Սոցիալական

Հայկական արտադրության հագուստ կրելը դառնում է ոճային

Ես ու Սոֆին 4 տարվա կուրսընկերներ ենք, 3 տարվա ընկերներ, մի քանի ամսվա գործընկերներ։ Երկուսիս գործն էլ պատմելը, տեղեկացնելն է, բայց Սոֆին գրելուց բացի մշակույթը հայտնի դարձնելու այլ տարբերակ էլ է գտել․ կրում է հայկական մշակույթը արտացոլող շապիկներ։

Կարելի է ասել, նա ամեն առավոտ զգեստապահարանը բացելիս երկընտրանքի մեջ է՝ հագնել սովորակա՞ն, թե՞ Հայաստանը գովազդող հագուստ։

Սոֆի Թովմասյան

«Հայկական մշակույթը չափազանց հարուստ ու գեղեցիկ է անտեսված մնալու համար։ Կարծում եմ՝ պիտի մեր մշակույթն ավելի հայտնի դարձնենք իրենց մեջ հայկականություն պարունակող գործերի մասին ուրիշներին պատմելով, տեղեկացնելով»,- կարծում է Սոֆին։

Հայկական արտադրության հագուստ կրելը յուրահատուկ է, ոճային է, ինչու ոչ՝ մոդայիկ է։ Եթե այսպիսի բան ասվեր տասը տարի առաջ, այն էլ մի երկրում, որտեղ հագուստի շուկաներում գրեթե ամբողջությամբ թուրքական ու չինական արտադրանք էր, իսկ հայկական թեմատիկ վերնաշապիկներ կարելի էր գտնել միայն Վերնիսաժում՝ իբրև սուվենիր, հավանաբար, տեղացիները Ձեզ սփյուռքահայի տեղ կդնեին։

Իսկ այսօր երևույթը լայն թափով խրախուսվում է հենց պետական մակարդակով․ հայկականին նախապատվություն տալու ուղիղ կոչեր են արվում, և հայկական հագուստ են կրում երկրի վարչապետն ու առաջին տիկինը, ինչպես նաև այլ պաշտոնյաներ։

Նկատվում է այլ տենդենց ևս․ մարդիկ կրում են ոչ միայն հայկական, այլև «հայերեն» շապիկներ։ Հագուստը դառնում է հաղորդագրություն, իսկ այն կրողը՝ հայկականություն գովազդող։

2016 թվականից գործող Printax տպագրական ընկերությունն այդ «գովազդը» ստեղծողներից է։ Ի սկզբանե հստակ նպատակ են ունեցել՝ հանրայնացնել դարերի ընթացքում ստեղծված արժեքները, հինը ներկայացնել նորացված տեսքով և թարմ պահել մարդկանց հիշողությունը։

«Մենք միշտ նախընտրել ենք հայկական, երևանյան ուղղվածությունը։ Ուզում ենք մարդկանց սովորեցնել գնահատել այն, ինչ կա։ Օտարազգիների համար դա մեծ արժեք ունի, իսկ մենք չենք տեսնում, ուշադիր չենք։»,- նշում է ընկերության հիմնադիր-տնօրեն Արազ Բալագյոզյանը՝ հավելելով, որ հայկական և Հայաստանի մասին հագուստ ստեղծելը չնկատվող արժեքներին մարդկանց նորից ծանոթացնելու իրենց տարբերակն է։

Լուսանկարը Printax-ի կայքից

Ընկերությունը գործունեության սկզբում զբաղվել է միայն տեքստիլ տպագրությամբ, այնուհետև հասկացել՝ պետք է ընդլայնվել, ստեղծել սեփական արտադրություն։ Այդպիսով, հայերեն ու Հայաստանի մասին պատկերները սկսել են տպվել հայկական արտադրությամբ հագուստի վրա։

Այս ընկերությունում օնլայն գործիքի օգնությամբ հնարավոր է ստանալ պատվիրատուի մտահղացման վիզուալ պատկերը և դիզայներների օգնությամբ այն բերել վերջնական տեսքի, սակայն հաճախորդները մեծամասամբ նախընտրում են ընտրություն կատարել առկա տեսականուց։

«Մարդիկ չեն սիրում երկար մտածել, ավելի էմոցիոնալ են․ տեսավ, դուր եկավ, շոշափեց, էմոցիոնալ զգացումն ունեցավ՝ գնում է»,- նշում է Արազը։

Իմ ընկերուհի Սոֆին, սակայն, պատկանում է մարդկանց այն խմբին, ովքեր նախընտրում են հատուկ հաղորդագրությամբ հագուստ պատվիրել։

«Ամեն անգամ յուրահատուկ զգացում եմ ունենում այն մտքից, որ այդ շապիկից միայն ես ունեմ, որովհետև ես եմ ընտրել դա, հստակ, կարևոր ու արժեքավոր ասելիք ունի։ Ինչ էլ ընտրում եմ՝ փորձում եմ պատկերի պատմության մեջ խորանալ, ուսումնասիրել, որպեսզի ցանկացած մեկին, ով կհետաքրքրվի՝ կարողանամ համապարփակ պատասխան տալ»։

