Պատկերացրեք կա էլեկտրաէներգիայի շուկա, որտեղ մուտք ունի ցանկացած քաղաքացի և նա կարող է ընտրություն կատարել հոսանք վաճառողների առաջարկներից՝ հաշվի առնելով գինը, պայմանները և/կամ վաճառողի հնարավորությունները։
Այս սցենարը դանդաղ, բայց հաստատուն քայլերով մոտենում է Հայաստանի սպառողներին։ Սա բխում է էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման քաղաքականությունից, որ հիմա վարում է Հայաստանը։
Դա նշանակում է, որ էլեկտրաէներգիան, որպես ապրանք, կվաճառվի ոչ թե կարգավորվող, այլ շուկայական գներով։ Կթանկանա այն, թե չէ՝ դեռ պարզ չէ։ Բայց կարգավորման կողմնակիցները պնդում են՝ կլինի արդար, շուկայական գին։
Մրցանակակիր նյութ – Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «ԷներGիտակ» լրագրողական մրցույթի «Բացատրական նյութ» անվանակարգում ճանաչվել է որպես լավագույն նյութ:
Ինչպես է գործելու ազատ շուկան
Այժմ Հայաստանում գործում է էլեկտրաէներգիայի մի քանի գին, բոլորը՝ կարգավորվող։ Սովորական սպառողների համար գործում են հետևյալ սակագները՝ գիշերային և ցերեկային գների տարբերություններով։
Էլեկտրաէներգիայի ազատ շուկայի մասին կարգավորման համաձայն, բոլոր բաժանորդները, այդ թվում՝ ընտանիքները, կարող են հրաժարվել Հայաստանի էլեկտրական ցանցերի ծառայությունից և ընտրել իրենց համար առավել նախընտրելի աղբյուրներ/ընկերություններ՝ էլեկտրաէներգիա գնելու համար։ Բայց գործնականում նման հնարավորություն առայժմ չկա։
Այժմ այդ հնարավորությունից կամավոր կարող են օգտվել էլեկտրաէներգիա սպառող խոշոր ընկերությունները։ Տեխնիկական լեզվով՝ դրանք այն սպառողներն են, որոնք միացած են բարձր՝ 110 կիլովոլտ լարման էլեկտրահաղորդման գծերին ու հոսանքը ստանում են անմիջապես արտադրողներից։
Այսօրվա սակագներով՝ նրանք էլեկտրաէներգիայի համար վճարում են ավելի ցածր սակագներ, քան սովորական սպառողները (ցերեկային սակագին՝ 41,98 դրամ/կՎտժ, գիշերային՝ 37,98 դրամ/կՎտժ)։
2023թ․-ի փետրվարից նրանք պետք է միանան էլեկտրաէներգիայի ազատ շուկային, ինքնուրույն բանակցեն էլեկտրաէներգիա արտադրողների հետ և ինքնուրույն պայմանավորվեն որքան և ինչ գնով են հոսանք գնելու։ Շուկային չմիանալու դեպքում նրանք հոսանքի համար կվճարեն ձևավորվող ամենաբարձր գինը։
2022 թ․-ի փետրվարից մինչև 2023 թ․-ի փետրվարը նրանց տրված է անցումային ժամանակահատված, երբ կամավոր կարող են օգտվել այդ հնարավորությունից ու անցնել ազատ շուկայի։
Դեկտեմբերի դրությամբ՝ ազատ շուկայում արդեն իսկ էլեկտրաէներգիա են գնում մի շարք ընկերություններ, որոնք Հայաստանի խոշորագույն հարկատուներից են՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբիանատը», «Վեոլիա ջուրը» և այլն։
