«Պապս եզդի է, տատս՝ հայուհի։ Հորս արմատները բաժանված են հայ և եզդի տոհմերի միջև»,- բացատրում է Զուզան Խուբոյանը։ «Հայրս հաճախ է պատմում՝ ցանկացել է հայի հետ ամուսնանալ, ասել են՝ դու եզդի ես, քեզ աղջիկ չենք տալիս։ Երբ ցանկացել է եզդի աղջկա հետ ամուսնանալ, ասել են՝ հայ ես, քեզ աղջիկ չենք տալիս։ Ի վերջո, հայրս փախցրել է մորս, ով եզդի է, արդյունքում ես եզդիների կողմից ընկալվեցի որպես հայկական գեներով եզդի»:
Արդյունքում ես եզդիների կողմից ընկալվեցի որպես հայկական գեներով եզդի․․․
Երիտասարդ տարիքից Զուզանը հասկացել է, որ սերն ու ինքնությունը հասարակ հարցեր չեն իր համայնքում։
«Հայրս հաճախ էր խոսում այն մասին, որ ցանկանում է «ուղղել» իր հոր սխալը՝ պահպանելով եզդիական ինքնությունը իր երեխաների մեջ: Հայրս իմ մեջ սերմանեց այն համոզմունքը, որ ինքնությունը պահպանելը շատ կարևոր է, հատկապես ամուսնության միջոցով»,- բացատրում է 29-ամյա Զուզանը։ Չնայած այս ամուր համոզմունքներին, նրա կյանքն այլ ընթացք ստացավ։
Զուզանի մայրը միշտ երազել է կրթություն ստանալ, սակայն վաղ ամուսնության պատճառով նրա շատ ձգտումներ չեն իրականացել։ Կրթություն չստանալը եղդիական ավանդույթ չէ, սակայն կարծրատիպերն ու սովորույթները հաճախ սահմանափակում են դրանք: «Մայրս ինձ ասաց՝ ես չեմ ուզում, որ դու գնաս իմ ճանապարհով: Ուզում եմ, որ դու այլ կյանք ունենաս։ Մորս այս ուղերձը մղեց ինձ այլ կյանք փնտրելու իմ համայնքի սահմանած սահմանափակումներից դուրս»,- ասում է Զուզանը։
Դպրոցն ավարտելուց հետո Զուզանն ընդունվել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ։ «Երբ ես ներկայացա առաջին դասին, բոլորը շրջվեցին ու զարմացած ինձ նայեցին․ Զուզա՞ն․ հայկական անուն չէ»։
Հետագայում նաև Կառավարման ակադեմիայում է սովորել՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի կոչում։
Ծնողներն աջակցել են կրթություն ստանալու հարցում։ «Մեր համայնքում դեռ կան ծնողներ, ովքեր կրթությունը ստորադասում են ազգային սովորույթներին՝ ասելով՝ «այո՛, կրթություն ստանալը լավ է, բայց մեր ավանդույթներն այսպիսին են, մեր շրջապատում բոլորն այդպիսին են, մենք էլ պետք է դրան հետևենք»։ Կարծում եմ՝ գրեթե բոլոր եզդի աղջիկները բարձրագույն կրթություն ստանալու մեծ ցանկություն ունեն, բայց մի քանի գործոններ խանգարում են նրանց իրականացնել իրենց երազանքները», – ասում է Զուզանը:
Ըստ նրա, այդ գործոններից մեկը ծնողների վախն է, որ ճանապարհին կարող են փախցնել իրենց դստրերին։ Այս ավանդույթը դեռ կա եզդի համայնքում։ Մյուս գործոնն այն է, որ ծնողները կարծում են, որ կրթությունը պատճառ կդառնա ազգային ինքնությունը մոռանալու համար:
Զուզանի մոր կրթություն ստանալու ցանկությունը դարձավ իրականություն՝ բավական հասուն տարիքում․ «Երբ ես ավարտում էի դպրոցը, մայրս որոշեց մասնագիտական կրթություն ստանալ, իսկ տարիներ անց նաև սկսեց գրել։ Շուտով երրորդ գիրքը կհրապարակվի։ Հայրս աջակցում էր նրան, բայց նրա որոշումը անհասկանալի էր և՛ եզդիական, և՛ հայկական համայնքներում, սակայն հասարակության ընկալումները երկրորդական էին»։
Սիրո մարտահրավեր. համայնքից դուրս զուգընկեր ընտրելը
Զուզանը կրթություն ստանալու արգելք չունեցավ, սակայն բախվեց այլ՝ ավելի մեծ մարտահրավերի՝ ընտրություն կատարել անձնական երջանկության, և գաղափարների հանդեպ հավատարմության:
«Ես միշտ հայտարարում էի՝ կամուսնանամ միայն եզդի տղամարդու հետ։ Իմ ամբողջ աշխարհայացքը հիմնված էր այն համոզմունքի վրա, որ եզդիներն ու հայերը կարող են գոյակցել միայն որպես ընկերներ, ոչ երբեք որպես ամուսիններ»։
Բայց ճակատագիրն այլ ծրագրեր ուներ։ Զուզանը սիրահարվեց հայ տղամարդու։ Ազգամիջյան հարաբերությունների վերաբերյալ նրա հայացքները փորձության ենթարկվեցին։
Սակայն ի տարբերություն նրա մոր, Զուզանը ամուսնացավ, երբ 26 տարեկան էր։
«Ամուսնանալուց հետո էլ ներքին կոնֆլիկտ ունեի, կարծես ինքս ինձ դավաճանած լինեի։ Բայց սա իմ ընտրությունն է, որի հետ հաշտ եմ ու երջանիկ»,- խոստովանում է նա։
