Այստեղ ժամանակագրորեն ներկայացնում ենք սեպտեմբերի 27-ի առավոտից մինչև սեպտեմբերի 28-ի օրվա վերջ Ադրբեջանի ռազմական գործողություններն ընդդեմ Արցախի ու դրան զուգահեռ Հայաստանի և Արցախի պաշտոնական տեղեկությունները և ուշադրության արժանի լրահոսը։
07։10
Արցախից ստացվեցին առաջին լուրերը, որ ադրբեջանական զորքերը հարձակման են անցել շփման գծի ամբողջ երկայնքով։
[English and Russian below]Ինչպես նշել է ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը, ադրբեջանական զորքերը ժամը…
Posted by Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն on Saturday, September 26, 2020
08։17
Մեկ ժամ անց մարտակոչ հրապարկեց Արցախի պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը՝ նշելով․
«2016 թ․ մարտական գործողություններից շուրջ չորս տարի անց հակառակորդը կրկին դիմել է զենքի ուժին՝ կարծելով, թե այդ ճանապարհով կարողանալու է հօգուտ իրեն լուծել արցախյան հիմնահարցը: Սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական բանակը հրթիռահրետանային նախապատրաստությունից ու ԱԹՍ հարվածներից հետո հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ: Այս պահին ՊԲ ստորաբաժանումները, հակառակորդին մեծաթիվ կորուստներ պատճառելով, հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը: Այդ ծրագրերը մեզ հայտնի են վաղուց, դրանց էությունը կարելի է արտահայտել մի բառակապակցությամբ՝ հայաթափել Արցախն ու Հայաստան․․․»։
08։25
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց․ «Հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում: Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ: Մարտերը շարունակվում են»:
08։39
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց ունեցավ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ…
Posted by Shushan Stepanyan on Saturday, September 26, 2020
09։03
Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ «Մարտերը շարունակվում են։ Ադրբեջանը տանկերի կորուստներ ունի»։
10։11
Շուշան Ստեփանյանի տվյալներով՝ «ՀՀ ԶՈՒ-ն հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել է հակառակորդի ԱԹՍ»։
10։17
Քաղաքացիական բնակչության շրջանում առաջին զոհերի մասին տեղեկությունը ստացվեց։ «Ադրբեջանական հրետակոծությունների հետևանքով Արցախի քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր ու վիրավորներ: Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ մեկ կին ու մեկ երեխա, կա երկու վիրավոր», – նշել էր Շուշան Ստեփանյանը։
10:17
ՏՏ անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ «Ադրբեջանում արգելափակվել են գրեթե բոլոր սոցիալական մեդիաները. Facebook, Youtube, Whatsapp, TikTok. Անխափան աշխատում է միայն Twitter, քանի որ օգտագործվում է դեպի դուրս քարոզչություն տարածելու համար»։
10։45
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արսեն Թաթոյանը կոչ արեց միջազգային հանրությանը և մարդու իրավունքների միջազգային կազմակերպություններին քայլեր ձեռնարկել և ուղղել իրենց բոլոր ջանքերը կանխելու Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության խաղաղության և անվտանգության դեմ ուղղված այս ռազմական ագրեսիան և բռնությունը:
11։07
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ԱԺ արտահերթ նիստում հատուկ ուղերձ հնչեցրեցրեց՝ նշելով․ «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատերազմի կողմնակից չենք, բայց պատրաստ ենք պատերազմի: Մեզանից ավելի շատ խաղաղություն սիրող ու խաղաղության կողմնակից չկա: Մենք չենք ցանկացել պատերազմ, այս պատերազմը մեզ պարտադրվել է, և պարտավոր ենք պաշտպանել մեր հայրենիքն ու ընտանիքները: Իրավիճակի սրման համար ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունը: Տարածաշրջանում հղի հումանիտար աղետի համար պատասխան է տալու անձամբ Ադրբեջանի նախագահ Ալիևը»։