Բոլոր այսպիսի և ավելի փոքր ընկերությունները միասին սպառում են Հայաստանում արտադրվող-շրջանառվող էլեկտրաէներգիայի մոտ կեսը։ Մյուս կեսը սպառում են մարդիկ՝ ընտանիքները։ Նրանց էլեկտրաէներգիա մատակարարելու համար մրցակցությունը դեռ չի սկսվել։ Դրան հասնելու համար դեռ տարիների աստիճանական աշխատանք է իրականացվելու։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի Հաշվարկային կենտրոնի ղեկավար Մեսրոպ Մեսրոպյանը բացատրում է, որ մինչև կենցաղային սպառողներին հասնելը շուկան աստիճանաբար են ազատականացնում՝ հնարավոր խնդիրները վերացնելու համար։
Մասնագետը գործնականում անհնար է համարում, որ տարբեր ընկերություններ անցկացնեն իրենց հոսանքի լարերը։ Փոխարենը բոլորը կօգտվեն ՀԷՑ-ի գործող էլեկտրահաղորդման ցանցից՝ լարերից, բայց բուն էլեկտրաէներգիան կկարողանան գնել այլ ընկերություններից։
Անալոգիայով՝ ՀԷՑ-ը կապահովի ճանապարհները, մյուս ընկերությունները՝ դրանցով ապրանքի տեղափոխումը։ Ենթադրվում է, որ այս երկուսի համար վճարը կմիավորվի, և սովորական սպառողները մեկ վճարում կանեն՝ երկու ծառայությունների դիմաց։
Ատոմակայանի կենտրոնական դերը
Քանի որ էլեկտրաէներգիայի ամբողջ ծավալի կեսը հենց սովորական մարդիկ են սպառում, էներգետիկները վստահեցնում են, որ այդ շուկայի համար նույնպես լինելու է մրցակցություն, հատկապես էժան էլեկտրաէներգիա արտադրողների հետ պայմանավորվելու համար։
Մինչ այդ պետք է հասկանալ, թե ինչպես է գործում էլեկտրականության արտադրությունը Հայաստանում։ Ավանդաբար այստեղ ամենամեծ խաղացողները հատկապես ատոմային ու ջերմային էլեկտրակայաններն են, նրանցից հետո՝ խոշոր հիդրոէլեկտրակայանները՝ Հրազդանի և Որոտանի կասկադները։
Ամենաշատ էլեկտրաէներգիան արտադրում է Մեծամորի ատոմակայանը (պաշտոնապես՝ «Հայաստանի ատոմային էլեկտրակայան», ՀԱԷԿ)։ Այն նաև ամենաէժան էլեկտրաէներգիա արտադրողն է։
Բայց որոշ դեպքերում, ինչպես երևում է գրաֆիկում, ատոմակայանը զիջում է իր առաջատարի դիրքը։ Դա լինում է պլանային նորոգումների ժամանակ, երբ կայանի աշխատանքը դադարեցվում է։ Այդպես եղավ նաև այս տարվա ընթացքում։ Ներքևի լուսանկարում նույնիսկ երևում է, որ հովացման աշտարակներում կատարվում են աշխատանքներ։
«ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ՝ ՀԱԷԿ տնօրեն Մովսես Վարդանյանը (լուսանկարում), ատոմակայանի դերը բացատրում է կենցաղային օրինակով.
«Մարդ կարող է չէ՞ ունենալ ստաբիլ աշխատանք և աշխատավարձ, և եթե աշխատանքից հետո կամ շաբաթ-կիրակի ինչ-որ աշխատանք է անում, չի խանգարի, բայց դրանով ընտանիք չես պահի էլի»։
Նրա խոսքով՝ երբ ատոմակայանը աշխատում է, աշխատում է ամբողջ հզորությամբ։ Մի կողմից դա օգտակար է, որովհետև ավելի շատ էժան էլեկտրաէներգիա է արտադրվում։ Մյուս կողմից՝ մասնագետը բացատրում է, որ տեխնիկապես էլ գերադասելի է «չխաղալ» ատոմակայանի հզորության հետ։
«Տեխնոլոգիապես էլ շատ լավ երևույթ չէ հզորությունը անընդհատ փոխելը։ Դրա համար, երբ մեր օպերատորը մտնում է հերթափոխ ընդունելու, ինքը պետք է հասկանա՝ միջուկային ռեակցիան ինչ ուղղությամբ է գնում։ Իսկ հզորության փոփոխությունը կարող է խառնել այդ երևույթները», – բացատրում է Վարդանյանը։
