44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից արգելված զենք օգտագործելուց անցել են ամիսներ։ Թեև առկա տեսանյութերը, վիրավորների հետազոտությունները և այլ փաստեր վկայում են սպիտակ ֆոսֆորի օգտագործման մասին, հայկական կողմից դրա վերաբերյալ պաշտոնական ապացույցներ մինչ օրս ներկայացված չեն։
2020 թ․ հոկտեմբերին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հայտարարեց, որ Ադրբեջանն օգտագործում է քիմիական տարրեր (հավանաբար՝ սպիտակ ֆոսֆոր) պարունակող զենք։
Արգելված զինատեսակի մասին արտահերթ զեկույց հրապարակեցին Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երը՝ նշելով զենքի կիրառման հետևանքով մարդկանց, միջավայրը, անտառները վնասելու մասին և այլն։
«Ամփոփ Մեդիայի» զրուցակից ՄԻՊ խորհրդական Սերգեյ Ղազինյանն անդրադառնում է էկոլոգիական այն լուրջ խնդրին, որն առաջացնում է զինատեսակը։ Երբ զեկույցը հրապարակվեց (2020թ․ նոյեմբեր), Արցախի գրեթե բոլոր շրջաններում արդեն վնասվել էր շուրջ 1815 հա անտառապատ տարածք։
Զենքը կիրառվել է Ննգի, Սղնախ, Ակնաղբյուր, Թաղավարդ, Տող, Քարին Տակ և այլ համայնքներում, որտեղ անտառները բնակավայրերին շատ մոտ են։ Որոշ վայրերում հեռավորությունն ընդամենը 100 մետր է:
«Նույնիսկ եթե մարդկանց վրա այդ զենքը չկիրառվի, անտառների այրումը շատ լուրջ առողջական երկարաժամկետ վնաս կարող է հասցնել մարդուն»,- նշում է Ղազինյանը։
Ըստ փաստահավաք աշխատանքների արդյունքների՝ պատերազմի ժամանակ անտառներում ադրբեջանական զինված հարձակումներից պատսպարվում էին նաև խաղաղ բնակիչները, որոնք հավանաբար տուժել են այս զինատեսակի կիրառումից։
Կառավարության արձագանքը
«Ամփոփ Մեդիան» հարցում էր ուղարկել Կառավարություն՝ իմանալու, թե պետական մակարդակով ի՞նչ հետազոտություններ կամ քննություն է տարվել մինչ օրս սպիտակ ֆոսֆորի առկայությունն ապացուցելու համար, և ի՞նչ աշխատանքներ են տարվում այսօր։ Ի՞նչ կոնկրետ գործողություններ են արվում պատերազմի ընթացքում Ադրբեջանի գործած պատերազմական հանցագործությունները միջազգային կազմակերպություններին ներկայացնելու ուղղությամբ։ Կառավարությունից ստացված պատասխանը ներառում է չորս նախարարությունների (ՀՀ ՊՆ, ԱՆ, Արդարադատության և Շրջակա միջավայրի նախարարություններ) պատասխանները սույն հարցերին։ Պատասխաններին ամբողջությամբ ծանոթացեք ԱՅՍՏԵՂ։
Ապացույցներ կան, բայց ապացուցող չկա
Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտօրեն Կարինե Բաբայանը «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում թվարկում է այն ախտանիշերը, որոնք վիրավորվածների մոտ սովորաբար ի հայտ են գալիս քիմիական տարրեր պարունակող զենքերի կիրառումից՝ ոչ տիպիկ բոցով այրվածքները, ընթացքում այտուցի շուտ չընկնելը, շնչառական ուղիների այտուցների չընկնելը, սրտային պրոբլեմների վաղաժամ ի հայտ գալը, շատ կտրուկ անեմիաները (սակավարյունություն), որոնք չափազանց դժվար են վերականգնվում, փայծաղի մեծացումը և այլն։
«Մտածում էինք, որ քիմիա կարող է լինել․ տարօրինակ էին այրվածքները և խոր փոսերը։ Մեկ-երկու դեպքում գտանք ինչ-որ բեկորներ կամ հրազենային վնասվածքներ։ Մյուսների դեպքում պարզապես խոր փոսիկներ էին։ Նայեցինք՝ այնտեղ ուղղակի մեռուկացված մակերես էր։ Երբ առաջին անգամ տեսանք երկնքում փայլատակող սպիտակ ծծումբը, հասկացանք՝ հնարավոր է՝ ծծմբի հետ գործ ունենք», – ասում է Բաբայանը։
Այրվածքների մասնագետն ասում է, որ անալիզների և լաբորատոր փոփոխությունները, կլինիկական պատկերը խոսում են սպիտակ ֆոսֆորի մասին։ Բժշկուհու հետ համամիտ են նաև Ֆրանսիայի, Չեխիայի և ԱՄՆ գործընկերները։
Ֆոսֆորի առկայության մասին է վկայում նաև ՀՀ տեղափոխված հատուկ սարքը։
Նման այրվածքներ բժշկուհի Բաբայանը տեսել է նաև 2020 թ․ հուլիսյան դեպքերի ժամանակ։ Չի բացառում, որ Ադրբեջանը սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակ է կիրառել նաև հուլիսին տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ։ Սակայն Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում նմանատիպ ախտանիշերով վիրավորների չի հիշում։
Վերջին պատերազմի ընթացքում 9 վիրավորի չեն կարողացել փրկել։ Այրվածքների տոկոսը շատ բարձր է եղել։
