
«Անկախ նրանից, թե որ ուժը կառաջադրի, եթե ես չունեմ տոկոնություն և հակված եմ ինչ-որ մի ազդեցության տակ որոշում կայացնելու՝ ես նույն ձևով կարող եմ ազդեցություն կրել հանրային կարծիքից, ինչը երբեմն ավելի գերակշիռ է դառնում»,- ասում է Հարությունյանը։
Հանձնաժողովի անկախությանն ուղղակի կնպաստի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացումը՝ համոզված է Հարությունյանը։
«Եկեք դա բերենք օրակարգ։ Մեզ իսկապես պետք է ավելի մեծ հաշվետվողականություն, գործունեության ավելի մեծ թափանցիկություն։ Հաշվետվողականության մասին դրույթները 2017թ-ին ստեղծված օրենքում լրիվ այլ նպատակ էին հետապնդում»,- ասում է հանձնաժողովի նախագահն ու ավելացնում, որ իր գլխավորած կառույցը հետաքրքրված է մեծացնել հաշվետվողականությունը։
«Եթե ես բարձրացնում եմ մեծ հաշվետվողականության և թափանցիկության հարցը, ապա ես ապահովագրում եմ ինձ բոլոր հնարավոր ազդեցության լծակներից։ Որքան մենք հաշվետու եղանք, այդքանով էլ անկախ կլինենք։ Իսկ մենք այս պահին գործող օրենքով ունենք չափազանց փոքր հաշվետվուղականության պահանջ»։
Քաղաքական կամք՝ պայքարելու կոռուպցիայի դեմ
«Թրանսփերընսի ինթերնեյշնըլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն «Ամփոփ մեդիայի» հետ զրուցյում ասում է, որ օրենսդիրի և գործադիրի կողմից անդամների առաջադրման միջոցով հանձնաժողովի ձևավորման մեջ ռիսկեր կան, սակայն նույնանման ռիսկեր կան նաև մրցութային տարբերակով ընտրության պարագայում։
«Անկախությունը ներսից պետք է լինի ու դա կլինի այն ժամանակ, երբ դու չես վախենում անել մի բան, ինչը վերևները չեն ուզում։ Իսկ դա շատ գայթակղիչ է վերևների համար։ Կոռուպցիայով զբաղվելը նախկին իշխողների համար բացի հաճույքից նաև օգուտ էր։ Հուսով եմ, որ նորերի մոտ դա չի լինի»,-ասում է Հոկտանյանը։
Կոռուպցիայի դեմ պայքարի անցած 18 տարիների ընթացքում Հայաստանում մշակվել է ռազմավարական 4 փաստաթուղթ (2003-2007թթ․, 2009-2012թթ․, 2015-2018թթ. և 2019-2022թթ. համար)։
Իսկ մինչ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծումը՝ Հայաստանի հակակոռուպցիոն գործունեության պատմության մեջ եղել են հակակոռուպցիոն խորհուրդներ, ինչպես նաև Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով։
Կոռուպցիայի դեմ պայքարի առաջին խորհուրդը ստեղծվել էր 2004-ին՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանով։ Նույնանուն մարմին ստեղծվել էր նաև 2015թ․-ին։ Նման մարմին ստեղծվել էր նաև ներկայիս իշխանությունների կողմից, որը կոչվում է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ։ Ինչպես նշում է Հոկտանյանը՝ երեք խորհուրդների նմանությունն այն էր, որ այս մարմինները միայն խորհուրդներ էին տալիս, իսկ դրանց կիրարկումը տեղի չէր ունենում։ Ըստ «Թրանսփերընսի ինթերնեյշնըլ»-ի ներկայացուցչի՝ սա է լրջագույն քննություն է նոր իշխանության համար՝ ստուգելու, թե որքանով այն ինչ գրված է փաստաթղթերում՝ կյանքի կկոչվի։
Այս հարցի առնչությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահն ընդգծում է քաղաքական կամքի առկայությունը։
«Ինչքան էլ ուզենանք քաղաքական գնահատականներից խուսափել, միևնույն է՝ առաջին նախապայմանը քաղաքական կամքն է, որ դրսևորվել է»,- կարծում է Հարությունյանը։
Ըստ նրա՝ առանց այդ քաղաքական կամքի հանձաժողովի աշխատանքը կդժվարանա։ «Չեմ ասում՝ չի կարողանա աշխատել, բայց դա արդեն կմնա անձնական մակարդակում, կպահանջվի անձի ավելի մեծ չափով տոկունություն, որ ամեն մի հարցի համար հետևողականորեն գնա մինչև վերջ»։
Հայկուհի Հարությունյանը, սակայն, ընգծում է, որ այս պահին էլ անձնական նման հատկանիշներ պահանջվելու են, քանի որ միջին օղակներում միշտ էլ դիմադրություն է լինելու․ «Գոնե այս պահին հռչակագրային մակարդակում կառավարությունը խիստ է դրել կոռուպցիայի դեմ պայքարը, իսկ հանձնաժողովը ամենաարդյունավետ մեխանիզմներից մեկն է այդ ամենն իրականացնելու համար»։
Այս պահին հանձնաժողովը ժամանակավոր աշխատում է Ազգային անվտանգության խորհրդի շենքում։ Ըստ Հարությունյանի՝ հանձնաժողովի համար այլ տարածք նախատեսված է եղել դեռևս 2018թ․-ից, սակայն տարածքը նկուղային հարկում է և ունի սանիտարահիգիենիկ և լուսավորության խնդիրներ, ինչի պատճառով էլ առայժմ հնարավոր չէ այդտեղ կազմակերպել արդյունավետ աշխատանք։
Հեղինակ՝ Կարինե Կիրակոսյան
Պատասխանատու խմբագիր՝ Սուրեն Դեհերյան
Սույն նյութը «Տնտեսությունը և հասարակությունը ՀՀ մարզերում» խորագրով հոդվածաշարի մաս է կազմում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 16/12/2019