Էկոլոգիա Տնտեսություն

Երբ թափոնները դառնում են ռեսուրս. սերբական փորձը հայկական դիտանկյունից

Սերբիայի աղբավայրերում կարգուկանոնը հիշեցնում էր արտադրամաս, ոչ թե աղբավայր՝ ինչպիսին սովոր ենք տեսնել Հայաստանում։ Միայն աղբին հատուկ հոտն էր հուշում տեղանքի մասին։

Հայկական պատվիրակության կազմում այս յուրահատուկ այցելությանը մասնակցելու առաջարկ ստացել էի որպես լրագրող, ով լրագրողական ուսումնասիրություն էր կատարել Հայաստանի աղբավայրերի ճգնաժամային վիճակի և դրանց կառավարման մոդելի ժամանակավրեպության մասին (կարդալ այստեղ): Այլ կերպ ասած՝ «վատ» աղբավայրերի իրական պատկերը ներկայացնելու համար արժանացել էի «լավ» աղբավայրեր ուղևորությանը։ Սա, իհարկե, կատակ է։

Սերբիայում մեզ հետաքրքրում էր տեսնել ու հասկանալ, թե ինչպես է այս երկիրը 12 տարիների ընթացքում անցել մի ուղով, որի մեկնարկային կետում այսօր կանգնած է Հայաստանը, որտեղ թափոնների կառավարման արդիականացումն այլևս հրատապ անհրաժեշտություն է։

Պատվիրակությունը Սերբիա էր մեկնել մայիսի 26–30-ը՝ Շվեդիայի ֆինանսավորմամբ Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի շրջանակում։ Պատվիրակության կազմում ընդգրկված էին ծրագրի փորձագիտական թիմի անդամներ, ներկայացուցիչներ ՀՀ շրջակա միջավայրի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններից, Սևանի քաղաքապետարանի աշխատակազմից, Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ տնօրենը, ես՝ Ամփոփ Մեդիայից և գործընկերս՝ Հանրային հեռուստաընկերությունից՝ կրկին որպես մրցանակակիր։

Հայաստանյան պատվիրակությունը Սերբիայի շրջակա միջավայրի պահպանության նախարարությունում

Ինչպես է Սերբիան լուծում աղբի հարցը

Սերբիայում այցելեցինք երկու օրինակելի աղբավայր, մեկը՝ երկրի հարավ–արևելքում գտնվող Պիրոտ քաղաքում, մյուսը՝ մայրաքաղաք Բելգրադում։ Երկու քաղաքներն էլ ունեն թափոնների կառավարման ուշագրավ փորձ։

1,7 մլն բնակչությամբ երկրի մայրաքաղաքի՝ Բելգրադի սանիտարական աղբավայրը, համարվում է Եվրոպայի խոշորագույն աղբավայրերից մեկը։ Այստեղ տարեկան տեղափոխվում է 600,000 տոննա խառը աղբ, որի կեսից ավելին աղբակիզվում է ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով, կիրառվում են աղբաջրերի կառավարման համակարգեր, աղբից առաջացող մեթանի օգտագործմամբ էլ արտադրվում է էներգիա, այսպիսով ՝ թույլ չտալով, որ աղբը վնասի շրջակա միջավայրը՝ օդը, ջուրը, հողը։ Բելգրադի աղբավայրը կառուցվել և շահագործվում է պետություն-մասնավոր հատված համագործակցության մոդելով։

Բելգրադի սանիտարական աղբավայրը

Պիրոտի համայնքային սանիտարական աղբավայրը սպասարկում է ընդհանուր 105 հազար բնակչություն ունեցող չորս համայնքների՝ կառավարելով տնային տնտեսությունների կողմից տեսակավորված կոշտ թափոնները։

Այս համայնքներում բնակիչներն իրենց իսկ բակերում, ինչպեսև փողոցներում տեղադրված թափոնամաններում առանձնացնում են պլաստիկը, թուղթը, մետաղը և ապակին, ինչը թույլ է տալիս նշված թափոնները տեղափոխել Պիրոտի աղբավայր։ Այստեղ դրանք ենթարկվում են երկրորդային տեսակավորման: Արդյունքում թափոնների 50%-ն ուղարկվում է վերամշակման, 25%-ը՝ ցեմենտի գործարան՝ էներգիա ստանալու, մնացած 25%-ը, համարվելով անպիտան, տեղափոխվում է բուն աղբավայր։

