Միջազգային Քաղաքական

Հայաստանը Թրամփի «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ․ ի՞նչ է սա նշանակում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը՝ միանալու նորաստեղծ «Խաղաղության խորհրդին» (Board of Peace)՝ որպես հիմնադիր անդամ։

Այս որոշումը միջազգային հարթակում նոր դիվանագիտական հնարավորություններ է բացում, սակայն միևնույն ժամանակ հարցեր է առաջացնում Հայաստանի անդամակցության ֆինանսական պայմանների վերաբերյալ։

Ինչպես իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղեկացրել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ Նիկոլ Փաշինյանը «սիրով և պատասխանատվությամբ» է ընդունել հրավերը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության օրակարգին։

Թեև Խորհրդի ստեղծման անմիջական առիթը Գազայի հատվածի հետպատերազմյան վերակառուցումն ու կառավարման հարցերն են, Դոնալդ Թրամփի նպատակները, ըստ դիտարկումների, ավելի խորքային են։ Ըստ էության, խոսքը նորատիպ միջազգային կառույցի մասին է, որը նախագահ Թրամփը մտադիր է ձևավորել որպես ՄԱԿ-ին փոխարինող կամ առնվազն այլընտրանքային գլոբալ հարթակ։

Այս համատեքստում, միանալով Խորհրդին որպես հիմնադիր անդամ, Հայաստանը հայտնվում է մի հարթակում, որտեղ քննարկվելու են ոչ միայն Մերձավոր Արևելքին վերաբերող հարցեր, այլև աշխարհակարգի ձևավորման և փոփոխության նոր կանոններ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համաձայնությունը դիտարկվում է որպես Թրամփի վարչակազմի հետ հարաբերությունները սերտացնելու փորձ, մասնավորապես՝ «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի համատեքստում, որը վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաներին։

Ովքե՞ր են հրավիրվածների ցանկում

Դոնալդ Թրամփի նախաձեռնությունը բավականին լայն ընդգրկում ունի։ Նախագահական վարչակազմը հրավերներ է ուղարկել մոտ 60 երկրների ղեկավարների։

Հրավերներ են ստացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ինչպես նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

1 միլիարդ դոլարի հարցը անհանգստության պատճա՞ռ

Լուրի տարածմանը զուգահեռ քննարկումների առիթ դարձավ անդամակցության վճարի հարցը։ Հեղինակավոր Bloomberg պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Թրամփի վարչակազմը «մշտական տեղ» զբաղեցնելու ցանկություն ունեցող երկրներին առաջարկում է կատարել առնվազն 1 միլիարդ դոլարի ներդրում։

Սակայն, ըստ միջազգային վերլուծաբանների և լրատվամիջոցների պարզաբանումների, կառույցն ունի անդամակցության տարբեր մակարդակներ՝

Մշտական անդամակցություն, որը նախատեսված է խոշոր և հարուստ տերությունների համար, որոնք պատրաստ են զգալի ֆինանսական ներդրումների Գազայի և այլ գոտիների վերականգնման հիմնադրամներում։

Ժամանակավոր անդամակցություն (ռոտացիոն), որը նախատեսված է 3 տարի ժամկետով առանց նմանատիպ աստղաբաշխական վճարների պարտավորության։

Հայաստանի հնարավոր դերը

Հաշվի առնելով Հայաստանի պետական բյուջեի հնարավորությունները և առկա արտաքին պարտքը, որը հասնում է 14 միլիարդ դոլարի՝ ակնհայտ է, որ Երևանը հավանաբար չի դիտարկի մշտական անդամության վճարովի տարբերակը։ Հայաստանի մասնակցությունը, ամենայն հավանականությամբ, կլինի ժամանակավոր կամ որպես «հիմնադիր անդամ»՝ առանց ուղղակի ֆինանսական պարտավորության։

Փորձագետները նկատում են, որ սա ավելի շատ քաղաքական ժեստ է ԱՄՆ-ի կողմից և հնարավորություն Հայաստանի համար՝ ուղիղ երկխոսություն ունենալ Սպիտակ տան հետ տարածաշրջանային հարցերի շուրջ։

Ամփոփ Մեդիա

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 20/01/2026