Դըրբըզեք Քաղաքական

Ստացիր ՀՀ քաղաքացիություն՝ վերցրու տան գումար. արցախցիների մտահոգությունները

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը գրավիչ չէ արցախցիների համար:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից փաստում են՝ բնակապահովման ծրագրի դիմելիության հետ կապված խնդիր կա, և այդ խնդիրը ծրագրի պարտադիր բաղադրիչի՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու հանգամանքով է նաև պայմանավորված:

2024 թվականի սեպտեմբերի դրությամբ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բնակապահովման ծրագրի առաջին փուլի համար ստացել է 916 դիմում (սա ոչ թե դիմող անձանց, այլ ընտանիքների թիվն է):

Սակայն նրանցից շատերը մերժվել են հիմնականում ընտանիքի որևէ անդամի ՀՀ քաղաքացիություն կամ միգրացիայի և քաղաքացիության ծառայության շտեմարանում տեղահանվածի կարգավիճակ չունենալու հիմքով:

Ստացված դիմումներից 30-ը կամ 3,3%-ն է առայժմ հաստատվել․ տվյալ ընտանիքները ստացել են հավաստագրեր, քանի որ ընտանիքի բոլոր անդամներն ունեցել են ՀՀ քաղաքացիություն, բոլորը հաշվառված են եղել միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում որպես տեղահանված անձ, բացի այդ՝ ՀՀ-ում այլ անշարժ գույք չեն ունեցել:

Գայանե Ղարագյոզյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցչի խոսքով, 200-ից ավելի դիմում դեռևս ընթացիկ կարգավիճակ ունեն, քանի որ ինքնաշխատ եղանակով տեղեկատվության ստացումը խնդրահարույց է՝ հաշվի առնելով Արցախից ժառանգած բազաների թերի լինելը: Օրինակ՝ ընտանիքների մի մասում առաջացել է երեխա-ծնող կապի ճշտման հետ կապված խնդիր, ասում է ԱՍՀՆ կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը:

Կառավարությունն առաջիկա օրերին կհաստատի մշակված նոր ընթացակարգ, որը հնարավորություն կտա ինքնաշխատից բացի տվյալների ստուգումն իրականացնել նաև մեխանիկական եղանակով: Կարգի հաստատումից հետո հնարավոր կլինի պահանջել բնօրինակ փաստաթղթեր, կճշտվի դրանց հիման վրա ներկայացված դիմումներում առկա տվյալների իսկությունը, և որոշումն ավելի արագ կկայացվի:

Ծրագրի շահառուներն ու հիմնական պայմաններից մեկը.

– 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքը համարվում է շահառու, եթե ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում՝ անչափահասները, ունեն (ստացել են) ՀՀ քաղաքացիություն…

Հավաստագրերի արժեքը ընտանիքի մեկ անդամի հաշվով կազմում է`

  • 5 մլն դրամ, եթե ձեռք կբերեն կամ կկառուցեն տունը/բնակարանը թվով 242 քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում (Ցանկին կարող եք ծանոթանալ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում)
  • 4 մլն դրամ, եթե ձեռք կբերեն կամ կկառուցեն տունը/բնակարանը թվով 148 քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում (Ցանկին կարող եք ծանոթանալ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում)
  • 3 մլն դրամ՝ մնացած բոլոր բնակավայրերում, բացի Երևանի 1-ին և 2-րդ գոտու,
  • 2 մլն դրամ, եթե արդեն շահառուն ունի հիփոթեք, բացառությամբ՝ Երևանի 1-ին և 2-րդ գոտում գտնվող գույքի։

Քարտեզով և գծապատկերներով ներկայացված են ՀՀ այն բնակավայրերերը, որտեղ ԼՂ բռնի տեղահանվածները կարող են 4 և 5 մլն դրամ արժողությամբ հավաստագրերով տուն ձեռք բերել


Իսկ ինչո՞ւ է բնակապահովման ծրագրին դիմողների թիվը քիչ

Մետաքսե Հակոբյան

Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը նշում է, որ ցանկացած սոցիալական ծրագիր, որն իրականացվում է ՀՀ իշխանությունների կողմից, պետք է իր մեջ վերադարձի բաղադրիչ ներառի, և, եթե չկա վերադարձի բաղադրիչ, ուրեմն դա վտանգ է և վնասում է Արցախի համար հետագա պայքարին:

«Սա է պատճառը, որ մարդիկ բացառում են և չեն պատրաստվում օգտվել ծրագրից: Բնակարանային ծրագիրը շատ աբսուրդ ծրագիր է․ նախ դա բավականին լուրջ բեռ է ավելացնելու, և ի վերջո, ես չգիտեմ բանկեր, որոնք կհամաձայնվեն վարկ տրամադրել եկամուտ չունեցող ընտանիքներին, որովհետև առաջին փուլով դուք տեսնում եք, թե որ ընտանիքներն են շահառու՝ բազմազավակ, զոհվածների: Այդ մարդիկ այսօր ամենախոցելի խումբն են, որոնք եկամուտ չունեն»,- ասում է Հակոբյանը:

Նա համոզված է, որ այս ծրագիրը ներկայիս ձևաչափով չի հաջողելու։

Արցախից բռնի տեղահանված Մարիամ Սարգսյանի ընտանիքը 4 անդամից է կազմված՝ երկու անչափահաս երեխաները, ինքն ու ամուսինը։ Նրանք բնակապահովման ծրագրի երկրորդ փուլի շահառու են:

Ինչպես շատերը, 31-ամյա Մարիամը ևս չի ցանկանում սահմանային գոտում ապրել, երեխաներին նորից սթրեսի ենթարկել: Սարգսյանների ընտանիքը Ստեփանակերտում էր ապրում։ Բռնի տեղահանումից հետո տեղափոխվել ու մինչև հիմա Երևանում է բնակվում՝ վարձով: Տան վարձը 230,000 դրամ է, որը վճարում են կառավարության կողմից տրամադրվող 40+10 ծրագրի ֆինանսական աջակցությամբ։

«Ամսական 20-30 հազար դրամ էլ վճարում ենք կոմունալ ծառայությունների համար»,- ասում է Մարիամը:

Մասնագիտությամբ իրավագետ Մարիամը Երևանում մի քանի տեղ է դիմել աշխատանք գտնելու համար, ըստ մասնագիտական հմտությունների՝ նաև ՀՀ Ոստիկանակության ակադեմիա, սակայն ակադեմիայում առաջին հերթին պահանջել են փոխել անձնագիրը, որից հետո ասել են՝ կմտածեն աշխատանքի ընդունելու մասին: Մարիամն այժմ աշխատում է պետական մեկ այլ կառույցում, որի մասին չցանկացավ խոսել: Ամուսինը ևս աշխատում է:

Ըստ նրա, պետության կողմից առաջարկվող գումարով ոչ սահմանային գոտիներում հնարավոր չէ տուն գտնել:

«Ինչո՞ւ են մեզ սփռում ՀՀ սահմանամերձ գյուղերով։ Դա մեզ թուլացնում ու ոչ կենսունակ է դարձնում: Իսկ Երևանում տուն գնելու համար տան անդամներից յուրաքանչյուրիս հասնում է 2 կամ 3 մլն դրամի սերտիֆիկատ»,- ասում է Մարիամը։

Այս դեպքում նրա 4 հոգուց բաղկացած ընտանիքի առավելագույն գումարը 12 մլն դրամ կկազմի, ինչը բավարար չէ Երևանում տուն գնելու համար։

«Մյուս մասը պետք է հիփոթեք ձևակերպենք: Ինձ թվում է՝ նման պայմանները արտագաղթի կհանգեցնեն: Սա ոչ թե ծրագիր, այլ ծաղր է, ուստի պետք է համատեղ քննարկվի և նորմալ գին սահմանվի՝ ներկա շուկայական գներին համապատասխան»,- ասում է Մարիամը:

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն ասում է, որ արցախցիների համար ծրագրերի բացերը լրացնելու մասով բազմիցս դիմումներ են ներկայացրել Կառավարությանը, բայց անարդյունք: Ըստ Ստեփանյանի, այս հարցում շահագրգիռ վարքագիծ չկա:

«Սկսած սահմանված գումարի չափից, վերջացրած քաղաքացիության պահանջով և բազմաթիվ այլ տեխնիկական խնդիրներով՝ պրակտիկ կիրառման հետ կապված խնդիրներ կան, երբ տունը տրվում է առանց սեփականության իրավունքի հաստատման»,- ասում է Ստեփանյանը:

Նա կարծում է՝ Կառավարությունը պետք է եկած լինի այն համոզման, որ այս ծրագիրը ձախողված է և պետք է վերանայվի: «Եթե գումարի տեսանկյունից համապատասխան առաջարկներ լինեն, ինձ թվում է՝ ավելի շատ մարդ կօգտվի ծրագրից»,- ասում է Ստեփանյանը:

Արցախից բռնի տեղահանվածները չեն շտապում ՀՀ քաղաքացիություն ստանալ

Արցախի բռնի հայաթափումից մեկ տարի անց՝ 2024 թվականի սեպտեմբերի 4-ի դրությամբ, ՀՀ Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ՀՀ քաղաքացիություն ստանալու 4378 դիմում է ստացել ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած անձանց կողմից։

Նրանցից 2846-ին կամ 65%-ին է շնորհվել ՀՀ քաղաքացիություն:

Այսինքն, Արցախից բռնի տեղահանված 115 հազար 500 անձանց միայն շուրջ 4%-ն է մեկ տարվա ընթացքում դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար:

