Միջազգային Քաղաքական

Ռուսներին Վրաստանում ջերմ չեն ընդունում, բայց շատերը ՀՀ չեն գալիս ՌԴ արտահանձնման վտանգից

Sketched by Ampop.am

Ազգությամբ ռուս Նիկիտա Կոմոռովը Սանկտ-Պետերբուրգից Թբիլիսի է տեղափոխվել մարտի 5-ին։ Նիկիտան Վրաստանի հետ վաղուց էր կապված։ Ասում է 2010թ․-ից շուրջ 30 անգամ հասցրել է մուտք ու ելք ունենալ այս երկիր և այնքան է սիրել Վրաստանը, որ 2012թ․ դարձել է Վրաստանի քաղաքացի։

Վերջերս էլ վրացի ընկերոջ հետ բիզնես է սկսել։

«Ինձ ռուսական կառավարության հետ որևէ կերպ չեմ նույնականացնում, երբեք պետական համակարգում չեմ աշխատել, երկու բուհում ուսումնառությունս կիսատ եմ թողել` չցանկանալով առնչվել այն կրթական համակարգի հետ, որը ներդրված է Ռուսաստանում», – «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում ասում է Նիկիտան և ավելացնում, որ այն ամենը, ինչ անում է Կրեմլն այս օրերին, իր համար սպասելի էր։

Նիկիտան

Հիշում է՝ դեռ տարիներ առաջ ընկերոջ` Իլյայի տուն այցելելիս տեսնում էր, որ ընկերոջ ծնողները պարբերաբար ռուսական անկախ «Դոժդ» հեռուստաընկերության լուրերին էին հետևում։ Իսկ երբ հեռուստաընկերության նկատմամբ պատժամիջոցներ սկսվեցին, Իլյայի ծնողների համար լուրերի միակ աղբյուրը մնաց Ռուսաստանի դաշնային Առաջին հեռուստաալիքը:

«Այդպես էր աշխատում պրոպանգանդան, մեր աչքի առջև տեղի ունեցավ խոսքի ազատության ոտնահարումը», – ասում է նա:

Ռազմական գործողությունների մեկնարկը Ուկրաինայի սուվերեն տարածքում ստիպել է Նիկիտային ու ընկերներին դիտել տարբեր ռազմական կոնֆլիկտների մասին վավերագրական ֆիլմեր, այդ թվում` 1-ին և 2-րդ համաշխարհային պատերազմների մասին: Ընկերներով հավաքվել, քննարկումներ են կազմակերպել և որոշել են տեղափոխվել Վրաստան:

Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժելուց, ապա ՌԴ նախագահ Պուտինի՝ սեպտեմբերի 21-ին ստորագրած մասնակի զորահավաքի մասին որոշում ընդունելուց հետո հազարավոր ՌԴ քաղաքացիներ Ռուսաստանը լքելու որոշում կայացրին՝ մասնավորապես նրանք, ովքեր զորակոչի ենթակա տարիքում էին։

Սեպտեմբերի 21-ից հետո թերևս ամենածանրաբեռնվածը ռուս-վրացական ցամաքային սահմանն է: Թբիլիսիում հանդիպած ռուսներից շատերն այն կարծիքին են, որ տարածաշրջանում ամենաանվտանգ երկիրը Վրաստանն է, և դա է պատճառը, որ ընտրությունը կանգ է առել հենց այս երկրի վրա:

Վրաստանը ՌԴ-ի հետ ռազմավարական, դաշնակցային հարաբերություններ չունի, և ռուսաստանցիները հավանական չեն համարում, որ միջազգային հետախուզում հայտարարելու դեպքում Վրաստանի իշխանությունները կարող են արտահանձնել իրենց:

Վրաստանում հայտնվածները հիմնականում երիտասարդներ են, որոնք թեև բարձրաձայնում են, որ վրացական հասարակությունն այնքան էլ ջերմ չի ընդունում իրենց, սակայն պատճառն իրենց հասկանալի է՝ ՌԴ-ն օկուպացրել է Վրաստանի տարածքի շուրջ 20%-ը։ Մինչդեռ նրանք ասում են, որ ռուս-վրացական հակամարտության ժամանակ անչափահաս են եղել, հետևաբար որևէ կերպ չեն մասնակցել ռազմական գործողություններին, հետագայում էլ իշխանություններին չեն սատարել:

Իսկ թե ինչու չեն տեղափոխվում Հայաստան, երբ հայաստանցիները շատ ավելի ջերմ են ընդունում վերջիններիս, ռուս միգրանտներից շատերն ասում են` ռազմական գործողությունների առումով Հայաստանն ապահով չէ, բացի այդ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և բացառված չէ, որ կարող է վարվել այնպես, ինչպես Ղազախստանը:

Ինչո՞ւ եք լքել ՌԴ-ն հարցին, թերևս ամենահաճախ հնչող պատասխանն է՝ իսկ ինչո՞ւ պետք է մահանամ օտար հողում:

Համաձայն Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի, սեպտեմբերի 27-ի դրությամբ դեպի Վրաստան հյուսիսային հարևան երկրից մուտք գործող ՌԴ քաղաքացիների թիվը վերջին շաբաթվա ընթացքում աճել է 40-45%-ով։

«Ոչ մեկ չի ցանկանում Ռուսաստանի համար կռվել։ Ոչ մեկ չի հասկանում ինչ է Ռուսաստան ասվածը։ Եթե այն կայսրություն է, ո՛չ, ես չեմ ուզում նրա համար պայքարել ու մեռնել։ Եթե այն նպատակ ունի, որ աշխարհում շատերը ռուսերեն խոսեն, կարծում եմ ամենավատ մեթոդն է կրակելով ստիպելը»,- ասում է Նիկիտան:

Նրա համոզմամբ` Վրաստան տեղափոխված ռուսները մարդիկ են, որոնք իրավիճակը ճիշտ են գնահատում և չեն ցանկանում իրենց եկամուտներից հարկեր վճարել ՌԴ-ին:

Սրճարանում, որը հիմնել են Նիկիտան և նրա վրացի ընկերը, աշխատում են ռուսներ, վրացիներ և ուկրաինացիներ։ Պաշտոնական բացումը դեռ չի եղել, սակայն Նիկիտայի ընկերներն արդեն օգտվում են սրճարանից և գործնական հանդիպումներ կազմակերպում այստեղ:

Սրճարան բացելու նպատակը սոցիալական որևէ անկյուն ստեղծելն էր, որտեղ տարբեր ազգերի ներկայացուցիչներ կարող էին ծանոթանալ, շփվել, քննարկել տարբեր հարցեր:

Նիկիտան ասում է` այն եկամուտ ապահովելու միջոց չի դիտարկում։ Իսկ եկամուտ ակնկալում է ստանալ մարզասրահից, որը նախատեսում է գործարկել հունվարից:

Ասում է` Վրաստանի շուկան փոքր է, կան որոշ լոգիստիկ խնդիրներ, սակայն բիզնեսի համար հրաշալի պայմաններ են ստեղծված, որը գործարարներին հնարավորություն է տալիս սեփական սխալների հիման վրա ճիշտ քայլեր կատարել։ Հարկային համակարգը շատ դյուրացված ու ավտոմատացված է:

Նա այն կարծիքին չէ, որ վրացիները չեն ուզում հյուրընկալել ռուսներին, ըստ նրա, վրացիները չեն սիրում այն ռուսներին, որոնք կողմ են Կրեմլի զավթողական քաղաքականությանը:

Նիկիտան ասում է, որ մարտին տեղափոխված ռուսներին սկզբնական շրջանում այնքան էլ ջերմ չեն ընդունել:

«Բայց դա էլ էր հասկանալի. մարդիկ երկու տարի կարանտինում էին, հետո դուրս եկան փողոց ու ճամպրուկներով ռուսներ տեսան։ Դա այնքան էլ հաճելի տեսարան չէ, բայց հետո մթնոլորտը կարգավորվեց, ու բազմաթիվ համատեղ ռուս-վրացական ծրագրեր մեկնարկեցին»,- նշում է նա:

Թե ինչ ավարտ կունենա ռուս-ուկրաինական պատերազմը, մեր զրուցակիցը դժվարանում է պատասխանել, սակայն այն կարծիքին է, որ Ռուսաստանը չի լինի մինչև փետրվարի 24-ի գործող սահմաններում, և խոսքը միայն Ղրիմի մասին չէ: Նա կանխատեսումներ ունի, որ շուտով ՌԴ ամբողջ տարածքում քաղաքացիական բախումներ կսկսվեն, կավելանան հանցագործություններն ու սպանությունները:

«Ես կարծում եմ, որ յուրաքանչյուրը, անկախ իր ազգային պատկանելությունից, պետք է պատասխանատվություն կրի մարդկության առջև: Ռուսաստանը խոսում է միջուկային զենքի կիրառության մասին և, հետևաբար, չի զգում այդ պատասխանատվությունը»։

Հեղինակ՝ Սեդա Ղուկասյան  
Լուսանկարները՝ հեղինակի
Գլխապատկերը՝ Անուշ Բաղդասարյանի

Այլ հոդվածներ այս շարքից՝ #WarInUkraine

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 06/10/2022