Կիսաշրջանաձև աստիճաններն ուղղորդում են անտիկ ոճով հարդարված սրահ, որի վերջնամասից արագ քայլերով ընդառաջ է գալիս ժպտադեմ մի տիկին։
«Ողջո՜ւյն»,- ասում է հայերեն, իսկ հետո շարունակում անգլերենով, բայց խնդրում, որ իր հետ հայերեն խոսեն՝ միայն թե դանդաղ․ ուզում է սովորել։
Երևանի կենտրոնում գտնվող նորաբաց Soul Kitchen խոհանոցի հիմնադիրն է՝ Քեյթ Ջամբազյանը։ Նա ջերմորեն ընդունում է հյուրերին, խորհուրդ տալիս ուտեստների ընտրության հարցում։
Զգուշացնում է՝ իրենց ճաշացանկում գուցե նշված ուտեստները նորություն չեն հայ այցելուների համար, սակայն դրանք պատրաստվում են ավստրալական համեմունքներով և մատուցմամբ։
Ավստրալիայի քաղաքացի լինելով` Քեյթն ամուսնու և երկու որդիների հետ, 2018 թ-ի հեղափոխությունից ոգեշնչված, այցելում է Հայաստան, հավանում, և կարճ ժամանակ անց ընտանիքը որոշում է տեղափոխվել Հայաստան։
«Յուրաքանչյուրս ունի իր փոքր առաքելությունը հայրենիքի նկատմամբ, ու կարծում էինք, որ ժամանակն էր հայրենադարձվելու, նպաստելու երկրի զարգացմանը, բայց դրան հասնելու ճանապարհը դեռևս հեռու է թվում»,- Քեյթն այսպես է հիմնավորում ընտանիքի՝ Հայաստան գալն ու զուգահեռներ անցկացնում Ավստրալիայի հետ։ Հայաստան տեղափոխվելն ուղեկցվել է մի շարք դժվարություններով՝ Քովիդ-19-ով պայմանավորված սահմանափակումներ, այնուհետև 44-օրյա պատերազմ։
«Կյանքում առաջին անգամ եմ զգացել՝ ինչ է պատերազմը։ Ավստրալիայում բնակվելու ժամանակ բազմաթիվ փորձությունների ենք ենթարկվել, միշտ կարդացել կամ լսել ենք ուրիշ երկրներում բռնկված պատերազմների մասին, բայց երբ պատերազմող երկրի մաս ես կազմում, ամեն ինչ այլ կերպ ես ընկալում»,- ասում է Քեյթը։
Հայաստան տեղափոխվելիս չէին կողմնորոշվում ինչով զբաղվել, ինչպես գումար վաստակել, բայց կար հստակ դրդապատճառ՝ ինչ էլ անեն, պիտի նպաստի երկրի զարգացմանը։ Արդյունքում՝ ստեղծվեց ավստրալական խոհանոցը` Soul Kitchen և ամերիկյան սննդի կետը՝ Americana Diner։
Լսեք Քեյթի ավագ որդի՝ 45-ամյա Հակոբ Աշչյանի(լուսանկարում՝ ձախից) դիտարկումները Հայաստանում բիզնեսի մեծ ներուժի մասին։
Զբոսաշրջությունը, ռեստորանային բիզնեսն ակտիվ զարգացող ուղղություններից են Ավստրալիայում, և արտասահմանյան փորձը հուշում էր՝ նորամուծությունները դրական արձագանք են ստանում։ Տեղական շուկան ուսումնասիրելուց և տեղացիների հետ շփումներից պարզ դարձավ՝ Հայաստանում քիչ են մասնագիտացված ռեստորաններն ու սրճարանները։
«Կար մի շրջան, երբ անընդմեջ ռեստորաններ ու սրճարաններ էինք այցելում՝ հասկանալու սպասարկողների, հաճախորդների մոտեցումները, զրուցում նրանց հետ և առանձնացնում թերություններն ու պահանջները»,- պատմում է Քեյթը։ Հայաստանը զբոսաշրջային ուղղություն է, և ցանկացած զբոսաշրջիկ, նոր երկիր այցելելիս, ուզում է լիարժեք հոգատարություն ստանալ։ Քեյթը նկատում է՝ որոշ վայրերում մատուցում են սնունդն ու սպասում, թե երբ պիտի հաճախորդը հեռանա։
«Սպասարկողները պիտի շփվեն, հաղորդակցության դուրս գան սպառողների հետ․ ապրանքը վաճառելու լավագույն տարբերակն է։ Հայաստանում աշխատակիցները կաշկանդված են, թե՞ ամաչում են, չեմ կարող ասել, բայց սրանք կարևոր կողմնորոշիչներ էին մեր խոհանոցը բացելու ժամանակ»։
Քեյթը նշում է, որ մշակութային, սոցիալ-տնտեսական տարբերությունները շատ են․ դրանք հատկապես անսովոր էին սկզբնական շրջանում։ Նրա կարծիքով՝ այլ երկրների քաղաքացիների համար Հայաստանը որքան էլ հետաքրքիր պատմամշակութային երկիր համարվի, հիմնական բնակություն հաստատելուն նպաստող գործառույթները դանդաղ են իրականացվում, նաև հասարակության վերաբերմունքն է, որոշակի իմաստով, ազդեցություն ունենում։
Քեյթի կրտսեր որդին՝ 35-ամյա Շանթը, նկատում է՝ «սփյուռքահայ» որակումը երբեմն վիրավորական է ու հաճախ շփումներ չհաստատելու պատճառ։
«Մենք խոսում ենք արևմտահայերենով ու երբ փորձում ենք դիմացինին ինչ-որ բան ասել կամ պատասխանել, մեզ լսելու փոխարեն միանգամից հարցնում են՝ «սփյուռքահայ ե՞ք», ու հետո միայն շարունակում։ Երբեմն չեն էլ պատասխանում, ձևացնում են, թե չեն հասկանում»,- ասում է Շանթը՝ ավելացնելով, որ շատ կուզեր պատճառներն իմանալ, բայց չգիտի, թե ինչպես։
Շանթը 11 տարի է, ինչ բասկետբոլի մարզիչ է։ Հայաստան տեղափոխվելուց հետո էլ շարունակում է իր գործունեությունը՝ մարզելով «Արցախ» անունը կրող բասկետբոլային թիմին։
«Արցախը» հոգևոր հանգստություն է բերում։ Թիմում խաղում են արցախցի 18 և բարձր տարիք ունեցող բասկետբոլիստներն ու մի քանի ամերիկացի հրավիրյալ մարզիկներ։ Շանթն ասում է՝ ամեն կերպ փորձում են զարգացնել հայաստանյան բասկետբոլը՝ թե՛ միջազգային փորձը կիրառելով և թե՛ հանդիպումներ կազմակերպելով։ Ամեն դեպքում՝ նա վստահ է, որ այսքանով չեն սահմանափակվելու։
Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան
Լուսանկարները՝ հեղինակի և Աշչյան ընտանիքի արխիվից
Կարդացեք նաև
- Ապերն ու ախպարը. ճանաչո՞ւմ են արդյոք միմյանց Սփյուռքն ու Հայաստանը
- Միավորելով «սարեր շարժող» երիտասարդներին․ ինչպես է ՄԵՄ-ը կարծրատիպեր կոտրում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 25/01/2022