2023 թվականի սեպտեմբեր: Իննամսյա շրջափակման չարչարանքը հաղթահարող Արցախը չգիտեր, որ ապրում էր իր վերջին օրերը: Քսանութ տարի ամեն ամառ Արցախում անցկացրած Զաքար Քեշիշյանն այս անգամ չկարողացավ ժամանել։ Սաները սպասում էին։ Բայց… Հայաթափումից հետո, երբ արցախցիներն արդեն Հայաստանում էին, պարոն Զաքարի հեռախոսը լի էր նամակներով. «Պարոն Զաքար, կարո՞ղ ենք այստեղ՝ Երևանում, հավաքվել ու կրկին երգել»։ Երեսուներեք տարի առաջ՝ 1992 թվականին, երբ նա առաջին անգամ համախմբեց նկուղներում պատսպարված երեխաներին և սկսեց երգել, չգիտեր, որ այդ երգերը կդառնան մի ամբողջ ճանապարհի ուղեկիցը։ Որ «Վարանդան» մի օր լինելու է ժողովրդի դիմադրության և հիշողության խորհրդանիշը։
Սկիզբ
1989-ի ապրիլն էր։ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երրորդ կուրսի ուսանող, սփյուռքահայ երաժիշտ Զաքար Քեշիշյանը մի խումբ ուսանող ընկերների հետ առաջին անգամ տեսավ Արցախը։ Բարբառը մտերիմ էր, տաք ու հարազատ. ծնողները Մուսալեռից են: Այդ հանդիպումը սիրո խոստովանություն էր։
«Ես անմիջապես սիրեցի հայրենիքիս արցախյան հատվածը և ես ինքզինքիս խոստացա անոր ծառայել կյանքով, կամ ամբողջ կյանքիս ընթացքին։ Այն օրերուն, երբ առաջին անգամ ըլլալով կոնսերվատորիայի ուսանողական խումբով համերգներով եկանք Արցախ, Ստեփանակերտի մէջ տպագրվող «Խորհրդային Ղարաբաղ» թերթը, հանձին ինծի, Արսեն Մրո Գրիգորյանին եւ Ռուբեն Կնյազյանին գրեց՝ «առաջին սփյուռքահայերի ոտքը կպավ Արցախի հողին»,- հիշում է նա։

1992-ի մայիսին, Շուշիի ազատագրումից հետո, Քեշիշյանը կրկին Արցախում էր։ Քաղաքը ավերակների մեջ էր։ Երևանից ժամանած ուսանողները զբաղված էին «Արամ Մանուկյան» վարժարանի ստեղծման աշխատանքներով։ Եվ ծնվեց գաղափարը՝ ինչո՞ւ ոչ մանկապատանեկան երգչախումբ։
Այդպես սկսվեց «Վարանդայի» պատմությունը։
Առաջին փորձերն անցկացվում էին նույնիսկ պայթյունների ներքո. «Թշնամիի ինքնաթիռները անընդհատ կուգային ու կը ռմբակոծէին, ես կը վախնայի երեխաներու ապահովության վրայ եւ կը գոռայի՝ իջե՛ք նկուղ, իսկ երեխաները լուսամուտէն կուզէին տեսնել ինքնաթիռը։ Հետո, երբ ինքնաթիռները իրենց սեվ գործը ավարտելէ ետք կանհետանային՝ երեխաները «ձեռ կառնէին» ինծի՝ «պարոն Զաքարը վախում ա»։ Կենցաղային պայմանները շատ դաժան էին, բայց երեխաները փորձերէն չէին բացակայիր: Հասկացա, որ ամուր ժողովուրդ ունինք եւ որ ես այստեղ պետք եմ»:
Ավելի քան երեք տասնամյակ ու մեկ ուխտ
1992-ից ի վեր, ամառվա երկու ամիսը պարոն Զաքարը միշտ Արցախում էր։ «Երգչախումբի մանկական, պատանեկան ու երիտասարդական խումբերուն մէջ 120 սանէ պակաս համերգ երբեք չեմ ունեցած»,- ասում է։
Յուրաքանչյուր տարի նոր երեխաներ էին միանում, իսկ ավագները սիրահարվում ու ընտանիք էին կազմում: «Սերը իմ երգչախմբի թշնամին է,- կատակում է խմբավարը,- բայց կարևորը՝ շատերը կը վերադառնային արդեն իրենց երեխաներուն հետ»։
