Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ արտագաղթի սպասվող մասշտաբները կանխատեսելը բարդ է։ Նախորդ տարիներին կիրառված բանաձևով այս անգամ իրականին մոտ պատկեր ստանալ հնարավոր չէ։
Հիմնական պատճառները երկուսն են. նախ, կարանտինով պայմանավորված, մոտ մեկ տարի մարդիկ չէին կարող ազատ տեղաշարժվել, և երկրորդ՝ պատերազմը, որի հետևանքով առաջացել են թե´ տնտեսական, թե´ անվտանգային խնդիրներ։
«Ստեղծվել է արտագաղթելու տրամադրվածություն, սակայն սկզբնական շրջանում արտագաղթի ալիքը դեռ այդքան մեծ չի լինի, քանի որ տնտեսական խնդիրներ, covid-ով պայմանավորված, կան նաև այլ երկրներում։ Բայց կա վտանգ, որ արտագաղթը կարող է նորից խրոնիկ բնույթ ստանալ։ Դա կախված է նրանից, թե ինչպես կլուծվի անվտանգային խնդիրը, թե պետությունն ինչ դեր կստանձնի իր քաղաքացիների առաջ։ Հիմա արդեն մարդիկ չեն հավատա խոստումներին, կոնկրետ քայլեր են պետք»,- ասում է Հրանտ Միքայելյանը։
Հայաստան-Ռուսաստան օդային ճանապարհն արդեն մեկ ամսից ավել է վերաբացվել է։ Ռուսաստանի հետ ավիահաղորդակցությունը Հայաստանը սահմանափակել էր ուղիղ մեկ տարի առաջ՝ 2020թ. մարտին՝ covid-19-ի տարածումը կանխարգելելու նպատակով։
Ուշագարավ է, որ եթե 2019 թ․-ին Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը մեկնողների համեմատ 6500-ով պակաս էր, ապա 2020 թ․-ին նրանց թիվը շուրջ 43000-ով ավելի էր, քան մեկնածներինը։ Սրանք հիմնականում այն քաղաքացիներն են, որոնք աշխատանքային միգրացիայի կամ ուսման նպատակով գտնվում էին արտասահմանում և այժմ բաց սահմանների պայմաններում չի բացառվում, որ առաջինը լքեն Հայաստանը։ Արդյոք պետությունը ջանքեր գործադրո՞ւմ է պահելու իր քաղաքացիներին՝ բարենպաստ և արժանապատիվ աշխատանքային միջավայր ստեղծելով։
Դեպի Ռուսաստան օդային ճանապարհի վերագործարկումից երեք օր անց 3900 մարդ ՀՀ-ից արդեն այդ ուղղությամբ մեկնել էր։ Նրանցից 1423-ն ունեցել են ՀՀ անձնագիր։ Նույն ժամանակահատվածում Հայաստան է եկել 3400 մարդ, որոնցից հայկական անձնագրով՝ 1263-ը։
«Ամփոփ Մեդիան» ՀՀ արտաքին գործերի նախարարությունից պարզել է, որ ՀՀ քաղաքացիների համար (այդ թվում Արցախի հաշվառում ունեցող) ելքի սահմանափակումներ չկան, թեպետ երկրում շարունակում է գործել ռազմական դրություն։ Միակ պարտադիր պայմանը, որին պետք է բավարարի Հայաստանից Ռուսաստան կամ հակառակ ուղղությամբ ճամփորդել պատրաստվող ուղևորը, covid-19 թեստի բացասական պատասխանի առկայությունն է։
Ըստ «Զվարթնոց» օդանավակայանի կայքի՝ օրական նվազագույնը չորս թռիչք է իրականացվում դեպի ՌԴ տարբեր քաղաքներ։ Հայաստան-Ռուսաստան և հակառակ ուղղությամբ թռիչքներ են իրականացնում հիմնականում հետևյալ ավիաընկերությունները՝ «Արմենիա», «Պեգաս ֆլայ» «Ուրալ Էյրլայնս», «Աէրոֆլոտ»: Երևանից Մոսկվա «էկոնոմ» դասի տոմսերի միջին արժեքը 200 000-250 000 դրամ է։
Անվտանգություն
Քաղաքագետ Հրանտ Միքայելյանն ասում է՝ եթե պետական ապարատի մոտ իրոք կա արտագաղթելու տրամադրվածությունը փոխելու ցանկություն, ապա երեք կարևոր ուղղություն պետք է լինի գործունեության հիմքում․ սահմանների անվտանգությունը, տնտեսության զարգացումն ու հասարակության սոլիդարությունը։
