Էկոլոգիա

Հողի նշանակությունը՝ գլոբալ տաքացման խնդրի դեմ պայքարում

Հողը մարդկությանն ապահովում է սննդի մեջ օգտագործվող մթերքների զգալի մասով, ջրով, շինանյութերով, վառելիքով և այլն: Այն տարեկան մաքրում է քիմիական նյութերով աղտոտված տասնյակ հազարավոր խորանարդ կմ ջուր։

Հողի կառուցվածքը և կլիմայի փոփոխությունը սերտորեն կապված են միմյանց հետ: Մի կողմից հողը նվազեցնում է մթնոլորտ արտանետվող ջերմոցային գազերի բացասական ազդեցությունը, մյուս կողմից՝ օդի բարձր ջերմաստիճանի պատճառով առաջանում են երաշտներ, ջրհեղեղներ և փոթորիկներ, որոնք քշում, տանում են հողի վերին բերրի շերտը՝ դեգրադացնելով հողը: Աշխարհի հողային ռեսուրսների 33%-ը դեգրադացվել են էրոզիայի, աղակալման, թթվայնացման և քիմիական աղտոտման հետևանքով։

էրոզիա

էրոզիայի պատճառով տարեկան ոչ պիտանի է դառնում 6-7 մլն հա հողահանդակ (հողամաս, որ կարող էր օգտագործվել գյուղատնտեսական նպատակներով): Այսինքն՝ տարեկան դեգրադացվող հողերի 50-55%-ն էրոզիայի է ենթարկվում։

Առանձնացնում են էրոզիայի երկու տեսակ՝ ջրային և հողմային։ Ջրային էրոզիայի դեպքում հողի՝ սննդանյութերով հարուստ վերին շերտը ողողում, տանում է ջուրը, իսկ հողմային էրոզիայի դեպքում` քամին։ Էրոզիայի պատճառով հողի վերին բերրի շերտի տարեկան կորուստը կազմում է 25-40 մլրդ տոննա:

Իրավիճակը Հայաստանում

Աշխարհագրական գիտությունների դոկտոր Աշոտ Խոյեցյանի խոսքով՝ Հայաստանում հողերի պահպանման հիմնական ուղղությունը ջրային էրոզիայի դեմ պայքարն է։

«Հայաստանի հողային ֆոնդի՝ 2.9 մլն հա-ի գրեթե կեսն էրոզացված է։ Ըստ էության՝ հողերի 47%-ը պիտանի չէ օգտագործման համար։ Դրա 26%-ը բաժին է ընկնում մշակովի հողատարածքներին»,- ասում է Խոյեցյանն ու պնդում,- «Հողերի դեգրադացման կանխարգելումը 2-3 անգամ քիչ ծախսատար է, քան՝ վերականգնումը»։

Արարատյան դաշտում, որտեղ կենտրոնացված են Հայաստանի գյուղատնտեսական նշանակության հողերի զգալի մասը, դեգրադացվող հողերի մակերեսն ավելանում է նաև ճահճացման, աղակալման և անապատացման պատճառով։

Պայքարի մեթոդները

Հողի դեգրադացիան հնարավոր կլինի կանխարգելել, եթե ճիշտ հողօգտագործման մշակույթ կիրառվի։ Ընդհանրապես, հողը, ի տարբերություն բնության այլ պաշարների, ճիշտ օգտագործելու դեպքում ոչ միայն չի սպառվում, այլև ավելի բերրի է դառնում։

Հողը պահպանելու համար, մասնագետների պնդմամբ, պետք է ագրոտեխնիկական համալիր միջոցառումներ իրականացվեն, գյուղատնտեսությամբ զբաղվողներն իրազեկվեն հողն օգտագործելու և ճիշտ մշակելու մեթոդների մասին։

Առայժմ ՀՀ 6 մարզերի շուրջ 75 համայնքներ ունեն արոտավայրերի կառավարման սխեմա: Հաշվարկված է, թե դիտարկված բնակավայրերում տարվա որ եղանակին, քանի օր և քանի անասուն կարող է արածեցվել այս կամ այն արոտատեղիում։

Սույն նյութը ստեղծվել է ՄԱԶԾ-ԳԷՀ «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի շրջանակներում։

This content has been created in the scope of UNDP-GEF “Generate global environmental benefits through environmental education and raising awareness of stakeholders” Project.

 

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 25/02/2019