էլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի սպառողները տևական ժամանակ է օգտվում են «Շուկայի կառավարման ծրագրի» (ՇԿԾ) էլեկտրոնային հարթակից, որտեղ հնարավոր է տեղեկանալ և ընտրել ՀԷՑ-ին այլընտրանք հանդիսացող էլեկտրաէներգիայի մատակարարներից։
Այսպիսի ազատ շուկայական հարաբերությունները էլեկտրաէներգիայի շուկայում համեմատաբար նոր են։ Գործնական փուլը մեկնարկել է 2022թ․ փետրվարից, իսկ օրենսդրական դաշտում այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են 2017թ․-ից։
Այս տարվա փետրվարի 1-ից այն սպառողները, որոնք անմիջապես միացված են հաղորդման ցանցին կամ արտադրողին, ինչպես նաև 110կՎ և բարձր լարման բոլոր այն սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարում ունեցել են 1 մլն կՎտժ և ավել սպառում, պարտավոր են ստանալ որակավորված սպառողի կարգավիճակ կամ ընտրել շուկայում գործող այլ մատակարար։ Հակառակ դեպքում այդ սպառողները սպառած էլեկտրաէներգիայի համար երաշխավորված մատակարարին, այսինքն՝ ՀԷՑ ՓԲԸ-ին, վճարում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած սակագնով՝ 53,48 դրամ՝ մեկ կՎտժ-ի համար։
ՇԿԾ-ում ապրիլի 14-ի դրությամբ գրանցված էր 292 մասնակից, որոնցից 110 կՎ լարման մակարդակի սպառողները 5-ն են։
Ինչպես է աշխատում ազատ շուկան
Նախքան էներգետիկայի ոլորտում կատարված բարեփոխումը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն (ՀԷՑ-ը) միակ միջնորդն էր էլեկտրաէներգիա սպառողի ու արտադրողի միջև, այլ կերպ ասած ՀԷՑ-ը հանդիսանում էր միակ հոսանք գնողն ու վաճառողը։
Այսօր շուկայում արդեն գործում են լիցենզավորված երեք նոր մատակարարներ։
2024 թ-ի փետրվարից ազատ շուկային պարտադիր պիտի միանան 35 կՎ լարման սպառողները, իսկ 2025 թ-ի փետրվարից՝ 6 (10) կՎ լարման սպառողները։
Ինչ վերաբերում է 0,4 կՎ լարման սպառողներին (հիմնականում տնային տնտեսությունները), մասնագետները վստահեցնում են, որ նրանք դեռևս շուկա մտնելու ռեալ հնարավորություններ չունեն։ Դա հիմնավորում են նրանով, որ մատակարարների առաջարկած գինը, որը ներառում է թե՛ շուկայից գնվող էլեկտրաէնեգիայի ինքնարժեքը, թե՛ շուկայում մնացած բոլոր ծառայությունների արժեքը, ՀԷՑ-ի գնից մատչելի չի կարող կազմել։
Մինչդեռ մեծածախ շուկայի սպառողը, եթե որակավորված է, հնարավորություն ունի անգամ ուղիղ պայմանագիր կնքելու իր նախընտրած էլեկտրաէներգիա արտադրող կայանի հետ։ Որակավորված սպառող դառնալու համար (բացառությամբ տնային տնտեսությունների) անհրաժեշտ է ունենալ համապատասխան հաշվառման համակարգ՝ ընթերցվող հաշվիչներ (թվային ձևաչափով հասանելի), և միացված լինել կա՛մ հաղորդման կա՛մ բաշխման ցանցին։
Մեծածախ շուկայում ինքնուրույն գործող որակավորված սպառողը բոլոր գործողությունները՝ սկսած էլեկտրաներգիայի սպառման կանխատեսումից մինչև առևտրի իրականացում, կատարում է ինքնուրույն և արդյունքների համար պատասխանատվություն կրում անձամբ։
Մյուս դեպքում՝ երբ սպառողն ընդգրկվում է մատակարարների խմբում, մատակարարի հետ պայմանագիր կնքելուց հետո գնվող էլեկտրաէներգիայի ծավալների կանխատեսումների ռիսկը, ինչպես նաև անհրաժեշտ բանկային երաշխիքի ներկայացումը շուկայի օպերատորին, մնում է մատակարարի վրա։
