ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այսօր պաշտոնական այցով կժամանի տարածաշրջան։ Նա իր տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ Երևանում կլինի փետրվարի 9-10-ը, որտեղից կմեկնեն Բաքու՝ փետրվարի 10-11-ը։ Այս այցը նպատակ ունի առաջ մղել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագիծը։
Այս նյութով ներկայացնում ենք, թե ով է իրականում 41-ամյա ԱՄՆ փոխնախագահ Վենսը, որի կյանքի պատմությունը հիշեցնում է հոլիվուդյան դրամա։
Դժվար մանկություն և անվան փոփոխություն
Ջեյ Դի Վենսը (առաջին անունը՝ Ջեյմս Դոնալդ Բոումեն) ծնվել է 1984 թ.-ին Օհայոյում։ Նա չափազանց ծանր մանկություն է ունեցել։ Մայրը կախվածություն ուներ թմրանյութերից։ Տղային հիմնականում մեծացրել են մայրական կողմի տատն ու պապը։
Ուշագրավ է փոխնախագահի անվան փոխությունների շարքը։ Երբ մայրը երկրորդ անգամ է ամուսնացել, նրա անունը փոխվել է Ջեյմս Դեյվիդ Համելի։ Իսկ ավելի ուշ նա ընդունել է իրեն մեծացրած տատի ու պապի ազգանունը՝ դառնալով Ջեյ Դի Վենս։
«Հակա-Թրամփից» մինչև փոխնախագահ՝ Թրամփի նախագահության օրոք

Վենսի քաղաքական ճանապարհը կտրուկ շրջադարձերի պատմություն է։ 2016 թվականի նախագահական ընտրություններին նա Դոնալդ Թրամփի ամենակոշտ քննադատներից էր և իրեն համարում էր “Never Trump” («Թրամփին՝ երբեք») շարժման ակտիվիստ։ Վենսը հրապարակավ քննադատում էր Թրամփի քաղաքականությունը։ Բայց նախքան 2021-ին Օհայոյի սենատորի պաշտոնում առաջադրվելը Թվիթերից ջնջել էր հակաթրամփական իր բոլոր գրառումները։
Վենսն այսօր Թրամփի ամենավստահելի դաշնակիցն է և խաղաղության նախաձեռնությունների նրա գլխավոր ներկայացուցիչը տարածաշրջանում։
Ընտանիքի համալրում՝ չորրորդ բալիկի սպասումով
Ջեյ Դի Վենսն ամուսնացած է իր համակուրսեցի Ուշա Չիլուկուրիի հետ, ում հետ ծանոթացել է Յեյլի իրավաբանական դպրոցում (Yale Law School)։ Զույգն արդեն ունի երեք զավակ՝ երկու որդի՝ Էվանը և Վիվեկը և մեկ դուստր՝ Միրաբելը։
2026 թ. հունվարի 20-ին նրանք հայտարարել էին, որ այս ամառ սպասում են իրենց չորրորդ երեխային։ Սա պատմական իրադարձություն կլինի ԱՄՆ-ի համար։ CNN-ն արձանագրում է, որ սա ԱՄՆ պատմության մեջ առաջին դեպքն է, երբ գործող փոխնախագահի ընտանիքում երեխա է ծնվում պաշտոնավարման ընթացքում։
Ամփոփ Մեդիա
Աղբյուրներ՝ CNN Fast Facts, Whitehouse, «Ազատություն» ռադիոկայան
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 09/02/2026











