Իրավունք

Էսքիզներ Դժոխքի ձորից․ պատերազմին մասնակցած նկարչի կարմիր գույնը

Նկարիչ Սևադա Սարգսյանն ասում է, որ նկարում պատկերել է պատերազմի ժամանակ դիրքերում պատրաստված մասուրով թեյը՝ մարտական ընկերներից Ալիկի մասուրով թեյը։

Ալիկը միշտ հորդորում էր թեյ խմել, հատկապես՝ մասուրով։ Ասում էր՝ մասուր հավաքեն, ձմեռը դիմացն է, չգիտեն՝ ինչքան են մնալու։ Հավաքում էին՝ այդպես հաստատելով, որ մինչև վերջ մնալու ու պայքարելու են․ մասուրը վաղվա հավատն էր։

«Այդ թեյը, մասուրը, կրակը, թեյնիկն ապրելու խորհրդանիշ էին դարձել, ապրելու պահանջ, հրամայական»,-պատմում է Սեւադա Սարգսյանը, որը արցախյան 2-րդ պատերազմի ժամանակ էսքիզներ է արել, իսկ տուն վերադառնալուց հետո` սկսել է ստեղծել «Դժոխքի ձոր» նկարաշարքը․ Սևադան իր մարտական ընկերների հետ հենց այս հատվածում են կռիվ տվել։

Սեւադա Սարգսյանը պատերազմ գնացել է՝ որպես զինվոր, դասակի հրամանատար, ոչ թե ստեղծագործող․ կարծում էր՝ այնտեղ ավելի շատ անելիք ունի։ Սկզբում չէր էլ պատկերացնում, թե ընթացքում էսքիզներ կանի ու հետո կսկսի դրանք մշակել։

«Մենք գնում էինք մի տեղ, որտեղից չգիտեինք՝ վերադառնալո՞ւ ենք, թե՞ ոչ։ Երբ առաջին անգամ տեսա այրվող անտառը, այդ դաժանության մեջ ինչ-որ շարժում, գույն նկատեցի, շատ տպավորված էի»,- պատմում է նկարիչը։

Կամաց-կամաց շատացել են նման տեսարանները, զգացողությունները, տպավորությունները։ Մտքում դրանք հավաքել ու գիշերը՝ մթության մեջ, արագորեն հանձնել է թղթին։

Ընկերները չեն էլ պատկերացրել՝ ինչ է նկարած, բայց ինքը գիտեր, որ այդ եռանկյունին սարն է, մեկ-մեկ թղթին գրում էր՝ կրակ, սեւ կամ ծառ։

Տուն վերադառնալուց հետո՝ էսքիզները մշակել է ու ստեղծել գրաֆիկական նկարներ։

Այսօր ամեն օր ստեղծագործում է, փորձում արագ փոքր նկարներ անել, քանի թարմ են տպավորությունները։ Արդեն պատրաստ է 35 աշխատանք։ Դրանց հիման վրա հետագայում մեծ կտավներ կլինեն։

Ներկապնակում կարմիրը շատացել է

Սևադա Սարգյսյանը պատերազմական նկարներում արտացոլել է այդ օրերի ամենատպավորիչ պահերը։ Օրինակ, «Թաքստոց համար 2» էսքիզում պատկերված է մարտական ընկերոջ՝ Բաբկեն Գրիգորյանի զոհվելու վայրը։ Մեկ այլ նկարում իր հրամանատարն է Գեորգի Պողոսյանը, որը միշտ զինվորի կողքին էր։ Հեղինակի համար սա խորհրդանշական նկար է։

Սևադայի այս նկարաշարքում ակնհայտ նկատվում է, որ կարմիրը գերակշռում է։ Նկարիչն ասում է, որ պատերազմից հետո իր ներկապնակում այդ գույնը սկսել է ավելի շատ օգտագործել, սակայն չի կարծում, թե կարմիրը միայն պատերազմի խորհրդանիշ է․

«Կարմիրը, ինչպես նաեւ կապույտը, կանաչը կարող են լինել պայքարի խորհրդանիշ»,-նշում է նա։

Ինչպես պատմում է, տուն վերադառնալուց հետո՝ որոշ ժամանակ կյանք չի վերադարձել, էլ ուր մնաց ստեղծագործական կյանք։ Հիմա նկարելը բարդ չէ իր համար։ Կարծում է՝ նկարչի առաքելությունն է․պարտավոր է գեղարվեստական լեզվով արտահայտել այն, ինչ տեսել է։

«Դաժանության մեջ էլ կարելի է գեղեցիկը տեսնել, գեղեցկության մեջ՝ պայքարը, հետագա հաղթանակը, այդ օրվա հաղթանակը։ Ես չեմ համարում, որ մենք պարտվել ենք»,- նշում է նկարիչը՝ հիշեցնելով, որ կերպարվեստի լեզուն չի թարգմանվում, իսկ նկարիչը պետք է լինի իր ժամանակի հայելային անդրադարձը։

Միջազգային այսօրվա լռության կամ պայմանական անտաբերության ֆոնին պետք է փոխանցի տվյալ ժամանակի հիմնախնդիրները, գեղեցիկը, տգեղը, պատերազմի արհավիրքը։
Կարծում է՝ իր հիմնական գործը դեռ չի սկսել, երբ այս նկարների հիման վրա կստեղծի մեծ կտավներ, կլինի նաեւ ցուցահանդես։

Նկարներում թեյնիկը, կամ ինչպես ինքն է ասում, իրենց անբաժանելի ընկերը, հաճախ է հանդիպում։ Մասուրով թեյն այն կախարդական ըմպելիքը կամ գինին է համարում, որ մեր հեքիաթների դյուցազունները խմում ու հաղթում էին, ինչպես որ իրենք՝ Դժոխքի ձորում։

Հեղինակ՝ Անի Ավագյան

Նկարները՝ Սևադա Սարգսյանի

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 12/02/2021