2015-ից ռուսական վարկով սկսվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացումը՝ մինչև 2026 թվականը։ Նաև դրա համար ատոմակայանը որոշակի պարբերականությամբ սպասարկվում ու նորոգվում է։ Բայց արդեն կա որոշումը՝ էներգաբլոկի աշխատանքը հետագայում էլ երկարացնել մինչև 2036 թվականը։
«Եվ հուսով եմ՝ 2036 թվականին արդեն մեր հարթակում կլինի նոր էներգաբլոկը, և նոր էներգաբլոկի թողարկման պայմաններում այս էներգաբլոկը պետք է կանգնի և շահագործումից դուրս գա։ Այսինքն, մեր նախնական ամբողջ ծրագրով՝ մինչև 2036 թվականը պետք է աշխատենք այս բլոկով, 2036 թվականից հետո՝ արդեն նոր էներգաբլոկով», – նշում է Վարդանյանը։
Նոր էներգաբլոկի համար էլ ստեղծված է հայ-ռուսական հանձնաժողով՝ սպառումը և ծախսերը հաշվարկելու և այլ նախապատրաստական աշխատանքների համար։ Կան շատ տարբերակներ, նաև Մեծամորի ատոմակայանից 3-4 անգամ հզոր տարբերակներ, որոնք, ըստ Վարդանյանի, հարմար են Հայաստանի համար և կարող են շահագործվել մինչև հարյուր տարի։
«1200 մեգավատտանոց բլոկը Հայաստանի այս իրավիճակում, այս տնտեսության պայմաններում շատ է։ Բայց ես հույս ունեմ, որ առաջիկայում մեր տնտեսությունն առաջընթաց կապրի։ Ինչո՞ւ ենք 5 կամ 10 տարով մտածում։ Այսպիսի բլոկները 100 տարվա համար են։ Եվ երկրորդը՝ շրջապատում մենք ունենք էլեկտրաէներգիայի դեֆիցիտ ունեցող երկրներ, որոնց հետ կարելի է անցնել առևտրի՝ Իրան, Սիրիա, Իրաք, շատ հեռու չեն», – բացատրում է մասնագետը։
Նրա խոսքով՝ միջուկային վառելիքը բերվում է ինքնաթիռով, Վրաստանի տարածքով։ Բայց եղել են դեպքեր, երբ Վրաստանը խոչընդոտել է տեղափոխմանը, և ինքնաթիռները Հայաստան են եկել Թուրքիայի տարածքով։ Հիմա այդպիսի իրավիճակներից խուսափելու համար վառելիքը ավելի մեծ ծավալով է պահեստավորվում Հայաստանում։
Իսկ երբ ատոմակայանը կանգնում է նորոգման ու վառելիքի լիցքավորման, այդ ժամանակ հոսանք արտադրելու ծանրությունն ընկնում է մյուս կայանների վրա։ Ծանրությունը կրելու մասնակից են դառնում նաև խոշոր հիդրոկասկադները։
Հրազդան գետի ծորակը բացող-փակողը
Դրանցից մեկը Սևան-Հրազդան կասկադն է, որը միավորում է Հրազդան գետի վրա գործող բոլոր հիդրոէլեկտրակայանները։ Այն տնօրինում է «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ընկերությունը, որ «Տաշիր» ընկերությունների խմբի մաս է կազմում։
Եթե կասկադի բոլոր կայաններն աշխատեն միաժամանակ՝ ամբողջ ուժով, կասկադի հզորությունը կկազմի 564 մեգավատտ․ սա կասկադի դրվածքային հզորությունն է։ Փաստացի այս կասկադի աշխատանքը հնարավոր է հիմնականում այն դեպքում, երբ թույլատրվում է Սևանից ջուր բաց թողնել կամ որ նույնն է՝ երբ բացվում է Հրազդան գետի ծորակը։ Ջուրը հոսում է կասկադի բոլոր 7 կայաններով՝ հերթականությամբ աշխատացնելով դրանք։
Դրանցից առաջինը Սևան ՀԷԿ-ն է։ Եզակի կառուցվածքով այս ՀԷԿ-ը գտնվում է գետնի տակ՝ 47-70 մետր խորությամբ։ Դա թույլ է տալիս ջրի համար ապահովել այնքան բարձրություն, որ դրա հոսքից հնարավոր լինի էլեկտրաէներգիա ստանալ։
