Առողջություն Կրթություն

Հայաստանում յուրաքանչյուր 4-րդ երեխան ավելորդ քաշ ունի. հիմնական պատճառները

Հայկը 10 տարեկան էր ու նրա՝ տարեկիցների համեմատ ունեցած փարթամ տեսքը, մորը՝ տիկին Աննային, շատ էր անհանգստացնում։ Որդու արագ ավելացող քաշը պատճառ էր դարձել, որ մայրը ֆիզիկական ակտիվության օրացույց կազմի նրա համար։

«Բակ իջնում էր, բայց քանի որ երեխաներ գրեթե չէին լինում, մի քանի րոպե անց վերադառնում էր։ Որոշեցի ինքս ընկերակցել նրան։ Շաբաթական երեք անգամ գնում էինք գյուղի մարզադաշտ։ Բախտս բերել էր՝ մարզադաշտը բավականին հեռու էր մեր տնից ու ստիպված էինք մոտ 30 րոպե քայլել։ Այնտեղ մի քանի շրջան վազում էինք ու նորից ոտքով վերադառնում տուն։ Այդ կենսակերպով մոտ մեկուկես տարի ապրեցինք»,- «Ամփոփ Մեդիա»-ին պատմում է Աննան։

Հայկի քաշն այդ ընթացքում զգալի նվազել էր։ Ֆիզիկական ակտիվության դրական ազդեցությունը տեսանելի էր նրան ճանաչողների համար, բայց տղան նեղվում էր մայրիկի հետ մարզադաշտում վազելուց։ Որպեսզի որդին հոգեբանորեն չճնշվի, Աննան որոշեց նրա հետ այլևս մարզադաշտ չգնալ, բայց պայմանով, որ Հայկը շարունակելու է նույն տեմպով պայքարել քաշի դեմ։

Առանց մայրիկի Հայկը շարունակում էր մարզադաշտ գնալ, բայց արդեն չէր վազում․ ընկերներով ֆուտբոլ էին խաղում, հետո էլ տունդարձի ճանապարհին սովորություն էին սարքել՝ մարզադաշտի հարևանությամբ գործող փոքրիկ խանութից գազավորված որևէ ըմպելիք էին գնում, որ «հովանան»․․․

Հայկը հիմա 17 տարեկան է, քաշը՝ 110 կգ․․․

Ավելցուկային քաշ և ճարպակալում․ իրավիճակը՝ թվերով

Ավելցուկային քաշն ու ճարպակալումն ամբողջ աշխարհում վերջին տարիներին մտահոգիչ ծավալների է հասել։ Պատճառները, որոնք հանգեցնում են ավելցուկային քաշի կամ ճարպակալման, տարբեր կարող են լինել։ Որպես ամենատարածված պատճառ՝ մասնագետները նշում են օրգանիզմի ընդունած կալորիաների մեծ քանակը՝ ծախսածի համեմատ։ 2022թ․ դրությամբ, համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության, մինչև 5 տարեկան շուրջ 37 մլն երեխա ունեցել է ավելցուկային քաշ կամ ճարպակալում։

Մեկ տարի առաջ՝ 2024-ի մարտի 4-ին՝ ճարպակալման դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ, ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակը հրապարակեց ավելցուկային քաշի և ճարպակալման հինգ միտում եվրոպական տարածաշրջանում տարրական դասարանների երեխաների շրջանում:

Այս միտումները վերլուծելիս՝ ԱՀԿ-ն հիմնվել է մանկական ճարպակալման վերաբերյալ 33 երկրներից՝ այդ թվում Հայաստանից ստացված (COSI) վերջին հետազոտության տվյալների վրա։ Հետազոտությունն ընդհանուր առմամբ անց է կացվել շուրջ 411,000 երեխաների շրջանում:

Հետազոտված երկրներում 6-9 տարեկան յուրաքանչյուր տասներորդ երեխան բանջարեղեն չի ուտում կամ ուտում է շաբաթական մեկ անգամից պակաս, իսկ թարմ միրգ ամեն օր օգտագործում է երեխաների միայն 43 տոկոսը։

Սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը, շեշտելով սննդային սխալ սովորույթների որոշիչ դերը ավելցուկային քաշի ու ճարպակալման հարցում, խորհուրդ է տալիս զերծ մնալ գազավորված ու հատկապես էներգետիկ ըմպեիլիքների չարաշահումից, ինչպես նաև աղ, շաքար, ճարպեր պարունակող մթերքներից։

«Գազավորված ըմպելիքի 100 գրամը պարունակում է 11-12 գրամ շաքար, իսկ եթե օրվա ընթացքում կես լիտր գազավորված ըմպելիք ես խմում, ապա արդեն իսկ գերազանցում ես շաքարի մեկ օրվա թույլատրելի քանակը։ Պատկերացնելու համար, թե ինչ է դա նշանակում, կարելի է 100 գրամ ջրի մեջ լուծել 10-12 գրամ շաքար ու փորձել խմել․․․ Գազավորված ըմպելիքներում շաքարի իրական պարունակությունը չի զգացվում տարբեր համային հավելումների շնորհիվ»,- ասում է Պիպոյանը։

Էներգետիկ ըմպելիքները շատ ավելի վտանգավոր են դեռահասների համար, քանի որ մեկ բաժակ նման ըմպելիքը պարունակում է 27-63 գրամ շաքար և մոտ 300 գրամ կոֆեին, ինչը հավասար է 3 մեծ սուրճի բաժակի:

Գիտական հետազոտությունները փաստում են, որ երեխաներն ու դեռահասները կախվածություն են ձեռք բերում ուլտրավերամշակված, այսինքն՝ տեխնոլոգիական մի քանի փուլ անցած, աղ, շաքար, ճարպեր, տարատեսակ հավելումներ պարունակող սննդամթերքներից, որոնցից են տարբեր տեսակի մրգային հյութերը, բուրգերները և այլն։

Ավելորդ քաշի և ճարպակալման պարագայում հասուն տարիքում առաջանում են մի շարք առողջական խնդիրներ, այդ թվում՝ սիրտ-անոթային, հենաշարժական համակարգի խնդիրներ, կրճատվում է կյանքի տևողությունը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վերջին 30 տարվա ընթացքում ճարպակալում ունեցող դեռահասների թիվն աշխարհում քառապատկվել է։ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրներում ամեն երրորդ երեխան ունի ավելորդ քաշ կամ ճարպակալում:

Իրավիճակը Հայաստանում

Հայաստանում նմանատիպ հետազոտություն 2019թ․ իրականացրել է Արաբկիր Բժշկական համալիրը։ Հանրապետության բոլոր շրջաններից պատահական ընտրանքով ներառվել են 7-8 տարեկան աղջիկներն ու տղաները։ Պարզվել է, որ այս տարիքի երեխաների 27,7 %-ը կամ յուրաքանչյուր չորրորդ երեխան ավելորդ քաշ ունի, իսկ նրանց 12,5%-ի մոտ առկա է ճարպակալում։

«Արաբկիր» բժշկական համալիրի դեռահասների առողջության ծրագրերի համակարգող Մարինա Մելքումովան նկատում է, որ ավելցուկային քաշի խնդիրն ավելի սուր է տղաների մոտ, որոնց շրջանում խնդիրը 30% է կազմել, աղջիկների շրջանում՝ 25 %։

«Ավելի մտահոգիչ է այն, որ ավելցուկային քաշ կամ ճարպակալում ունեցող երեխաների ծնողների ընդամենը 10 %-ն է մտածում, ընդունում, որ իր երեխան, իրոք, ունի քաշի խնդիր»,- նշում է բժշկուհին։

Ձևավորել սննդային ճիշտ վարքագիծ ու հետևողական լինել այդ հարցում

«Բոյ կքաշի՝ կնիհարի» տարածված համոզմունքից մասնագետները խորհուրդ են տալիս ձերբազատվել։ Փոխարենը, թե՛ Պիպոյանը, թե՛ Մելքումովան շեշտում են ճիշտ սննդային վարքագծի ձևավորումը հենց փոքր տարիքից՝ ընտանիքից։

