Հայաստանի կառավարությունը մինչ այժմ գործարկել է 16 միջոցառում՝ սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով տուժած արցախցիներին աջակցելու համար։
Ծրագրերը բազմազան են` տարբեր թիրախային խմբերի և կարիքներ ունեցողների համար։ Դրանց մի մասին դիմելու ժամկետները լրացել են, սակայն դեռ կան ծրագրեր, որոնց կարող են դիմել ՀՀ-ում բնակվող արցախցիները։ Երկու ծրագրերը, որոնք մեկնարկել են դեկտեմբերի կեսերին, միտված են գործազուրկ և տուն կորցրած արցախցիներին կարճաժամկետ աշխատանքով ապահովելուն։ Փետրվարի 2-ի դրությամբ Արցախում հաշվառված, բայց ժամանակավորապես ՀՀ-ում գտնվող 1413 քաղաքացի արդեն առցանց եղանակով դիմել է զբաղվածության ծրագրերում ընդգրկվելու համար։
Նրանցից է նաև Հադրութից տեղահանված Գայանե Մովսեսյանը, ով այժմ Արտաշատում է բնակվում։
Նախքան պատերազմը Գայանեն Հադրութի շրջանի Խնածախ գյուղի դպրոցում անգլերեն էր դասավանդում։ Երկու անչափահաս տղաների մայրը զբաղվածության ծրագրերի մասին տեղեկանալուն պես Արտաշատի զբաղվածության տարածքային կենտրոն է շտապել։
«Հունվարի 18-ին դիմում եմ գրել, որ ցանկանում եմ վարսավիրություն սովորել Արտաշատում։ Նաև նշել եմ, թե ում մոտ կուզեմ սովորել։ Կենտրոնի աշխատակիցն ասել է, որ փետրվարի 10-16-ն ինձ կկանչեն՝ աշխատանք առաջարկելու»,- «Ամփոփ Մեդիային» պատմել է Գայանեն։
Ծրագիրը, որին մասնակցելու համար դիմել է Գայանեն, ոլորտային սահմանափակում չունի. «Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» ծրագրի շահառու դառնալու համար դիմած, պայմաններին համապատասխանող բոլոր շահառուները հնարավորություն կունենան երեք ամիս սովորել նախընտրած մասնագիտությունը կամ արհեստը և յուրաքանչյուր ամսվա համար ստանալ 100 000 դրամ աջակցություն։
Կառավարության որոշման համաձայն՝ մասնագետը, ում մոտ շահառուն ձեռք է բերում աշխատանքային փորձ, նույնպես կվարձատրվի՝ 34000 դրամ յուրաքանչյուր ամսվա համար։
«Երկու ծրագրերն էլ կարճաժամկետ են՝ տևելու են 3 ամիս, բայց եթե գործատուն, օրինակ, ասի, որ աշխատանքային փորձի ծրագրով շահառուին կարող է աշխատանքի ընդունել երկու ամիս ժամկետով, ապա աշխատանքային պայմանագիրը կկնքվի երկու ամսով»,- «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը։
Կարդացեք նաև․ Փոխնախարար․ ՀՀ-ում գտնվող գործազուրկ արցախցիները ինչպես դիմեն ժամանակավոր զբաղվածության ծրագրերին
Որպեսզի զբաղվածության ծրագրերից կարողանան օգտվել հնարավորինս շատ շահառուներ, հնարավորություն է տրված դիմումի մեջ նշել մի քանի ոլորտ, որտեղ դիմումատուն կցանկանա աշխատանքային փորձ ձեռք բերել։ Զբաղվածության տարածքային կենտրոնների աշխատակիցներն այդ հարցում դիմումատուներին խորհրդատվություն են տրամադրում՝ օգնելով ընտրել աշխատաշուկայում պահանջված մասնագիտություն/արհեստ։
«Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում» ծրագրին դիմած շահառուներին զբաղվածության տարածքային կենտրոնում նույնպես աշխատանքների մեկնարկի հստակ օր չեն ասում։ Այս դեպքում գործատուները մարզպետարաններն են։
Յուրաքանչյուր մարզպետ իր ենթակայության տակ գտնվող համայնքապետերից ճշտում է, թե որտեղ ինչ աշխատանք պետք է կատարվի ու ինչ ժամկետում։ Հավաքագրված ինֆորմացիան հայտի մեջ զետեղվում և ուղարկվում է Զբաղվածության պետական գործակալություն։ Դրանից հետո միայն հստակեցվում է, թե շահառուն երբ, որտեղ ու ինչ աշխատանք կարող է կատարել։
Ի տարբերություն զբաղվածության առաջին ծրագրի, այս ծրագրի ոլորտները հստակեցված են.
