Կրթություն Սոցիալական

Թոթափել անտարբերությունը, սովորել ապրումակցել․ աշակերտներն ու ուսուցիչները՝ բուլինգի դեմ պայքարի առաջնագծում

Հոգատար լինել դպրոցում, բակում, շրջապատում և սովորել ապրումակցել դիմացինին։

Հասարակության՝ հատկապես աճող սերնդի շրջանում այս մտածելակերպն ու արժեքներն արմատավորելու հարցում բուլինգի դեմ պայքարն էական դերակատարում կարող է ունենալ։

Բուլինգ հասկացությունը դեռևս լայն կիրառություն չունի Հայաստանում, սակայն երևույթն անհամեմատ հաճախ է հանդիպում։ Մարդիկ ավելի հաճախ այն բնորոշում են տարբեր եզրույթներով՝ բռնություն, ճնշում, ծաղր և այլն։

Երևույթի դեմ արդյունավետ պայքարելու համար  «Global To Local» կազմակերպության տնօրեն Իրինա Ալեվերտը համոզված է՝ չպետք է խուսափել ճիշտ տերմինն օգտագործելուց, դրա մասին բարձրաձայնելուց։

«Երբ որոշեցինք բուլինգի կանխարգելման ծրագրեր իրականացնել Հայաստանում՝ հիմնվելով շվեյցարական փորձի վրա, մեզ ասացին, որ Հայաստանում նման խնդիր չկա։ Ցավոք, կա․ այն բավականին տարածված է հատկապես դպրոցականների շրջանում»,- «Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում ասում է Ալեվերտը։

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքը՝ դպրոցականների՝ երևույթի հանդեպ ավելի խոցելի լինելը, հիմնական աշխատանքը հենց իրենց հետ պետք է տարվի։

Մեր զրուցակցի խորին համոզմամբ՝ առաջնային տեղ պետք է տրվի բացատրական աշխատանքին․ ներկայացվի, թե  ինչ է բուլինգը, ինչ հետևանքների կարող է հանգեցնել այն բուլինգի ենթարկվողի ու այն իրականացնողի (բուլերի) համար։

Կազմակերպությունը բուլինգի մասին մի շարք ուսուցողական կարճ հոլովակներ ու նյութեր է պատրաստել․ նկարահանվել է նաև ինտերակտիվ ֆիլմ՝ «Որոշում» վերնագրով, որը նաև հասանելի է առցանց։

Այն փակ դիտման է ներկայացվել Երևանի ու մարզերի շուրջ 200 դպրոցներում։ Հոկտեմբերին ֆիլմը ցուցադրվեց նաև «Շիրակացի ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրում․ Ցուցադրությանը ներկա էին աշակերտներ ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի դպրոցներից։

Իրինա Ալեվերտը՝ կենտրոնում

Ֆիլմում ներկայացված են բուլինգի մի քանի դրվագներ։ Ֆիլմի ինտերակտիվությունը նրանում է, որ ամեն դրվագի ցուցադրության վերջում հանդիսատեսին տրվում է հնարավորություն սեփական որոշումը ներկայացնել՝ ընտրելով երեք տարբերակներից մեկը՝ 1․ անտարբեր մնալ կատարվողին, 2․ միջամտել, 3․ դիմել մեծահասակների օգնությանը։

«Դպրոցներում արդեն կայացած ցուցադրությունների հիման վրա պարզել ենք, որ աշակերտները հիմնականում ընտրում են 2-րդ տարբերակը, մինչդեռ այս խնդրի դեպքում ամենաճիշտ որոշումը մեծահասակին դիմելն է»,- ասում է Ալեվերտն ու հավելում՝ մեծահասակի հանդեպ վստահության ձևավորման գործում մեծագույն դերը  դպրոցինն ու ուսուցիչներինն է։

Մեծահասակի հանդեպ վստահության ձևավորման գործում մեծագույն դերը  դպրոցինն ու ուսուցիչներինն է։

Ֆիլմի դիտմանը ներկա մանկավարժները ևս քննարկման ժամանակ շեշտեցին աշակերտ-ուսուցիչ հարաբերություններում  վստահության մթնոլորտի ձևավորման կարևորությունը։ Մյուս կողմից, ըստ նրանց, արագ լուծումներ պահանջող իրավիճակներում ներկա հասակակիցների արագ արձագանքն ու անտարբեր չմնալը կարող է շատ ավելի արդյունավետ տարբերակ լինել։

«Ճեմարանական ժամերին մեր աշակերտների հետ պարբերաբար զրույցներ ենք ունենում բուլինգի թեմայով՝ ըստ իրենց տարիքային առանձնահատկությունների։ Նրանք գիտեն՝ ինչ է բուլինգը, ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Ճիշտ բացատրական աշխատանքը երեխաների հետ այս դեպքում շատ կարևոր է։ Բավականին զգայուն երևույթի հետ գործ ունենք ու չափազանց նրբանկատ պետք է աշխատել», –  ասում է ճեմարանի մանկավարժական ծրագրերի պատասխանատու Նարինե Հովհաննիսյանը։

