Արհեստական բանականության տվյալների կենտրոնները մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա և ջուր են սպառում՝ նպաստելով բնական ռեսուրսների սպառմանն ու շրջակա միջավայրի աղտոտմանը։ ԱԲ-ի, այսպես կոչված, «մութ» կողմերի մասին նման քննարկումները միջազգային մակարդակում վերջին տարիներին ակտիվացել են։ Հայաստանում, սակայն, այս թեման գրեթե չի քննարկվում։ «Ամփոփ զրույց» փոդքասթի այս էպիզոդում Քրիստիան Գինոսյանը փորձում է հասկանալ՝ արդյո՞ք իրականում ամեն ինչ այդքան վատ է, որքան հաճախ ներկայացվում է հանրային դիսկուրսում։
Սկսենք հիմնականից:
Ի՞նչ է ԱԲ տվյալների կենտրոնը կամ AI data center-ը
Պատկերացրեք մեծ գործարան, որտեղ շարքերով տեղադրված են սերվերներ, տվյալների պահպանման համակարգեր, ցանցային սարքավորումներ, ինչպես նաև էլեկտրական և ջրային ենթակառուցվածքներ՝ այդ ամբողջը աշխատեցնելու և սառեցնելու համար։ Արհեստական բանականության օրեցօր աճող պահանջարկի հետ մեծանում է ոչ միայն տվյալների կենտրոնների քանակը, այլև դրանց չափերն ու հզորությունը, ինչպես նաև սպառվող էլեկտրաէներգիայի ծավալները։ Դա տեխնոլոգիական զարգացման բնական հետևանք է։
Մի շարք ուսումնասիրությունների համաձայն՝ մեկ մեծ լեզվական մոդելի ուսուցման ընթացքում կարող է արտանետվել շուրջ 285 հազար կիլոգրամ ածխաթթու գազ, ինչը հաճախ համեմատվում է Նյու Յորք–Պեկին երթուղով մոտ 125 թռիչքի ածխածնային հետքի հետ։ Սակայն մոդելների ուսուցումը տեղի է ունենում տարվա ընթացքում մի քանի անգամ, մինչդեռ տվյալների կենտրոնների հիմնական ծանրաբեռնվածությունը պայմանավորված է օգտատերերի ամենօրյա շարունակական հարցումներով։
Տարբեր զեկույցներում նշվում է, որ GPT3-ի վաղ՝ 2023 թվականի մոդելները մեկ հարցման դիմաց կարող էին ծախսել մեկ շիշ ջուր, իսկ GPT-4-ը՝ 100 բառանոց տեքստ գեներացնելու համար՝ շուրջ երեք շիշ ջուր: 2024 թ-ին հրապարակված մեկ ուսումնասիրության համաձայն՝ մեծ լեզվական մոդելին ուղղված մեկ հարցման համար անհրաժեշտ է մոտ 2.9 վատտ/ժամ էլեկտրաէներգիա, մինչդեռ որոնողական համակարգում սովորական որոնումը՝ մոտ 0.3 վատտ/ժամ։
Կարևոր է մտապահել, որ նման թվերը հետազոտական կենտրոնները հիմնականում ներկայացնում են որպես մոտավոր գնահատականներ։ ԱԲ-ի սպառած էլեկտրաէներգիան պարբերաբար և համընդհանուր մեթոդաբանությամբ չի չափվում, իսկ տեխնոլոգիական խոշոր ընկերությունները հաճախ ունեն թափանցիկության խնդիր։ Արդյոք կարելի է լիովին վստահել նրանց հրապարակած տվյալներին՝ առանձին հարց է։
Ինչպես նշում է զրուցակիցներից մեկը, այն հարցի պատասխանը, թե այս պահին ո՞րն է ավելի շատ էլեկտրաէներգիա ծախսում՝ չաթբոթին ուղղված մեկ հարցումը, թե որոնողական համակարգում իրականացված որոնումը, կարող է փոխվել ավելի արագ, քան հասցնում են հրապարակվել հետազոտությունները։
Հասկանալու համար, թե ինչ ազդեցություն ունեն կամ կարող են ունենալ ԱԲ տվյալների կենտրոնները շրջակա միջավայրի վրա, այս էպիզոդում զրուցել ենք տարբեր ոլորտների երեք մասնագետների հետ՝
- Հրանտ Խաչատրյանի (YerevaNN),
- Հարություն Ալպետյանի (AUA Acopian Center for the Environment),
- Վրեժ Իսանյանսի (Nexus Research Center)։
Նշենք նաև, որ այս մինի շարքի նախորդ երկու էպիզոդներում անդրադարձել ենք գեներատիվ ԱԲ-ին, մեծ լեզվական մոդելներին, դրանց տվյալների մարզման գործընթացին, ԱԲ կողմնակալությանը, ինչպես նաև ծանոթացել ենք Գերմանիայում իրականացվող «Ավտորիտար ԱԲ» հետազոտությանը։
Մասնագետների հետ զրույցների ամփոփ տարբերակը տես ստորև, իսկ ամբողջական զրույցի համար անցիր հղմամբ։
«ԱԲ-ին դեմ լինելը նույնն է, ինչ ինքնաթիռներին դեմ լինելը»