Պիրոտ քաղաքի թափոնամանները

«Սերբիան ակտիվորեն երկու պրոցես է անցնում, նախ նրանք ոչ սանիտարական աղբավայրերից անցում են կատարում սանիտարական աղբավայրերի և զուգահեռաբար ակտիվորեն քայլեր են ձեռնարկում, որ հնարավորինս քիչ թափոն կամ աղբ ուղարկեն սանիտարական աղբավայր», – ասում է «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի ղեկավար Հարություն Ալպետյանն ու հավելում, – «Դրա համար մի կողմից թափոնների առաջնային և երկրորդային տեսակավորում են անում, մյուս կողմից ունեն գոնե մեկ աղբակիզման կայան (Բելգրադում), որտեղ այրվում է մայրաքաղաքում տարեկան գեներացվող 600,000 տոննա աղբի 60%-ը։ Այդքան է աղբակիզման կայանի հզորությունը»։

Ալպետյանն օրինակելի է համարում այն, որ աղբավայրերը սպասարկում են վճարի դիմաց։ Օրինակ՝ Պիրոտում մեկ տոննա թափոնի տեղադրման (հանձնման) վճարը կազմում է 21 եվրո (ավելի քան 9000 դրամ)։ Ըստ նրա՝ դա շատ կարևոր է, քանի որ միայն այդ դեպքում կարող է խթանվել տեսակավորումն ու վերամշակումը։ Նա պնդում է, որ աղբավայրը պետք է դառնա թանկ տարբերակ (խմբ․ որ մարդիկ սկսեն տեսակավորել՝ նպաստելով աղբավայր տեղափոխվող աղբի քանակի նվազմանը)։ Քանի դեռ աղբավայրը էժան է, այն լինելու է նախընտրելի։

Ի՞նչ դասեր կարող է քաղել Հայաստանը

        Ջոն Գլեյզբրուք

Շրջակա միջավայրի պահպանության ոլորտում միջազգային փորձագետ, խորհրդատու Ջոն Գլեյզբրուքը, ով լավատեղյակ է Սերբիայի փորձից, ասում է, որ Սերբիայում թափոնների կառավարմանը միտված բարեփոխումները հեշտ չեն տրվել։ Կարևոր է հասկանալ, որ սխալներն անխուսափելի են։

Մինչդեռ Պիրոտի սանիտարական աղբավայրը կարող է լավ օրինակ լինել, որպեսզի Հրազդանի նորաբաց սանիտարական աղբավայրը շահագործելիս՝ չկրկնվեն այն նույն սխալները, որոնք թույլ է տվել Սերբիան։ Հրազդանի նոր աղբավայրը, որը նախատեսված է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի բնակավայրերին սպասարկելու համար, այսօր կարող է ծառայել զուտ որպես թափոնների վերջնական տեղադրման վայր։

Այն չունի ոչ մի ուրիշ հավելյալ ենթակառուցվածք, որը կապահովի թափոնների երկրորդային տեսակավորում և վերամշակում։ Իսկ դա ռիսկային է, քանի որ 25 տարվա համար նախատեսված աղբավայրը կարող է մի քանի անգամ ավելի արագ լցվել և համայնքային իշխանություններին կանգնեցնել նոր տարածքների տրամադրման ծախսատար խնդրի առջև, ինչին ժամանակին առերեսվել է Սերբիան։

«Սերբիայի առանցքային խնդիրներից մեկն այն էր, որ հիմնական ենթակառուցվածքները չէին ներառում երկրորդային տեսակավորում և վերամշակում։ Երկրի աղբավայրերը չափազանց արագ լցվեցին, և կառավարությունը ստիպված էր ֆինանսավորել և կառուցել նոր տարածքներ։ Նմանատիպ օրինակներ կարելի է գտնել այլ երկրներում, այդ թվում՝ Վրաստանում»,- ասում է Գլեյզբրուքը։

Բելգրադի աղբակիզման կայանի աշխատակիցները աղբը վառարան տեղափոխելիս

Ուստի շատ կարևոր է, որ Հրազդանում աղբի տեղադրմանը զուգահեռ հնարավորինս շուտ ստեղծվի երկրորդային տեսակավորման հարթակ, ինչը թույլ կտա, որ բնակիչների կողմից արդեն իսկ տեսակավորված թափոնը աղբավայր հասնելուն պես անցնի երկրորդային տեսակավորման փուլով և տեղափոխվի վերամշակման կամ հնարավորության դեպքում տեղում վերամշակվի։ Սա կնպաստի աղբավայրի երկարակեցությանը՝ նրա շահագործման տևողությունը հնարավորինս երկարաձգելուն։

«Տվյալների պակասը ևս մեծ ռիսկ է։ Առանց տվյալների Հայաստանը չի կարող հետագա ծրագրեր և ներդրումային նախագծեր մշակել։ Առանց դրանց, միջազգային գործընկերների համար, ինչպիսիք են Շվեդիան և ԵՄ-ն, շատ դժվար կլինի օգնել թափոնների ոլորտի բարեփոխումներին», – շարունակում է Գլեյզբրուքը։