11։56
Հայտարարվեց Արցախում ուսումնական հաստատությունների անորոշ ժամանակով փակվելու մասին։
Արցախի Հանրապետության Գերագույն Գլխավոր հրամանատար Արայիկ Հարությունյանը հանձնարարեց հայտարարել Արցախում ուսումնական…
Posted by Արթուր Թովմասյան / Artur Tovmasyan on Sunday, September 27, 2020
12:26
ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը հայտնեց․ «Մենք այս պահին ունենք տասնյակ վիրավորներ քաղաքացիական անձանց շրջանում։ Հիմնականում հակառակորդը խփել է հրետանու միջոցով և քաղաքացիական բնակավայրերի վրա։ Ցավոք՝ ունենք նաև 2 զոհ՝ մեկ կին և մեկ երեխա»։
12:36
Նիկոլ Փաշինյանը հայտնեց․«Կառավարության որոշմամբ ՀՀ-ում հայտարարվում է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք: Վարչապետը զորքերին կցագրված անձնակազմերին կոչ արեց ներկայանալ իրենց տարածքային զինկոմիսարիատներ»:
12։40
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը իր ուղերձում ասաց․«Մարտական գործողությունների հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Այս պահին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը վճռական հակահարվածներով կասեցնում է թշնամու առաջխաղացման բոլոր փորձերը՝ թշնամուն պատճառելով ծանր կորուստներ»:
13։00
Արծրուն Հոհաննիսյանն ու ԱՀՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ունեցան ճեպազրույց, որում հայտնեցին․
«Հակառակորդը հասցրել է հրթիռային եւ ավիացիոն հրետանային հարվածներ՝ ՊԲ զորամասերի տարբեր տեղակայման նշանակության օբյետկներին, կան որոշակի ավերածություններ, կորուստներ, դրանք հիմնականում չնչին են»։
«Շենք-շինությունների զգալի ավերածություներ կան Արցախի առանձին փոքր բնակավայրերում, նաեւ Ստեփանակերտում»։
«Մեր հավաքագրած նյութերի համաձայն՝ բացառությամբ մեկ-երկու ամենամեծ հրթիռային միջոցներից՝ Ադրբեջանը կիրառել է բոլոր միջոցները՝ ավիառումբեր, ԱԹՍ-ներ եւ այլն»։
13։13
Արցախում հայտարարվեց ռազմական դրություն և համատարած զորահավաք 18-ից բարձր տարիքային խմբի համար։
13:29
ԱՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը տեղեկացրեց․«Ինձ մոտ եղած տեղեկություններով՝ 10 զոհ ունենք»։
13:31
Պաշտոնական Ստեփանակերտը հերքեց առաջնագծում տեղի ունեցած մարտերի ընթացքում 10 զոհերի մասին տեղեկությունները:
14։17
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածեցին հայտարարություն, որում ասվում է․
«Համանախագահները մտահոգությամբ են դիտարկում ղարաբաղյան հակամարտության գոտում շփման գծի երկայնքով լայնածավալ ռազմական գործողությունների մասին հաղորդագրությունները։ Համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և վերսկսել բանակցությունները ՝ հակամարտության կայուն կարգավորում գտնելու համար: Համանախագահները կողմերին կոչ են անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` տեղերում իրավիճակի կայունացման համար և կրկին հայտարարում են, որ բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»։
14։28
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը թարմացված տեղեկատվություն է հայտնում այն մասին, որ
«Ադրբեջանը հրետակոծել և հարվածային ԱԹՍ-ներով հարվածել է բոլոր խոշոր ու բազմաթիվ փոքր բնակավայրերի (ներառյալ՝ Ստեփանակերտ, Ասկերան, Մարտակերտ, Մարտունի, Հադրութ, Շուշի քաղաքները):
