Առողջություն Իրավունք

Կանանց լռեցված ցավը․ աբորտի խորը հետքերը և մայրանալու իրավունքի չլսված ճիչը

Նինան պատմում է, որ մի քանի ամսվա ամուսնացած էր, երբ առաջին անգամ հղիացավ։ Ամուսնու ընտանիքում կնոջ խոսքը չէր կարևորվում, իսկ տան մեծերը որոշել էին, որ երեխա ունենալը դեռ շուտ է, քանի որ ֆինանսական բարդություններ ունեին։

«Մոտ երեք ամսվա հղի էի, ընդհատումը տնային պայմաններում կատարվեց։ 19 տարեկան էի։ Ծանր հոգեբանական ապրումներ ունեցա, որ մինչ օրս հետք է թողել կյանքիս վրա», – պատմում է 52–ամյա Նինան (անունը փոխված է)։

Նինայի տարիների խորքից ձգվող պատմությունը, թվում է, սովորական չէ, բայց եզակի էլ չէ։ Հայաստանում բազմաթիվ են կանայք, ովքեր հնազանդորեն ենթարկվել են ամուսինների՝ հղիությունն ընդհատելու պահանջին, սակայն քչերն են ունեցել համարձակություն բարձրաձայնելու խնդիրը։

Շատ պատմություններ չեն էլ բացահայտվում, և, ցավոք, մեր օրերում էլ վիճակագրական տվյալները չեն արտացոլում երկրում առկա իրական պատկերը։

Մինչդեռ ՀՀ Քրեական օրենսգրքի համաձայն՝ հղիության արհեստական ընդհատմանը կամ բժշկական ամլացմանը հարկադրելը շանտաժով, ստիպողաբար՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 3–7 տարի ժամկետով։ Եթե դա իրականացվել է մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից և առաջացրել է ծանր հետևանք (օր.՝ մահ), պատժվում է ազատազրկմամբ՝ 5–10 տարի ժամկետով։

ՀՀ ներքին գործերի նախարարությունից «Ամփոփ Մեդիայի» հարցմանն ի պատասխան տեղեկացրեցին, որ 2020–2025 թթ․ ընթացքում արհեստական ընդհատումներին վերաբերող քրեական օրենսգրքի հոդվածներով գրանցվել է հանցագործությունների 23 դեպք, որից 7-ը կարճվել է, 15-ը՝ ընթացքի մեջ է, և միայն մեկն է ուղարկվել դատարան (տե՛ս գրաֆիկը)։

Ըստ Առողջապահության նախարարության՝ 2024 թ․-ին պաշտոնապես գրանցվել է 9004 արհեստական ընդհատում, սակայն այստեղ ներառված չէ դեղորայքային և վակումային եղանակով իրականացվող արհեստական ընդհատումների թիվը։

2023 թ․-ի համեմատ՝ արհեստական ընդհատումների ցուցանիշն աճել է 0,93 %-ով՝ հիմնականում ինքնաբեր վիժումների և արհեստական թույլատրված ընդհատումների հաշվին։

Այս ցուցանիշները ցույց են տալիս միայն օրենքով թույլատրված սահմաններում և բժշկական հաստատություններում իրականացված արհեստական ընդհատումների թվերը, սակայն քիչ չեն նաև դեպքերը, որոնք իրականացվում են բուժհաստատություններից հեռու, առանց մասնագիտական խորհրդատվության՝ տնային պայմաններում՝ վտանգելով այդ քայլին գնացող կանանց կյանքը։

«Շատ փոքր չէի։ Լավ հիշում եմ, որ մաման դեղեր էր խմել, ու հարևաններն էլ եկել էին։ Մաման վազելով գնաց։ Տեսա, որ արյունահոսում է, ու այդ տեսարանը մտքիցս չի գնում․ ինձ մոտ տրավմա է առաջացրել»։

«Մեր քաղաքում մի կին առանց որևէ մեկի իմացության դեղ էր խմել, առավոտյան արյունահոսած մահացած էր գտել ամուսինը»։

Այս անանուն պատմությունները ներկայացված են բլոգեր Թերեզա Փանչոյանի ինստագրամյան էջում։ Թերեզան արդեն 5 տարի է, ինչ սոցցանցերում բարձրաձայնում է սեռակրթության կարևորության մասին։