Հրանտ Խաչատրյան — YerevaNN մեքենայական ուսուցման լաբորատորիայի հիմնադիր տնօրեն
«ԱԲ-ի սպառմանը դեմ լինելը ոնց որ ինքնաթիռներին դեմ լինենք, որովհետև վատ են ազդում շրջակա միջավայրի վրա։ Մարդկանց բարեկեցության բարձրացումը նման արգումենտներով սահմանափակելը, իմ կարծիքով—even եթե լավ մտածված լինի—անհնար է։ Հարցը հակառակն է՝ որտեղի՞ց գտնել մաքուր էներգիա»։
Խաչատրյանի դիրքորոշումը պարզ է․ արհեստական բանականությունը զարգացում է, և այն կանգնեցնել հնարավոր չէ։ Ուստի քննարկումը պետք է տեղափոխել ոչ թե «օգտագործե՞լ, թե՞ ոչ» դաշտ, այլ՝ «ինչպե՞ս ապահովել դրա կայուն էներգետիկ հիմքը»։
🎧 Նրա հետ զրույցը՝ 03:00 րոպեից։
Միջազգային էներգետիկ գործակալության (IEA) գնահատականի համաձայն՝ ԱԲ ինտեգրումից հետո Google-ի որոնումը կարող է ծախսել մինչև 10 անգամ ավելի շատ էլեկտրաէներգիա։
Google-ի 2025 թվականի շրջակա միջավայրի հաշվետվության համաձայն՝ ընկերության ընդհանուր էլեկտրաէներգիայի սպառումը նախորդ տարվա համեմատ աճել է 27%-ով։
Միևնույն ժամանակ, ընկերությունը պնդում է, որ մեկ հարցման համար ծախսվող էներգիան վերջին մեկ տարում նվազել է 33 անգամ, իսկ ընդհանուր ածխածնի հետքը՝ 44 անգամ։
Միջազգային Էներգետիկ գործակալության (IEA) տվյալներով՝
- 2024 թվականին տվյալների կենտրոններին բաժին է ընկել աշխարհի էլեկտրաէներգիայի սպառման մոտ 1.5%-ը կամ 415 ՏՎտժ,
- Ամենամեծ մասնաբաժինը ունեցել է ԱՄՆ-ը (45%), ապա Չինաստանը (25%) և Եվրոպան (15%),
- Մինչև 2030 թվականը սպառումը կարող է հասնել 945 ՏՎտժ-ի, այսինքն՝ ավելի քան կրկնապատկվել:
Խոշոր ԱԲ տվյալների կենտրոնը տարեկան կարող է ծախսել այնքան էլեկտրաէներգիա, որքան 100,000 տունը, իսկ ներկայում կառուցվող որոշ կենտրոններ՝ մինչև 20 անգամ ավելի։
Տարբերությունը, օրինակ, էլեկտրոմոբիլների հետ այն է, որ տվյալների կենտրոնները կենտրոնացված են կոնկրետ վայրերում, ինչը բարդացնում է դրանց ինտեգրումը էներգահամակարգին։
Կան նաև կանխատեսումներ, ըստ որոնց՝ տասնամյակի վերջում ԱՄՆ-ում տվյալների կենտրոնների էլեկտրաէներգիայի սպառումը կարող է գերազանցել ալյումինի, պողպատի, ցեմենտի և այլ էներգատար արտադրությունների միասնական սպառումը։
Թափոններ․ հաջորդ մեծ հարցը
Հարություն Ալպետյան — ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոն
Տվյալների կենտրոնների էներգասպառումից հետո հաջորդ կարևոր թեման թափոններն են։
«Եվրոպական դիրեկտիվով էլեկտրոնային և էլեկտրական սարքավորումները սահմանվում են որպես ցանկացած բան, որը կարելի է միացնել 220 վոլտին կամ որը պահանջում է մարտկոց։ Հենց այդ պատճառով մարտկոցներն իրենք առանձին կարգավորում ունեն»։
🎧 Նրա հետ զրույցը՝ 22:26 րոպեից։
Ալպետյանը զուգահեռներ է տանում տվյալների կենտրոնների պոտենցյալ թափոնների, ֆոտովոլտային վահանակների և էլեկտրամոբիլների մարտկոցների միջև։ Բոլոր դեպքերում գաղափարը դրական է, սակայն առանց վերամշակման ենթակառուցվածքի երկարաժամկետ ազդեցությունը կարող է խնդրահարույց դառնալ։
«Ես նույն մոտեցումն ունեմ, ինչ հանքարդյունաբերությանն ու ածխահանությանը»
Վրեժ Իսանյանս — Nexus Intellect Research
«Ես նույն մոտեցումն ունեմ, ինչ հանքարդյունաբերությանն ու ածխահանությանը։ Տասնամյակներ պահանջվեցին մինչև խոշոր ընկերություններն հասկացան, որ նավթն ու բենզինը վտանգավոր են շրջակա միջավայրի համար։ Նոր տեխնոլոգիաներն էլ ունեն էներգիայի կարիք, և այդ գործընթացը զարգանում է շատ ավելի արագ»։
🎧 Նրա հետ զրույցը՝ 34:48 րոպեից։
Օգտագործողի մակարդակում՝ որքանո՞վ է դա զգալի
MIT Technology Review-ի մոտավոր հաշվարկներով, եթե օգտատերը.
