1988թ․ երկրաշարժից անցել է 28 տարի, սակայն աղետի գոտու բնակարանաշինության խնդիրը կառավարությունը վերջնականապես չի լուծել: Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում այսօր էլ հարյուրավոր ընտանիքներ բնակվում են կիսախարխուլ կացարաններում, թեեւ իրականացվել են բնակարանաշինական բազմաթիվ ծրագրեր, կառուցվել են կորսված բնակարաններից շատ ավելի բնակարաններ: Արմատացած տնակային ավանները գտնվում են քաղաքի երկրորդական փողոցներում եւ վերածվել են քաղաքի ներսում առանձին համայնքների, որտեղ իշխում է աղքատությունը:
թարմացվել է դեկտեմբերի 7, 2017թ.-ին
Իրավիճակ
Համաձայն Շիրակի մարզպետարանի տրամադրած տվյալների, 1988թ. երկրաշարժից հետո մինչ 2016թ. Գյումրիում բաշխվել է 21,187 բնակարան, մինչդեռ երկրաշարժից հետո քանդվել եւ բնակության համար անպիտան է հայտարարվել 20,612 բնակարան: Այսինքն, այս տարիների ընթացքում բաշխվել է 575 բնակարան ավելի, քան անպիտան հայտարարված բնակարանների թիվն է: Սրան զուգահեռ Գյումրիի բնակչության թիվը 1988թ․ համեմատ կրկնակի նվազել է` 238,000 բնակչից հասնելով 117,700-ի: Անօթեւանների թիվը 28 տարի անց շարունակում է մտահոգիչ մնալ:
Թեեւ անօթեւանների ստույգ թիվը դժվար է ներկայացնել, քանի որ Շիրակի մարզպետարանի, Գյումրու քաղաքապետարանի, ինչպես նաեւ տեղական հասարակական կազմակերպությունների հնչեցրած թվերը խիստ տարբեր են եւ անհամադրելի: Ըստ այդմ՝ մարզպետարանի տվյալներով, անօթեւանի կարգավիճակ ունեցող ընտանիքները 158-ն են: Նշվում է, որ սրանք այն ընտանիքներն են, որոնք վկայող փաստաթղթեր ունեն առ այն, որ 1988թ. երկրաշարժին կորցրել են բնակելի տարածք, բայց մինչ օրս փոխհատուցում չեն ստացել: Մինչդեռ «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը Tert.am-ի հետ զրույցում նշել է, որ Շիրակի մարզում 2017թ. դրությամբ շուրջ 2300 ընտանիք դեռ ապրում է ժամանակավոր կացարաններում` վագոն-տնակներում, կիսախարխուլ շենք-շինություններում կամ հանրակացարաններում, ուր չկա տարրական պայմաններ եւ ջեռուցում: Ըստ նրա, նշված թվի կեսն ուղղակի երկրաշարժի հետևանքով են այդ վիճակում հայտնվել, կեսը ոչ ուղղակի. «կա՛մ մեծ ընտանիք են եղել, կիսվել են, կա՛մ այլ համայնքից են եկել, կա՛մ բնակարանն են վաճառել, մնացել անտուն»,-ասում է Թումասյանը: Իսկ քաղաքապետարանը վստահեցնում է, որ անօթեւանների վերաբերյալ ունի 95 տոկոս ճշգրտությամբ ցուցակ, որում ընդգրկված են 3520 մարդ: «Նրանցից 1038-ը, որոնք ապրում են տնակներում, սակայն չունեն անօթեւանի կարգավիճակ, այսօր դուրս են մնացել բնակարանաշինության ծրագրից: Պետությունը չունի նրանց նկատմամբ պարտավորություն: Սրանք մարդիկ են, ովքեր եկել են այլ վայրերից, գնել են այդ տնակները եւ ապրում են»,- դեռ 2015թ. նշել էր Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Անօթեւան մնացած ընտանիքներից շատերի անդամների թիվը տարիների ընթացքում ավելացել է, եւ նրանց մի մասին հաջողվել է պետությունից ստանալ երկու բնակարան` համաձայն Կառավարության 1999թ. որոշման, որը թույլատրում է 2 բնակարան հանձնել 4 եւ 5-սենյականոց բնակարան կորցրած այն քաղաքացիներին, որոնց ընտանիքները բնակարանի հատկացման պահին բաղկացած են եղել ութ եւ ավելի անդամից: Սակայն կան նաեւ բազմաթիվ օրինակներ, երբ ժամանակին փոխհատուցված բնակարանները տարբեր պատճառներով սեփականատերերը վաճառել են` ընտանիքով կրկին վերադառնալով տնակներ:
Պատմական ակնարկ