«Տնային պայմաններում իրականացվող արհեստական ընդհատումները հիմնականում արվում են դեղորայքի միջոցով, որոնք ձեռք են բերում ծանոթից։ Մարդիկ նաև ունեն ինչ-որ տատական մեթոդներ, թե ինչպես հղիությունն արհեստականորեն ընդհատեն առանց դեղերի և հիվանդանոց գնալու, տարբեր թուրմերի և վաննաների միջոցով», – ասում է Թերեզան։

ՀՀ-ում արհեստական ընդհատում կատարելու համար դեղորայքի ազատ վաճառքը դեղատներում արգելվում է։ Այն միայն տրամադրվում է համապատասխան բժիշկների ցուցումով և դուրս է գրվում էլեկտրոնային տարբերակով։

ՀՀ Առողջապահության նախարարությունից վստահեցնում են, որ նմանատիպ դեղորայք դեղատները վաճառում են միայն դեղատոմսի հիման վրա, առանց որի վաճառքն անօրինական է։

«Վերահսկումն իրականացնում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։ Բայց դժվար է վերահսկելը, քանի որ դեղորայքով ընդհատում իրականացրած կանայք չեն ասելու՝ ինչ խողովակներով են ձեռք բերել դեղերը», – ասում է ՀՀ ԱՆ մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Ռուզան Մարտիրոսյանը։

Ստացվում է՝ ապօրինի դեղամիջոցների շրջանառության նկատմամբ վերահսկողությունը, մեղմ ասած, այնքան էլ արդյունավետ չէ։ Հակառակ դեպքում, կանայք ԽԾԲ–ների միջոցով չէին կարող ձեռք բերել նմանատիպ դեղամիջոցներ։

Պտղաբերության կենտրոնի (Fertility Center of Armenia) գլխավոր բժիշկ Տիգրան Բախշինյանը չի բացառում նաև այլ երկրներից դեղամիջոցների ձեռքբերումը։

«Բնականաբար, այդպիսի դեղեր կարող են այլ երկրներից էլ ձեռք բերել, բայց պետք է գիտակցեն, որ առանց մասնագետի հետ խորհրդակցելու դրանց օգտագործումը վտանգավոր է օրգանիզմի համար», – ասում է Բախշինյանը

Բլոգեր Թերեզա Փանչոյանին նմանատիպ շատ դեպքեր են հայտնի։

«Տնային պայմաններում արհեստական ընդհատումներ կատարելու պատճառով շատ կանայք հասել են արյունահոսության, որից հետո նոր դիմել են շտապօգնության։ Երբեմն ստացվել է փրկել մարդկանց կյանքը, սակայն որոշ դեպքերում՝ արգանդի հեռացման հաշվին», – պատմում է նա։

Ինչ է սահմանված օրենքով

«Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում ամրագրված է, որ յուրաքանչյուր կին մինչև 12 շաբաթականը կարող է կատարել արհեստական ընդհատում իր որոշմամբ։ Մինչև 22 շաբաթական հղիության դեպքում պարտադիր են բժշկական և սոցիալական ցուցումները։ Սոցիալական ցուցումներից են ամուսնալուծությունը, բռնաբարությունը և այլն։

2016 թ․ կատարված փոփոխությունների արդյունքում՝ կանայք կարող են մինչև 8 շաբաթական հղիությունն իրենց ցանկությամբ դեղորայքի միջոցով ընդհատել մանկաբարձագինեկոլոգիական և սպասարկման լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպություններում (օրինակ՝ պոլիկլինիկայում)։ Կինը նաև ստանում է խորհրդատվություն, և նրան տրվում է եռօրյա սպասելաժամանակ։

«Կինը պետք է գնա, մտածի, երեք օր հետո վերադառնա արհեստական ընդհատման համար։ Նպատակն այն է, որ նա հնարավոր է՝ պահի տակ է որոշում կայացրել, բայց երեք օր հետո այդ որոշումը փոխի։ Այդ եռօրյա ժամկետը տրվում է խորհրդատվությունից հետո», – ասում է ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Ռուզան Մարտիրոսյանը։

Կանանց ռեսուրսային կենտրոնի գործադիր տնօրեն Անուշ Պողոսյանը նշում է, որ շատ դեպքերում բժշկական խորհրդատվությունը կողմնակալ է, և որ սպասելաժամանակը հիմնականում չի փոխում կնոջ որոշումը։

