Իրավունք Քաղաքական

ԶՈՒ Հոգևոր ծառայության վերակազմակերպում. դեպի նոր կարգավիճակ

Լուսանկարը՝ Վահրամ Բաղդասարյանի, Ֆոտոլուր

Հայաստանի պաշտպանության նախարարության համակարգում գործող հոգևոր ծառայության մոդելը ենթարկվում է արմատական փոփոխությունների։ 2026 թ․-ի փետրվարի 1-ից դադարեցվում է ՀՀ զինված ուժերի Հոգևոր ծառայության առաջնորդի և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու կողմից նշանակված հոգևոր ծառայողների գործունեությունը ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում:

Համաձայն 2026 թ․-ի հունվարի 29-ին նախարար Սուրեն Պապիկյանի ստորագրած հրամանի՝ ուժը կորցրած է ճանաչվում 2000թ․ հուլիսի 19-ի N 728 հրամանը, որով կարգավորվում էր Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորների գործունեությունը բանակում։

Պատմական ակնարկ և ձեռքբերումներ

Հայաստանի զինված ուժերում հոգևոր ծառայության հիմքերը դրվել են 1997 թվականին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա-ի և պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ։

  • Անցած տարիների ընթացքում ավելի քան 300 գնդերեցներ իրենց ծառայությունն են մատուցել ԶՈՒ Հոգևոր առաջնորդությունում և զորամասերում։
  • Զորամասերի տարածքներում կառուցվել են 3 տասնյակից ավելի մատուռներ և աղոթատներ։
  • ՊՆ-ն հոգևոր սպասավորներին տրամադրում էր դրամական փոխհատուցում բնակելի տարածությունների վարձակալության համար։

Ի՞նչ է փոխվում 2026 թվականի փետրվարի 1-ից

Նախարարի նոր հրամանով՝ 2026 թվականի փետրվարի 1-ից դադարեցվում է ՀՀ ԶՈՒ հոգևոր ծառայության առաջնորդի և եկեղեցու կողմից նշանակված սպասավորների գործունեությունը ՊՆ համակարգում։

Փոխարենը ստեղծվում է սպայական նոր ինստիտուտ

Ստեղծվելու են ավագ սպայական «մայոր» (ավագ գնդերեց) և կրտսեր սպայական «կապիտան» (գնդերեց) կոչումային դասակարգմամբ ոչ հրամանատարական պաշտոններ։

Այս պաշտոնները զբաղեցնելու համար անձը պետք է ունենա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր կրթություն։

Հոգևորականները կգործեն ԶՈՒ ԳՇ բարոյահոգեբանական ապահովման վարչության համակարգմամբ և զորամասի հրամանատարի անմիջական ենթակայությամբ։

Այն հոգևորականները, որոնք զորակոչվում են պարտադիր զինվորական ծառայության, ուսումնական ծրագրի ավարտից հետո նույնպես կնշանակվեն գնդերեցի զինվորական պաշտոնների։

Այս փոփոխությամբ հոգևոր ծառայողները փաստացի դառնում են զինվորական սպաներ՝ ամբողջությամբ ինտեգրվելով Զինված ուժերի հաստիքացուցակին և կանոնադրական հարաբերություններին։

Ամփոփ Մեդիա
Լուսանկարը՝ Վահրամ Բաղդասարյանի

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 31/01/2026