Ծրագրերից յուրաքանչյուրում շահառուն կարող է ընդգրկվել մեկ անգամ, սակայն իրավունք ունի միաժամանակ դիմելու երկու ծրագրերին էլ։
Վարձատրվող հասարակական աշխատանքներում ներգրավվելու համար, Սարգսյանի խոսքով, բավարար է ունենալ աշխատելու ցանկություն և ֆիզիկապես պատրաստ լինել։ Այս ծրագրում ընդգրկված շահառուն աշխատած յուրաքանչյուր օրվա համար կստանա 8000 դրամ՝ ներառյալ հարկերն ու պարտադիր վճարները։
Ժամանակավոր զբաղվածության ծրագրերին դիմելու վերջնաժամկետ դեռ չի սահմանվել։
Սակայն հետևյալ ծրագրերին դիմելու ժամկետները լրացել են․ աջակցության առաջին (68.000 դրամ+15.000 դրամ՝ սեփականություն չունենալու դեպքում), Ադրբեջանի կողմից բռնազավթված բնակավայրերում հաշվառված քաղաքացիների աջակցության (300.000 դրամ՝ յուրաքանչյուր չափահաս քաղաքացուն), ավերածությունների և այլ պատճառներով կացարանը կորցրած բնակիչների աջակցության (250.000 դրամ՝ յուրաքանչյուր քաղաքացուն) և արցախցիներին հյուրընկալած ֆիզիկական անձանց տրամադրվող աջակցության ծրագրերը։
Դիմումների ընդունման ժամկետների երկարաձգման ու մի շարք պահանջների պարզեցման արդյունքում մեծացել է շահառուների թիվը։
Շահառուների ամենամեծ թիվը բաժին է ընկնում աջակցության առաջին միջոցառմանը՝ (68000+15000)-ին։ Այս ծրագրի հետ կապված խնդիրներ ու դժգոհություններ ևս շատ են եղել. հիմնական խնդիրն այն էր, որ անչափահասների տվյալները համակարգը չէր ճանաչում։ ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքը համակարգող Միքայել Վիրաբյանի վստահեցմամբ՝ խնդիրն, ընդհանուր առմամբ, լուծվել է։
Այս միջոցառման հետ կապված դժգոհություն էր առաջացրել այն, որ աշխատավարձ ստացողների մի մասը նաև այս ծրագրի շահառու է դարձել, մյուսները՝ ոչ։ Կառավարության որոշման համաձայն՝ աշխատավարձ ստացողները շահառու չպիտի դառնային։
Այդ հանգամանքը Վիրաբյանն այսպես է պարզաբանել. «Քանի որ ծրագրի մեկնարկին մի շարք գործատուներ դեռ չէին հանձնել հաշվետվությունները, որոշները շահել են։ Ու այնպես է ստացվել, որ նախքան համակարգում կերևար, որ տվյալ մարդը վարձատրվել է, աջակցության ծրագրի համար նա արդեն դիմում էր գրել, և դիմումն էլ հաստատվել էր»։
Ստեղծված իրավիճակում սոցիալական արդարության ապահովումը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանն ամենակարևորն է համարում.
«Ընդհանրապես, որևէ աշխատանքում արդյունքի հասնելու համար պետք է հստակ իմանանք, թե ինչով ենք օգնում։ Այսինքն՝ ցանկացած խմբի թիրախային, նպատակային օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ է ճիշտ գնահատել կարիքները։ Պետք է մտնել ամեն մի ընտանիք ու տեսնել՝ որն ինչի կարիք ունի»։
Ներկա իրավիճակում, երբ պետական կառավարման համակարգի հանդեպ չկա վստահություն, Թևան Պողոսյանի կարծիքով, գերադասելի է, որ այդ գործառույթը վերապահվի որևէ ոչ պետական կազմակերպության, որը կկարողանա «հիմքային ճիշտ դիագնոզը ստանալ»։ Նրա համոզմամբ, միայն դրանից հետո պարզ կլինի, թե պատերազմից տուժած մարդկանց խնդիրները լուծելու ինչ ծրագրեր պետք է իրականացնել։
Հեղինակ՝ Լիլիթ Պողոսյան
Ինֆոգրաֆիկները՝ Կարինե Դարբինյանի
Կարդացեք նաև
- Ադրբեջանի լայնարձակ հարձակումը Արցախի դիրքերի և բնակչության վրա
- Պարտության արմատները․ Հայ հասարակությանը միֆերով սնելու նուրբ արվեստը
- Հետպատերազմյան կրթության հեռանկարները․ տեսակետ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 31/01/2021