Իրավունք

Թրաֆիքինգը Հայաստանում

Աճում է թրաֆիքինգից տուժած տղամարդկանց և երեխաների թիվը

Հայաստանը, ինչպես աշխարհի ցանկացած երկիր, ապահովագրված չէ թրաֆիքինգից: Սա  անդրազգային կազմակերպված հանցավորության ձև է: Ամեն տարի հազարավոր մարդիկ են դառնում թրաֆիքինգի զոհ թե՛ սեփական երկրում, թե՛ երկրի սահմաններից դուրս: Հայաստանում թերեւս վիճակագրությունը նույնն է. զոհերի շարքում կանանց թիվն ավելի մեծ է: Ըստ Հայաստանի ոստիկանության տվյալների, 2008-2017թթ. թրաֆիքինգի զոհերի 73.5%-ը կանայք են, եւ միայն 26.5%-ը՝ տղամարդիկ, իսկ ընդհանուր զոհերի 20.4%-ը` անչափահասներ:

Մրցանակակիր նյութ – Արժանացել է 2-րդ մրցանակի «Մարդկանց թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխություն-2017» լրագրողական մրցույթի «Տպագիր և առցանց լրատվամիջոցներ» անվանակարգում:

Իրավիճակ

Համաձայն ՄԱԿ-ի տվյալների, թրաֆիքինգի զոհերը հիմնականում չզարգացած կամ զարգացող երկրներից են, որոնց շահագործումը տեղի է ունենում զարգացած երկրներում: Սա թրաֆիքինգի հիմնական միտումն է: Այնուամենայնիվ, հանդիպում են նաև ներքին թրաֆիքինգի դեպքեր, երբ զոհը թրաֆիքինգի է ենթարկվում իր իսկ երկրում: Թրաֆիքինգի առավել տարածված ձևերն են սեռական շահագործումը, հարկադիր աշխատանքը, մարդկանց առք ու վաճառքը, օրգանների կորզումը: Տղամարդկանց շրջանում առավել տարածված է հարկադիր աշխատանքի (85.7%), իսկ կանանց շրջանում` սեռական շահագործման թրաֆիքինգը (72%): Կանայք առավել հաճախ են թրաֆիքինգի զոհ դառնում (51%), թեպետ ՄԱԿ-ի վիճակագրության համաձայն, վերջին տարիներին նկատվում է նաև տղամարդկանց (21%) և երեխաների (28%) շրջանում թրաֆիքինգից տուժածների աճ:

Թրաֆիքինգի ենթարկվածների հստակ թիվը դեռևս սահմանված չէ, քանի որ այն հաշվարկելը մեթոդաբանական դժվարություններ է առաջացնում: Այնուամենայնիվ, Աշխատանքի համաշխարհային կազմակերպությունը (ԱՄԿ) հաշվարկել է ժամանակակից ստրկության մեջ գտնվող անձանց մոտավոր թիվը, որի մեջ ներառված են նաև թրաֆիքինգից տուժածները: Ըստ այդ տվյալների, 2016թ. աշխարհում 40.3 միլիոն մարդ տուժել է ժամանակակից ստրկությունից: Նրանցից 16 միլիոնը ենթարկվել է աշխատանքային շահագործման, 4.8 միլիոնը՝ սեռական շահագործման, իսկ 15.4 միլիոնը՝ հարկադրաբար ամուսնության: Ամեն 4 զոհից մեկը երեխա է: Ժամանակակից ստրկության մակարդակը ամենաբարձրը Աֆրիկայում (7.6%) և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում է (6.1%): Սրան զուգահեռ ԱՄՆ պետքարտուղարությունն ամեն տարի հրապարակում է «Զեկույց մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ»: Ըստ զեկույցի, 2016թ. թրաֆիքինգի բացահայտված դեպքերի արդյունքում զոհերի թիվը կազմել է  66520 մարդ: ԱՀԿ-ը նաև հաշվարկել է, որ հարկադիր աշխատանքի արդյունքում ամեն տարի գոյանում է մոտ 150 մլրդ դոլար անօրինական եկամուտ, որի մեծ մասը` 99 միլիարդը՝ հարկադիր սեռական շահագործումից:

 

Թրաֆիքինգը Հայաստանում

Հայաստանը հիմնականում թրաֆիքինգի ծագման երկիր է, այսինքն՝ Հայաստանից շատ են լինում թրաֆիքինգի զոհեր այլ երկրներում: Սակայն կան դեպքեր, երբ թրաֆիքինգի ենթարկվել են նաեւ Հայաստանում ինչպես օտարերկրացիներ, այնպես էլ Հայաստանի քաղաքացիներ: Վերջինը կոչվում է ներքին թրաֆիքինգ:

Թրաֆիքինգի դեպքեր Հայաստանի քաղաքացիների նկատմամբ գրանցվել են հիմնականում երեք երկրներում` Արաբական Միացյալ Էմիրություններում (առավել հաճախ՝ Դուբայում), Ռուսաստանում և Թուրքիայում: Իսկ Հայաստանում թրաֆիքինգի զոհ դարձած անձինք եղել են Ուզբեկստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Կանադայի եւ Չինաստանի քաղաքացիներ: Վերջինը գրանցվել է 2014թ., երբ Հայաստանում 4 չինուհիներ իրենց չին համերկրացիների կողմից սեռական և աշխատանքային թրաֆիքինգի են ենթարկվել:

Հայաստանում թրաֆիքինգի զոհերի թիվը 2008-2017թթ. ընթացքում կազմել է 196 մարդ: Զոհերը շատ են եղել հատկապես 2008 և 2009 թվականներին, համապատասխանաբար 34 և 41 մարդ: Իսկ 2010թ. հետո տարեկան զոհերի թիվը չի գերազանցել 19-ը: Թեեւ 2016թ. Հայաստանում գրանցվել է թրաֆիքինգի 10 դեպք և 22 զոհ, իսկ 2017-ի առաջին կիսամյակում` 7 դեպք, որոնցից 3-ը սեռական, իսկ 4-ը աշխատանքային շահագործման:

Ըստ ԱՄՆ պետաքարտուղարության մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ զեկույցի, Հայաստանը թրաֆիքինգով զբաղվողների հետապնդման և բացահայտման ընթացքում դժվարությունների է հանդիպում Ռուսաստանի և Թուրքիայի դեպքում: Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիների աշխատանքային շահագործման դեպքերում հետաքննողները դեռևս դժվարություններ են ունենում իրավապահների հետ համագործակցության հարցում: Իսկ Թուրքիայի դեպքում իրավիճակն ավելի է բարդանում, քանի որ բացակայում են դիվանագիտական հարաբերությունները:

Նույն զեկույցի համաձայն, 2016թ. Հայաստանը թրաֆիքինգի դեմ պայքարում առաջին խմբում է: Առաջին խմբում ընդգրկված են այն երկրները, որոնց կառավարությունների գործունեությունը լիովին համապատասխանում է «Թրաֆիքինգի զոհերի պաշտպանության» ակտի նվազագույն պահանջներին: Հայաստանն այս ցուցանիշով իր դիրքերը բարելավել է 2013թ.՝ երկրորդ խմբից առաջին խումբ տեղափոխվելով:

Հայաստանի հետ առաջին խմբում է նաև հարևան Վրաստանը, իսկ Ադրբեջանը գտնվում է երկրորդ խմբում, ինչը նշանակում է, որ դեռևս քայլեր պետք է ձեռնարկի «Թրաֆիքինգի զոհերի պաշտպանության» ակտի նվազագույն պահանջներին համապատասխանելու համար: Ի տարբերություն Հայաստանի, որը հիմնականում թրաֆիքինգի ծագման, երբեմն էլ նպատակակետ երկիր է, Վրաստանն ու Ադրբեջանը նաեւ տարանցիկ երկրներ են:

Թրաֆիքինգից տուժածների վերականգնողական աշխատանքներով Հայաստանում զբաղվում են հիմնականում «Ամքոր Հայաստան» ու «Հույս և օգնություն» ՀԿ-ները, որոնք այդ նպատակով ստանում են պետական աջակցություն: Նրանց առաքելությունն է` տուժածներին ապահովել ժամանակավոր ապաստարաններով, տրամադրել ֆինանսական, իրավաբանական աջակցություն, բժշկական ու հոգեբանական վերականգնողական ծառայություններ՝ այս ճանապարհով թրաֆիքինգի զոհերին վերադարձնելով բնականոն կյանքի: 2008-2016թթ. այս ՀԿ-ներում վերականգնողական աջակցություն է ստացել 112 տուժած, որը կազմում է ընդհանուր տուժածների գրեթե 61%-ը: 2016թ. ՀՀ պետբյուջեից թրաֆիքինգի զոհերին սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություններ մատուցելու համար հատկացվել է 18.8 միլիոն դրամ:

Թրաֆիքինգի սցենարները և խոցելի խմբերը

Թրաֆիքինգի ենթարկվածների պատմությունները վկայում են, որ զոհերը հիմնականում ապրել են սոցիալ-տնտեսական վատ պայմաններում և գայթակղվել են արտասահմանում մեծ գումարներ աշխատելու հեռանկարով: Որպես կանոն, թրաֆիքինգի ենթարկողները լինում են զոհին ծանոթ մարդիկ՝ մտերիմներ, հարևաններ, կոլեգաներ, ընկերներ: Այդ պատճառով էլ կարողանում են շահել թրաֆիքինգի ապագա զոհի վստահությունը: Թրաֆիքինգի խոցելի խմբերից են հատկապես կանայք և երեխաները: Խոցելի խմբում են միայնակ, այրի, ամուսնալուծված կամ ամուսինների կողմից լքված կանայք, ովքեր չունեն աշխատանք կամ ապրելու այլ միջոց: Հաճախ նրանց խնամքի տակ են գտնվում երեխաներ և տարեցներ:

Փաստարկ

Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարը Հայաստանը սկսել է 2002թ-ից: Սակայն 2016թ. թրաֆիքինգի դեմ պայքարի համար պետական բյուջեից հատկացված գումարը մոտ 2 անգամ քիչ է եղել 2015թ. համեմատ` կազմելով 32.5 մլն դրամ:

Գոյություն ունի «Հայաստանի Հանրապետությունից շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրման, տեղափոխման և առուվաճառքի թրաֆիքինգի կանխման հայեցակարգ», որի հիման վրա իրականացվել է 3 ազգային ծրագիր: Իսկ չորրորդ` 2016-2018թթ. ծրագիրը, դեռեւս իրականացման փուլում է: Այդ ծրագրով մեծ ուշադրություն է դարձվում երեխաների թրաֆիքինգի եւ շահագործման, ինչպես նաեւ աշխատանքային շահագործման կանխարգելման միջոցառումների իրականացման վրա:

Թրաֆիքինգի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանը եւս մեկ կարեւոր քայլ է կատարել  2008թ.` վավերացնելով «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան: Կոնվենցիայի կատարման գնահատումը սկսվել է 2011թ-ից: 2013թ. Հայաստանը թրաֆիքինգի դեմ պայքարում կրկին ընդգրկվել է առաջին խմբի երկրների ցանկում:

Փորձագետի կարծիք



Հղումների պահոց

Ամփոփեց Աստղիկ Գեւորգյանը

Պատասխանատու խմբագիր` Սուրեն Դեհերյան

Ուշադրություն © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Հրապարակվել է` 31/10/2017