Սոցիալական Տնտեսություն

Տաքսու վարորդների պարտքերի համաներում․ արդարության վերականգնո՞ւմ, թե՞ վտանգավոր նախադեպ

Դեկտեմբերի 15-ից ուժի մեջ է մտնում օրենք, որով շուրջ 5000 անհատ տաքսու վարորդների կուտակած պարտքերը կհամաներվեն պետության կողմից։

Խոսքը այն վարորդների մասին է, ովքեր 2015-ից մինչև 2019 թվականի հունիսի 29-ը ներառյալ օրինական ուղևորափոխադրումային ծառայություններ են մատուցել, բայց չեն վճարել լիցենզիայի համար նախատեսված պետական տուրքը։

«Պետական տուրքի և պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» օրենքով կզրոյացվեն այդ տարիներին անհատ տաքսու վարորդների չվճարած պետական տուրքերը և դրանց համար հաշվարկված տույժերը։

Օրենքն Ազգային ժողովում ընդունվել է դեկտեմբերի 4-ին՝ 86 կողմ, 8 ձեռնպահ և զրո դեմ ձայների հարաբերակցությամբ։ Նախագիծը ԱԺ էր ներկայացրել կառավարությունը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջոցով։ 

Որքա՞ն գումար է համաներվում

Պետությունը փաստացի հրաժարվում է ավելի քան 1 մլրդ 342 մլն դրամի պահանջից, որից՝ շուրջ 927 մլն դրամը չվճարված պետական տուրքերն են, իսկ 415 մլն դրամը՝ դրանց վրա կուտակված տույժերը։

Նշենք, որ 2015–2019 թվականներին նույն կարգավորման ներքո լիցենզիա ունեցող ընդհանուր 10,950 վարորդ կար, որոնցից շուրջ 5000-ը չեն կատարել պետական տուրքի վճարումները, իսկ մյուսներն ամբողջությամբ կատարել են պարտավորությունները։

Ինչո՞ւ է պետությունը գնում համաներման

Նախարարությունն օրենքի նախագծում մի քանի հիմնավորում է ներկայացնում, որոնք ամփոփ կարելի է ձևակերպել այսպես․

  1. Տուրքը վերացվել էր դեռ 2019-ին

2019 թ․ հունիսի 29-ից մարդատար տաքսիով ուղևորափոխադրումների համար պետական տուրքը հանվել էր, բայց մինչ այդ կուտակված պարտքերը մնացել էին չկարգավորված։

  1. Անհավասար պայմաններ էին ստեղծվել

2019-ին արդեն համաներման էին արժանացել առանց լիցենզիայի աշխատած որոշ վարորդներ, մինչդեռ լիցենզիա ունեցող, բայց տուրքը չվճարած շուրջ 5000 վարորդներ դուրս էին մնացել այդ շրջանակից։ Վարորդների մի մասը հայտնվել էր կատարողական վարույթներում։ Տարիներով ձգձգված վարչարարության հետևանքով որոշ վարորդներ բախվել են դատական ու հարկադիր գործընթացների։

  1. Նպատակը՝ օրինական աշխատանքը խրախուսելն է

2024 թվականի սեպտեմբերից ուժի մեջ մտած նոր կարգավորումներով տաքսի ծառայությունները հիմնականում գործում են առցանց հարթակների միջոցով՝ թափանցիկ վճարումներով և հարկային վերահսկողությամբ։ Կառավարությունը համաներումը դիտարկում է որպես խթան՝ ծառայությունները ստվերային դաշտից ամբողջությամբ օրինական միջավայր տեղափոխելու համար։

  1. Կա նաև սոցիալական հիմնավորում

Կառավարությունը նշում է նաև շահառուների սոցիալական վիճակը թեթևացնելու անհրաժեշտությունը։

Օրենքի ընդունմամբ պետությունը փակված է համարում 2015–2019 թվականներին տաքսիստների կուտակած տուրքերի և տույժերի թեման։ Բայց արդյո՞ք այս որոշումը հավասարապես արդար է բոլոր տաքսիստների համար։

Արդարությո՞ւն, թե՞ վտանգավոր նախադեպ

Օրենքի ընդունումից հետո թե՛ տաքսու վարորդների մի մասը, թե՛ տնտեսագետները հիմնականում երկու հարց են բարձրացնում`

  • արդյոք պետությունը տարիներ շարունակ փորձե՞լ է գանձել տուրքերից ու տույժերից կուտակված պարտքը, որի իրավական հիմքը փաստացի վերացել էր 2019թ․-ի հունիսի 29-ից հետո,
  • արդյոք այս որոշումը արդա՞ր է նրանց նկատմամբ, ովքեր նույն ժամանակահատվածում տուրքերը վճարել են առանց ուշացումների։

Հոկտեմբերի 21-ին, ԱԺ-ում նախագիծը ներկայացնելիս, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը նշել է, որ «ինչ-ինչ պատճառներով» այդ պարտավորությունները շարունակել են մնալ ուժի մեջ։ «Ամփոփ Մեդիան» փորձել է գերատեսչությունից գրավոր հարցմամբ պարզել՝ կոնկրետ ինչ պատճառների մասին է խոսքը, սակայն հստակ և հասցեական պատասխան չի ստացել։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի գնահատմամբ՝ խնդիրը համակարգային է և բնորոշ է վերջին տարիների պետական քաղաքականությանը։