Շինաղբի վերամշակման հարթակ

Ըստ նրա, Հայաստանը նախևառաջ պետք է անդրադառնա երկու գործնական խնդրի. առաջինը՝ թափոնների գոյացման, հավաքման և մշակման վերաբերյալ որակյալ տվյալների ստեղծումն է՝ հետագա գործողություններն արդյունավետ պլանավորելու համար: Երկրորդը՝ թափոնների կառավարման արդի համակարգերի վերաբերյալ փորձի ձեռքբերումը՝ Սևանում վերամշակող պիլոտային համակարգի ներդրմամբ կամ Արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) հատուկ թափոնների հոսքերի փորձարկմամբ:

«Կարևոր է նաև հաշվի առնել, որ թափոնների կառավարման ցանկացած ռեֆորմ շատ մեծ կախվածություն ունի հանրային իրազեկումից, որի բացակայության դեպքում գործընթացը կարող է ձախողվել։ Դա հատկապես վերաբերվում է տեսակավորմանը, երբ բնակչից մի փոքր ավելին է պահանջվում, քան ուղղակի աղբը տանել-նետելը», – ասում է Ալպետյանը և ավելացնում, – «Օրինակ, Սերբիայում իրազեկման արշավներ իրականացնելիս՝ շեշտը դրվում է ոչ թե կանաչ օրակարգի կամ մոլորակը փրկելու, այլ բնակիչների կյանքի որակը բարելավելու վրա։ Ի վերջո, բնակիչը պետք է գիտակցի, որ աղբը տեսակավորելը հերոսություն չէ, նորմալ է, չանելն է աննորմալ»։

Թեև նոր սանիտարական աղբավայրը կառուցվել է Հրազդանում, բնակիչների կողմից թափոնների առաջնային տեսակավորմանն ուղղված նախաձեռնությունները, այդ թվում՝ իրազեկման, մեկնարկել են Սևան համայնքից։

«Կարծում եմ՝ Սևան համայնքի բնակիչները բավարար պատկերացում ունեն խնդրի վերաբերյալ։ Ծրագրի շրջանակում համայնքում շուրջ երկու տարի իրականացվել են հարցախույզներ, դպրոցներում և մանկապարտեզներում իրազեկման հանդիպումներ, արշավներ, ֆոկուս խմբային քննարկումներ, շաբաթօրյակներ։ Եվ այս ամենի շնորհիվ բնակիչները պատրաստ են գործնական փուլ մտնել, այսինքն՝ տեսակավորել թափոնները», – ասում է Սևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը։

Բելգրադի քաղաքային աղբակիզարանը սանիտարական աղբավայրի մուտքին

Ճանապարհ դեպի իրագործելի լուծումներ

«Սերբիայի հաջողությունը պայմանավորված է թափոնների կառավարման համայնքային ինտեգրված համակարգերի զարգացմամբ և կայուն գործունեությամբ։ Բազային ենթակառուցվածքներում վաղ ներդրումները կարևոր են, որպեսզի պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրական փորձառություն ձեռք բերեն», – ասում է Գլեյզբրուքը։

Պիրոտի փորձը ցույց է տալիս, որ թափոնների տեսակավորման և վերամշակման համակարգը կարելի է գործարկել համեմատաբար փոքր ներդրումներով։ Դրա համար համայնքները միավորվել են՝ ձևավորելով միջհամայնքային համագործակցություն, ինչը թույլ է տվել միասնական ուժերով ստեղծել և զարգացնել թափոնների կառավարման համար անհրաժեշտ ենթակառուցվածք՝ առանց չափազանց մեծ ծախսերի։

Ֆինանսական ներդրումների առաջնահերթությունները եղել են՝

  • համայնքներում տեսակավորման թափոնամանների տեղադրումը,
  • աղբավայրում երկրորդային տեսակավորման հարթակի կառուցումը,
  • շարունակական իրազեկման արշավների իրականացումը բնակչության շրջանում։

Այս մոդելը միանգամայն հնարավոր և կիրառելի կարող է լինել նաև Հրազդանի սանիտարական աղբավայրի դեպքում։ Եթե պետական կամ համայնքային միջոցներով նվազագույն ենթակառուցվածք ստեղծվի թափոնների երկրորդային տեսակավորման համար, ապա կարելի է էականորեն երկարաձգել աղբավայրի կյանքը։

