Սոցիալական Տնտեսություն

Թափուր աշխատատեղեր և թաքնված գործազրկություն

Հայաստանում 2021թ․-ի սեպտեմբերին եղել է ավելի քան 651 000 վճարվող աշխատատեղ։ Սրա մասին խորհրդարանում քննարկման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Խոսքը, սակայն, ոչ թե աշխատողների, այլ աշխատատեղերի մասին է, քանի որ կան քաղաքացիներ՝ մի քանի կազմակերպությունում են աշխատում։

Վարչապետ Փաշինյանն այս ցուցանիշը ներկայացրել է որպես ռեկորդային։ Նախկինում նույնպես նա ներկայացրել է այսպիսի ցուցանիշներ։ Դրանց համաձայն՝ Հայաստանում աշխատատեղերը շարունակաբար աճում են։

Իսկ արդյո՞ք ավելանում է աշխատողների թիվը։ Այստեղ որոշակի անհամապատասխանություն կա վիճակագրությունների միջև։ Բանն այն է, որ Փաշինյանը ներկայացնում է աշխատատեղերի թիվը, իսկ Վիճակագրական կոմիտեն՝ աշխատողներինը, որի համաձայն՝ աշխատողների թիվն ամենաբարձրը եղել է հենց սեպտեմբերին, բայց որևէ արտառոց աճ չի եղել․ ամեն ամիս աշխատողների թիվը բնականոն կերպով աճել ու հասել է սեպտեմբերյան բարձր ցուցանիշին։

Այստեղ, սակայն, շատ հետաքրքիր է աշխատաշուկայի բաշխումը։ Հայաստանում աշխատատեղերի համարյա կեսը բաժին է ընկնում երեք ոլորտների՝ մանրածախ և մեծածախ առևտուր (այդ թվում՝ մեքենաների նորոգման ծառայություններ), մշակող արդյունաբերություն և կրթություն։

Ընդ որում, այդ ոլորտներում, ինչպես նախկինում արդեն անդրադարձել ենք, ամենացածր աշխատավարձերն են Հայաստանում։ Հատկապես խոսքը վերաբերում է կրթության ոլորտում աշխատողների աշխատավարձերին։

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, որտեղ ամենաբարձր աշխատավարձերն են, և որի ուղղությամբ այսքան մեծ ուշադրություն կա, սեպտեմբերին ունեցել է ընդամենը 22 000 աշխատող։ Ոլորտը, սակայն, կայուն աճում է աշխատողների թվի տեսանկյունից։ Ավելին, այն պատրաստ է «կլանել» ավելի մեծ թվով մասնագետների, եթե այդպիսիք լինեն։

Edu2Work.am հարթակը հավաքում և մշակում է աշխատանքի ազատ հաստիքների հայտարարությունների տեղադրման հայկական 10 հարթակների հայտարարությունները։ Այս ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ամենապահանջված մասնագիտությունները ՏՏ և հարակից ոլորտներում են։

Կայքի մշակումն իրականացրած Հայաստանի ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնի կրթության և զարգացման թիմի ղեկավար Անժելա Մովսիսյանը պարզաբանում է, որ համակարգը ավտոմատացված է, մշակում և ներկայացնում է աշխատանքի հայտարարությունների 10 հարթակներում դրված հայտարարությունները, սակայն չի կարող ցույց տալ Հայաստանի աշխատաշուկայի ամբողջական պատկերը։

«Դա պայմանավորված է հենց հայտարարությունների բնույթով։ Առցանց հայտարարությունները շուկայի մի մասն են միայն արտացոլում։ Հիմնականում կա՛մ բարձր որակավորմամբ աշխատանքներն են օնլայն հայտարարվում, կա՛մ ավելի ցածր որակավորմամբ աշխատանքները, որոնք ձեռքի աշխատանք են ենթադրում։ Օրինակ՝ բժիշկների հայտարարություններ չեք գտնի, որովհետև ուղղակի մշակույթն այնպիսին է, որ բժիշկներն իրենց ցանցերի միջոցով են աշխատանք գտնում, և այդ հաստիքների մասին առցանց հայտարարություններ չեն լինում», – բացատրում է Մովսիսյանը։

Հարթակը ներկայացնում է նաև, թե հատկապես ինչպիսի կարողություններն են պահանջված աշխատանքի այդ հայտարարություններում։ Մասնագիտական հմտությունների մեջ առաջատար տեղ ունեն լեզվի իմացությունները, հատկապես անգլերենի իմացությունը։

Ոչ մասնագիտությունների թվում ամենաշատը պահանջվում են հաղորդակցման, թիմում աշխատելու հմտությունները։

