Տնտեսություն

16.2% անկում` մշակող արդյունաբերության ծավալներում․ 2025-ի հունվար

2025 թ․-ի առաջին ամիսն արդյունաբերական արտադրության ոլորտի համար մեկնարկեց անկմամբ։ Հունվար ամսին նախորդ տարվա հունվարի համեմատ ամբողջ արդյունաբերական արտադրության ծավալները նվազել են 10.4%-ով՝ կազմելով 190 մլրդ 547 մլն դրամ։

Ամենից շատ նվազել են մշակող արդյունաբերության ծավալները՝ 2024 թ. հունվարի համեմատ 16.2%-ով։ Սա արդյունաբերական արտադրանքի ամենամեծ չափաբաժինը կազմող ճյուղն է՝ շուրջ 60.8% (115 մլրդ 793 մլն դրամ)։

Հանքագործական արդյունաբերության և բացհանքերի շահագործման ծավալները նախորդ տարվա հունվարի համեմատ նվազել են 9.3%-ով։ Պատճառն այն է, որ մետաղական հանքաքարի արդյունահանումը նախորդ տարվա հունվարի համեմատ նվազել է 10.6%-ով՝ կազմելով 32,6 մլրդ դրամ։

Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման արտադրության ծավալները 2024 թ. հունվարի համեմատ աճել են 10%-ով։

Էլեկտրաէներգիայի արտադրությունը նախորդ տարվա հունվարի համեմատ աճել է 10.4%-ով` կազմելով 27,5 մլրդ դրամ, գազամատակարարման համակարգի միջոցով բաշխվող գազի վաճառքի ծավալները 2024 թ. հունվարի համեմատ աճել են 8.3%-ով` կազմելով 10,8 մլրդ դրամ։

Ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման արտադրության ծավալներն էականորեն չեն փոխվել։ Նախորդ տարվա համեմատ դրանք նվազել են 0.2%-ով և կազմել ամբողջ արդյունաբերական արտադրության ընդամենը 1.2%-ը։

Համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների, մշակող արդյունաբերության ենթախումբ հանդիսացող հիմնական մետաղների արտադրությունը 2024 թ. հունվարի համեմատ նվազել է 32 մլրդ դրամով կամ 68.4%-ով։ Առաջին հայացքից այս անոմալ անկումը կարող է տպավորություն ստեղծել ոլորտում առկա ճգնաժամի մասին։ Մինչդեռ 2025 թ. հունվարի ծավալները համեմատելով 2022 և 2023 թթ. նույն ժամանակահատվածների հետ՝ ստանում ենք ծավալների աճ։ Հետևաբար, «անոմալ» աճ գրանցվել էր 2024թ․-ի հունվարին նախորդ տարիների համեմատ (Տես 2-րդ գրաֆիկը)։ Պատճառներին անդրադարձել է Հետքը։

25% անկում գրանցվել է խմիչքի արտադրության ծավալներում։ Այս ենթախումբը կազմել է մշակող արդյունաբերության 10.2%-ը՝ 11,8 մլրդ դրամով։

Մեծ աճ է գրանցվել ծխախոտի արտադրության մեջ՝ նախորդ տարվա հունվարի համեմատ 94.4%-ով՝ կազմելով մշակող արդյունաբերության 18.1%-ը կամ շուրջ 21 մլրդ դրամ։

Մշակող արդյունաբերության մեջ սննդամթերքի արտադրությունը կազմում է 29.4% (34 մլրդ դրամ)։ 2024 թ. հունվարի համեմատ այն աճել է 8.8%-ով։

Հեղինակ՝ Մարիա Խաչատրյան

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 26/03/2025