Միջազգային

2026 թվականի ձմեռային օլիմպիական խաղեր. 5 փաստ, որ պետք է իմանալ

Իտալիայում մեկնարկում են 25-րդ Ձմեռային օլիմպիական խաղերը։ Փետրվարի 6-ից 22-ը աշխարհի ուշադրությունը սևեռված է լինելու Միլանի և Կորտինա դ’Ամպեցոյի մարզադաշտերին ու լեռնալանջերին։

Մինչ մարզիկները պատրաստվում են մեդալների համար պայքարին, «Ամփոփ Մեդիան» ներկայացնում է խաղերի գլխավոր առանձնահատկությունները։

Որտե՞ղ են անցկացվում խաղերը

Պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիադան ունի երկու պաշտոնական հյուրընկալող քաղաք՝ Միլանը և Կորտինա դ’Ամպեցոն։ Սա Իտալիայի համար 3-րդ Ձմեռային օլիմպիադան է. նախորդները տեղի են ունեցել 1956թ.-ին (դարձյալ Կորտինայում) և 2006թ.-ին (Թուրինում)։

Ովքե՞ր են մասնակցում և ի՞նչ մասշտաբով

Շուրջ 2,800 մարզիկ ավելի քան 90 երկրներից կմրցեն 16 մարզաձևերի 116 մրցումներում։

Մասնակիցների 47%-ը կանայք են, ինչը պատմական առավելագույնն է ձմեռային խաղերի ողջ պատմության ընթացքում։

Հայաստանը Միլանում. ովքե՞ր են մեր ներկայացուցիչները

Հայաստանն այս տարի ունի 5 մարզիկ։ Բացման արարողության ժամանակ մեր դրոշակակիրները կլինեն գեղասահքի սպորտային զույգը՝ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը։ Սա ՀՀ անկախության շրջանում գեղասահքի զույգերի առաջին օլիմպիական ուղեգիրն է։

Հայաստանյան թիմի կազմում ընդգրկված են Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը (դահուկավազք), Հարություն Հարությունյանը (լեռնադահուկային սպորտ) և Ակոպովա-Ռախմանին զույգը։

Նոր մարզաձև. ի՞նչ է «սկիմոն» (Skimo)

Օլիմպիական ընտանիքի մարզաձևերին է միացել լեռնադահուկային արշավը (Ski mountaineering)։ Սա դիմացկունության իսկական փորձություն է. մարզիկները նախ դահուկներով, այնուհետև ոտքով (դահուկները շալակած) բարձրանալու են լեռը, ապա կրկին դահուկներով մեծ արագությամբ վայրէջք կատարեն։

Մասնակցություն՝ առանց դրոշի

Ռուսաստանի և Բելառուսի 20 մարզիկներ հանդես կգան որպես «անհատ չեզոք մարզիկներ»։ Ուկրաինա ներխուժման պատճառով այս երկրների պաշտոնական օլիմպիական կոմիտեները որակազրկված են, իսկ թիմային մասնակցությունը (օրինակ՝ հոկեյի հավաքականները)՝ արգելված։

Ամփոփ Մեդիա

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 07/02/2026