Հայաստանի տնտեսապես ակտիվ բնակչության ավելի քան 17.8%-ը գործազուրկ է: Խոսքը շուրջ 219 հազար քաղաքացիների մասին է: Այլ կերպ ասած` աշխատունակ 11 քաղաքացիներից 2-ը գործազուրկ են: Սրանք 2017թ. պաշտոնական տվյալներն են: Առնվազն վերջին 5 տարիների ընթացքում ԱՊՀ երկրների շարքում Հայաստանն ունեցել է գործազրկության ամենաբարձր մակարդակը: Զբաղվածության խթանման նպատակով հանրապետությունում գործում են մի շարք պետական եւ մասնավոր կենտրոններ, իրականացվում են տասնյակ նախաձեռնություններ, որոնք խնդրի լիարժեք լուծում չեն երաշխավորում:
Թարմացվել է 2018թ. մայիսի 4-ին:
Իրավիճակ
Ըստ Համաշխարհային բանկի եւ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ անկախության 26 տարիների (1991-2016թթ.) ընթացքում Հայաստանում գործազրկության միջին մակարդակը կազմել է 21,7%: Գործազրկության ամենաբարձրը ցուցանիշ եղել է 2001թ.՝ 35,9%, իսկ ամենացածրը 2013թ.՝ 16,2%: Սակայն «Տնտեսական վիճակը Հայաստանում» զեկույցի համաձայն, վերջին տարիներին գործազրկության մակարդակը շարունակաբար աճում է: Զեկույցում նշվում է, որ հանրապետությունում սոցիալ-տնտեսական վիճակից բխող հետևանքներից առաջնայինն արտագաղթն է: 2011-2015թթ. Հայաստանի մշտական բնակչությունն, ըստ պաշտոնական վիճակագրության, պակասել է 22,8 հազարով: Այս ընթացքում ամեն տարի միջինը 40 հազար ՀՀ քաղաքացի հատել է երկրի սահմանը և չի վերադարձել:
կարդացեք նաեւ Միգրացիան Հայաստանում
Զբաղվածության խթանման եւ գործազրկության կրճատման համար կարեւոր նախապայման է տնտեսության զարգացումը, իսկ զբաղվածության մակարդակն ու տնտեսության զարգացումը սերտորեն փոխկապակցված են: Միաժամանակ, որքան բարձր է զբաղվածությունը, այնքան մեծ է եկամտի ծավալը եւ սպառման մակարդակը, հետեւաբար այդքան արագ են տնտեսության զարգացման տեմպերը:
Հայաստանում 2016թ. տնտեսական աճը կազմել է ընդամենը 0,5%՝ նախատեսված 2,2%-ի փոխարեն: 2017թ. դրությամբ զբաղվածների թիվը Հայաստանում կազմել է շուրջ 1 մլն 12 հազար քաղաքացի, ինչը 2016թ. համեմատ աճել է ընդամենը 0.5%-ով:
Զբաղվածության ոլորտում առաջնահերթ խնդիրներից է երիտասարդների գործազրկության բարձր մակարդակը: 2017թ. գործազուրկների 30.3%-ը եղել են երիտասարդներ: «Երիտասարդ սերունդը վտանգի մեջ է» խորագրով զեկույցում նշվում է, որ գործազրկությունը երիտասարդության թիվ մեկ խնդիրն է ողջ աշխարհում: Ըստ զեկույցի, Հայաստանում այս ոլորտի քաղաքականություն մշակողները պետք է մտահոգվեն, որ երիտասարդների 42,3%-ը չօգտագործվող աշխատուժ է, իսկ 16,8%-ը՝ գործազուրկ:
