Էկոլոգիա

Որքա՞ն է ջրի ծախսը կենցաղում, և ինչպե՞ս խնայել ջուրը

Երբևէ մտածե՞լ եք, թե որքան և ինչի համար եք ջուր ծախսում մեկ օրվա ընթացքում: Սրա մասին չափազանց կարևոր է հենց այսօր իմանալ, քանի որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տարեցտարի մարդիկ ավելի շատ են ջուր օգտագործում: Ըստ կանխատեսումների՝ 2050-ականներին աշխարհի բնակչության 2/3-ը կարող է ունենալ ջրի պակաս։ Որպեսզի Հայաստանի բնակչությունը ևս չհայտնվի նման ծայրահեղ վիճակում, անհրաժեշտ է բարձր պատասխանատվությամբ օգտվել բնության շնորհած այս բարիքից:

Անցնենք հաշվարկին

Փորձենք հասկանալ, թե ինչպես ենք օգտագործում ջուրը և արդյոք կարող ենք նվազեցնել ջրի օգտագործումն ու խնայել ֆինանսական միջոցները:

Ասում են` յուրաքանչյուր մարդ օրվա ընթացքում կարող է օգտագործել 300 և ավել լիտր ջուր: Իսկ որքանո՞վ է իրատեսական այս ծախսի նվազեցումը, եթե հաշվի առնենք, որ շատ հաճախ ջուրն օգտագործվում է անխնա: Օրինակ՝ ջրի ծորակն ամուր չփակելու դեպքում ջրի օրական կորուստը կազմում է 24 լիտր, ինչն ամսական կտրվածքով դառնում է 720 լիտր: Սա նույնն է, ինչ 4 անգամ հենց այնպես լոգարանի մեջ ջուր լցնել և բաց թողնել կոյուղի:

Ատամների մաքրում

Ատամների մաքրումը միջինում տևում է 2 րոպե, իսկ ատամների ողողումը ջրով՝ մոտավորապես 0,5 րոպե։ 1 րոպեի ընթացքում ջրի ծորակից միջինում հոսում է 10 լիտր ջուր: Հետևաբար՝ ատամները խոզանակելու ընթացքում ծորակը փակելով` կարելի է խնայել մոտ 15 լիտր ջուր։

Լվացք

Միջինում լվացքի համար օգտագործվում է 100 լիտր ջուր՝ կախված լվացքի մեքենայի տարողությունից: Ընդ որում՝ շատ հաճախ մեքենան ոչ միշտ է ամբողջապես լցված լինում: Խնայելու լավագույն տարբերակը` լվացք ձեռնարկել շաբաթական մեկ անգամ` ամբողջապես լցված մեքենայով:

Սպասքի լվացում

Զարմանալի կթվա, սակայն սպասք լվացող մեքենաները նվազեցնում են ջրի կորուստը՝ հնարավորինս խնայելով այն: Սպասք լվացող մեքենաները, կախված ապրանքանիշից, հզորությունից և սպասքի քանակից, տարբեր քանակությամբ են ջուր ծախսում: Սպասք լվացող մեքենան ջուրը խնայում է՝ շնորհիվ մեքենայում առկա ջրի ֆիլտրի: Օրինակ՝ 4 հոգանոց ընտանիքի նախաճաշից հետո հավաքված սպասքը հոսող ջրի տակ լվանալու համար ծախսվում է 45-50 լիտր ջուր, մինչդեռ սպասք լվացող մեքենան ծախսում է 10-14 լիտր ջուր ողջ օրվա ընթացքում հավաքած սպասքի լվացման համար:

Լոգանքի և ցնցուղի ընդունում

Լոգանք ընդունելիս միջինում ծախսվում է մոտ 300 լիտր ջուր: Իհարկե, ջրի ծախսն այս պարագայում կախված է նաև լոգարանի տարողությունից: Սա լիցքաթափվելու լավ միջոց է, սակայն ջրի խնայողության ոչ այնքան օպտիմալ տարբերակ: Այս պարագայում առավել նախընտրելի է ցնցուղ ընդունելը: Իսկ որքանո՞վ է սա իրատեսական: Եթե հաշվի առնենք, որ 1 րոպեում ցնցուղից միջինում հոսում է 20 լիտր ջուր, ապա 20 րոպե ցնցուղ ընդունելու դեպքում ջրի ծախսը կկազմի 400 լիտր: Ուստի՝ նվազեցնելով ցնցուղ ընդունելու ժամանակահատվածը մինչև 5-10 րոպե՝ հնարավոր է խնայել 100-200 լիտր ջուր:

Ջրի օգտագործումը զուգարանում

Զուգարանում ջրի օգտագործումը հասնում է օրական 50 լիտրի միայն այն պատճառով, որ սննդի մնացորդները նետում ենք զուգարան` այն օգտագործելով իբրև աղբաման: Բացի այդ, ջրի կորուստ լինում է նաև ջրի հոսքի պատճառով, ինչն օրական կարող է հանգեցնել մինչև 200 լիտր ջրի կորստի, իսկ ամսական՝ 6,000 լիտր:

Սրանք ջրի օգտագործման հետ կապված հիմնական գործողություններն են: Հետևելով այս խորհուրդներին` կոմունալ վճարները կատարելիս կնկատեք ընտանեկան բյուջեի խնայողություն:

Անհրաժեշտ է գիտակցել, որ մոլորակի ապագան կախված է յուրաքանչյուրիցս: Որքան խնայողաբար օգտագործենք ջուրը, այնքան կերկարացնեք կյանքը մոլորակի վրա:

Սույն նյութը ստեղծվել է ՄԱԶԾ-ԳԷՀ «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի շրջանակներում։ Նյութերի բովանդակությունը կամ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին և պարտադիր չէ, որ արտահայտեն ՄԱԶԾ-ի կամ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի տեսակետները:

This content has been created in the scope of UNDP-GEF “Generate global environmental benefits through environmental education and raising awareness of stakeholders” Project. The views and opinions expressed in this stories are those of the authors and do not necessarily reflect the official policy or position of UNDP or GEF.

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 25/02/2019