«Հիդրոէլեկտրակայանը աշխատում է ջրի էներգիայի հաշվին։ Իսկ որպեսզի ջուրը էներգիա ունենա, պետք է ունենա մակարդակների տարբերություն։ Քանի որ ջրընդունիչը Սևանա լիճն է ու իր մակարդակն ունի, որպեսզի տարբերությունը ստեղծվի, փորել, իջել են ներքև, որպեսզի ջրի էներգիան կարողանան օգտագործել», – բացատրում է Սևան ՀԷԿ-ի տնօրեն Էռնեստ Օհանջանյանը՝ նա, որ փաստացի կարող է բացել-փակել Հրազդանի «ծորակը»։
Բայց որպեսզի ծորակի բացվելուց հետո ջուրը չմնա տեղում, կառուցվել է նաև թունել, որով ջուրը մի քանի կիլոմետր անցնում է, մինչև դուրս է գալիս բաց հոսանք։ Այդ դեպքում խորության տարբերություն չկա, և ջուրն ինքնուրույն հոսում է արհեստական թունել-հունով։
Հասկանալի է, որ այս ծախսը, որ արվել է խորհրդային շրջանում, ավելի քան ճոխ է եղել, և այսօրվա պայմաններում չէր արդարացնի ստացվող օգուտները։ Բայց 1949 թվականին այսպիսի ՀԷԿ-ի կառուցումը խորհրդային իշխանությունների համար նաև կարողությունների ցուցադրություն էր։
«Եթե այսպիսի ՀԷԿ կառուցվեր այսօր, դրա արտադրած հոսանքի ամեն էլեկտրոնի համար առանձին կվճարեինք», – ՀԷԿ-ի մասին նշում է մեր ուղեկիցը՝ նկատի ունենալով այդպիսի կայանի բարձր ինքնարժեքը։
Հենց խորհրդային ժամանակներից էլ կայանի ստորգետնյա հատվածում մնացել են խորհրդային այս պաստառները։
Հիմա եթե Սևան-Հրազդան կասկադը դիտարկենք էլեկտրաէներգիայի ազատ շուկայի համատեքստում, ընկերությունն ունի հետևյալ խնդիրը․ ենթադրենք կասկադը շահագործող ընկերությունը պայմանավորվել է, որ պայմանական պղնձաձուլարանին այս տարվա ընթացքում վաճառելու է 500 միավոր էլեկտրաէներգիա։ Դրա համար անհրաժեշտ է լինելու, որ Սևանից բաց թողնվի X քանակությամբ ջուր։
Այն, թե որքան ջուր է բաց թողնվում Սևանից, որոշվում է ամեն տարի՝ կառավարության առաջարկությամբ ու ԱԺ ընդունած օրենքով։ Իսկ պետության վրա ընկերությունը չունի ազդեցություն։ Եթե իշխանությունը որոշի, որ Սևանից այդ տարի բաց է թողնվում X քանակից պակաս ջուր, կասկադը շահագործող ընկերությունը չի կարողանա արտադրել այնքան էլեկտրաէներգիա, որքան խոստացել է պատվիրատուին:
Բայց պայմանագրին հետևելով՝ ընկերությունը պետք է ի՛նքը այլ տեղից ավելի թանկ գնով էլեկտրաէներգիա գնի ու էժան գնով վերավաճառի պղնձաձուլարանին՝ կրելով կորուստներ։ Ընդ որում՝ այդ կորուստները կախված են լինելու իր որոշումներից․ դրանք պայմանավորված են լինելու կառավարության որոշումներով, որոնց վրա ինքը օրենքով չունի ազդեցություն։
«Ճիշտ հարց է։ Մենք այսօր էլ համարվում ենք շուկայի մասնակից և վիրտուալ դաշտում փորձարկում ենք, թե ինչ ձևաչափով՝ դրական, թե բացասական կազդի շուկան ՄԷԿ-ի գործունեության վրա։ Մենք արդեն իսկ որոշակի մտահոգություն ունենք այդ առումով, որովհետև բացասական շեղումներ ենք դիտարկել, որոնք կապված են ջրի բացթողման ռեժիմների հետ», – ասում է ՄԷԿ-ի գլխավոր տնօրեն Արտաշես Կիրակոսյանը։
Հիմա կարգավորումներ են տրվում՝ այս հարցը լուծելու համար, սակայն փաստացի գործընթացը միայն ցույց կտա՝ արդյունավե՞տ են այդ կարգավորումները, թե՞ոչ։