Բելգրադի աղբահավաք բեռնատարները

Սերբական փորձը ցույց է տալիս, որ առանց համայնքների համագործակցության, առանց պետական քաղաքական կամքի և առանց բնակչության ակտիվ ներգրավման համակարգը չի աշխատի։ Այստեղ է կարևոր դառնում ԱԸՊ համակարգը, որը հնարավորություն է տալիս արտադրողին կամ ներմուծողին ի սկզբանե պատասխանատվություն կրել իր կողմից ստեղծված արտադրանքից առաջացած թափոնների ամբողջ ցիկլի համար։

Սերբիայի ամենամեծ հաջողությունը կայանում է նրանում, որ այստեղ կարողացել են ապահովել մասնավոր ընկերությունների և վերամշակող կազմակերպությունների համագործակցություն։ Այս համագործակցությունը հիմնականում ուղղված է այն թափոնների վերամշակմանը, որոնք առաջանում են արտադրությունից կամ խոշոր վաճառքի փաթեթավորումից (օրինակ՝ սուպերմարկետներում)։

Այց սերբական արտադրողի պատասխանատվության կազմակերպություն (ԱՊԿ)

Սերբիայում օրենքով սահմանվել են վերամշակման հստակ նպատակներ, և այդ նպատակներին հասնելու համար ստեղծվել են արտադրողի պատասխանատվության կազմակերպություններ (ԱՊԿ)։ Այս կազմակերպությունները պարտավոր են հետևել օրենքով սահմանված չափանիշներին և ապահովել վերամշակման գործընթացը։

Այլ կերպ ասած՝ ԱՊԿ-ները հանդես են գալիս որպես միջնորդ՝ արտադրողների և վերամշակողների միջև։ Արտադրողներն ու ներմուծողները ԱՊԿ-ներին վճարում են, որպեսզի վերջիններս ապահովեն թափոնների հավաքման, տեսակավորման, փոխադրման, վերամշակման և անգամ իրազեկման գործընթացների անխափան կազմակերպումը։

Սակայն որպեսզի համակարգն արդյունավետ և ազնիվ գործի, անհրաժեշտ է նաև վերահսկողություն։ Դրա համար Սերբիայում ներդրվել են ստուգման և վերահսկման համակարգեր, որոնք օգնում են ապահովել, որ բոլոր կողմերը՝ հատկապես մասնավոր հատվածը, իրականացնեն իրենց պարտավորությունները։

Պիրոտի սանիտարական աղբավայրը, որտեղ տեղադրվում է երկրորդային տեսակավորումից հետո առաջացած մնացորդային աղբը և կառավարվում են աղբաջրերը

 

Հայաստանում ԱԸՊ համակարգի ներդրումը դեռևս օրենսդրական նախագծի փուլում է, թեև գործնականում կա արդեն գործող մեկ ԱՊԿ՝ արտադրողի պատասխանատվության կազմակերպություն։

«Մեր օրենքի հիմքում ևս դրված է ԱՊԿ-ների մոդելը։ Ինչպես Սերբիայում էր, ԱՊԿ-ն ձևավորվել էր ավելի վաղ, քան օրենքն էր ուժի մեջ մտել։ Մեր պարագայում, կարծես թե նույն սցենարով ենք գնում։ Արդեն իսկ պիլոտային գործընթաց ունենք, կամավորության սկզբունքով մի քանի խոշոր արտադրողներ միավորվել և ստեղծել են ԱՊԿ։ Սա հնարավորություն կտա գործնականում տեսնել արդյոք օրենքի նախագիծը իրականում ի վիճակի՞ է կարգավորել ծագող խնդիրները, թե՞ ոչ», – ասում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը։

Նա նշում է, որ եթե Սերբիայում ԱՊԿ-ները պատասխանատու են թափոնների բոլոր հոսքերի (տեսակների) համար, ապա հայաստանյան ԱԸՊ օրենքի նախագծով՝ նախատեսվում է սերբականից մեկ քայլ առաջ անցնել և ստեղծել ԱՊԿ-ներ բոլոր թափոնների մասով, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր ԱՊԿ հոգ կտանի թափոնների առանձին հոսքերի կառավարման համար։

Սերբիայի փորձը ցույց է տալիս, որ թափոնների կառավարման բարեփոխումները պետք է արվեն քայլ առ քայլ՝ հուշում է միջազգային փորձագետն ու հավելում, որ Հայաստանը մեծ քայլեր կարող է անել այն ժամանակ, երբ յուրաքանչյուր ընտանիք իր խոհանոցում կամ աշխատավայրում տեսակավորի իր իսկ գոյացրած աղբը:

Հեղինակ՝ Կարինե Դարբինյան, Երևան–Բելգրադ–Պիրոտ
Լուսանկարները՝ հեղինակի, սերբական կողմի և «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի
Ինֆոգրաֆիկը՝ հեղինակի

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 09/06/2025