Ֆիլմի հետ կապված իր դիտարկումները ներկայացնելիս՝ Հովհաննիսյանն ընդգծում է, որ օրինակ՝ բուլինգի հնարավոր հետևանքների մասին խոսելիս ճեմարանում բացահայտ վատագույն սցենարները չեն մատնանշում, մինչդեռ նա նկատել է, որ ֆիլմում դա կար։

«Երբ ներկայացվում է, օրինակ, որ բուլինգի ենթարկված երեխան ինքնասպանության է դիմում, դա շատ վտանգավոր հուշում կարող է լինել։ Չմոռանանք, որ գործ ունենք դեռահասների հետ, ու հնարավոր է՝ օգնելու փոխարեն վնասենք այդկերպ»։

Մյուս կարևոր բանը, որ ֆիլմում ակնկալում էին տեսնել ճեմարանի մանկավարժները, բովանդակային, բացատրական աշխատանքն էր բուլերի՝ բուլինգ իրականացնողի ու երևույթին կողքից անտարբերությամբ հետևողների հետ։ Այն դրվագներում, որտեղ վստահելի մեծահասակը միջամտում է բուլինգի դրսևորման երևույթին, նրանց խորին համոզմամբ, զուտ իրավիճակային լուծում է ու երևույթի հետագա կրկնությունները չի բացառելու այնքան ժամանակ, քանի դեռ չի ներկայացվել արարքի վտանգավորությունը։

Առհասարակ, բուլինգի կանխարգելման գործում ամենաառանցքայինն անտարբերության դեմ պայքարն է։ Այս հարցում համակարծիք են և՛ Global To Local կազմակերպության ներկայացուցիչները, և՛ ֆիլմի դիտմանը ներկա մանկավարժները, և՛ աշակերտների զգալի մասը։

Դպրոցականների արձագանքներն ու մեկնաբանությունները ևս տարբեր էին՝ կախված ընկալումներից։ Այդուհանդերձ, բազմիցս հնչեց այն տեսակետը, որ բուլինգ իրականացնողները հաճախ հոգեբանական խնդիրներ են ունենում, որոնք էլ նրանց դարձնում են ագրեսիվ։ Հետևաբար, նրանց հետ խորքային աշխատանքը՝ մասնավորապես հոգեբանների ներգրավմամբ, շատ կարևոր է։

Շվեյցարական փորձը, ըստ Ալեվերտի, ևս ցույց է տվել, որ բուլերները հետագայում շատ դեպքերում դառնում են հանցագործներ, մաս կազմում քրեական աշխարհի։

Քանի որ այսօրվա դպրոցականները վաղվա որոշումներ կայացնողներն ու իրավիճակ փոխողներն են, հետևաբար՝ թե  ինչպիսի հասարակություն կունենանք, կախված է նրանց վարքից, ընկալումներից, ապրումակցման աստիճանից։

Ինչպես նյութի սկզբնամասում նշեցինք, բուլինգը նոր երևույթ չէ, բայց եզրույթը վերջին տարիներին է սկսել կիրառվել հայ հասարակության շրջանում։ Բուլինգն ունի մի շարք հատկանիշներ, որոնք հուշում են, որ գործ ունենք այդ երևույթի հետ․ դրանցից են՝

  • Պարբերաբար կրկնվելը
  • Ուժերի անհավասարությունը
  • Հեգնանքը, ծաղրը
  • Հոգեբանական ճնշումը և այլն։

Բուլինգի դեմ պայքարի շրջանակում ոչ միայն աշակերտներին, այլև ուսուցիչներին երևույթի մասին հնարավորինս իրազեկելու ծրագրերը, Իրինա Ալեվերտի հավաստիացմամբ, իրենց կազմակերպության կողմից շարունակական են լինելու։

Հեղինակ՝ Լիլիթ Պողոսյան
Պատասխանատու խմբագիր՝ Կարինե Դարբինյան
Լուսանկարները՝ Լիլիթ Պողոսյանի և «Global To Local»-ի
Ձևավորումը՝ Վան Սիմոնի

Այս նյութը պատրաստվել է «Ամփոփ Մեդիա»-ի կողմից Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի (ՖԷՀ) հետ համագործակցությամբ։ Սույն հրապարակման մեջ արտահայտված մտքերի համար պատասխանատվությունը կրում են հեղինակները։ Արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել Ֆրիդրիխ էբերտ հիմնադրամի կարծիքի հետ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 30/10/2024