ՋԷԿ-երի թանկ ու կրակ հոսանքը
Բոլորովին այլ է իրավիճակը ջերմային էլեկտրակայանների հարցում։ Միայն այն ժամանակ, երբ բոլոր էժան տարբերակները սպառված են, խաղի մեջ են մտնում թանկ ու կրակ էլեկտրաէներգիա արտադրող ջերմային կայանները։
- Ի տարբերություն ատոմակայանի, ՋԷԿ-երի հզորությունը բարձրացնել-իջեցնելը տեխնոլոգիական խնդիրներ չի առաջացնում։
- Ի տարբերություն հիդրոկայանների, ՋԷԿ-երի աշխատանքը չի ենթադրում ավելորդ ջրի բացթողում։
- Ի տարբերություն արևային ու հողմային կայանների, ՋԷԿ-երը կարող են աշխատել ցանկացած եղանակի, օրվա ցանկացած ժամի։
- Ի տարբերություն այլ, մանր կայանների, ՋԷԿ-երը հզոր են այնքան, որ հուսալի են և կարող են իրենց վրա վերցնել ատոմակայանի չափ բեռ։
Միայն թե դրանց արտադրած էլեկտրաէներգիան ամենաթանկն է, որքան էլ որ կայանները արդիականացվեն ու օպտիմալացվեն։
Բայց ՋԷԿ-երի՝ վերևում նշված 4 առավելություններն ավելի ծանրակշիռ են, քան գնի հարցում թերությունը։ Ու այդ առավելությունների համադրությունը բերել է նրան, որ երբ էներգահամակարգի վրա ծանրաբեռնվածությունն աճում է, համակարգը վերահսկողը (օպերատորը) հենց ջերմակայաններին է պատվիրում ավելացնել հզորությունը, մեծացնել արտադրությունը, որպեսզի բավարարվեն կարիքները։
Բնակչության օրինակով, այսպիսի ծանրաբեռնվածության աճ լինում է, երբ մարդիկ աշխատանքից տուն են գալիս, միացնում են հեռուստացույց կամ այլ տեխնիկա, սկսում են էլեկտրաէներգիա սպառել ավելի շատ։ Բայց բնակչության այսպիսի վարքը իրականում շատ կանխատեսելի է։
Այլ հարց է, երբ խոշոր արդյունաբերական ձեռնարկություններն են որոշում օրվա որևէ ժամի մեծացնել իրենց սպառումը։ Քանի որ խոշոր սպառողները նրանք են, նրանց այդպիսի անակնկալները զգացվում են էներգահամակարգի ծանրաբեռնվածության վրա։ Հենց այդ ժամանակ է, որ կարիք է լինում լրացուցիչ հզորություններ ավելացնել էլեկտրաէներգիա արտադրելու համար։
Ամենաէժան տարբերակի որսը
Քանի որ խոշոր ձեռնարկություններն իրենց նման վարքով ստիպում են ավելացնել էլեկտրաէներգիայի արտադրությունը հենց ջերմակայաններում, նրանց պատճառով, փաստացի, էլեկտրաէներգիայի միջին գինը թանկանում է։
Ազատականացումը, ըստ դրա ջատագովների, պետք է բերի նրան, որ առաջին հերթին հենց խոշոր ձեռնարկությունները տարեսկզբին պատվեր տան՝ երբ ու որքան էլեկտրաէներգիա են սպառելու, դրա շուրջ գին պայմանավորվեն։ Իսկ եթե սպառեն ավելի շատ, վճարեն ավելի բարձր գնով։
«Ենթադրենք՝ լոլիկ արտադրող ջերմոցային տնտեսությունը և պղնձաձուլարանը իրենց բնավորությամբ, իրենց սպառման գրաֆիկով ու էներգահամակարգում առաջացրած խնդիրներով տարբեր սպառողներ են։ Եվ պղնձաձուլարանն այդ իմաստով ավելի նեգատիվ ազդեցություն է ունենում ընդհանուր սակագնի վրա, քան նույն լոլիկ արտադրող ջերմոցը։ Հետևաբար, շուկան ազատականացնելուց հետո լոլիկ արտադրող սպառողը ազատվում է այն խնդիրներից, որ սակագնի վրա առաջացնում է պղնձաձուլարանը», – բացատրում է ՏԿԵՆ կազմի մեջ մտնող «Հաշվարկային կենտրոնի» տնօրեն Մեսրոպ Մեսրոպյանը, որի ղեկավարած կառույցն էլ հետևելու է էլեկտրաէներգիայի առևտրին։
