Այս տարվա երրորդ եռամսյակում՝ հուլիս-սեպտեմբեր ամիսներին, այլ երկրներից բանկային փոխանցումները Հայաստան կազմել են շուրջ 590 մլն դոլար, ինչը մոտ 5%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ամիսներին։
Բանկային փոխանցումներով Հայաստան մտնող գումարները հիմնական երկու աղբյուր ունեն՝ Ռուսաստան և Միացյալ Նահանգներ։ Մյուս բոլոր պետություններից փոխանցումները միասին չեն հասնում այս երկու երկրներից կատարվող փոխանցումներին։ Ամենաշատ փոխանցումներն էլ իրականացվում են Ռուսաստանից՝ այնտեղ արտագնա աշխատանքի մեկնած հայաստանցիների կողմից։
Նախորդ կորոնավիրուսային տարին, սակայն, խնդրահարույց էր նաև այս տեսանկյունից։ Լոքդաուն էր և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանում․ հայաստանցիների զգալի մասն էլ դեռ չէր հասցրել մեկնել արտագնա աշխատանքի։
Հետևաբար, 2020-ի առաջին ամիսները ցույց են տալիս արտերկրից Հայաստան գումարային փոխանցումների դրամատիկ անկում։ Արդեն հունիսից սկսած՝ արձանագրվում է որոշակի ակտիվություն, ինչի պատճառը համընդհանուր լոքդաունից դուրս գալն էր։
Այս ընթացքում որոշակիորեն աճել են նաև Միացյալ Նահանգներից գումարային փոխանցումները։ Սա բացատրվում է նրանով, որ ԱՄՆ-ում բնակվող շատ հայեր նույնպես օգտվել են համաճարակի շրջանում ԱՄՆ կառավարության օժանդակության ծրագրերից, ու կարողացել են իրենց տնտեսած գումարների մի մասն ուղարկել հայրենիք՝ իրենց հարազատներին։
Այնուամենայնիվ, նախորդ տարվա փոխանցումների նվազումն ու ավելացումը հստակ երևում է հատկապես Ռուսաստանի օրինակով։ 2020-ի ապրիլին նկատվում է խիստ նվազում, մայիսին՝ որոշակի կայունացում, իսկ հունիսին՝ վերականգնում։
Կարևոր է հաշվի առնել, որ համաճարակից առաջ Ռուսաստանում աշխատողների մի մասը ստացած աշխատավարձը ոչ թե ուղարկում էր բանկային փոխանցմամբ, այլ կուտակում էր կանխիկ եղանակով և ծանոթի միջոցով հասցնում ընտանիքին կամ վերադառնալիս իր հետ էր բերում։ 2020 թվականին մարդկանց տեղաշարժի սահմանափակումների պայմաններում գումար տեղափոխողները պակասեցին, և այն գումարները, որ մարդիկ ուղարկելու էին ծանոթների միջոցով, ուղարկվեցին բանկային փոխանցումներով, ինչի հաշվին էլ տրանսֆերտների ծավալը որոշակիորեն մեծացավ։
2021 թ-ին կտրուկ անկումն ու աճը վերացել են․ Ռուսաստանում աշխատողների փոխանցումները բնականոն հոսել են դեպի Հայաստան։
Հայաստանի միգրացիոն ծառայությունը հետևում է Հայաստան մուտքերի ու ելքերի վիճակագրությանը, սակայն չունի վիճակագրություն, թե որքան ՀՀ քաղաքացի է մեկնում Ռուսաստան։ Այդպիսի տվյալներ չի հավաքում նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Փոխարենը որոշ տվյալներ ներկայացնում է Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը։ ՌԴ ՆԳՆ վիճակագրության համաձայն՝ տարեկան մի քանի հարյուր հազար ՀՀ քաղաքացի միգրացիոն հաշվառման է կանգնում Ռուսաստանում։ Նրանց շատ փոքր մասն է, որ Ռուսաստան մեկնելիս որպես նպատակ նշում է աշխատելը կամ պաշտոնապես աշխատանքի թույլտվություն է ստանում։
Ռուսաստանում աշխատող հարյուրհազարավոր հայաստանցիների փոխանցումները մեծ նշանակություն ունեն ոչ միայն նրանց ընտանիքների համար, այլև ընդհանուր առմամբ՝ Հայաստանի տնտեսության։ Որոշ տարիների փոխանցումները՝ տրանսֆերտները, կազմել են Հայաստանի տնտեսության՝ համախառն ներքին արդյունքի ավելի քան 20 տոկոսը։
Նախորդ տարի՝ 2020 թվականին, տրանսֆերտները կազմել են Հայաստանի համախառն ներքին արդյունքի 14,6 տոկոսը, ինչը շարունակում է մնալ բավական բարձր ցուցանիշ։
ԵՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր Հայկ Մնացականյանը «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում բացատրում է, որ երկար ժամանակ տրանսֆերտները եկամտի զգալի աղբյուր են եղել, սակայն դա ինքնին լավ չէ։
«Տնտեսության զարգացման առումով՝ այդ երևույթը ցանկալի չէ, որովհետև, ըստ էության, դա խոսում է այն փաստի մասին, որ չկան համապատասխան աշխատատեղեր Հայաստանի Հանրապետությունում, և ստիպված մարդիկ գեներացնում են իրենց եկամուտները դրսում, հավելյալ արժեքը ստեղծում են դրսում, ավելացնում են դրսի ՀՆԱ-ն և ընդամենը մի մասն են ուղարկում Հայաստանի Հանրապետություն», – բացատրում է Մնացականյանը։
Ըստ նրա, տրանսֆերտների աճն ու նվազումն էլ կապված է ընդունող երկրների, այս դեպքում՝ Ռուսաստանի տնտեսության վայրիվերումներով։ Եվ եթե Ռուսաստանում տնտեսությունը վերականգնվում է, վերականգնվում են նաև տրանսֆերտները։ Բայց դա որևէ կերպ չի արտացոլում Հայաստանի տնտեսության պատկերը։
«Թմրադեղի ազդեցություն է տալիս տնտեսության համար։ Թվում է, թե ամեն ինչ լավ է, բայց իրականում հակառակ էֆեկտն է ստացվում», – նշում է Մնացականյանը։
Հեղինակ՝ Գարիկ Հարությունյան
Գծապատկերները՝ հեղինակի
Կարդացեք նաև
- Փխրուն տնտեսական աճ ճգնաժամային 2020-ից մեկ տարի անց
- «Մութ օրեր» Հայաստանի և Արցախի էներգետիկ համակարգերի համար
- Գների աճ բոլոր ապրանքային խմբերում․ ինտերակտիվ գրաֆիկներ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 20/11/2021