Երիտասարդության շրջանում գործազրկությունն առաջնային խնդիր է նաեւ` ըստ «Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի» կատարած հետազոտության տվյալների: Համաձայն այս ուսումնասիրության՝ երիտասարդների 19%-ն զբաղված է գյուղատնտեսության ոլորտում: Դրան հաջորդում են առեւտուրը եւ սպասարկումը, իսկ ՏՏ ոլորտում երիտասարդների զբաղվածությունն ընդամենը 3% է: Զբաղված է երիտասարդ տղամարդկանց 60%-ը, կանանց՝ 72%-ը: Նույն ուսումնասիրությունը փաստում է նաեւ, որ արդյունաբերության, քիմիական արտադրության ոլորտներում երիտասարդները քիչ են ներգրավված, չնայած այդ ոլորտներում երիտասարդ կադրերի անհրաժեշտություն կա:
Ընդհանրապես, առաջարկի եւ պահանջարկի անհամապատասխանությունը Հայաստանի աշխատաշուկայի հիմնական խնդիրներից է: 2018թ. մարտի դրությամբ մեկ թափուր աշխատատեղի համար հավակնել է 48 մարդ: Հայաստանի աշխատաշուկայում մեծ է մասնավոր հատվածի պահանջարկը: 2017թ. հունվարին ստեղծվել է ընդամենը 14 նոր աշխատատեղ՝ 14-ն էլ մասնավոր ոլորտում: Հիմնականում պահանջվել են արդյունաբերության, սպասարկման եւ առեւտրի ոլորտի աշխատողներ: Աշխատաշուկայի պահանջարկն ու առաջարկը տարբեր է նաեւ կանանց եւ տղամարդկանց դեպքում: Այսպես, կանանց թվաքանակը հատկապես մեծ է կրթության, առողջապահության, բնակչության սոցիալական ապահովության, առեւտրի, մշակող արդյունաբերության, իսկ տղամարդկանցը՝ պետական կառավարման եւ պաշտպանության, առեւտրի, մշակող արդյունաբերության եւ շինարարության ոլորտներում:
Հայաստանում մեծ է նաեւ ոչ ֆորմալ կամ թաքնված զբաղվածության մակարդակը: Ոչ ֆորմալ է համարվում, օրինակ, գյուղատնտեսական զբաղվածությունը, սակայն կարեւոր ցուցանիշ է, թե որքան է կազմում ոչ ֆորմալ զբաղվածության մակարդակը ոչ գյուղատնտեսական ոլորտներում: 2016թ. ոչ ֆորմալ զբաղվածության մակարդակը մյուս ոլորտներում կազմել է 18.1%: Ոչ ֆորմալ զբաղվածություն առաջանում է այն դեպքում, երբ պետությունը չի կարողանում նպաստել բավարար թվով ֆորմալ աշխատատեղերի ստեղծմանը, ուստի աշխատանքի կարիք ունեցող մարդիկ ստիպված են լինում ընտրել ոչ ֆորմալ աշխատանքը: Հենց այստեղ էլ հաճախակի խախտվում են աշխատողների իրավունքները. աշխատողները ստանում են ցածր աշխատավարձ, չեն օգտվում սոցիալական պաշտպանվածությունից, այլ կերպ ասած՝ խախտվում են աշխատանքային օրենսգրքի պահանջները: Քաղաքում աշխատողների 17.5%-ը, իսկ գյուղում աշխատողների 19.9%-ն է ոչ ֆորմալ աշխատանք կատարում:
Պատմական ակնարկ
1990թ. Խորհրդային Միությունում գործազրկության պաշտոնական մակարդակը կազմում էր 1-2%։ Խորհրդային Հայաստանը գործազրկության մակարդակով ամենացածրն էր, մինչդեռ այսօր ԱՊՀ երկրների շարքում Հայաստանի գործազրկության մակարդակն ամենաբարձրն է: Իրավիճակը կտրուկ փոխվեց 1991թ., երբ Հայաստանն անկախացավ՝ փոխելով նաեւ տնտեսության կառուցվածքը։ Գործազրկության մակարդակը հասավ 20%-ի:
Տնտեսության զարգացման վրա ազդեց 1990թ. անցումը շուկայական տնտեսության. փակվեցին տասնյակ արդյունաբերական ընկերություններ, առկա էր բնակչության արտագաղթ:
Զբաղվածության ոլորտի կարգավորման քաղաքականությունը կարեւորվեց 2000թ. սկզբին եւ ուղղված էր զբաղվածության աճին ու գործազրկության կրճատմանը: Սակայն Կառավարության կողմից Զբաղվածության ռազմավարություն մշակվեց միայն 2012թ.: Այդ փաստաթուղթը նախատեսված էր 2013-2018թթ. համար: Իսկ 2014թ. հաստատվեց 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարություն, ըստ որի նպատակ էր դրվում 2025թ. զբաղվածության ցուցանիշը Հայաստանում հասցնել 71%-ի, իսկ գործազրկությունը նվազեցնել մինչեւ 10%:
Այնուամենայնիվ, այսօրվա ցուցանիշներից երեւում է, որ ռազմավարությամբ նախատեսված մակարդակն առայժմ չի հաջողվում ապահովել։ 2016թ. Հայաստանում գործազրկությունը կազմել է շուրջ 18,1%՝ մինչդեռ նախատեսված էր այն նվազեցնել մինչեւ 16,5%: Իսկ զբաղվածության մակարդակը նախատեսված էր հասցնել 58,7%-ի, սակայն այն կազմել է ընդամենը 50%:
Փաստարկ
Հայաստանում զբաղվածության մակարդակի բարձրացման նպատակով գործում են մի շարք պետական կենտրոններ: Դրանք են՝ Զբաղվածության պետական գործակալությունը (ԶՊԳ) եւ նրա 51 տարածքային մարմինները, Երեւանում գործող «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ը, Գյումրիում գործող «Հաշմանդամների աշխատանքային վերականգնման Գյումրու կենտրոն» ՊՈԱԿ-ը:
«Զբաղվածության մասին» օրենքը, որն ընդունվել է 2013թ., նախատեսում է զբաղվածության ոլորտի ամբողջական բարելավում: 2016թ. ընթացքում գործել է զբաղվածության պետական կարգավորման 13 ծրագիր, որոնց նպատակը բացի ԶՊԳ-ում գրանցված աշխատանք փնտրողներին եւ գործազուրկներին աշխատանքով ապահովելը, նաեւ աշխատաշուկան ուսումնասիրելն ու կադրային վերապատրաստումներ կազմակերպելն է:
2016թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ` ԶՊԳ տարածքային կենտրոններում հաշվառվել է շուրջ 96 հազար աշխատանք փնտրող, որոնցից աշխատանքով ապահովվել է ընդամենը 18%-ը կամ մոտ 19 հազար հոգի։ Սակայն նշվածների 45%-ը ստացել է սեզոնային եւ ժամանակավոր աշխատանք: ԶՊԳ-ը 2016թ. կազմակերպել է նաեւ 11 աշխատանքի տոնավաճառ Երեւանում եւ մարզերում։ Աշխատանքի տոնավաճառներ են կազմակերպում նաեւ ոչ պետական կազմակերպությունները: Ներկայումս կա աշխատանքի տեղավորման ոչ պետական 6 գործակալություն:
Փորձագետի կարծիք
Հղումների պահոց
- Զբաղվածության քաղաքականության բարեփոխումները
- Համաշխարհային բանկի զեկույցը ՀՀ-ում ֆինանսատնտեսական քաղաքականության վերաբերյալ
- «Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի» հետազոտություն-վերլուծությունը աշխատաշուկայի պահանջարկի վերաբերյալ
- Զեկույց․ «Տնտեսական վիճակը Հայաստանում. հնարավորություններն ու մարտահրավերները 2017թ․»
- «Մասնագիտական կողմնորոշում մեթոդական կենտրոնի» հետազոտությունները աշխատաշուկայում
Ամփոփեցին Գագիկ Աղբալյանը եւ Աստղիկ Գեւորգյանը
Ինֆոգրաֆիկան` Նարե Հովհաննիսյանի
Պատասխանատու խմբագիր` Սուրեն Դեհերյան
© Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Հրապարակվել է` 27/03/2017