Միջազգային Քաղաքական

Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը միացել են Ուկրաինային էներգետիկ աջակցություն ցուցաբերող երկրներին

Հայաստանը, Վրաստանը և ևս 15 երկիր օժանդակում են Ուկրաինայի էներգետիկ համակարգի վերականգնմանը։

Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ ռուսական վերջին զանգվածային հարձակումներից հետո, որոնք լուրջ խնդիրներ են առաջացրել երկրի էլեկտրամատակարարման հարցում, միջազգային հանրությունը շտապ օգնության նոր փուլ է սկսել։ Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգայի փոխանցմամբ՝ արդեն 17 երկիր միացել է էներգետիկ սարքավորումների տրամադրման գործընթացին։

Այս ցանկում ընդգրկված է նաև Հայաստանը։ Երևանը Ուկրաինային է փոխանցել 10 շարժական ինվերտորային գեներատորներ։ Դրանք նախատեսված են առաջնագծին մոտ գտնվող բնակավայրերի մանկապարտեզների, դպրոցների և բժշկական հաստատությունների համար։ Ինվերտորային գեներատորները հատկապես կարևոր են հոսանքի տատանումների պայմաններում զգայուն տեխնիկայի և բժշկական սարքավորումների անխափան աշխատանքն ապահովելու համար։

Վրաստանը նույնպես միացել է աջակցող երկրներին՝ չնայած վերջին շրջանում Թբիլիսիի և Կիևի միջև առկա քաղաքական լարվածությանը և Վրաստանի իշխանությունների զգուշավոր դիրքորոշմանը։ Վրացական կողմը Ուկրաինայի Սումիի մարզին է փոխանցել 9 հզոր արդյունաբերական գեներատորներ՝ ավելի քան կես միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ։

Ադրբեջանը ևս էներգետիկ սարքավորումներ է մատակարարել Ուկրաինային։ Մարդասիրական օգնության վերջին խմբաքանակը ներառում է 11 գեներատոր, 5 տրանսֆորմատոր և 12 ցածր լարման վահանակ։ Բացի այդ, Բաքուն տրամադրել է շուրջ 27 հազար մետր մալուխ և հաղորդալար, որոնք անհրաժեշտ են վնասված էլեկտրացանցերի վերականգնողական աշխատանքների համար։

Այլ երկրների աջակցությունը

Եթե խոշոր տերությունների (Գերմանիա, Ավստրիա, Նորվեգիա, Մեծ Բրիտանիա) ֆինանսական աջակցությունը կանխատեսելի էր, ապա տեխնիկական սարքավորումներ տրամադրող երկրների ցանկն իր աշխարհագրությամբ անսպասելի լայն է։

Իտալիա՝ 80+ արդյունաբերական բոյլերներ՝ ջեռուցման համակարգերի համար։

Բելգիա՝ 22 շարժական կաթսայատուն և հզոր գեներատորներ։

Լիտվա՝ Էլեկտրական բաղադրիչներ և միջոցներ՝ ենթակառուցվածքների վթարային վերականգնման համար։

Եվրամիություն՝ 445 գեներատոր ռեզերվային պահուստներից։

Ուկրաինայի էներգետիկ համակարգի ծանր վիճակը

Ռուսական ուժերը պատերազմի առաջին իսկ օրվանից թիրախավորում են էներգետիկ օբյեկտները, սակայն այս տարեսկիզբից իրավիճակը դարձել է առավել օրհասական։

Կիևում արդեն մեկ շաբաթից ավելի գործում են էլեկտրաէներգիայի արտակարգ անջատումներ։ Ձմեռային ամիսներին ջեռուցման և հոսանքի բացակայությունը սպառնում են վերածվել մարդասիրական աղետի։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը նախապատրաստվել է էներգետիկ ենթակառուցվածքների դեմ նոր զանգվածային հարձակման։

Ամփոփ Մեդիա

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 22/01/2026