«Գործող իշխանությունները ցույց են տալիս, որ արմատական և խորքային ռեֆորմներ իրականացնելու բավարար կարողություն ու համարձակություն չունեն։ Դրա օրինակներից մեկն էլ եկամուտների հայտարարագրման համակարգն էր, որի ժամկետները չեղարկվեցին։ Երբ կա հանրային ճնշում, իշխանությունները հաճախ գնում են զիջումների»,– ասում է Պարսյանը։

Տնտեսագետը համաներումը կապում է նաև քաղաքական օրացույցի հետ՝ հիշեցնելով, որ մի քանի ամսից Հայաստանում նախատեսված են խորհրդարանական ընտրություններ։ Նրա կարծիքով՝ տաքսիստների միջոցով իշխանությունները փորձում են ձևավորել դրական ֆոն, քանի որ նրանք ամենօրյա շփման մեջ են լայն հանրության հետ, և այդ շփումը կարող է ազդել քաղաքական տրամադրությունների վրա։

«Վատ ազդակ» հարկային կարգապահության տեսանկյունից

Պարսյանի գնահատմամբ՝ նման համաներումները տնտեսապես կարող են վտանգավոր նախադեպ ստեղծել։

«Պարբերաբար նման որոշումները ապախրախուսում են հարկային կարգապահությունը։ Մարդիկ, որոնք տարիներ շարունակ պարտաճանաչ վճարել են, հայտնվում են անհավասար պայմաններում։ Սա վատ ազդակ է հատկապես կարճ ժամանակահատվածների համար, որովհետև կարող է ձևավորվել սպասում, որ ընտրություններից առաջ նորից համաներում կլինի, և կարելի է պարզապես չվճարել»,– նշում է նա։

«Ամփոփ Մեդիայի» ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2015–2019 թվականներին գործող կարգավորմամբ՝ վարորդները պարտավոր էին պետական տուրքը վճարել ամսական, եռամսյակային կամ տարեկան պարբերականությամբ։ Այսինքն՝ պարտավորությունը ոչ միայն իրավական էր, այլ նաև շարունակական և կանխատեսելի։

Կառավարությունն իր հերթին պնդում է, որ խոսքը ոչ թե անհատույց «ներելու», այլ նախկինում ստեղծված անհավասարությունը շտկելու մասին է։ ՏԿԵՆ փոխնախարար Արմեն Սիմոնյանի խոսքով՝ այսօր տաքսի ծառայությունների ոլորտի ավելի քան 90 %-ը գործում է արդեն տեսանելի և վերահսկվող դաշտում, հիմնականում՝ առցանց հարթակների միջոցով։

«Այս համաներումը դիտարկվում է որպես խրախուսում՝ ստվերից դուրս գալու և նոր հարկային կարգավորմանը համապատասխան աշխատելու համար»,– «Ամփոփ Մեդիային» ասում է Սիմոնյանը՝ ընդգծելով, որ խոսքը վերաբերում է այն վարորդներին, որոնք նախկինում առնվազն որոշակի վճարումներ կատարել են։

Թվերը՝ որպես ֆոն

Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2024-ի սեպտեմբերից մինչև 2025-ի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար առցանց հարթակներում ներառված է 60-65 հազար ֆիզիկական անձ, որոնք մատուցում են մարդատար տաքսիով ուղևորափոխադրման ծառայություն։ Նախնական հաշվարկներով, միայն այս հարթակների միջոցով նշված ժամանակահատվածում պետական բյուջե կմուտքագրվի շուրջ 330 մլն դրամ պետական տուրք։

ՏԿԵՆ–ը վստահեցնում է, որ նախկին պարտքեր ունեցող վարորդների բացարձակ մեծամասնությունն այժմ աշխատում է հենց այս հարթակներով՝ յուրաքանչյուր պատվերից վճարելով 1.5–5% պետական տուրք։

Միևնույն ժամանակ, «Ամփոփ Մեդիայի» ստացած տվյալները ցույց են տալիս, որ վարչական տուգանքների վճարման կարգապահությունը շարունակում է խնդիր մնալ ոչ միայն տաքսու վարորդների շրջանում։ 2024 թ․-ին կայացված 937 հազար վարչական որոշումներից շուրջ 31%-ը չի վճարվել և ուղարկվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն։ 2025 թվականի առաջին տասն ամիսներին ևս յուրաքանչյուր հինգերորդ վարչական որոշում մնացել է չվճարված։

Այս ֆոնին տաքսիստների պարտքերի համաներումը դառնում է ոչ միայն սոցիալական կամ վարչական, այլ նաև հարկային արդարության և պետության նկատմամբ վստահության հարց՝ արդյոք պետությունը խրախուսում է կարգապահությո՞ւնը, թե՞ ձևավորում է սպասում, որ ժամանակի ընթացքում պարտքերը պարզապես կզրոյացվեն։

Հեղինակ՝ Անի Օհանյան
Գրաֆիկը՝ Կարինե Դարբինյանի
Գլխավոր պատկերը՝ արհեստական բանականության գործիքով

Նյութը պատրաստվել է «Ամփոփ Մեդիա»-ի կողմից Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի (ՖԷՀ) հետ համագործակցությամբ։ Սույն հրապարակման մեջ արտահայտված մտքերի համար պատասխանատվությունը կրում է հեղինակը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 15/12/2025