Ավելի քան հազար երեխա է անցել «Վարանդայի» բեմով։ Երգացանկում՝ ավելի քան 170 երգ՝ ստեղծված հատկապես Շուշիի «Վարանդա» երգչախմբի համար, հարյուրավոր խմբերգեր՝ Կոմիտասից մինչև ժամանակակից հեղինակներ։ Ամեն համերգի վերջում՝ «Երազ իմ երկիր հայրենի»՝ Շուշիի «Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց» եկեղեցու բակում։ Եվ դա աղոթք էր։
«Երբ մեր համերգները Շուշիի պատկերասրահին կամ Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի դահլիճին մէջ էին, մեր երգերը ավելի թևավոր կը դառնային»։
Շուշիում «Վարանդա» երգչախմբի վերջին համերգը նվիրված էր Կոմիտասի, Հովհաննես Թումանյանի և Լևոն Շանթի ծննդյան 150-ամյակներին։
«Դեռ ականջներուս մէջ է վերջին համերգի հնչյունները։ Մենք երգեցինք ուրախութեամբ, որովհետեւ կը հաւատայինք՝ վաղը դարձեալ պիտի երգենք»։
Երգը դարձավ նվիրում
Զաքար Քեշիշյանի համար «Վարանդան» միայն երգչախումբ չէ, այլ մի մեծ ընտանիք։ Խմբավարի կողակիցը՝ բանաստեղծ և դաշնակահար Կամիլա Երկանյան-Քեշիշյանը, ավելի քան տասը տարի նվագակցել է խմբին։ Առաջին տարիներին երգչախմբի բոլոր ծրագրերն իրականացվում էին հոր՝ Տեր Արսեն ավագ քահանա Քեշիշյանի աջակցությամբ։
Բայց 1998-ին, երբ արդեն աշխատում էր կոնսերվատորիայում, ինքն անձամբ սկսեց հոգալ այդ ծախսերը: «Կը հիշեմ, երբ դեռ աշխատանքի չեի սկսած, տարի մը Արցախ երթալու ու համերգը պատրաստելու համար նույնիսկ բանկեն տոկոսով վարկ էի վերցուցած։ Եվ դա համարում էի իմ առաքելությունը», -ասում է Քեշիշյանը:
Ավելի քան երկու տասնամյակ «Վարանդայի» գործունեությունն ապահովվում էր միայն ընտանիքի միջոցներով։ Լիբանանի տնտեսական ճգնաժամի տարիներին օգնության հասան նաև ընկերներն ու բարեկամները։ Վերջին տարիներին նրանց կողքին կանգնեցին Կիլիկիայի թեմի Արևելյան Ամերիկայի առաջնորդարանը և Լուսավորիչ մայր եկեղեցին։

Երբ երգերին փոխարինեց լռությունը
2020-ի սեպտեմբեր։ Զաքար Քեշիշյանը հերթական համերգից հետո վերադարձել էր Լիբանան։ Երկու շաբաթ անց Արցախում սկսվեց պատերազմ։
«Զանգեցի Լյուդվիգ Աբրահամյանին, որու երեք որդիներն ու երեք դուստրերն ալ երգեր էին «Վարանդա» երգչախումբէն։ Ասաց՝ պարոն Զաքար, ի՜նչ լավ ժամանակ ես զանգել, հենց նոր եկեղեցում մոմ վառեցինք, տղաներից երեքի հետ խոսել ենք՝ լավ են»։
Մի քանի օր անց Լյուդվիգի որդիներից Վազգենը չվերադարձավ։
Քեշիշյանի սաներից Գարեգինը, Սարգիսը, Արենն ու Ասրին նույնպես չվերադարձան։
«Սարսափելի էր մտածել, որ այն երեխաները, որոնց մանկությունը գիտես, որոնք մեծցեր են աչքիդ առաջ, որոնց հետ չքնաղ հրաշալի հուշերով ու սիրով կապված ես՝ այևս չկան։ Գտնվիլ հեռու և զգալ քու հարազատ ժողովրդի վիշտը՝ անասելի է»:
Նոյեմբերի 9-ի գիշերը, երբ ստորագրվեց Եռակողմ հայտարարությունը, Զ. Քեշիշյանը հրապարակեց բաց նամակ՝ ուղղված Հայաստանի վարչապետին։ «Պատասխան տուէ՛ք Շուշիէն տարհանուած աւելի քան 500 այժմու թէ նախկին սանիկներուս կորսուած մանկութեան, պատանեկութեան եւ երիտասարդութեան համար, անոնց Շուշիի մէջ կորսնցուցած երջանկութեան ու ժպիտին համար…»:

Հասցեն փոխվեց, բայց երգը շարունակվում է
2021 թվականին Քեշիշյանը նորից վերադարձավ Արցախ։ Մայրաքաղաք Ստեփանակերտը դարձավ Վարանդայի երկրորդ տունը։
«29-րդ տարին սոսկալի ծանր էր ինծի համար։ Գալ Արցախ, անցնիլ Շուշիի կողքով եւ չմտնել Շուշի, չգրկել Շուշին… եւ դեպի Ստեփանակերտ ուղուիլ այն ճամբայեն, ուր ինկան բազմաթիւ նահատակներ»։
Բայց հենց Արցախում լինելը, շփվելը արցախցիների հետ նրան խաղաղեցրեց։ «Եւ կրկին սկսայ աշխատանքը երգչախումբին հետ։ Գտանք նոր բանաձեւ՝ «Երգող Արցախ» ծրագրի ձեւաչափով», – պատմում է Զաքար Քեշիշյանը։
2022 թվականին, երգչախմբի ստեղծման 30-ամյակին, Ստեփանակերտի բեմ բարձրացավ ավելի քան հարյուր երեխա՝ տարբեր սերունդների «վարանդացիներ» [Համերգի հղումն այստեղ])։ «Վաղուա օրվա հաւատքն է զիս այստեղ բերած։ Եթէ դուք ալ այստեղ էք, ուրեմն դուք ալ հաւատքով էք վաղուա օրվան», – ասաց Քեշիշյանը բեմից։
Ավանդույթը շարունակվեց՝ համերգից հետո «Վարանդան» կրկին երգեց «Երազ իմ երկիր հայրենին»։ Այս անգամ, սակայն, ոչ թե Ղազանչեցոցի բակում, այլ Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակում։
Ստեփանակերտի Ազատամարտիկիների պուրակում երգում են «Վարանդայի» սաները երգում են «Երազ իմ երկիր հայրենի» երգը (Տեսանյութը՝ Արտակ Բեգլարյանի էջից)
2023-ի թվականին Արցախը կորցնելուց հետո, Զ. Քեշիշյանը որոշեց Երևանում մեկ հարկի տակ հավաքել երգող արցախցիներին։
Եվ 2024-ի ամառը նա համերգ անցկացրեց Հայաստանում՝ 80 երեխայի հետ։
«Անոնք հայրենազուրկ, տնազուրկ երեխաներ են։ Ամեն ինչ կկարդամ անոնց աչքերուն մեջ․ փոխված են։ Այլևս Արցախի այն ուրախ աչքերով երեխաները չեն, բայց ես վստահ էի, որ անոնք կարող են հաղթահարել կացությունը։ Ու երգեցին»։
2025 թվականի ամռանը պարոն Զաքարը նորից Հայաստանում էր՝ նոր երգացանկով: Համերգները Գյումրիում էին, Մասիսում, Աբովյանում: Բեմ բարձրացավ 70 երեխա: «Ընդամենը 22 փորձից հետո՝ 16 երգ»,-ուրախությամբ ընդգծում է խմբավարը։
Այս տարի «Վարանդային» միացավ նաև Քեշիշյանի որդին՝ Վահագնը։ «Որդիս ալ իր ձայնը խառնեց արցախցի իր տարեկից ընկերներու ձայնին։ Այս փաստը ինծի համար խորհրդանշական էր․ իմ որդին որոշեց մասնիկը դառնալ այն գործին, որ տարիներ առաջ սկսած էի Արցախի մէջ։ Այս ժառանգականություն է»։
Ուսուցանել՝ կամար կառուցելով
Զաքար Քեշիշյանը մեծացել է մանկավարժների ընտանիքում․ հայրն ավելի քան 25 տարի ուսուցիչ էր, ապա ձեռնադրվեց քահանա և ծառայեց 35 տարի։