Նախնականորեն քաղաքացիական բնակչության շրջանում առկա է հաստատված 2 զոհ ու տասնյակ վիրավոր: Միայն Ստեփանակերտում 10-ից ավելի վիրավոր կա, ներառյալ՝ երեխաներ ու կանայք: Պաշտպանի ներկայացուցիչները այցելել են Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում ապաքինվող մի խումբ վիրավորների»:
🇦🇲🇬🇧🇷🇺
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մեկնարկել է փաստահավաք…Posted by Արցախի Մարդու իրավունքների պաշտպան / Artsakh Ombudsman on Sunday, September 27, 2020
14:30
Արցախի Հանրապետության Պաշտպանության Նախարարությունը հաղորդում է․ «ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: ՊԲ կորուստները ճշտվում են»:
14:30
Արցախի Հանրապետության Պաշտպանության Նախարարությունը տեղեկացնում է․ «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր ադրբեջանական բանակը գրավել է 6 բնակավայր, իրականությանը չի համապատասխանում»:
14:38
ՀՀ Առողջապահության նախարարությունը արյան անհրաժեշտ պահուստային քանակը լրացնելու նպատակով կամավոր դոնորության կոչ է անում:
15։57
Տիկին Աննա Հակոբյանը հասնում է Ստեփանակերտ։
Ստեփանակերտում եմ։ Եկել եմ արցախցի մեր քույրերի եւ եղբայրների կողքին լինելու։
#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ
Posted by Anna Hakobyan on Sunday, September 27, 2020
16։11
Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս տեսաուղերձով
16։36
Միասնական որոշում է կայացվում «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավ սկսել՝ աջակցելու Արցախում ամուր կանգնած մեր քույրերին ու եղբայրներին։
17։32
Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է․ «Ադրբեջանական բանակը մարտերի ժամանակ օգտագործում է իր զինանոցում եղած բոլոր 300 և ավելի մեծ տրամաչափի ռեակտիվ համազարկի կայանքները՝ Սմերչ, Քասիրգա, Պոլոնեզ և այլն»։
17։33 Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է․ «Հենց նոր մենք խբեցինք ևս մեկ անօդաչու»։
17։37 Գումարվում է ՀՀ ԱԺ հատուկ նիստ [Նիկոլ Փաշինայնի ելույթ տես այստեղ՝ հղում]
18։05
ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը հայտնում է․ «Նախնական տվյալներով հայկական կողմը ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր»։
18։09
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյան․
«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, առաջնահերթ համարելով անվտանգության պահպանումը, խորհրդակցելով տարածքային կառավարման մարմինների հետ` որոշել է, որ սահմանամերձ բնակավայրերի ուսումնական հաստատությունները կանցնեն հեռավար ուսուցման։ Մյուս ուսումնական հաստատություններում կրթական գործընթացը կիրականացվի սահմանված ընթացակարգերով՝ առանց ընդհատումների: Վաղն առաջին դասերը կնվիրվեն ստեղծված պատերազմական իրավիճակին և անվտանգության, այդ թվում՝ տեղեկատվական կանոնները ներկայացնելուն»:
19։41
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց ունեցան․
«Ռուսական կողմը լուրջ մտահոգություն է հայտնել լայնամասշտաբ ռազմական բախումների վերսկսկման առնչությամբ: Նշվել է, որ այժմ կարևոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ հակամարտության հետագա էսկալացիան թույլ չտալու համար, և կարևորը՝ անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները»։
19։44
Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց րոպեներ առաջ նորից խոցված ԱԹՍ-ի մասին։
20։20