1988թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժը, որը խլեց 25,000 մարդու կյանք, 530 հազարը մնացին անօթեւան: Երկրաշարժն ընդգրկեց Հայաստանի տարածքի մոտ 40%-ը՝ 1մլն. բնակչությամբ: Ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմեց 8 բալ եւ ավելի, ընդգրկեց երեք հազար քառ. կմ տարածություն: Տուժեց 21 քաղաք եւ շրջան, 342 գյուղ: Վնասի չափը հատկապես մեծ էր Գյումրիում, որովհետեւ քաղաքն իր ծավալով ամենամեծն էր: Միայն Գյումրու զոհերի թիվը 17 հազար էր: Աղետից ժամեր անց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) կազմում գտնվող Հայաստանին շտապեցին օգնության ձեռք մեկնել աշխարհի տարբեր երկրներից: Հումանիտար օգնություն ստացվեց ավելի քան 113 երկրից: 1989թ․ սկզբին Հայաստանում աշխատում էին խորհրդային այլ հանարպետություններից ժամանած մոտ 40 հազար մասնագետներ եւ զինծառայողներ: Պաշտոնական որոշման համաձայն, վերականգնողական աշխատանքներն ավարտվելու էին երկու տարվա ընթացքում, բայց 1991թ․ փլուզվեց Խորհրդային Միությունը՝ անավարտ թողնելով հազարավոր նախագծեր` այդ թվում նաեւ երկրաշարժի գոտու վերականգնողական աշխատանքները: Արդեն Հայաստանի կառավարությունը 1994թ․ ընդունեց աղետի գոտու վերականգնման նոր ծրագիր, ըստ որի աղետի գոտու բնակավայրերը պետք է վերականգնվեին մինչեւ 2001թ․: 1998թ․ կառավարությունը նոր որոշում ընդունեց, ըստ որի վերականգնումը պետք է ամբողջովին իրականացվեր 1998-2001թթ.: Սակայն այս որոշմամբ Շիրակի մարզի բնակավայրերի վերականգնման աշխատանքների ծավալը երկու անգամ պակասեցվեց: 1999-2002թթ․ Հայաստանի կառավարությունն ընդունեց «Աղետի գոտու վերականգնման եւ զարգացման հայեցակարգը», ապա գործողության մեջ մտավ «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը»: 2001թ․ աղետի գոտու վերականգնման վերջնաժամկետ հայտարարվեց 2003թ․: Վերջնաժամկետը հերթական անգամ խախտելով՝ 2003թ․ որոշվեց վերջնաժամկետը 10 տարով հետաձգել՝ մինչեւ 2013թ.: Ըստ Քաղաքաշինության պետական կոմիտեի, 2008թ-ից մեկնարկած բնակարանաշինության պետական ծրագրի համար Գյումրուն կառավարությունը հատկացրել է 47,1 մլրդ դրամ, իսկ 2005-2016թթ․ բնակարանի գնման վկայագրերի (ԲԳՎ) համար՝ 4,25 մլրդ դրամ:
Փաստարկ
Գյումրիում առաջիկայում պետական բյուջեով բնակարանաշինության ծրագիր նախատեսված չէ: Ըստ կառավարության 2016թ. ծրագրի, անօթեւաններին բնակարանով ապահովելու պետական աջակցության ծրագիրն ավարտվելու է 2017թ․, իսկ Գյումրու 5-ամյա զարգացման պլանում չեն նախատեսվում անօթեւանության հարցի լուծման հստակ քայլեր: Նախատեսվում է անօթեւանի կարգավիճակ ունեցողներին հատկացնել բնակարանի գնման վկայագրեր: Անօթեւաններին օգնելու համար շարունակվում է տարբեր սոցիալական ծրագրերի իրականացումը․ խնայողություններ են արվում նաեւ քաղաքի բյուջեի հաշվին՝ կրճատվում են տարբեր միջոցառումների ու տոների համար նախատեսված գումարները՝ դրանք ուղղելով բնակարան ձեռք բերելուն: 2016թ. սկզբին գյումրեցի լուսանկարիչ Հայկ Բարսեղյանի մեկնարկած «SOS Գյումրի» նախաձեռնության արդյունքում 23 անօթեւան ընտանիքներ ապահովվել են բնակարաններով: Գյումրու նկատմամբ շարունակում են անտարբեր չմնալ նաեւ միջազգային կառույցներն ու անհատները: 2008-2016 թթ. ընթացքում տարբեր սոցիալական եւ բարեգործական ծրագրերի շնորհիվ Գյումրիում բնակարան է ստացել 94 ընտանիք:
Փորձագետի կարծիք
Խնդիրը կարգավորելու համար պետական ծրագրերից զատ հարկավոր է հարկային արտոնություն տալ այն բարեգործական կազմակերպություններին, որոնց նպատակն է բնակարաններով ապահովել անօթեւան ընտանիքներին: Ինչպես օրինակ՝«Գյումրին առանց տնակների» հիմնադրամը, «Շիրակ Կենտրոն» ՀԿ-ը, որոնք բնակարաններ են գնում եւ նվիրում անօթեւան ընտանիքներին: Կառավարությունը, համագործակցելով տեղական, միջազգային եւ սփյուռքի կառույցների հետ, պետք է այս հարցը ներառի իր հիմնական գերակայությունների մեջ եւ մոբիլիզացնի իր բոլոր ջանքերը՝ օր առաջ ազատվելու 30-ամյա այս կնճռոտ հարցից:
Կարեն Պետրոսյան
տնտեսագետ. Գյումրի
Հղումների պահոց
- ՀՀ օրենքը «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիր հաստատելու մասին»
- Արաբական Al-Jazeera հեռուստաընկերության անդրադարձը Գյումրու անօթեւանության խնդրին
- Աղետի գոտի ներդրումներ բերելու եւ անօթեւանների խնդիրը լուծելու համար կառավարությունը պայմաններ պետք է ստեղծի
Ամփոփեց Արմինե Ավետիսյանը
Պատասխանատու խմբագիր` Սուրեն Դեհերյան
© Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Հրապարակվել է` 12/01/2017