Ե՛վ Զուզանի, և՛ ամուսնու՝ Արթուր Խչոյանի ծնողները ի սկզբանե դեմ էին նրանց միությանը: «Այնքան վախ կար՝ վախ, թե ինչպես մեզ կընկալեն մեր համայնքները, վախ, որ ես կարող եմ կորցնել իմ եզդիական ինքնությունը։ Ծնողներս վախենում էին, թե մարդիկ ինչ կասեն։ Նրանք վախենում էին, որ դա վատ օրինակ կծառայի մյուսների համար։ Նույնիսկ ես կասկածներ ունեի՝ մտածելով, թե արդյոք արժե՞ իմ անձնական երջանկության հետևից գնալ, գուցե իսկապես կորցնում եմ ինքնությունս»,- խոստովանում է Զուզանը:
Զուզանի հարսանիքը ներառում էր և՛ հայկական, և՛ եզդիական տարրեր: «Չեզոք հարսանիք էր՝ եզդիական ու հայկական երաժշտությամբ ու պարով, կրոնական ավանդույթներից զերծ, քանի որ և՛ ամուսինս, և՛ ես ոչ կրոնական էինք»։
Զուզանը Խուբոյանը որոշել էր՝ պահպանելու է իր մինչամուսնական ազգանունը։
Ժամանակի ընթացքում Զուզանը հասկացավ, որ իր ամուսնությունը հայ տղամարդու հետ չի թուլացրել իր եզդիական ինքնությունը։
«Ամուսինս սկսեց սովորել եզդիերեն, սիրով ինձ ուղեկցում է եզդիական միջոցառումներին։ Նույնիսկ մորս հետ ավելի շատ է եզդիերեն խոսում, քան ես»,- ժպտալով ասում է Զուզանը։
Որպես լրագրող և հասարակական ակտիվիստ՝ Զուզանը վճռական է օգտագործել իր կրթությունն ու մասնագիտությունը եզդի համայնքի առջև ծառացած խնդիրների մասին իրազեկությունը բարձրացնելու համար:
«Բազմաթիվ խնդիրներ կան, որոնք ուշադրության կարիք ունեն՝ վաղ ամուսնությունները, անչափահասների շրջանում ծննդաբերություն, կրթության իրավունք, ներկայացուցչական կառավորումը ՏԻՄ-երում, ութամյա դպրոցների առկայության հետևանքով կրթությունից դուրս մնացած երեխաներ և այլն։ Շատ կանայք վաղ ամուսնության զոհ են դարձել։ Նրանք ինչ-որ մեկի մայրն են, ինչ-որ մեկի կինն են, բայց եթե նրանց հարցնես՝ երջանի՞կ ես որպես անձ, նրանք կլռեն, չեն պատասխանի, կամ ինչ-որ վերացական պատասխաններ կտան»։
Երկու համայնքների միջև երկխոսության կարիք կա
Զուզանի կարծիքով՝ հայերի մոտ եզդիների մասին իրազեկվածության ցածր մակարդակ կա։
«Չնայած մենք ապրում ենք կողք կողքի, մենք իրականում միմյանց չենք ճանաչում: Եթե միջին վիճակագրական հային հարցնեք, թե ինչ կրոնի են հետևում եզդիները, շատերը չեն կարողանա ճիշտ պատասխանել: Կարևոր է, որ մենք ավելի շատ հնարավորություններ ունենանք մեր համայնքների միջև երկխոսության համար՝ թյուր պատկերացումները վերացնելու նպատակով, այստեղ նպաստող հանգամանք կարող է լինել, օրինակ հանրակրթական դպրոցնելում ազգային փոքրամասնություններին առնչվող նյութերի քանակի ավելացմումը»,- նշում է Զուզանը։
Նրա խոսքով՝ վերջին տարիներին դպրոցներում եզդիների մասին իրազեկող միջոցառումներ են կազմակերպվում, սակայն դրանց մասնակցում են հիմնականում եզդիները։ Մինչդեռ իրազեկող միջոցառումներն արվում են նաև հայերի համար։
Կրթությունը՝ փոփոխության բանալի
Զուզանը հաստատապես հավատում է կրթության ուժին, որը կարող է փոփոխություններ բերել:
«Մեր համայնքում կան շատ աղջիկներ, ովքեր երազում են բարձրագույն կրթություն ստանալու մասին, սակայն եթե դպրոցում չկա 12 ամյա կրթություն, ամեն ընտանիք չէ, որ կկարողանա իրեն թույլ տալ երեխային հասցնել կողքի գյուղ, ու այստեղ ազգային սովորույթները կարևոր չեն, նախ պետք է ստեղծել նվազագույն պայմաններ կրթության համար, հետո դժգոհել, որ եզդի երեխաները կրթությունից դուրս են մնում: Երազանքի ու երջանկության համար արժե պայքարել, բայց արդյո՞ք ես կկարողանայի պայքարել այդ երազանքների համար, եթե ապրեի եզդիաբնակ գյուղում, դժվար է ասել, բայց մի բան հաստատ է՝ հնարավոր է պահպանել սեփական ինքնությունը՝ միաժամանակ զարգանալով և հարմարվելով ժամանակակից աշխարհին: Դա հեշտ չէ, բայց պետք է»։
Զուզանը համոզված է, որ կրթության միջոցով հնարավոր է ստեղծել մի նոր ճանապարհ, որտեղ սերը, կրթությունը, ինքնության պահպանումը գոյակցում են:
Հեղինակ՝ Լիլիթ Հովհաննիսյան
Լուսանկարները՝ Զուզան Խուբոյանի անձնական արխիվից
Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն «Ամփոփ Մեդիա»-ի խմբագրության տեսակետը։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 14/01/2025