Կարմրուկով վարակվելու կտրուկ աճ են ցույց տալիս ՀՀ ՎԿ-ի հրապարակած տվյալները։ Կարմրուկի դեպքեր 2021 և 2022թթ․-ին չեն գրանցվել, սակայն 2023թ․-ին գրանցվել է 554 դեպք, մինչդեռ նախորդ տարիներին վարակման դեպքերի քանակը չի գերազանցել երկու տասնյակը։
Այս անգամ Ամփոփ Մեդիան ուսումնասիրել է վարակիչ հիվանդություններից վեցը, որոնց թվում է նաև կարմրուկը։ 2011-2023թթ․-ի ժամանակահատվածում այս հիվանդության արձանագրված դեպքերը բազմապատկվել են։
9 տարվա (2011-2019թթ.) ընթացքում գրանցել է 85 դեպք, իսկ միայն 2023թ․-ին 554 դեպք։
Կան որոշ տարիներ (օրինակ՝ 2020-2022 թթ․), երբ կարմրուկի դեպքեր չեն գրանցվել, թեև սա կարելի է վերագրել վիճակագրության թերություններին․ ըստ էության՝ վարակման դեպքեր եղել են, սակայն չեն արձանագրվել։
Մյուս վարակային հիվանդությունների դեպքում եթե նույնիսկ աճ կա, ապա այդքան կտրուկ չէ։
Նախորդ երեք տարիներին՝ 2021-2023թթ․-ի չճշտված հարուցիչով թոքաբորբի գրանցված դեպքերը 14,702-ից նվազել են 2 անգամ։
Նույն ժամանակահատվածում Հեպատիտ-Բ վիրուսակրությունը 1,5 անգամ ավելացել է՝ 473-ից հասնելով 721-ի, Հեպատիտ-Ց վիրուսի հանդեպ հակամարմինների առկայությամբ դեպքերը ևս ավելացել են՝ 910-ից հասնելով 1,286-ի։
ՄԻԱՎ-ի գրանցված դեպքերը 2021թ․-ին 410-ից աճել են ու հասել 508-ի, իսկ հետո նվազել են մինչև 486։
Տեսանելի աճ կա ջրծաղիկով վարակման վիճակագրության մեջ։ 2021թ․-ին ջրծաղիկ հիվանդության գրանցված դեպքերը 5,412 էին։ 2022թ․-ին վարակման դեպքերի թիվը 3,5 անգամ աճել է՝ հասնելով 18,795 դեպքի։ 2023-ին նվազում է եղել․ արձանագրվել է վարակման 14,467 դեպք։
Տեքստի և վիզուալ նյութերի հեղինակ՝ Մարիամ Անդրեասյան
Մենթոր՝ Գարիկ Հարությունյան
Այս նյութը պատրաստվել է Ամփոփ Մեդիայի կողմից՝ «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 29/10/2024