«Ուսուցանելը ես ժառանգած եմ ուսուցիչ ու քահանա իմ ծնողներէն, բայց երբեք չեմ ցանկացած պարզապես դաս տալ․ ինքզինքս կը նկատեմ «միջնորդ» մը նոր սերունդին ու երաժշտութեան, եւ երաժշտութեան ճամբով՝ ազգային մեր արժէքներուն միջեւ։ Կ՝աշխատիմ կամար կառուցել նաեւ սերունդներու միջև, հատկապես Արցախի ու Լիբանանի», -անկեղծանում է:
Խմբավար, շվիահար, դուդուկահար, երաժշտագետ, «Վարանդա» երգչախմբի հիմնադիր ու գեղարվեստական ղեկավար Զաքար Քեշիշյանն այսօր ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում թեկնածուական ատենախոսություն է պաշտպանում հայ մանկապատանեկան երգչախմբային երաժշտության զարգացման հոլովույթի մասին։ Նա Համազգային հայ կրթական և մշակութային միության կենտրոնական վարչության նախագահն է, դասավանդում է Լիբանանի պետական բարձրագույն կոնսերվատորիայում, «Բարսեղ Կանաչյան» քոլեջում և Հայկազյան համալսարանում։ Նա հիմնադրել է նաև «Կաքավիկ», «Ծիածան», «Այգ», «Կարկաչ» և արաբական «Պեյրութ Չանթս- Էլ Սիստեմա» երգչախմբերը: Ղեկավարել է Մեծի Տանն Կ՝իլիկիո «Շնորհալի» երգչախումբը։ Քեշիշյանն այսօր բնակվում է Լիբանանի Բեյրութ քաղաքում, շարունակում է իր գործը՝ դասավանդելով, ղեկավարելով, ուսումնասիրելով։
– Պարոն Զաքար, ի՞նչ է Արցախը Ձեզ համար:
– Արցախն ինձ համար հայրենիքի մաս է, ինչպես Մուշը, Վանը, Մուսա լեռը։
– Արցախից հետո…
-Տխրութիւն ու թախիծ կը զգամ, որովհետեւ արիւնով ազատագրուածը չկարողացանք պահել։ Ես իմ հոգիին հետ հաշտ եմ սակայն․ գիտեմ, որ իմ բաժին կռիւը իմ զէնքերով առավել կամ նվազ չափով տարած եմ։
– Այսօր…
– Կերգենք, որ մեր մեջ վառ ու թրթռուն մնա մեր Արցախ աշխարհը, որ առօրյան իր դաժան հևքով ու կշռույթով այն չհանե ո՛չ մեր լեզվեն, ո՛չ մեր մտահորիզոնեն, որպեսզի ամրապնդենք արցախյան մեր կյանքի պայծառ հիշատակները, որ չխամրին մեր երազանքները, որ չզիջինք մեր երազանքները հաջորդ սերունդին, այլ ամեն օր գործենք անոնց իրականացմանն ի խնդիր։ Կերգենք, որ մեր երգի տատանումները հասնին Արցախի հողին, ու ան զգա, որ ուր ալ գտնվինք, մեր սիրտերը կտրոփեն իր շնչառության կշռույթով։
– Վաղը…
– Ամէն պարագայի խորապէս կը հաւատամ, որ պէտք է շարունակենք երգել եւ չպէտք է թողունք, որ թշնամին ուրախանայ՝ մեր ձայնը լռեցնելով։ Ես խորապես կհավատամ, որ բարու, արդարության հաղթանակը միայն հեքիաթներու մէջ չէ որ կիրականանա, ԵԹԵ․․․
2025 թվականի ամռանը, Հայաստանի Հանրապետությունում, «Վարանդայի» սաները համերգի ավարտին կրկին երգեցին «Երազ իմ երկիր հայրենի»։ Նրանց ձայները բարձրանում էին երկինք՝ այնտեղ, ուր երևի ապրում է Շուշին։
Երեսուներեք տարի։
Հարյուրավոր երեխաներ։
Բազում երգեր։
Եվ մի ուխտ, որը շարունակվում է ամեն երգի մեջ…
Հեղինակ՝ Անի Մանգասարյան
Ձևավորումը՝ Ամփոփ Մեդիայի
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Զաքար Քեշիշյանի անձնական արխիվից
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 26/10/2025
















