Իրավունք

Ընտանեկան բռնությունն իբրև ծանր հանցանք․ ինչո՞ւ է լռում Ստամբուլյան կոնվենցիան

43-ամյա կինն ու նրա անչափահաս դուստրը մարտի 5-ին Գյումրիում՝ իրենց իսկ տանը, բռնության զոհ դարձան։ Կինը դաժան ծեծից հետո մահացավ, իսկ 13-ամյա աղջիկը բռնության հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվեց հիվանդանոց։ Ծեծի ենթարկողը, ըստ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի, 28-ամյա մի տղամարդ է, որը մտերիմ հարաբերություններ է ունեցել մահացած կնոջ հետ։

Սա գուցե այս տարվա ամենաաղմկահարույց և դաժան դեպքն է, սակայն ոչ առաջինը, ոչ էլ վերջինը։ Միայն 2019թ․ առաջին տասը ամիսներին Հայաստանում արձանագրվել է կանանց և աղջիկների նկատմամբ բռնության 1509 դեպք, 2018թ․-ի նույն ժամանակահատվածում՝ 1928 դեպք։

2019թ․ տասը ամիսներին արձանագրված ընտանեկան բռնությունների թիվը կազմել է՝ 378, իսկ 2018թ․-ի նույն ժամանակահատվածում՝ 585 դեպք։

ՀՀ ոստիկանություն

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» ներկայացուցիչ, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը նշում է, որ այժմ Հայաստանի Հանրապետությունն ունի տարբեր իրավական փաստաթղթեր՝ ֆիզիկական, սեռական բռնության վերաբերյալ, որոնք, սակայն, որևէ համընկնում չունեն «ընտանեկան բռնություն» եզրույթի հետ։

«Այսինքն, ստացվում է՝ կապ չունի փողոցում են անձին ծեծում, թե՝ տանը, միևնույն հոդվածն է կիրառվում, թեպետ հասկանալի է, որ տանը՝ անպաշտպան միջավայրում, երբ որևէ մեկը չի տեսնում, անձին բռնության ենթարկելն առավել ծանր հանցագործություն է»։

Գրեթե յուրաքանչյուր երկրում կանայք սեռական ոտնձգությունների զոհ են դառնում աշխատավայրում, հասարակական տրանսպորտում և տանը:

ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ ողջ աշխարհում կանանց ավելի քան մեկ երրորդն առնվազն մեկ անգամ ենթարկվել է բռնության, այդ թվում՝ սեռական: Որոշ երկրներում բռնության ցուցանիշներն ամուսնու կամ զուգընկերոջ կողմից հասնում են 70%-ի, իսկ մտերիմների կողմից կատարված կանանց սպանությունները կազմում են ընդհանուր սպանությունների 58%-ը: Սա նշանակում է, որ ամեն օր ինչ-որ տեղ ընտանիքի անդամներից մեկի ձեռքով մահանում է 137 կին:

Շուրջ 15 միլիոն աղջիկներ 15-ից 19 տարեկան հասակում առնվազն մեկ անգամ ենթարկվել են բռնաբարության, որպես կանոն՝ զուգընկերոջ կողմից:

Շուրջ 9 տարի առաջ այս մտահոգությամբ էլ Ստամբուլում հավաքվել էին Եվրոպայի խորհրդի(ԵԽ) անդամ պետությունների ներկայացուցիչները, որոնք քննարկումների արդյունքում ձևավորեցին մեկ միասնական կոնվենցիա, որն այժմ հայտնի է իբրև Ստամբուլյան կոնվենցիա։

Ստամբուլյան կոնվենցիա․ ինչի մասին է

2011թ․ մայիսին ստորագրված կոնվենցիան նպատակ ունի աշխարհում ակտիվացնել կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարն ու նպաստել ընտանեկան բռնության կանխարգելմանը։

Սա արտացոլված է նաև ստորագրված փաստաթղթի անվան մեջ։

«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիան ուժի մեջ է 2014թ․-ի օգոստոսի 1-ից ԵԽ անդամ այն 34 երկրներում, որտեղ փաստաթուղթն անցել է նաև վավերացման փուլը։ ՀՀ-ում փաստաթուղթը դեռ միայն ստորագրվել է։