«Եթե նախկինում մարդիկ գնում էին ապագայի տեսլականի բացակայության պատճառով, ապա հիմա դրան ավելացել է անվտանգային բաղադրիչը։ Մարդիկ մտածում են, թե ինչ է լինելու իրենց երեխաների հետ։ Չմոռանանք, որ մարդկանց հոգեբանությունն ազդում է նրանց գործողությունների վրա։ Եթե մինչ այս ադրբեջանցիներն ունեին պարտվածի հոգեբանություն, հիմա մեզ մոտ է դա առկա»։
Հասարակության այն հատվածը, որն ամենաշատն է տուժել պատերազմի հետևանքով, տուն ու տեղ կորցրած մեր հայրենակիցներն են։ Միքայելյանը կարծում է, որ օր առաջ այդ մարդիկ պետք է իրենց թիկունքում զգան պետության առկայությունը, տեսնեն հասարակության սոլիդարությունը, որպեսզի ստեղծված իրավիճակից միակ ելքը երկրից արտագաղթելը չհամարեն։
«Եթե մարդիկ տեսնեն, որ պետությունն իրենց մասին չի մտածում, ապա արտագաղթելու են։ Անհատական ելքերից ամենապարզը միգրացիան է։ Եվ այդ դեպքում բաց ենք թողնելու ինքնակազմակերպվելու, կոլեկտիվ գործելու հնարավորությունը»,- նկատում է քաղաքագետը։
Տնտեսության զարգացում
Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը ևս տրամաբանական է համարում, որ իրավիճակով պայմանավորված՝ բնակչության որոշ մասի մոտ կա արտագաղթելու տրամադրվածություն։ Նրա խոսքով՝ անվտանգային բաղադրիչն էական դեր է կատարում նաև տնտեսական պրոցեսներում։
Ներդրումները խթանում են, որ տնտեսությունը զարգանա։ Հայաստանում ներդրումային միջավայրի մասին ընկալումները տարբեր են։
Հրանտ Միքայելյանը չի ընդունում այն տեսակետը, որ միջավայրն ինքնին կարող է ներդրողներ բերել. «Այս հարցում պետական քաղաքականությունը պետք է փոխվի. պետությունը կառուցողական դեր պետք է ստանձնի բիզնեսի զարգացման գործում։ Ներդրողների հետ աշխատանքն այլընտրանք չունի. մարդիկ պետք է համոզվեն, որ կարող են եկամուտ ստանալ»։
Իսկ եթե ավելի կայուն տնտեսություն ենք ուզում ունենալ, ապա, ինչպես Միքայելյանն է ասում, նախ հասարակությունը սպառողի հոգեբանությունից պետք է ազատվի. «Մենք չենք ներդնում ապագայի մեջ, մինչդեռ դա շատ կարևոր է։ Երկարաժամկետ զարգացման համար պետք է կարողանալ հեռուն նայել։ Մարդիկ պետք է մտածեն, թե ինչ կարող են ստեղծել, այսինքն՝ արտահանմանը միտված արտադրությունն է, որ կօգնի զարգանալ»։
Այնուամենայնիվ, ներկա իրավիճակում կառավարությունը, որը կոչված է համակարգելու այդ գործընթացները, մեր զրուցակիցների գնահատմամբ, ի վիճակի չէ կատարել այդ դերը։ Երկուսն էլ նման համոզման եկել են՝ տեսնելով իշխանության անտարբերությունն ու անգործությունը տարբեր ոլորտներում՝ ներառյալ անվտանգային խնդիրները։
Կառլեն Խաչատրյանը համոզված է՝ քանի դեռ ՀՀ սահմանների անվտանգությունը վերականգնված չէ, վաղվա հանդեպ անորոշություններն էլ՝ վերացված, ներքին կամ արտաքին ներդրումների մասին խոսելն անիմաստ է։
Հեղինակ՝ Լիլիթ Պողոսյան
Ինֆոգրաֆիկը՝ Կարինե Դարբինյանի
Կարդացեք նաև
- ՀՀ աջակցության ծրագրեր արցախցիների համար՝ գործող, ավարտված և խնդրահարույց
- Պարտության արմատները․ Հայ հասարակությանը միֆերով սնելու նուրբ արվեստը
- ԼՂ-ի հակամարտության շուրջ հանրային դիսկուրսի բացակայությունը հանգեցրեց 2020թ․-ի պատերազմին
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 03/03/2021