«Մի մասին հնարավոր կլիներ փրկել, բայց անհայտ պատճառով այտուցները չէին ընկնում։ Պատկերացրեք՝ գլուխն այտուցված է։ Ընդհանրապես այտուցը 3-4 օրում սկսում է իջնել, 10-15-րդ օրն էր, չէին իջնում։ Նույնը՝ ներքին օրգանները։ Որ այտուցները պահպանվեն, ի՞նչ կլինի։ Բոլոր հիվանդները մահացան շնչառական և սրտային խնդիրներից»,- նշում է փոխտնօրենը։
Նրա խոսքով՝ ֆոսֆորային այրվածքների դեմ առանձին բուժում չկա։ Կատարվում է դասական այրվածքային բուժում։ Բայց անհրաժեշտ է ճիշտ եղանակով ցուցաբերել առաջին օգնությունը՝ կատարել հատուկ նյութերով լվացում, հատուկ հագուստ հագցնել։ Ֆոսֆորը շնչուղիներով կարող է ներքին օրգաններ հասնել, առաջացնել անպտղություն։ Խոսելով այս քիմիական տարրի մասին՝ Բաբայանն ընդգծում է՝ այն մտնում է արյան մեջ ու իր սև գործն անում։
Այրվածքաբանության կենտրոնում նմանատիպ այրվածքներով բուժում է ստացել շուրջ 130 հոգի, այլ հիվանդանոցներում՝ մոտ 30։ Սա այն դեպքում, երբ առաջնայինը այլ վնասվածքն է եղել, և տուժածին տեղափոխել են ուրիշ հիվանդանոց։
Բոլորը դուրս են գրվել, բայց շարունակում են ստանալ վերականգնողական բուժում։
Խորը այրվածքներ ունեցող տուժածներն ունեն շարժումներ անելու սահմանափակ հնարավորություն։ Բժշկուհու խոսքով՝ կապաքինվեն, սակայն խարանն առկա է։ Այրվածքները հիմնականում շատ խորն են եղել։ Հետոն ինչ կլինի, չի կարող ասել, քանի որ ոչ ոք փորձ չունի։
Սպիտակ ֆոսֆորի կիրառությունը պաշտոնապես չի ապացուցվի այնքան ժամանակ, մինչև չկատարվի հյուսվածքաբանական քննություն, որը Հայաստանում չի իրականացվում։ Բաբայանը պետական գերատեսչություններին տեղեկացրել է հետազոտության կարևորության մասին։ Ֆոսֆորը 60-90 օր հետո քայքայվում է, և հնարավոր է՝ ուշ ստուգումներ իրականացնելու դեպքում դրա առկայությունը չապացուցվի։ Նոյեմբերի 9-ին ստորագրած եռակողմ համաձայնագրից անցել է գրեթե վեց ամիս։
Առայժմ պետական գերատեսչությունները հյուսվածքաբանական քննություն անցկացնելու մասին լռում են։ Անպատասխան են մնացել «Ամփոփ Մեդիայի» հարցերը քննություն անցկացնելու կամ չանցկացնելու պատճառների մասին։
Արգելված զենքի կիրառումը
ՄԻՊ խորհրդականի խոսքով՝ միանշանակ չէ կիրառվածի սպիտակ ֆոսֆոր լինելը, սակայն միևնույն է այն պարունակում է մասսայական ոչնչացման զենքի տարրեր, ուստի համարվում է արգելված զենք, առավել ևս, երբ կիրառվում է քաղաքացիական օբյեկտների և բնակչության դեմ։
Նրա խոսքով՝ այդ զենքի կիրառության պայմաններում քիմիական տարրը հանգցնել հնարավոր չէ, քանի դեռ ինքն իրենով չի այրվում և հանգում։
Ընդգծում է՝ եթե նույնիսկ կիրառվածը սպիտակ ֆոսֆոր չէ, և մի քանի տարր փոխված է, պետք է կենտրոնանալ ազդեցության վրա։
«Դա լինի սպիտակ ֆոսֆոր կամ մեկ այլ քիմիական տարր պարունակող զենք, մի բան անժխտելի է՝ այն մասսայական ոչնչացման նպատակ ունի։ Այստեղ կիրառվել է արգելված զինատեսակ, որը կոպտորեն խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը»։
Այդ զենքը կիրառվել է կենսական անհրաժեշտություն ունեցող օբյեկտների նկատմամբ։
Ղազինյանի խոսքով՝ անհրաժեշտ են փորձաքննություններ՝ ստուգելու արդյոք այն սպիտակ ֆոսֆո՞ր է պարունակում, սակայն այս ամենը ՄԻՊ-ի լիազորություններից դուրս է։
ՄԻՊ-ը, գործելով որպես անկախ պետական մարմին, իրականացրել է փաստահավաք աշխատանք, Արցախի ՄԻՊ-ի հետ պատրաստել է զեկույց։ Այն պետական մարմինների համար կարող է հիմք ծառայել միջազգային ատյաններում նման հանցագործությունների մասին բարձրաձայնելու համար։ Կլինի որակում՝ որպես պատերազմական հանցագործություն հետագայում դրա կիրառումը բացառելու համար։ Ղազինյանը նշում է՝ փաստական տվյալները պետք է շատ ուժեղ լինեն։
Հեղինակ՝ Անի Ավագյան
Կարդացեք նաև
- Թմրեցրու և տիրիր․ իրականությունը քողարկող «քաղաքական էլիտա»
- Պարտության արմատները․ Հայ հասարակությանը միֆերով սնելու նուրբ արվեստը
- Նոր վերնախավի պահանջ՝ հաղթահարելու ինքնության ճգնաժամը
#դասերպատերազմից
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի, թարգմանությունների և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 29/04/2021