2017 թ. խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում որպես երկրի գլխավոր ղեկավար համարվելու է երկրի վարչապետը: Սա ամրագրված է Հայաստանի նոր Սահմանադրության մեջ, որն ընդունվեց 2015 թ. դեկտեմբերի 6-ին անցկացված հանրաքվեի արդյունքում: Նոր Սահմանադրությամբ վարչապետի գործառույթները, ինչպես նաև նշանակման կարգն ամբողջությամբ փոխվում են: Եթե մինչ այդ վարչապետը երկրի տնտեսական քաղաքականության պատասխանատուն էր, ապա 2017 թ.-ից այս պաշտոնը զբաղեցնող անձը պատասխանատու է նաև արտաքին քաղաքականությանը և ազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցերի համար:
Այսօր տնտեսական քաղաքականության թիվ մեկ պատասխանատուն Կարեն Կարապետյանն է, սակայն դեռ վաղ է թվերով ներկայացնել տնտեսության դինամիկան նրա կողմից վարվող կառավարության օրոք: Մինչդեռ թվերը ակնհայտ խոսում են 2000 թ.-ից ի վեր Հայաստանի նախորդ 4 վարչապետների կառավարման շրջանի տնտեսական ցուցանիշների մասին։ Ինֆոգրաֆիկաների միջոցով ներկայացվում են Անդրանիկ Մարգարյանի, Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի միասնական 16 տարիների վարչապետության ընթացքում Հայաստանի տնտեսությանը վերաբերող մի շարք կարևոր ցուցանիշների դինամիկան առանձին պատկերներով։
Տնտեսության դինամիկան տարբեր վարչապետների օրոք գնահատելու համար ներկայացվում են համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ), արդյունաբերության, արտահանման և ներմուծման, Հայաստան իրականացվող մասնավոր դրամական փոխանցումների (տրանսֆերտների) դինամիկան։
Նշված ոլորտների դրական և բացասական շարժը ներկայացվում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) 2000 թ.-ից հրապարակված տվյալների հիման վրա: ԱՎԾ-ի մինչ այդ հրապարակած տվյալները կատարվել են այլ մեթոդաբանությամբ, ուստի ներկայացված են այն ժամանակահատվածի վիճակագրական տվյալները, որոնք համադրելի են (հետագայում կփորձենք ստանալ նաև 1991-2000 թթ. տնտեսության դինամիկան՝ առանձին պատկերներով): Հայաստանի կենտրոնական բանկը մասնավոր տրանսֆերտների դինամիկայի վերաբերյալ վիճակագրությունը սկսել է ներկայացնել 2004 թվականից:
Փորձագետի կարծիք
Ամփոփեց Տիրայր Մուրադյանը
Պատասխանատու խմբագիր` Սուրեն Դեհերյան
© Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Հրապարակվել է` 17/10/2016