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուղերձում ասաց․ «Ադրբեջանն իր այդ գործողություններով միջազգային միջնորդներին և միջազգային հանրությանը անթաքույց ցույց է տալիս, որ չի ցանկանում Արցախի հարցը կարգավորել բանակցությունների միջոցով և նպաստել խաղաղությանն ու կայունությանը տարածաշրջանում, շարունակում է ոտնահարել համամարդկային արժեքները, թիրախավորել քաղաքացիական բնակչությանը, բուժհաստատությունները և հաղորդակցության ուղիները: Մենք հուսով ենք, որ միջազգային հանրության կողմից հրատապ քայլեր կձեռնարկվեն Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմը դադարեցնելու ուղղությամբ: Դա անհրաժեշտ է մարդկային հետագա զոհերից խուսափելու և տարածաշրջանում ստեղծված առանց այն էլ փխրուն իրավիճակն ավելի չապակայունացնելու համար»:
20։59
Սուրեն Սուրումյանը ասուլիսի ժամանակ հայտնեց․ «Այս պահի դրությամբ հակառակորդը ունի 4 ուղղաթիռի, 33 տանկի և ՀՄՄ-ի, 27 ԱԹՍ-ի և 2 ինժեներական զրահատեխնիկայի կորուստ»։
20։59
Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցում հայտնեց․ «Մոտ հարյուր վիրավորներից, որ կրել են հայկական բանակի ստորաբաժանումները, 10 զինծառայող տեղափոխվել է Երևան, ստացել բուժօգնություն, մնացածի վիճակը առավել թեթև է»։
21։23
Շուշան Ստեփանյանը տեղեկացրեց․«Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը, թե իբր ադրբեջանական բանակը վերահսկողության տակ է առել Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղին, իրականությանը չի համապատասխանում»:
22։00
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ստեղծված իրավիճակն ամփոփեց լրագրողների հետ։
22։41
Շուշան Ստեփանյանը հայտնեց․ «ՊԲ ստորաբաժանումների հակագրոհի արդյունքում առգրավվել է հակառակորդի 11 միավոր զրահատեխնիկա իրենց մարտական լրակազմով (սպառազինություն), այդ թվում՝ ՀՄՄ-3»:
23։47
Հայտնի դարձան ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված 16 զինծառայողնեի անունները։
23:57
Սամվել Մարտիրոսյանը տեղեկացրեց․«Արցախում էս պահին կա խնդիր կապի հետ – չեն գործում. կանխավճարային համակարգը, հետվճարայինի շարժական համացանցը և SMS-ը: Պատճառը Ադրբեջանի թիրախավորված գործողություններն են: «Ղարաբաղ Տելեկոմի» և արտադրող ընկերության մասնագետներն աշխատում են խնդիրը կարգավորելու ուղղությամբ»։
00։00
ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը տեղեկացրեց․ «Այսօր ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակավայրերի հրետակոծության հետևանքով մեկ հղի կին էլ է լրջորեն վիրավորվել: Բարեբախտաբար, մեր բժիշկների պրոֆեսիոնալ միջամտության շնորհիվ երեխան էլ է փրկվել, մայրիկն է»: /Երեխան ծնվել է, տղա, անունը՝ Մոնթե/
28․09․2020
00։54
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սիմոնյանը դիմեց հայկական սփյուռքին՝ ասելով․ «Այս պատերազմում ամեն մեկս զինվոր ենք, ամեն մեկս մեծ դեր ունենք, և եկել է այն պահը, երբ յուրաքանչյուրս իր ձևով, իր հնարավորությունների չափով պետք է պաշտպանի մեր ազգն ու հողը: Մեր զինված ուժերը հզոր են և ծանր մարտերում պաշտպանում են մեր հայրենի սահմանները, մեր ժողովրդին: Մենք էլ, համախմբվելով հայրենիքի պաշտպանության գործի շուրջ, պետք է մոտեցնենք հաղթանակի անխուսափելի պահը»:
03։31
ԱՀ քաղաքաշինության նախարարությունը կոչ արեց․ «ԱՀ տարածքում բնակվող 50 տարեկանը լրացած բոլոր էքսկավատավարներին(Экскаваторы), վերամբարձ կռունկավարներին (крановщики), բուլդոզերավարներին (бульдозер) և այլ շինարարական տեխնիկաի տիրապետող անձանց ներկայանալ քաղաքաշինության նախարարություն»:
07։30
Հակառակորդը, մարդկային և զինտեխնիկայի մեծ կորուստներից սարսափած, հարավարևելյան ուղղությամբ կիրառել է ծանր «ՏՕՍ» հրանետ։
08։03
Հրապարակվեց սեպտեմբերի 27-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակվել են ևս 15 զինծառայողների անուններ:
08։13
Արցախի Հանրապետության Պաշտպանության Նախարարությունը հայտնեց, որ
«ՊԲ-ի ստորաբաժանումների ձեռնարկած հակագրոհի արդյունքում հակառակորդին պատճառվել է կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ, իսկ ՊԲ-ն վերականգնել է նախկինում կորցրած մի շարք դիրքեր»:
09։12
Արցախի Հանրապետության Նախագահի կարգադրությամբ պետական մարմինների թիկունքային աշխատանքները ԱՀ պաշտպանության բանակի հետ համադրելու նպատակով ստեղծվեց օպերատիվ շտաբ ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ: Օպերատիվ շտաբում ընդգրկված են գյուղատնտեսության, էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների, տարածքային կառավարման և զարգացման նախարարները, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը:
09։21
Շուշան Ստեփանյանը տեղեկացրեց․ «ՊԲ ստորաբաժանումների կողմից նախկինում կորցրած մի շարք դիրքերի վերականգնման արդյունքում հակառակորդի մի քանի տասնյակ դիակներ գտնվում են հայկական կողմում»։
11։09
Արծրուն Հովհաննիսյանի փոխանցեց․ «Մեզ մոտ այս պահին որեւէ կենդանի զինվորական գերության մեջ չկա, բայց քանի որ կան բազում դիեր, որեւէ բան վերջնականապես հաստատել կամ հերքել չեմ կարող»։
«Ունենք մոտ 200 վիրավոր, 80 վիրավոր զինծառայող տեղափոխվել է Երևանի հոսպիտալներ և քաղաքացիական հիվանդանոցներ: Մեծ մասի վիճակը թեթև է, առաջին բուժ օգնությունից հետո վերադարձել ենք շարք»։
13։37
ՀՀ Ազգային ժողովը հայտարարություն տարածեց Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ․
«Թուրքիայի բացահայտ աջակցությամբ իրականացվող Ադրբեջանի այս արկածախնդրությունը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է, որն անպայմանորեն պետք է արժանանա միջազգային հանրության իրավաքաղաքական գնահատականին:
Մենք պահանջում ենք իրերը իրենց անուններով կոչել. հստակորեն արձանագրել ավտորիտար Ադրբեջանի կողմից ժողովրդավար Արցախի Հանրապետության դեմ իրականացվող ագրեսիան, սահման գծել մարդասիրության և մարդատյացության միջև»։
«ԱԺ-ն միաձայն՝ 118 կողմ ձայներով, ընդունեց 2020թ․ սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը»։
14։25
Հրապարակվեցին սեպտեմբերի 28-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված ևս 28 զինծառայողների անուններ։
14։29
Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց․ «Հրետանու կիրառության խտությունը, կրակի խտությունը աննախադեպ է, երբևէ նման խտության կրակ այս տարածաշրջանում չի եղել: Մեր հրետանավորները ինչպես միշտ փայլում են իրենց գրագիտությամբ»։
16։11
Արցախի Հանրապետության Պաշտպանության Նախարարությունը հայտնեց․ «Մարտագծի հարավ-արևելյան ուղղությամբ հակառակորդը նախաձեռնել է տանկային գրոհ, սակայն, հանդիպելով ՊԲ տանկային ու հակատանկային ստորաբաժանումների համառ դիմադրությանը, ծավալված տանկային մարտում կորցրել է տաս միավոր զրահատեխնիկա»։
16։26
Պաշտպանության բանակը տեղեկացրեց․ «Այսօր ՊԲ կայքում հրապարակված զոհերի մասին տեղեկատվության մեջ տեղի է ունեցել սխալ: Զինծառայող Հարութ Սաղաթելի Գևորգյանը չի զոհվել, նա վիրավորում է ստացել»:
17։04
Արծրուն Հովհաննիսյանը և ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը համատեղ ասուլիսի ընթացքում հայտնեցին․ «Հարավային ուղղությամբ Ադրբեջանի բավականին լայնածավալ հարձակողական գործողություններ հետ են մղվել, և այդ ընթացքում ադրբեջանական ԶՈՒ-ն կորցրել է 10-11 միավոր զրահատեխնիկա՝ հիմնականում տանկեր»։
18։01
Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց․ «Ադրբեջանական տիրույթում խոսում են բարձրաստիճան հայ զինվորականի մահվան մասին: Դա չի համապատասխանում իրականությանը»։