«Այսինքն՝ դու, որպես սովորական սպառող, շուկայում առևտուր անելու համար մասնագիտանալու կարիք չես ունենում․ ընդամենը բանակցում ես մատակարարի հետ ձեռք բերվող էլեկտրաէներգիայի ժամկետի և գնի շուրջ, պատվիրում էլեկտրաէներգիայի ծավալը, իսկ մնացածն անում է մատակարարը՝ հետագա ռիսկերն արդեն վերցնելով իր վրա»,- մանրամասնում է Էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի՝ Հաշվարկային կենտրոն ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մեսրոպ Մեսրոպյանը։
Մեսրոպյանի ներկայացմամբ՝ շուկայի ազատականացումը հետապնդում է երկու հիմնական նպատակ․
- արդարացի գնագոյացում, որի դեպքում շուկայի յուրաքանչյուր մասնակից վճարում է էլեկտրաէներգիայի դիմաց այնքան, որքան ճիշտ է կատարել գնման կամ վաճառքի պլանավորումը․ այլ կերպ ասած, յուրաքանչյուրն ինքն է վճարում իր առաջացրած վնասի համար։
- էլեկտրաէներգիայի գնման և վաճառքի մենաշնորհի վերացում, որը կստեղծի ազատ շուկայական մրցակցության հիմքեր և կնպաստի գների շուկայական կարգավորմանը։
Արտադրողները, մատակարարները և մեծածախ առևտուր իրականացնողները մեծածախ շուկայում գրանցվում և մասնակից են դառնում միայն լիազորված մարմնի՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրված համապատասխան լիցենզիաների առկայության դեպքում։
Մեկ մատակարարի օրինակով
2022թ․ փետրվարից մինչև հիմա մատակարարի լիցենզիա ստացած ընկերություններից ընդամենը վեցն են դիմել և գրանցվել կառավարման համակարգում։ Այդ վեցից առայժմ երեքն են, որ նաև առևտուր են իրականացնում։
Դրանցից մեկը «Շտիգեն» խմբի մեջ մտնող «Էներէքս» ընկերությունն է, որը հիմնվել է 2021թ․ հոկտեմբերին և էլեկտրաէներգիայի ազատականացված շուկայում իր առաջին գործարքը կատարել է 2022թ․ ապրիլի 1-ին։
Enerex-ը ներկա դրությամբ շուկայում գործող լիցենզավորված երեք մատակարարներից մեկն է։ Ընկերության ներկայացուցիչն ասում է, որ ռիսկերը կառավարելու որոշակի փորձ արդեն ունի․ գործիքակազմը մշակված է, և փորձը ցույց է տվել, որ դրանց օգնությամբ կանխատեսումներում շեղումները չնչին տոկոս են կազմում։
«Մենք, որպես մատակարար, բալանսավորելու հնարավորություն ունենք․ այսինքն՝ եթե սպառողների մի մասը պատվիրած էլեկտրաէներգիայի ծավալից որոշակիորեն քիչ է սպառում, մյուսը՝ շատ, կարողանում ենք բալանսավորել ու ըստ այդմ՝ կառավարել ռիսկերը։ Ու որքան սպառողների խումբը մեծ է լինում, այնքան մեծ է լինում հօգուտ սպառողի գին սահմանելու հավանականությունը»,- բացատրում է Enerex ՓԲԸ տնօրեն Գագիկ Մարգարյանը։
Կանխատեսման շեղումը, ըստ էության, ուղիղ համեմատական է էլեկտրաէներգիայի ինքնարժեքին․ որքան շեղումը մեծ է, այնքան ինքնարժեքը բարձր է և հակառակը։
Հաշվի առնելով արտադրող կայանների առաձնահատկությունները, էլեկտրաէնեգիայի արտադրության վրա ազդող գործոնները՝ Enerex-ը զերծ է մնում ֆիքսված սակագին սահմանելուց։ Յուրաքանչյուր սպառողի դեպքում սակագինը փոփոխվում է՝ կախված տարբեր հանգամանքներից, այդուհանդերձ, այն միջինում 5-8 տոկոսով ավելի ցածր է կազմում, քան ՀԷՑ-ի դեպքում է։
Ընկերության տնօրենի վստահեցմամբ՝ փոփոխվող կամ ճկուն գնի՝ իրենց որդեգրած քաղաքականությունն արդարացրել է իրեն և դրանում, գլխավորապես, հաճախորդների գոհունակությամբ են համոզվել։
