Հայաստանի երրորդ Հանրապետությունում ծնված սերնդի ինքնության ձևավորման մեջ կարևոր դեր է ունեցել Արցախյան հաղթանակը։ Այդ գործում ավանդ են ունեցել և՛ դպրոցը` պետական մակարդակով, և ընտանիքը՝ հասարակական մակարդակով:
Այս պատերազմից հետո մեր հասարակությունը հայտնվել է ինքնության ճգնաժամի վտանգի առջև: Հետևաբար, ճգնաժամին անցնցում դիմագրավելու հստակ մեխանիզմներ են անհրաժեշտ։ Դրա համար, նախ կարևորում եմ պատերազմներում պարտությունից հետո վերականգնված և հաջողություններ գրանցած այլ պետությունների փորձի ուսումնասիրությունը։
Օրինակ՝ առաջին համաշխարհային պատերազմից հետո առաջացած ինքնության մասսայական ճգնաժամը հանգեցրեց հասարակության մեջ արմատացած ավանդական արժեքների մերժման: Պատերազմի մասնակիցներն ու ականատեսներն սկսեցին թերահավատորեն վերաբերվել արմատացած նորմերին, որն էլ պատճառ դարձավ պատերազմի։ Այսինքն՝ նախկին արժեհամակարգը դիտարկվեց որպես պատերազմի, ինչպես նաև զոհերի և ավերածությունների պատճառ։
Վերը նշվածին հակառակ՝ Երկրորդ աշխարհամարտը հաղթող պետություններում ընկալվեց որպես պայքար հանուն հայրենիքի/արժեքների և ընդդեմ նացիզմի։ Այս ամենն իմաստ հաղորդեց պատերազմին և արժևորեց զոհերի մահը։
Իսկ, օրինակ, Ճապոնիայում, նախընտրեցին չհիշել անցյալը և կենտրոնանալ նոր հաջողությունների վրա, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ և ընթացքում պատերազմական հանցագործությունների հեղինակ են եղել, իսկ պատերազմի ավարտին՝ պարտված կողմ։
Անձնական մակարդակում պատերազմի մասնակիցները պարտությունը դիտարկում են որպես անձնական ձախողում և ամոթանք։
Գերմանիան պետական մակարդակով չի խուսափում սեփական պատմության հետ առերեսումից։ Բայց առնվազն լեզվամտածողության մեջ որպես պատերազմի մեղավոր հիշատակվում են ոչ թե գերմանացիները, այլ նացիստները (նացիոնալ-սոցիալիստական կուսակցությունը): Սա պատերազմի մասնակիցներին և ցեղասպանություն իրականացրածներին հնարավորություն է տալիս չստանձնել անձնական պատասխանատվություն կատարվածի համար։
Նշված երկու երկրներն էլ պարտությունից հետո մեծ հաջողություններ գրանցեցին։ Սակայն, պետք է նկատել, որ և՛ Գերմանիայում, և՛ Ճապոնիայում մեծ էր ԱՄՆ-ի ազդեցությունը պատերազմից հետո։ Այս հանգամանքը տարածաշրջանային համագործակցության հետ միասին թույլ տվեց գրանցել տնտեսական մեծ հաջողություններ և բնակչության ուշադրությունը կենտրոնացնել դրականի վրա։
Այս փորձը կիրառելի չէ մեր պարագայում այն պատճառով, որ պատերազմում Գերմանիան և Ճապոնիան, իբրև պարտված կողմ, արդար կողմ չէին, ինչի պարագայում պարտության հետ համակերպվելն ավելի հեշտ էր։
Ադրբեջանի օրինակը ևս կարևոր է ուսումնասիրել, քանի որ նրանց համար հայատյացությունը դարձավ ինքնության հիմք և բռնապետական վարչակարգի շուրջ համախմբան գործիք։ Շրջանառության մեջ դրվեց նաև, թե իբր Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմում հայկական կողմի հաղթանակը պայմանավորված էր արտաքին օգնությամբ, այսպիսով փորձ անելով արժեզրկել հայկական կողմի հաղթանակը։
Նման տեխնոլոգիա կիրառվեց նաև այս պատերազմի ժամանակ․ անընդհատ մանիպուլացնելով հայկական կողմին դրսից մեծաքանակ զենքի մատակարարման թեման։ Դրանով գուցե նաև փորձ էր արվում արդարացնել ադրբեջանական կողմի անհաջողություններն ու պատերազմի երկար ընթացքը։
Սակայն այլ ազգի դեմ կառուցված գաղափարախոսությունը ոչ միայն կառուցողական չէ, այլ նաև բնակչության մեջ սպանում է մարդկայնությունը, ինչի ականատեսը եղանք նաև այս պատերազմի ընթացքում։
Դժվար է գտնել պատերազմում պարտված և արագ վերականգնված պետության օրինակ, որը չի համակերպվել պատերազմի արդյունքների հետ։
Սակայն մեզ համար լավ օրինակ կարող է լինել ցեղասպանությունից մազապուրծ եղած, պետականություն չունեցող հայկական սփյուռքը, որը միավորվեց մեկ գաղափարի շուրջ և պարտությունից հետո վերականգնեց ինքնությունը։ Նույնը կարող ենք ասել հրեական սփյուռքի մասին։ Երկու պարագայում էլ հիմնական գաղափարը արդարության վերականգնումը և սեփական հայրենիքին օգնելու ցանկությունն է (նաև պարտականությունը)։ Երկու դեպքում էլ պայքարը ոչ թե ընդդեմ, այլ հանուն է, ինչն ավելի ճիշտ մոտեցում է, քանի որ ապամարդկայնացման գործոն չի պարունակում։
Ամփոփելով վերը նշվածը՝ կարևոր եմ համարում արժեքների վերանայումը և հայրենասիրության նյութականացումը։ Սակայն այս պահին՝ իշխանությունների հանդեպ անվստահության պայմաններում, սա բարդ խնդիր է, քանի որ գաղափարների ներդրումը վերևից անհնար է դառնում։ Այժմ կարևոր է դառնում հասարակական գիտակցությունը և նոր վերնախավի ի հայտ գալը, որը կկարողանա համախմբել ժողովրդին միասնական գաղափարների շուրջ։
Հեղինակ՝ Լուսինե Հարությունյան
Լուսինեն քաղաքագիտության մագիստրոս է:
Կարդացեք նաև
- Տնտեսական իրավիճակը հետպատերազմյան Հայաստանում
- Պարտության արմատները․ Հայ հասարակությանը միֆերով սնելու նուրբ արվեստը
- Հետպատերազմյան կրթության հեռանկարները․ տեսակետ
#տեսակետ #դասերպատերազմից
Նյութերի բովանդակության համար պատասխանատու են միմիայն հեղինակները և պարտադիր չէ, որ այն արտահայտի սույն նախաձեռնության կազմակերպիչների տեսակետները։
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 25/12/2020