«Առավոտյան դպրոցի բակում ինքս եմ քանի անգամ տեսել, թե ինչպես է տարրական դասարանի աշակերտը գազավորված ըմպելիք խմում։ Եթե ընտանիքում այդ նույն երեխան փոքրուց սեղանին տեսնի կտրտած մրգեր, բանջարեղեն ու դրանցից հետը դպրոց տանի և ոչ թե պարտադիր քաղցրավենիք, ֆաստֆուդ կամ գազավորված ըմպելիք, բոլորովին այլ պատկեր կունենանք»,- վստահեցնում է բժշկուհին։

Սննդագետն այն համոզմունքին է, որ ճիշտ սննդային սովորույթները պետք է ձևավորվեն մանկապարտեզից ու դպրոցից, բայց համակարգային խնդիր է տեսնում այստեղ․

«Բազմաթիվ դպրոցներ չունեն համապատասխան ճաշարաններ, որտեղ երեխան կարող է առողջ սնունդ ընդունել․ նաև դասամիջոցները այնպես չեն հաշվարկված, որ հասցնի ընդունել այդ սնունդը»։

Ընտանիքի դերն այս հարցում առանցքայիններից է։ Սովորաբար, այն ընտանիքներում, որտեղ սեղանին դրվում է գերազանցապես առողջ սնունդ և բոլորն ուտում են առողջ սննդամթերք, երեխան ինքնըստինքյան ճիշտ սննդային վարքագիծ է ձեռք բերում։

«2005 թվականից դպրոցահասակ երեխաների շրջանում իրականացնում ենք առողջության վարքագծի հետազոտություն։ Ըստ արդյունքների՝ հարցվածների կեսը չի նախաճաշում։ Դա, միանշանակ, ընտանիքի թերացումն է»,- ասում է Մելքումովան։

Սննդային ոչ ճիշտ վարքագիծն ավելցուկային քաշի ու ճարպակալման հիմնական, բայց միակ պատճառը չէ։ Որոշ դեպքերում խնդիրը կարող է ունենալ ժառանգական բնույթ, կարող է որևէ հիվանդության հետևանք լինել կամ էլ, որ ավելի հաճախ հանդիպում է, պայմանավորված լինել ֆիզիկական պասիվությամբ։

Գիտականորեն ապացուցվել է, որ եթե ծնողներից մեկի մոտ կա ճարպալակում, ապա հավանականությունը, որ երեխան կունենա ավելցուկային քաշ, կազմում է 40%։ Եթե  ճարպակալման խնդրով տառապում են երկու ծնողներն էլ, ապա հավանականությունը հասնում է 70%-ի։

Առողջապահության նախարարության Հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ Մարիամ Մնացականյանի խոսքով, մեծահասակների 70%-ի վաղաժամ մահացությունը կապված է նրանց՝ դեռ դպրոցական տարիներին ձևավորված վարքագծով,- «Եթե երեխան ունենում է ճարպակալում կամ ավելորդ քաշ, դա հետագայում կարող է բերել տարբեր խնդիրների»։

Ոչ պակաս դեր է խաղում նաև սննդի ինդուստրիան և սննդի գովազդը։ Այսօրվա դեռահասները, ինչու չէ նաև մեծահասակները բավական հաճախ օգտվում են ասպես կոչված ֆաստֆուդից, պատվիրում են տարբեր տեսակի ուտելիքներ, որտեղ մեծ քանակով յուղ, աղ, շաքար, ճարպ է պարունակվում։

Հնարավոր չէ արգելել օգտվել այդ ինդուստրիայից, բայց հնարավոր է վերահսկել և պարտադրել ավելի քիչ աղ, շաքար, յուղ օգտագործել, ունենալ և առաջարկել սննդի ավելի առողջ տարբերակներ։

Մարիամ Մնացականյանը «Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում հատկապես կարևորեց  երեխաներին ուղղված գովազդի բացասական դերը, – «Շատ անգամ մտածում են, թե երեխաների համար է այդ պաղպաղակը, բայց պաղպաղակը ամենավնասակար սննդատեսակներից մեկն է, որը չպետք է գովազդվի, երեխային ուղղված չպետք է լինի»։

Նրա խոսքով, 2021-ին անցկացված հետազոտության արդյունքների համաձայն, երեխաներին ուղղված գովազդի 65%-ի դեպքում գովազդվում են ապրանքներ, որոնք արգելված են երեխաներին, – «Անառողջ սնունդ է գովազդվում, որը ըստ ԱՀԿ-ի՝ չի թույլատրվում գովազդել երեխաների համար»,- ասում է Առողջապահության նախարարության ներկայացուցիչը։