«Պարտադիր խորհրդատվությունները գրեթե միշտ կողմնակալ են՝ կնոջն ուղղված մեղադրանքներով։ Հիմնականում, երբ կանայք գնում են աբորտի, նրանց որոշումը վերջնական է։ Այսինքն՝ հենց այնպես չէ, որ վեր են կենում, գյուղից հասնում քաղաք։ Կան շատ միջազգային հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, որ պարտադիր սպասելաօրերը չեն փոխում կնոջ որոշումը», – վստահեցնում է Պողոսյանը։

«Անպտղության տարածվածությունը Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում» ՄԱԿ-ի 2022 թ․ հետազոտությունում նշված է, որ հարցվածների 42%-ը չի ստացել բժշկական խորհրդատվություն։

Իսկ եռօրյա սպասելաժամանակի դեպքում 24.4%-ը փոխել է արհեստական ընդհատում կատարելու վերաբերյալ որոշումը, ինչը վկայում է այն մասին, որ այնքան էլ քիչ չեն կանայք, ովքեր փոխել են արհեստական ընդհատում կատարելու իրենց որոշումը․ սա ևս բխում է կնոջ իրավունքներից։

Հոգեբան Իզաբելլա Ղազարյանը կարծում է, որ եռօրյա սպասելաժամանակն օգնում է, որպեսզի կինը ոչ թե իմպուլսիվ, այլ մտածված որոշում կայացնի։

Ինչ վերաբերում է բժիշկների մեղադրող և կողմնակալ խորհրդատվությանը, ապա դրանք ոչ թե կանխարգելում են աբորտների թիվը, այլ, ընդհակառակը, շատ դեպքերում հանգեցնում են վտանգավոր պայմաններում կամ անօրինական եղանակով արհեստական ընդհատումների ավելացմանը, ինչը ևս հղի է մի շարք բացասական հետևանքներով։

«Եթե մենք խոչընդոտներ ենք ստեղծում օրենքում՝ կանխարգելելու աբորտը, կանայք դրանք իրականացնում են տնային պայմաններում՝ հաճախ վտանգելով իրենց կյանքը։ Բժշկական կողմնակալ խորհրդատվությունն էլ չի կանխում կնոջ որոշումը, այլ նպաստում է, որպեսզի կինը ստիպված այլ ելք գտնի», – ասում է ԿՌԿ գործադիր տնօրեն Անուշ Պողոսյանը։

Բժիշկ Տիգրան Բախշինյանն էլ այն կարծիքին է, որ եթե կինը մտադրվել է դիմել արհեստական ընդհատման, ամեն հնարավոր տարբերակի կդիմի, որպեսզի իրականացնի այն։

«Այսինքն՝ գլոբալ սահմանափակումները չեն տալու էֆեկտ։ Ավելի լավ է դիմեն գրագետ մասնագետի և այդ իրավիճակից նորմալ դուրս գան։ Այդ ժամանակ շանսերը մեծ են, որ հինգ տարի հետո հղիություն պլանավորելու դեպքում, նրա մոտ ամեն բան կստացվի», – պատմում է Անպտղության կենտրոնի գլխավոր բժիշկ Տիգրան Բախշինյանը։

Հոգեբանը ևս կարծում է, որ համոզելը և ավելորդ սահմանափակումները հակառակ էֆեկտ են ունենում․ «Բժիշկը հրաժարվում կամ նախատում է և այլն։ Կինը այս դեպքում ավելի վնասակար ելք կգտնի կամ ոչ պրոֆեսիոնալի կդիմի, ով փողի դիմաց կհամաձայնվի ինչ-որ բան անել, և հետևաբար կտուժի առողջությունը», – կարծում է հոգեբանը։

ՀՀ օրենսդրությամբ ամրագրված է, որ կինն իրավունք ունի ստանալ բժշկական խորհրդատվություն սեռական և վերարտադրողական առողջությանը վերաբերող հարցերի շուրջ՝ մեկուսի և գաղտնի։ Առողջ խորհրդատվությունը միայն կնպաստի հասկանալ և տիրապետել արհեստական ընդհատման հնարավոր հետևանքներին։