Թվային այս ցածր ցուցանիշը մի շարք հանգամանքներով է պայմանավորված, այդ թվում՝ հոգեբանական: Արցախցիների մի մասը կարծում է՝ եթե հրաժարվի 070 կոդով անձնագրից, կդավաճանի Արցախին, մյուս մասի մտահոգությունը՝ Արցախ վերադառնալու հնարավորությունից զրկվելն է, որոշներն էլ կարծում են, որ, եթե ստանան ՀՀ քաղաքացիություն, կզրկվեն աջակցության ծրագրերից և այլն:

Արցախից բռնի տեղահանված Մարիամը, օրինակ, անիմաստ է համարում իր 070 կոդով անձնագրի փոխարինումը, որովհետև այդ կոդն իր ինքնությունն է համարում: Ասում է, որ նվաստացուցիչ է, երբ ձգտում են ամեն կերպ վերացնել իրենց ինքնությունը:

«16 տարեկանից ես Արցախի հանրապետության քաղաքացի եմ, որը կրում է ՀՀ կապույտ անձնագիր: Այսօր Արցախը փաստացի չկա, իսկ Հայաստանը հրաժարվում է ինձնից, նույնն է թե՝ հրաժարվում է իր տված պետական պաշտոնական փաստաթղթից»,- ասում է Մարիամը:

Մարիամի մտահոգությունները կիսում է Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

«Բանակցային գործընթացի ժամանակ սա խնդիր կառաջացնի՝ պայմանավորված նրանով, որ Ադրբեջանը շատ հանգիստ կարող է հակադարձել, «իսկ ովքե՞ր են Արցախի հանրապետության քաղաքացիները, ընդհանրապես ովքե՞ր են արցախցիները», և դու չես ունենալու ապացույցներ: Սա պրիմիտիվ բան է, բայց ես համոզված եմ, որ Ադրբեջանն այս հարցը դնելու է բանակցային սեղանին: Ըստ այդմ, մեզ համար ՀՀ քաղաքացիություն ստանալն ընդունելի տարբերակ չէ»:

Վերադարձի իրավունք

Գեղամ Ստեփանյան

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն ընդգծում է, որ արցախցիներին ՀՀ քաղաքացիության տրամադրմամբ կորչում է միջազգային հարթակում վերադարձի իրավունքի իրացման հրատապությունը: Այսինքն, եթե փախստական համարված անձն այլ պետության, այս դեպքում ՀՀ քաղաքացիություն է ստանում, իր իրավունքներն այդ երկրում ամենաբարձր պաշտպանության մակարդակի վրա են, ուրեմն նաև որոշակի հրատապություն է կորցնում վերադարձը:

Խնդրի վերաբերյալ սա Ստեփանյանի իրավական գնահատականն է, իսկ հոգեբանական և էմոցիոնալ մտավախությունները պաշտպանը սուբյեկտիվ է համարում՝ նշելով, որ մարդկանց հետ պետք է խոսել և աշխատել:

«Երկուսից երեք ամիս է տևում անձնագիր փոխելը և շատ մարդիկ սրանից են խուսափում: Մի անգամ արդեն անցել են այդ բյուրոկրատիայի միջով փախստականի վկայագիր ստանալու համար, և երկրորդ անգամ շատերն ուղղակի խուսափում են նույն գործընթացի միջով անցնել»,- ասում է Գեղամ Ստեփանյանը:

Ըստ Ստեփանյանի, պետք է նաև հաշվի առնել, որ մարդիկ կան, որ սկզբունքորեն չեն փոխում անձնագիրը, որովհետև համարում են, որ իրենց 070 կոդով անձնագիրն արդեն իսկ ՀՀ քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է:

070 կոդով անձնագիրը ՀՀ քաղաքացիություն չի շնորհում արցախցիներին․ ՀՀ ՆԳՆ

ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից «Ամփոփ Մեդիա»-ի հարցմանն ի պատասխան հայտնում են, որ արցախցիների 070 կոդով անձնագիրն իրենց ՀՀ քաղաքացիություն չի շնորհում, ինչի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ։

Ծառայությունից հղում են անում ՄԻԵԴ-ի 2015 թվականի հունիսի 16–ի՝ «Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի» վճռին, որում անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում անձնագրային համակարգի կազմակերպմանն առնչվող համաձայնագրին: Ըստ այդ համաձայնագրի, ՀՀ-ն տրամադրում է իր անձնագիրը ԼՂ բնակիչներին որպես ճամփորդական փաստաթուղթ և ոչ որպես քաղաքացիության հավաստում:

Իսկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ու ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, առաջիկա երկու ամիսներին համադրելով ստացված ՀՀ քաղաքացիության և բնակապահովման ծրագրի դիմումները, կհասկանան՝ արդյոք ծրագրի պահանջները վերանայելու կարիք կա՞, թե՞ ոչ:

Հեղինակ՝ Էլեն Մուրադյան
Ձևավորումը՝ Վան Սիմոնի
Պատասխանատու խմբագիր՝ Լիլիթ Պողոսյան

Այս նյութը պատրաստվել է Ամփոփ Մեդիայի կողմից՝ «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 24/09/2024