Նա բացատրում է, որ շուկան գործելու է մի քանի ժամկետային հորիզոնով։ Դիզուք, ձեռնարկությունը գիտի, որ առաջիկա տարվա ընթացքում իրեն ամեն օր պետք է լինելու պայմանական 500-550 միավոր էլեկտրաէներգիա։ Դրանից 500 միավորի մասով, որ հաստատուն է, ընկերությունը կարող է պայմանավորվել տարեկան պայմանագրով, մնացածը՝ կարգավորել ամսական պայմանագրերով։
Եթե ամեն օր ճշգրտելու կարիք կա, արդեն կարելի է մտնել էլեկտրաէներգիայի «բորսա», այդ պահին գործող գնով պայմանավորվել։ Բնականաբար, որքան ավելի շուտ լինեն պայմանավորվածությունները, այնքան ավելի էժան կարելի է գնել էլեկտրաէներգիան։
Բայց բորսայական շուկայում գնումներից հետո էլ փաստացի սպառման ընթացքում կարող են լինել շեղումներ։ Այդ դեպքում ընկերությունը, իհարկե, կշարունակի ստանալ էլեկտրաէներգիա։ Բայց եթե սպառի ավելի շատ, քան պայմանավորվել է, կվճարի ամենաբարձր գնով։ Իսկ եթե պատվիրել է ավելի շատ, սպառել է ավելի քիչ, գումարը հետ կստանա, բայց ամենացածր գնի հաշվարկով։ Ըստ էության, սա «հետվճարային» մեխանիզմն է, որը ամենաքիչ ձեռնտուն է։
Մեխանիզմը հիմա բարդ է թվում, դրա համար Հաշվեկշռման կենտրոնում մայիսին կազմակերպվել էին դասընթացներ այն ընկերությունների համար, որոնք շուտով պետք է պարտադրաբար միանան ազատ շուկային։ Իսկ եթե այդքան բարդ է, ինչպե՞ս պետք է ոչ մասնագետ սովորական քաղաքացիները միանան դրան։
Ավելին, ինչպե՞ս են սովորական մարդիկ ավելի ցածր գնով էլեկտրաէներգիա գնելու համար մրցակցելու խոշոր ընկերությունների հետ, երբ վերջիններն ունեն իրավաբաններ, տնտեսագետներ և այլ մասնագետներ, որոնք կարող են բանակցել ու արտադրողներից ստանալ ավելի ցածր գին։
Մասնագետները բացատրում են, որ ոչ թե ամեն մարդ ստիպված կլինի ինքնուրույն բանակցել ատոմակայանի կամ որևէ հիդրոկայանի հետ, այլ կհայտնվեն միջնորդներ, որոնք էլեկտրաէներգիան կգնեն արտադրող կայաններից ու կվերավաճառեն բնակչությանը՝ ներկայացնելով տարբերակներ։
«Այս ամենի արդյունքում վաղը՝ 2025 թվից, ձևավորված մատակարարները կմտնեն կենցաղային մանրածախ շուկա, և կենցաղային սպառողներին կառաջարկեն նոր ծառայություններ՝ նոր որակով, նոր սակագնով։ Բնականաբար, գոյություն ունեցող սակագնից էժան սակագին պետք է առաջարկեն, ավելի որակյալ ծառայություն պետք է մատուցեն, նկատի ունեմ՝ էլեկտրաէներգիայի որակի ցուցանիշները՝ լարում, հաճախականություն։ Այսինքն մատակարար ընկերությունն այդ երկու գործոնով պետք է կարողանա բնակչին կամ սպառողին մոտիվացնի, որպեսզի մարդը որոշի՝ նախկին ծառայությունից հրաժարվել և նոր մատակարար ընկերության մոտ գրանցվել։ Այդ փուլին կհասնենք 2025-2026 թվականներին», – բացատրում է Մեսրոպյանը։
Հեղինակ՝ Գարիկ Հարությունյան
Վիզուալ նյութերը՝ հեղինակի
Այլ հոդվածներ այս շարքից՝ #EnergySecurity
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 25/12/2022