Մասնագետները պնդում են, որ քաղցրավենիքի, քաղցր գազավորված ըմպելիքների, աղ և ճարպեր պարունակող սննդի գովազդը պետք է խիստ սահմանափակվի։

Մնացականյանի խոսքով, քանի որ ներկայումս այն ՀՀ օրենսդրությամբ չի կանոնակարգվում, առողջապահության նախարարությունը նախաձեռնել է օրենքի նախագծի մշակում, որը կկանոնակարգի ոլորտը։ Ըստ նրա, արդեն վերանայվել են դպրոցական սննդի նորմերը, հետագայում նախատեսում են վերանայել նաև նախադպրոցական հաստատություններում մատուցվող սննդի նորմերը․ «Դպրոցական նորմերը բավականին հին էին և ներկա իրավիճակը չէին արտացոլում, օրինակ, թույլատրված էին կարամելներ ու խտացրած կաթ, որոնք շատ մեծ շաքարի պարունակություն ունեն»։

Յուրաքանչյուր տարի պետությունը մոտ 100 մլն դրամ է տրամադրում առողջ ապրելակերպը խթանելուն ուղղված միջոցառումների իրականացման համար։

Առողջապահության նախարարության կողմից նաև իրազեկման արշավներ են իրականացվում, արդեն մի շարք դպրոցներում ներդրվել է առողջ ապրելակերպ խմբակը։

Այնուամենայնիվ, ֆիզիկական պասիվությունը, մասնավորապես՝ բակային խաղերի փոխարեն ժամերով հեռախոսով զբաղվելը, հեռուստացույց դիտելը կամ, ընդհանուր առմամբ, նստակյաց առօրյան, ավելցուկային քաշի կամ ճարպակալման համար պարարտ հող են։ Շատ դեպքերում, բացի առողջական խնդիրներից, այդ երեխաները նաև հոգեբանական խնդիրներ են ունենում ու կոմպլեքսներ ձեռք բերում։

Մանկավարժ, հոգեբան Զարուհի Մանուկյանը ֆիզիկական ակտիվության գործոնը շատ է կարևորում։ Ըստ նրա՝ վաղ տարիքից հեռախոսի օգտագործումը սահմանափակում է երեխայի շարժումներն ու հույզերը, իսկ երբ խախտվում է անհատի մտավոր, կամային ու հուզական զարգացման ներդաշնակությունը, նաև նյութափոխանակությունն է խանգարվում․

«Շարժումը, իրական խաղը քչացել է․ հիմա շատ ուտում են, քիչ շարժվում երեխաները։ Այն ընտանիքները, որոնք երեխայի բալանսավորված սննդակարգի մասին չեն մտածում, որոնք մուլտֆիլմով փոքրիկին շեղում ու ճաշ են ուտացնում, չեն պատկերացնում գուցե, թե որքան են վնասում նրան։ Երեխայի նյութափոխանակության վրա այնքա՜ն գործոններ կարող են ազդել, այդ թվում՝ ոչ առողջ, լարված ընտանեկան մթնոլորտը»։

Որպեսզի երեխան, դեռահասը չբախվի նման անցանկալի երևույթների, բժշկուհի Մելքումովան խորհուրդ է տալիս տարին առնվազն մեկ անգամ անցնել բուժզննություն տեղամասային պոլիկլինիկայում ու պարզել՝ արդյոք մարմնի քաշը համապատսխանո՞ւմ է երեխայի տարիքին ու հասակին, թե՞ ոչ։

Չհամապասխանելու դեպքում բժիշկը կտա խորհուրդներ և, անհրաժեշտության դեպքում, կուղղորդի այլ մասնագետի մոտ։

Հեղինակ՝ Լիլիթ Պողոսյան
Տեղեկատվության հավաքագրմանն իր ներդրումն է ունեցել Լիլիթ Հարությունյանը
Ինֆոգրաֆիկները՝ Վան Սիմոնի
Գլխավոր պատկերը՝ Imagine AI

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 04/03/2025