Հայաստանի խորհրդարանը փակ քվեարկությամբ ընտրեց Սահմանադրական դատարանի (ՍԴ) նոր դատավոր։ Այս ընտրությամբ եզրափակվեց մի գործընթաց, որը սկսվել էր ՍԴ նախկին անդամներից մեկի՝ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցմամբ, և դարձել իրավաքաղաքական բուռն քննարկումների առիթ։
Ո՞վ է ՍԴ նոր դատավորը և ինչպե՞ս ընտրվեց
ՍԴ դատավոր ընտրվեց Վլադիմիր Դավիթի Վարդանյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը։
ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցած 67-ը միաձայն կողմ քվեարկեցին Վարդանյանի օգտին։
Ընտրվելուց օրեր առաջ Վարդանյանը դուրս էր եկել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, որի անդամ էր շուրջ 8 տարի։ Սա սահմանադրական պահանջ է՝ ապահովելու ՍԴ դատավորի քաղաքական չեզոքությունն ու անկախությունը։
Վլադիմիր Վարդանյանի մասնագիտական ուղին և փորձառությունը
Վարդանյանը ծնվել է 1979 թ. Երևանում (47 տարեկան)։ Նա իրավաբանական գիտությունների թեկնածու է և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտ, որտեղ նաև դասախոսում է 2005 թվականից։
Վարդանյանը Սահմանադրական դատարանում աշխատանքի երկարամյա փորձ ունի. 2003-2018 թթ. զբաղեցրել է տարբեր պատասխանատու պաշտոններ՝ իրավախորհրդատվական ծառայության գլխավոր մասնագետից մինչև ՍԴ աշխատակազմի ղեկավար և դատարանի խորհրդական։
Քաղաքական գործունեությունը սկսել է 2018 թ.՝ ընտրվելով ԱԺ 7-րդ, ապա 8-րդ գումարումների պատգամավոր։ 2019 թ-ից նա ղեկավարել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը։
Ո՞վ առաջադրեց թեկնածուին
Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունն առաջադրել է հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Ըստ պաշտոնական պարզաբանման՝ նախագահի աշխատակազմը հանդիպել է մի քանի հավակնորդների հետ, սակայն ընտրությունը կանգ է առել Վարդանյանի վրա՝ հիմնվելով նրա մասնագիտական պատրաստվածության և ՍԴ համակարգի խորքային իմացության վրա։
Ինչո՞ւ է ՍԴ դատավորի տեղը թափուր մնացել
Թափուր տեղն առաջացել է Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցումից հետո։ Թովմասյանը, ով ՍԴ պաշտոնական կայքում արդեն ներառված է նախկին դատավորների ցանկում, զրկվել է պաշտոնից դատական ակտի հիման վրա։
Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Թովմասյանին մեղավոր ճանաչելու դատավճռի դեմ բողոքը, ինչը նշանակում է, որ դեռ 2024-ին կայացված դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ։ Ըստ այդ վճռի՝ նա մեղավոր է ճանաչվել Արդարադատության նախարար եղած տարիներին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Թեև Թովմասյանը չի ազատազրկվի վաղեմության ժամկետն անցնելու պատճառով, մեղադրական դատավճիռն իրավականորեն անհամատեղելի է ՍԴ դատավորի պաշտոնավարման հետ։
Ինչպե՞ս է ձևավորվում Սահմանադրական դատարանի կազմը
ՀՀ Սահմանադրական դատարանը բաղկացած է 9 դատավորից։ Թեկնածուներին հերթականությամբ առաջադրում են՝
- Հանրապետության նախագահը,
- Դատավորների ընդհանուր ժողովը,
- Կառավարությունը։
Այս պահին ՍԴ գործող դատավորների կազմը.
- Նախագահ՝ Արման Դիլանյան
- Էդգար Շաթիրյան
- Արտակ Զեյնալյան
- Դավիթ Խաչատուրյան
- Երվանդ Խունդկարյան
- Հովակիմ Հովակիմյան
- Սեդա Սաֆարյան
- Արթուր Վաղարշյան
- Վլադիմիր Վարդանյան (երդման արարողությունը տեղի կունենա մարտի 26-ին)
Պաշտոնավարման ժամկետները և պայմանները
Ըստ գործող Սահմանադրության՝ ՍԴ դատավորների համար սահմանված են հետևյալ կանոնները՝
- դատավորներն ընտրվում են 12 տարի ժամկետով,
- նույն անձը չի կարող երկրորդ անգամ ընտրվել ՍԴ դատավորի պաշտոնում,
- պաշտոնավարում են մինչև 65 տարին լրանալը։
Ամփոփ Մեդիա
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 25/03/2026