Իսկ հետաքրքրվողները շատ են։ Սոֆին փաստում է՝ չի եղել դեպք, երբ կրել է հայկական մշակույթ պատկերող շապիկներ ու անտեսված մնացել․ «Միշտ մոտեցել են, հարցրել՝ ի՞նչ շապիկ է, ի՞նչ է նշանակում»։

Իր հագուստներից հատկապես երկուսի մասին ոգևորությամբ է պատմում։ Մեկը պատկերում է Մինաս Ավետիսյանի «Լավաշ թխողները» կտավը, մյուսը՝ հայկական «Կախարդական լավաշը» մուլտֆիլմից կադր։

«Մի օր «Կախարդական լավաշ»-ից պատկերով շապիկն էի հագել։ Ինձ տեսավ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը, ասաց՝ չգիտեի, որ ձեր սերունդն էլ է էս մուլտֆիլմի մասին հիշում։ Հետաքրքվեց՝ հիմա էսպիսի պատկերով շապիկներ լինո՞ւմ են։ Ասացի, որ հատուկ իմ պատվերով են նկարել»,- նշում է Սոֆին՝ հավելելով՝ այդ օրը մի քանի հոգի հաստատ իմացան մուլտֆիլմի մասին։

Մարիամ Թովմասյանն էլ իր ձեռքով հայկական շապիկներ ստեղծողներից է։ Գեղանկարչուհի, հագուստի մոդելավորող Մարիամը 2,5 տարի առաջ է որոշել միավորել իր երկու մասնագիտությունները։ Իր ստեղծած շապիկներն ամբողջովին ձեռագործ են, պատկերները՝ նկարված վրձնով։ Նկարում է ամեն ինչ՝ դիսնեյյան հերոսներից մինչև հայ գեղանկարիչների կտավներ։ Ասում է՝ ամեն ինչ կախված է հաճախորդի ցանկությունից։

Սակայն իր ցանկությունների մեջ Մարիամի կողմնորոշումը հստակ է․ ուզում է ստեղծած արտադրանքը հայկական լինի ոչ միայն «ծնունդով», այլև բնավորությամբ։ Հենց այս ցանկությունից ելնելով էլ, որպես ավարտական աշխատանք, ներկայացրել է «Փարաջանովյան մոտիվներ» հավաքածուն։

previous arrow
next arrow
 

 

Թե՛ Արազը, թե՛ Մարիամը նշում են՝ հայկական հագուստի նկատմամբ հետաքրքրություն կա և այն դեռ տարածում է գտնելու։ Հայկական արտադրանքը մրցակցային է։ Չինական կամ թուրքական հագուստ նախընտրողները դա անում են՝ ելնելով միմիայն գնային քաղաքականությունից։ Ամեն դեպքում որակ ակնկալողներն արդեն իսկ անցում են կատարում հայկականին։

Հայ արտադրողներն էլ աստիճանաբար դառնում են առավել համարձակ և հավակնոտ։ Մարիամի առաջիկա պլանների մեջ ատելիե բացելն իր հաստատուն տեղն ունի․ վստահ է՝ հայկականության պակաս չի լինելու։

Ստեղծման փուլն անցած ընկերություններն էլ փորձում են լայնացնել գործունեության շրջանակը։

«Նախորդ տարիների համեմատ պահանջարկի նկատելի աճ ունենք։ Օրինակ՝ ամսական մոտ 50 շապիկ է վաճառվում միայն երևանյան հավաքածուից, ինչն արդեն իսկ նկատելի հետարքրություն է։ Մեր սկզբունքներից է նաև՝ մրցակցել արտասահմանյան առաջարկվող տեսականու հետ։ Նպատակ կա տարբեր վարչական շրջաններում ունենալ մի քանի խանութ՝ ավելի հասանելի դառնալու մարդկանց»,- նշում է Արազը։

Ընկերության նպատակներից է նաև՝ ընդլայնել արտադրական պրոցեսները, որպեսզի ոչ մի կախվածություն չունենա որևէ այլ ֆիրմայից․ «Ուզում ենք արտադրել մեր ուժերով, ստեղծել ավելի շատ աշխատատեղեր ու հանրությանը ապացուցել, որ հայկականը ոչնչով չի զիջում, նույնիսկ ավելին է, քան արտասահմանյանը»։

Իսկ Սոֆին, անկախ հետագա զարգացումներից, վստահ է՝ մենք ենք ընտրում, թե ինչպիսին կլինի մեր հագուստը, ոչ թե մեծ շուկայի տերերը։

Հեղինակ՝ Արուսյակ Կապուկչյան

Լուսանկարները՝ Արուսյակ Կապուկչյանի, Printax-ի կայքից և Մարիամ Թովմասյանի անձնական արխիվից

#COVID19 #Armenianbrand

Ուշադրություն © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 17/08/2020