Մի շարք երկրներում կոնվենցիայի դեմ սկսվեցին հակաքարոզչական գործողություններ, ինչի պատճառով այն արժանացավ հանրային պարսավանքի՝ ազդելով վավերացման բուն գործընթացի վրա։ Մասնավորապես, Բուլղարիայի Սահմանադրական դատարանը կոնվենցիան հակասահմանադրական ճանաչեց։

Պատկերը՝ UN Women կայքից

Հայաստանում ևս որոշ շրջանակների կողմից կոնվենցիան գրկաբաց չընդունվեց։ Մասնավորապես, որոշ օնլայն և օֆլայն նախաձեռնություններ ակտիվորեն քարոզում են դեմ արտահայտվել կոնվենցիայի վավերացմանը։ Այդ նախաձեռնությունների նկատմամբ իրենց համակրանքն են հայտնում մի շարք հանրային դեմքեր ու քաղաքական գործիչներ։

Բացի առցանց հարթակներից, ստորագրահավաք է իրականացվում նաև ՀՀ Ազգային ժողովի այգու մուտքի դիմաց հետևյալ գրությամբ պաստառներով՝ «Ո՛Չ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը»։

Ո՞րն է ՈՉ-ի հիմնավորումը

ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ևս կոնվենցիայի ընդդիմախոսներից է։ Նա իր ֆեյսբուքյան տեսաուղերձում ասում է՝ կոնվենցիայում առկա են «ընտանեկան միավոր» և «զուգընկեր» հասկացությունները, որոնց վերաբերյալ բավարար պարզաբանումներ չեն տրվում։ Զոհրաբյանը նաև խնդիրներ է տեսնում կոնվենցիայի մի քանի հոդվածներում։

Փաստաբանների պալատի նախագահը կարծում է, որ «զուգընկեր» բառը ներառում է նաև նույնասեռ անձանց միությունը, դա էլ իր հերթին հավասարեցվում է «ընտանիք» կոնցեպտին, ինչն իր կարծիքով անթույլատրելի է։

Զոհրաբյանն ասում է, որ բռնությունից պիտի զերծ լինեն բոլորը, սակայն նույնասեռական զուգընկերների պաշտպանությունը չի կարող կարգավորվել ընտանիքի համար նախատեսված մեխանիզմների միջոցով։

Զոհրաբյանի հետ համաձայն չէ իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը՝ նշելով, որ կոնվենցիան բոլորովին էլ չի ենթադրում ընտանեկան մոդելի փոփոխություն, և որ գենդերային բռնությունն ինքնին նշանակում է սեռով պայմանավորված բռնություն, և այստեղ «երրորդ սեռի» մասին խոսք գնալ չի կարող։ Ավելին, կարծում է՝ Հայաստանում կոնվենցիայում առկա որոշ տերմիններ և հոդվածներ միտումնավոր են խեղաթյուրվում, և չի ներկայացվում իրականությունը։

«Ընտանեկան բռնության, կանանց իրավունքների պաշտպանության և նրանց իրավահավասարության հետ կապված ցանկացած իրավական կառուցակարգի՝ Հայաստան մտցնելու փորձ հանդիպում է դիմադրության,- «Ամփոփ Մեդիային» ասում է իրավապաշտպանը։

Ըստ նրա՝ այդ դիմադրության ձևավորման խմբերն իրենց որպես ավանդական արժեքների պահապաններ են դիրքավորում, նմանատիպ փաստաթղթերն էլ՝ սպառնալիք համարում։ Մինչդեռ կոնվենցիայի հիմնական նպատակը բռնության կանխարգելումը, զոհերի պաշտպանության ու սոցիալական աջակցության ավելի կայուն մեխանիզմների ստեղծումն է։ Շեշտադրումն էլ կանանց վրա է, որովհետև տարբեր վիճակագրություններ փաստում են՝ նրանք ավելի շատ են բռնության ենթարկվում։