Հայաստանի վիճակագրական կոմիտեի մեթոդաբանության համաձայն՝ զբաղված են համարվում ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս աշխատողները։ ՎԿ մեթոդաբանությամբ՝ մարդը գործազուրկ է համարվում մի քանի պայմանների բավարարելուց հետո․

  • 15-74 տարեկան է,
  • ցանկանում է աշխատել,
  • փնտրել է աշխատանք,
  • չունի աշխատանք։

Գործազուրկ չեն համարվում նրանք, ովքեր այս տարիքային սահմաններում չեն, կամ փնտրել են աշխատանք, բայց չեն ցանկանում աշխատել, կամ չեն էլ փնտրել աշխատանք, կամ չեն էլ ուզում աշխատել։ Արդյունքում, գործազուրկների «սահմանները» նեղանում են։

Այս մեթոդաբանությամբ գործազուրկներն ամբողջ բնակչության 6-9% են, իսկ աշխատանքային ռեսուրսների՝ 9-12%-ը։

Տնտեսագետ, ՀՊՏՀ դասախոս Աստղիկ Հովհաննիսյանն ավելի պարզ բառերով բացատրում է, որ երբեմն կան դեպքեր, երբ մարդիկ իրենք չեն ուզում անցնել աշխատանքի, քանի որ իրենց հարմար չեն համարում առաջարկվող աշխատանքը։

«Օրինակ, հանդիպում են մարդիկ, որ ասում են՝ ամսական 80 հազար դրամ աշխատավարձն ի՞նչ է, որ գնամ, աշխատեմ։ Իրենք նախընտրում են նստել տանը՝ 1-2-3 ամիս շարունակ, բայց 80 հազարով չաշխատել։ Կամ ուզում են փաստաթուղթ վերցնել, որ գործազուրկ են, որպեսզի «Փարոսից» նպաստ ստանան», – բացատրում է մասնագետը։

Մասնագետի խոսքով՝ համաճարակային իրավիճակը որոշակի փոփոխություններ կարող է անել աշխատաշուկայում, օրինակ՝ հեռավար աշխատանքի անցնելը։ Միայն թե այստեղ, ըստ Հովհաննիսյանի, դեռ կան ավանդական խոչընդոտներ։

«Ուղղակի գործատուներն ու, առհասարակ, աշխատաշուկան պիտի մի քիչ ճկուն լինեն։ Մեզ մոտ, հատկապես պետական համակարգում, ավանդական կառավարման մեխանիզմներն են գործում, ըստ որոնց՝ աշխատակիցը պետք է, 9:00-ից 18:00 ներկա լինի․ կապ չունի՝ աշխատանք ունի՞ անելու, թե ոչ։ Իսկ, եթե համակարգը ճկուն լինի, մեր տնային տնտեսուհիներն էլ, որոնք գործազուրկների մեջ մեծ կշիռ ունեն, հնարավորություն կունենան տնից կատարել աշխատանք՝ իրենց հարմար ժամերին», – նշում է մասնագետը։

Տնտեսագետ, ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանը բացատրում է, որ բացի հայտնի գործազրկությունը, կա նաև թաքնված գործազրկություն։ Մասնագետի խոսքով՝ եթե մարդն ունի հողատարածք, ապա արդեն իսկ համարվում է զբաղված (ոչ գործազուրկ), նույնիսկ եթե երբեք չի մշակել այն։ Այդպես է նաև որոշ այլ ոլորտներում։

«Ինչքան էլ որ ասում ենք՝ թափուր աշխատատեղեր կան, բայց դրանց թիվը շատ ավելի փոքր է, քան աշխատատեղերի պահանջն է։ Եվ նաև ունենք թաքնված գործազրկություն։ Եթե դա էլ հաշվի առնենք, առաջարկվող թափուր աշխատատեղերը մի քանի անգամ պակաս են այն կարիքից, որ կա», – նշում է Քթոյանը։

Մասնագետը բացատրում է, որ այս խնդիրը կարող է հաղթահարվել կրթության միջոցով։ Սակայն դրա համար ժամանակ է անհրաժեշտ։ Բայց բավարարելու համար մասնագետների այն պահանջը, որ հիմա կա, պետք էր կրթության ոլորտում աշխատանքը իրականացնել տարիներ առաջ՝ համապատասխան տեղեր բացելու միջոցով։ Հիմա, ըստ Քթոյանի, դա արդեն արվում է։

«Կրթական համակարգն այսօր բավական ճկուն է և արձագանքում է այն կարիքներին, որ ձևավորվում են։ Ուղղակի այդ արձագանքի արդյունքը կարող է տեսանելի լինել ավելի ուշ, քան ցանկալի կլիներ», – նշում է Քթոյանը։

Հեղինակ՝ Գարիկ Հարությունյան
Գծապատկերները՝ հեղինակի

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 05/12/2021