«Մեր սպառողների խմբի մեծ մասի հետ այդպես ենք աշխատել նաև մինչև այս տարվա փետրվարը, և կարող եմ փաստել, որ դա, նախևառաջ, սպառողին է ձեռնտու։ Մեր ընկերությունը ժամից կախված՝ հնարավորինս էժան սակագին է փորձում ձևավորել։ Կախված կարիքներից, նրանից, թե որ ժամին որքան էլեկտրաէներգիա է ծախսվում՝ մշակում ենք մեխանիզմ և ըստ այդմ՝ պայմանագիր կնքում»,- բացատրում է Մարգարյանը։
Enerex-ի աշխատակիցները նաև փաստաթղթավարումն են իրականացնում։ Դա նշանակում է, որ եթե շուկա մուտք գործած սպառողը որպես մատակարար է ընտրում այդ ընկերությանը, ապա, այսպես ասած, թղթաբանությունն իրականացնում են Enerex-ի ներկայացուցիչները։
«Շատ դեպքերում սպառողը չի ցանկանում թղթաբանության մեջ խորանալ կամ մասնագիտանալ ու կարիք էլ չունի․ ըստ այդմ՝ ազատում ենք նրան այդ գործից․ անհրաժեշտ փաստաթղթերը մենք պատրաստում ենք, ներկայացնում նրան, ու եթե համաձայն է լինում, դրանից հետո միայն կնքում ենք պայմանագիրը»,- ասում է ընկերության ղեկավարը։
Ազատ շուկա՝ ֆինանսական երաշխիքներով
Որպեսզի որևէ մասնակցի ստանձնած պարտավորություններում թերացման պատճառով չտուժեն շուկայի մյուս մասնակիցները, նախքան շուկա մուտք գործելը յուրաքանչյուրը ներկայացնում է բանկային երաշխիք։
Պայմանագրով սահմանված պարտավորությունը չկատարելու՝ էլեկտրաէներգիայի դիմաց չվճարելու կամ սահմանված ծավալով էլեկտրաէներգիա չտրամադրելու դեպքում, դրան համարժեք գումարը շուկայի օպերատորը (շուկայի գործունեությանը հետևող օղակը) գանձում է տվյալ մասնակցի բանկային հաշվից։
Բանկային երաշխիքը պետք է առնվազն 45 օր ժամկետ ունենա, իսկ գումարի չափը պակաս չլինի 5 մլն դրամից։
Եթե գործարքի արժեքն ավելին է լինում, քան սպառողի ներկայացրած երաշխիքային գումարն է, ապա շուկայի կառավարման ծրագիրը թույլ չի տալիս գործարք կատարել։ Մեսրոպ Մեսրոպյանը դա բացատրում է շուկայի անխափան գործունեությունն ապահովելու անհրաժեշտությամբ։
Մեսրոպյանը շեշտում է՝ շուկա մուտք գործելուց առաջ կարևոր է, որ մատակարարը հաճախորդների/սպառողների խումբ ունենա, նրանց հետ բանակցի, խումբը ձևավորի, դրանից հետո դիմի շուկայի օպերատորին։
Սպառողների հանրամատչելի ընդհանրացված ցանկ այժմ գոյություն չունի։ Մատակարարը սպառողներ փնտրում է անհատապես յուրաքանչյուրի հետ հանդիպելով և իր ծառայություններն առաջարկելով։ ՇԿԾ-ում ամենատարբեր լարման մակարդակների սպառողներ կան արդեն։
Իսկ մեծածախ շուկայի որակավորված սպառողների ցանկն հանրամատչելի ինֆորմացիա է, որը ներկայացված է ՇԿԾ կայքի՝ aex.setcenter.am հանրային հաշվետվություններ բաժնում։
Հավանականությունը, որ շուկայի ազատակացման գործընթացը սահմանված ժամանակացույցով ընթանալու և բարեհաջող ավարտվելու դեպքում ՀԷՑ-ն այդուհետ կմատուցի բացառապես բաշխիչ ծառայություն, մեծ է։ Մեսրոպյանի խոսքով՝ բարեփոխման տրամաբանական արդյունքներից մեկն էլ այն կարող է լինել, որ վերջնարդյունքում ՀԷՑ ՓԲԸ-ն միայն որպես բաշխիչ ծառայություն մատուցող հանդես գա։ Այդ մասին խոսելը, սակայն, դեռ շատ շուտ է։
Հեղինակ՝ Լիլիթ Պողոսյան
Լուսանկարը՝ հեղինակի
Ինֆոգրաֆիկները՝ Անուշ Բաղդասարյանի
Այս նյութը պատրաստվել է «Էլեկտրաէներգիայի հասանելիություն» նախագիծի շրջանակում Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի (ՖԷՀ) հետ համագործակցությամբ։
Այլ հոդվածներ այս շարքից՝ #EnergySecurity
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 21/04/2023