18։24
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին ուղարկեց հատուկ հաղորդում Լեռնային Ղարաբաղում (Արցախում) մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ, որ առաջացել է երեկվանից ադրբեջանական ռազմաօդային և հրետանային, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության նկատմամբ թիրախային ագրեսիվ հարձակումների հետևանքով:
19:37
Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանի փոխանցմամբ․ «Այսօրվա դրությամբ ժամը 17-ի սահմաններում արձանագրվել է հակառակորդի հետեւյալ կորուստները․ շուրջ 36 ԱԹՍ, 47 զրահատեխնիկա, եւ 400-ից ավելի կորուստ։
Դիրքային փոփոխություններ, բնականաբար, եղել են՝ որոշակի դիրքային խորությամբ։ Գիշերվա ընթացքում համառ մարտեր են տեղի ունեցել, որոշ հատվածներում վերականգնվել են։ Օպերատիվ-մարտավարական իրավիճակում ժամ առ ժամ փոփոխություն է տեղի ունենում»։
20։53
Արծրուն Հովհաննիսյանը հաղորդեց․ «Հակառակորդը սկսել է լայնամասշտաբ հարձակողական նոր գործողություն Արաքսի հովտի հատվածում և Մատաղիս-Թալիշ հատվածներում։ Արցախի ՊԲ-ը հաջող դիմակայում է բոլոր հարձակումներին ու գրոհներին և հակառակորդին հասցնում են անձնակազմի և տեխնիկայի զգալի կորուստներ։ Այս պահի դրությամբ ոչնչացված է հակառակորդի 22 միավոր տանկ և 10 միավոր այլ զրահատեխնիկա։ Ոչնչացված է ավելի քան 370 զինվորական։ Ունեն մեծ քանակությամբ վիրավորներ։ Ստացված տեղեկատվության համաձայն վիրավորների միջից ծանր վիրավոր զինվորների քանակը կազմում է 35%»։
22։00
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ճեպազրույցը․«Հարավային ուղղությամբ Կարախամբելի գյուղի հատվածում, տասնյակ տանկեր գալիս են, խփում ենք, նորից գալիս են։ Ինձ թվում է՝ պատճառն այն է, որ երեկ արդեն ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը շտապել է հայտարարել, որ մի շարք գյուղեր Ֆիզուլիի ուղղությամբ իբր գրավել են, բայց այդպիսի բան չի եղել։ Իրենց բացը լրացնելու համար այսօր երևի հաշվարկով ավելի քան 50, եթե ոչ ավելի, տանկ և զրահատեխնիկա են օգտագործել»։
«Ամիսներով պատրաստվել են այս օրվան, որպեսզի նաև փորձեն վնասազերծել մեր կապի ուղղությունները։ Մասնագետներն ասում են՝ դա օրերի խնդիր չէ։ Եվ այն, որ Ադրբեջանի սուտասան, խաբեբա ղեկավարությունը հայտարարում է, թե իբր հայկական կողմը հարձակում է սկսել, և նրանք անցել են հակահարձակման, ընդամենը հերթական անգամ ապացուցում է՝ ում հետ գործ ունենք»։
«Երբ մենք տեղադրում ենք հակառակորդի խոցված տեխնիկան, այդ տեխնիկաները հարձակվողական են․ դրանք տանկեր են, անօդաչուներ են, ուղղաթիռներ են։ Իսկ նրանք տեղադրում են մեր հակաօդային պաշտպանության որոշ տեխնիկաներ, հիմնականում ՝ ՕՍԱ-ներ։ ՕՍԱ-ն հարձակվողական զենք չէ, ՕՍԱ-ով պաշտպանվում են»։
«Տակտիկական առումով որևէ շատ կարևոր դիրք հակառակորդը չի գրավել։ Մենք շատ կարևոր առաջխաղացում չենք ունեցել, բայց վնասազերծել ենք հակառակորդի զինտեխնիկայի բավականին մեծ քանակի ուժեր, և նրանք նաև մարդկային կորուստներ ունեն»։
23։52
Հրապարակվեցին ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված 26 զինծառայողների անունները։
Ժամանակագրությունը կազմեց Արուսյակ Կապուկչյանը
Կարդացեք նաև
- Պատերազմ․ Ադրբեջանի լայնարձակ հարձակումը Արցախի դիրքերի և բնակչության վրա
- Աշխարհազորի նախագիծը՝ տարբեր դիտանկյուններից
- Տավուշը թիրախում․ Հուլիսյան մարտերը հրետանու և անօդաչուների ակտիվ կիրառմամբ
- Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ-ում․ Պատերազմ Արցախում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 30/09/2020