- տա 15 հարց,
- գեներացնի 10 պատկեր,
- ստեղծի 5 վայրկյանանոց տեսանյութ,
ապա կարող է սպառել մոտ 2.9 կՎտժ էլեկտրաէներգիա, որը համարժեք է էլեկտրական մեքենայով մոտ 16 կմ անցնելուն կամ միկրոալիքային վառարանը 3.5 ժամ աշխատեցնելուն։
OpenAI-ի գործադիր տնօրեն Սամ Ալթմանը 2025 թվականի հունիսի 11-ին հրապարակած «The Gentle Singularity» գրառման մեջ նշել է, որ GPT-5-ին ուղղված մեկ հարցման միջին ծախսը կազմում է մոտ 0.34 վատտ/ժամ, իսկ ջրի սպառումը՝ մոտ մեկ թեյի գդալի 1/15-րդը։
ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի գնահատականներից մեկի համաձայն՝ ԱԲ ենթակառուցվածքները շուտով կարող են սպառել մինչև վեց անգամ ավելի շատ ջուր, քան 6 միլիոն բնակչություն ունեցող Դանիան։
ԱԲ-ի օգտագործումը չի դադարելու․ հարցն այն է՝ ո՞վ է այն վերահսկելու
ԱԲ-ի էներգասպառման թեման հաճախ քննարկվում է երկու ծայրահեղությամբ։ Մի կողմը պախարակում է ԱԲ գործիքների կիրառումն ու դրանց օգտատերերին, մյուս կողմը՝ համեմատության համար մատնանշում է շրջակա միջավայրի վրա ավելի մեծ ազդեցություն ունեցող այլ ոլորտներ։
Երկու մոտեցումն էլ շրջանցում են հարցի հիմնական խնդիրը։
Փոդքաստի երեք հյուրերն ունեն տարբեր դիրքորոշումներ, սակայն համաձայն են մեկ հարցում՝ ԱԲ-ի օգտագործումը չի դադարելու և շարունակելու է զարգանալ։ Հարցն այն է, թե ինչպես կառավարել այդ զարգացումը։
Եթե մեկ հարցման ազդեցությունը փոքր է, ապա խնդիրը մասշտաբն է։ Պետություններն ու խոշոր ընկերություններն այսօր աշխատում են ամբողջ ենթակառուցվածքներ ավտոմատացնելու ուղղությամբ՝ ստեղծելով էներգետիկ ապագա, որն ավելի ու ավելի է կախված ԱԲ համակարգերից։
Սա նշանակում է, որ անհրաժեշտ է հետևել զարգացումներին և պատասխանատվության ենթարկել որոշում կայացնողներին։
Եվ վերջում՝ վստահության հարցը
Հայաստանում մենք դեռ չենք կառուցում գիգավատ հզորությամբ տվյալների կենտրոններ, բայց ԱԲ-ն արդեն օգտագործում ենք աշխատանքում, կրթության և բիզնեսի ոլորտներում, պետական համակարգերում։
Մենք դրա ակտիվ սպառողն ենք, ուստի հարցերը միայն գլոբալ մակարդակում չեն։
- Վստահե՞լ տեխնոլոգիական հսկաներին, որոնք խոստանում են «կանաչ» ենթակառուցվածքներ, բայց դրանց վերաբերյալ ամբողջական թափանցիկություն չեն ապահովում։
- Վստահե՞լ կառավարություններին, որոնք խոսում են կարգավորման մասին, բայց հաճախ չեն հասցնում տեխնոլոգիական զարգացման արագությանը։
- Վստահե՞լ շուկային, որը սովորաբար նախընտրում է արագությունն ու շահույթը՝ երկարաժամկետ հաշվարկից ու պատասխանատվությունից առաջ։
Այս հարցերի հստակ պատասխաններն այսօր դեռ չկան։ Սակայն ակնհայտ է մեկ բան․ ԱԲ-ի օգտագործումը չի դադարելու, քանի որ այն արդեն դարձել է ենթակառուցվածքի անբաժան մաս։
Քննարկման իրական առանցքը այն է, թե ով է սահմանելու կանոնները, ով է վերահսկելու համակարգերը և ով է պատասխանատվություն կրելու դրանց ազդեցության համար։
Քանի դեռ այս հարցերը մնում են անպատասխան, «կայուն զարգացում» արտահայտությունը շարունակում է մնալ խոստում, ոչ թե երաշխիք, իսկ այդ տարբերությունը կարևոր է։
Հեղինակ՝ Քրիստիան Գինոսյան
Ինֆոգրաֆիկները՝ Կարինե Դարբինյանի
Գլխավոր նկարը՝ «Ածխի հանք», Ջոզեֆ Փենել, (Longport, 1909թ․)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 09/02/2026