«Արդյոք կինը բավարար տեղեկացվա՞ծ է իր մարմնի, առողջության և ռեպրոդուկտիվ հնարավորությունների մասին, որ վստահ ասի՝ ես կարող եմ ինձ թույլ տալ տասն անգամ ընդհատում անել։ Կինը պետք է իմանա բոլոր դրական և բացասական հետևանքների մասին, այնուհետև որոշում կայացնի», – ասում է Իզաբելլա Ղազարյանը։

Ըստ Առողջապահության նախարարության տրամադրած տվյալների՝ 2025թ․ հունվար-հունիս ամիսներին անպտղության հաղթահարման ծրագրի շրջանակներում բուժում է ստացել 4265 շահառու։

ՀՀ առողջապահության նախարարությունը չունի առանձին վիճակագրություն անպտղության պատճառների մասին, սակայն իրականացնում է մի շարք ծրագրեր ծնելիության ցուցանիշը բարձրացնելու համար։

Հղիության ժամանակ արհեստական միջամտությունները ևս կարող են անպտղության պատճառ դառնալ։

ՄԱԿ-ի «Անպտղության տարածվածությունը ՀՀ բնակչության շրջանում» հետազոտության համաձայն՝ հղիության արհեստական ընդհատում կատարած կանանց 54,4%-ից, ովքեր ցանկացել են երեխա ունենալ ընդհատումից հետո, փաստացի երեխա է ունեցել կամ հղիացել 44,2%-ը։ Այսինքն՝ ավելի քան 10,2%-ի մոտ չի ստացվել հղիանալ։

Պտղաբերության կենտրոնի գլխավոր բժիշկ Տիգրան Բախշինյանի խոսքով՝ արհեստական ընդհատումներից առաջացած բարդությունների հետևանքով բուժվողները մեծամասնություն չեն կազմում, բայց նման բուժառուների հոսք անընդհատ առկա է։

«Կենտրոնում արհեստական ընդհատումների հետևանքով բուժվողներն իրենց ստաբիլ տոկոսն ունեն։ Դժվար է ասել՝ աճ կա, թե ոչ, քանի որ ոչ բոլորը անկեղծ կասեն դրա մասին, բայց այն, որ սա իր կշիռն ունի անպտղության մեջ, դա միանշանակ է», – պատմում է նա։

Արհեստական ընդհատումների հետևանքով անպտղության դեմ բուժվող կանայք սովորաբար ունենում են ներարգանդային միջամտության հետևանքով առաջացած խնդիրներ։

«Ընդհատումից հետո խնդիր կարող է առաջանալ արգանդի խոռոչի ներսի վերականգման կամ արգանդափողի հետ կապված։ Լինում են դեպքեր, երբ արգանդափողի ելքը խախտվում է, և արտադրությունը դուրս չի գալիս։ Հիմնականում այս խնդրի ցուցումը վիրահատական է և կարող է ավարտվել արգանդափողի հեռացմամբ», – պատմում է բժիշկը և հավելում, որ հենց այսպիսի հետևանքներն առաջանում են հիմնականում գործիքային միջամտությունից հետո։

«Եթե կնոջ առաջին հղիության ընդհատումն է, միշտ ավելի անկանխատեսելի է հետևանքը, որովհետև անկախ ընդհատման եղանակից, դա արհեստական միջամտություն է օրգանիզմի համար։ Փոփոխվում և խիստ տատանվում է հորմոնալ ֆոնը, որը կարող է ունենալ թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական ազդեցություն։ Հատկապես գործիքային միջամտությունը կարող է լինել շատ տրավմատիկ», – ասում է բժիշկը։

Հոգեբանի խոսքով՝ գործընթացն ինքնին արդեն սթրեսային է։

«Եթե բժշկական միջամտություն կա՝ վիրահատության կամ դեղորայքային եղանակով ընդհատում, միևնույնն է, պրոցեսը շատ ցավոտ է և սթրեսային։ Հետևաբար, եթե մեր օրգանիզմում սթրեսային գործընթաց է տեղի ունենում, բնական է, որ այն կարող է հոգեբանական հետք էլ ունենալ», – ասում է հոգեբան Իզաբելլա Ղազարյանը։

Այս հետևանքները կարող են առաջանալ նաև վտանգավոր պայմաններում՝ արհեստական ընդհատման դիմած կանանց մոտ, ովքեր կարող են մի շարք ոչ ստերիլ գործիքներ օգտագործել՝ վտանգելով իրենց կյանքը և հետագայում երեխա ունենալու հնարավորությունը։