Կոնվենցիայի վավերացման պատասխանատուները

Այս պահին ՀՀ-ում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը, կարծես թե, առժամկետ սառեցված է։ Կառավարությունը հետաքրքրված է փաստաթուղթն ուղարկել Սահմանադրական դատարան, որտեղ էլ կքննվի կոնվենցիայի՝ ՀՀ Սահմանադրության հետ համապատասխանելիությունը և հետո կուղարկվի ԱԺ՝ վավերացվելու։

Սակայն հաշվի առնելով ստեղծված քաղաքական ճգնաժամը ՍԴ-ի շուրջ՝ կոնվենցիային վերաբերող գործընթացները, հավանաբար, կվերականգնվեն հանրաքվեից հետո։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ինչպես նաև Արդարադատության նախարարության կայքէջերն ուսումնասիրելով՝ պարզ է դառնում, որ թեև գերատեսչությունները փորձում են խոսել կոնվենցիայի բուն էությունից, այնուամենայնիվ, ստիպված են նաև հակափաստարկների մի ողջ փաթեթ ներկայացնել՝ ժխտելու ընդդեմ փաստաթղթի վավերացման հնչող տեղեկությունները։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացնում է, թե ինչ է ասում և ինչ չի ասում կոնվենցիան։

Արդարադատության նախարարությունն էլ ներկայացրել է կոնվենցիայի վերաբերյալ եղած թյուրընկալումներն ու դրանց հակափաստարկները։

Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ Եվրոպան ՀՀ-ին չի պարտադրում վավերացնել կոնվենցիան, ինչպես պնդում են ընդդիմախոսները։ Ասվում է նաև, որ կոնվենցիայի վավերացումը ՀՀ կառավարության հանձնառությամբ է պայմանավորված և որ այն բխում է ՀՀ Սահմանադրությունից։

«Կանանց և տղամարդկանց միջև փաստացի հավասարության խթանումը հանդիսանում է պետության քաղաքականության հիմնական նպատակներից մեկը, ինչն ամրագրված է ՀՀ Սահմանադրության 86-րդ հոդվածով»,- ասված է փաստաթղթում։

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը համոզված է՝ նախկին իշխանությունները գիտեին՝ ինչի տակ էին ստորագրում։ Ասում է, եթե այլ խնդիրներ կային, ապա ինչո՞ւ դրանց մասին այն ժամանակ որևէ մեկը չէր խոսում։

«Միջազգային փաստաթղթերի բանակցային հիմնական փուլը նախաստորագրման ու ստորագրման փուլն է, Հայաստանը չորս կետի վերաբերյալ է վերապահում կատարել և հենց այդ վերապահումներով էլ ստորագրել է փաստաթուղթը»,- նշում է նա։

Ասում է՝ կոնվենցիան նախատեսված է տարբեր պետությունների համար, այդ թվում՝ նաև այն երկրների, որոնց սահմանադրությամբ միասեռ ամուսնությունը թույլատրված է։ Իսկ «ընտանիք» հասկացությանը կոնվենցիան չի անդրադառնում, որովհետև այն սահմանվում է յուրաքանչյուր երկրի սահմանադրությամբ։ Մեր սահմանադրությամբ «ընտանիքը» կնոջ և տղամարդու միությունն է։

Ինչ վերաբերում է «սեռական կողմնորոշում» եզրույթին, ապա, Հովհաննիսյանի խոսքով, այն նշված է մի հատվածում, որն ասում է, որ անգամ սեռական կողմնորոշումը չի կարող ընտանիքում անձի նկատմամբ բռնության հիմք հանդիսանալ։ Նրա խոսքով, եզրույթը կապ չունի ամուսնաընտանեկան հարաբերությունների և ընտանիքի մոդելի հետ, պարզապես պաշտպանվում է յուրաքանչյուր քաղաքացի, քանզի ըստ կոնվենցիայի՝ բռնությունը որևէ արդարացում չունի։

ԱԺ հասնելու պարագայում կոնվենցիան վավեր կհամարվի պատգամավորների մեծամասնության «կողմ» քվեարկելու դեպքում միայն։

Հեղինակ` Սոֆի Թովմասյան

Պատասխանատու խմբագիր՝ Սուրեն Դեհերյան

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 06/03/2020