Հայաստանում շատերը չունեն բավարար գիտելիք սեփական սեռական առողջության, հնարավոր հիվանդությունների և առողջ սեռական հարաբերությունների վերաբերյալ, ինչը խոսում է սեռական դաստիարակության պակասի ու սեռակրթության ցածր մակարդակի մասին։

Լայն տարածում չունի նաև հակաբեղմնավորիչների օգտագործումը, ինչն էլ իր հերթին է հանգեցնում ոչ ցանկալի հղիությունների և արհեստական ընդհատումների աճին։

2024 թվականին ծնելիության ցուցանիշը 1000 բնակչի հաշվով կազմել է 11.1, մինչդեռ 2015-ին՝ 13.9։ Այս տվյալներն էլ ակնհայտորեն վկայում են, որ Հայաստանում ծնելիության մակարդակը շարունակաբար նվազում է։

Համաձայն ՄԱԿ-ի «Անպտղության տարածվածությունը ՀՀ բնակչության շրջանում» հետազոտության՝ կին հարցվողների 50%-ը, իսկ տղամարդկանց 54%-ը երբեք չեն օգտագործել ժամանակակից բեղմնականխման միջոցներ։

«Ցավոք սրտի, պետք է նշել, որ սեռակրթության, սեռավարակների, հակաբեղմնավորման մեթոդների վերաբերյալ խիստ մտահոգիչ վիճակագրություն ունենք։ Կանայք ոչ բավարար ինֆորմացիա ունեն հակաբեղմնավորիչների կիրառելիության մասին։ Պահպանակը շատ դեպքերում տղամարդ զուգընկերներն են խուսափում օգտագործել, և այս դեպքում կանայք քիչ տարբերակ ունեն», – ներկայացնում է ԿՌԿ գործադիր տնօրեն Անուշ Պողոսյանը։

Անուշ Պողոսյանի խոսքով՝ հակաբեղմնավորիչներին հասանելիությունը ֆինանսական բարդություններ է ստեղծում կանանց համար, և հաճախ այդ պատճառով էլ չեն օգտագործում։

Բլոգեր Թերեզա Փանչոյանը ևս հիմնական խնդիրը տեսնում է սեռակրթության ցածր մակարդակի մեջ։

«Մոտ 5 տարի վարում եմ բլոգ՝ սեռակրթության մասին։ Այս տարիների ընթացքում հասկացել եմ, որ հղիության ընդհատման հիմնական պատճառն այն է, որ մարդիկ անգամ տեղյակ չեն՝ ոնց են հղիանում, ու մեկ էլ զարմանում են, որ «էդպիսի բան» է եղել, և բնականաբար գնում են հղիության ընդհատման»։

Հայաստանում սեռակրթությանը վերաբերող թեմաները փակ և մութ են մնում նաև դպրոցներում։ Կանայք ունեն ոչ միայն ընդհատում կատարելու, այլև մայրանալու իրավունք։

Հոգեբան Իզաբելլա Ղազարյանի խոսքով՝ ոչ մի ծայրահեղություն ամբողջությամբ ճշմարտություն չէ։ Կինն իր մարմինն իսկապես ճանաչելուց և լավ մտածելուց հետո կարող է որոշում կայացնել։ Իսկ մյուս ծայրահեղությունը, թե մարդասպան է և ներում չունի, բերում է ավելի ծանր հետևանքների։ Ճշմարտությունը միշտ մեջտեղում է։

Նինան, ով 19 տարեկանում իր կամքին հակառակ գնացել էր հղիության արհեստական ընդհատման, բարեբախտաբար, հետագա տարիներին երեխաներ ունեցավ։

«Երբ արդեն ունեի 2 երեխա, կրկին հղիացա։ Էս անգամ էլ բոլորը դեմ էին։ Ամուսինս մինչ երեխայիս լույս աշխարհ գալը չէր խոսում ինձ հետ։ Ես հաղթեցի և ունեցա իմ փոքրիկին, ով ինձ տվեց երկրորդ կյանք», – հուզված և միաժամանակ հաղթական ժպիտով Նինան ամփոփում է իր պատմությունը։

Հեղինակ՝ Մարիա Խաչատրյան
Գրաֆիկները՝ հեղինակի
Գլխավոր պատկերը՝ արհեստական բանականության գործիքով

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 17/09/2025