Լիճք հանքավայրում, որը գտնվում է համանուն Լիճք գյուղից 300 մետր, իսկ Մեղրի քաղաքից 24 կմ հեռավորության վրա, արդեն մեկ տարուց ավել է, ինչ դադարեցվել են հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները:
Երեք տարվա պատմություն ունեցող այս հանքավայրի աշխատանքներն այդպես էլ բուն շահագործմանը չհասան:
Ո՞րն էր աշխատանքների դադարեցման պատճառը, այդքան էլ հստակ չէ: Սակայն աշխատանքների դադարեցումից մի քանի օր առաջ՝ 2018թ. մայիսի 19-ին, այս հանքավայրը շահագործող «Թաթսթոուն» ՍՊԸ-ն (Tatstone LTD) Բնապահպանության (ներկայումս՝ Շրջակա միջավայրի) նախարարության կողմից թույլտվություն էր ստացել Լիճքի հանքավայրի տարածքում 110 կՎ բարձրավոլտ օդային գծի և ենթակայանի կառուցման համար: Մինչդեռ 2019թ. հունվարին ընկերությունը նույն նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալություն էր դիմել 2.09 լ/վրկ ջրառի թույլտվության համար և ստացել մերժում:
Տվյալ տարածքի բնակիչներն աշխատանքների դադարեցումը կապում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2018թ. մայիսի 22-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում կատարած հայտարարության հետ: Վարչապետն իր խոսքում նշել էր, որ հանձնարարելու է մետաղական հանքերում ստուգումներ անցկացնել՝ դա հիմնավորելով հանքերի գործունեության հետ կապված բազմաթիվ ահազանգերով։
«Թաթսթոուն» ընկերությունն այս մեկ տարում դադարեցման վերաբերյալ որևէ հիմնավորում չի ներկայացրել: Հանքավայրի տարածքում ակտիվություն չի նկատվում: Այստեղ շրջում են միայն տարածքը հսկող անվտանգության աշխատակիցները:
2016թ.-ից` Լիճք հանքավայրի նախապատրաստական աշխատանքների մեկնարկից ի վեր, մեղրեցիները դժգոհություններ են հայտնել առ այն, որ Լիճքի հանքավայրն այնպիսի հատվածում է, որ կարող է բացասական ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի և բնակչության վրա: Հանքավայրի շրջակայքում են գտնվում «Արևիկ» ազգային պարկը, «Բողաքար» արգելավայրը, Մեղրի գետն ու նրա վտակ Այրիջուրը (Զվարագետը), ինչպես նաև Մեղրիի ջրամատակարարման ջրաբաշխիչ համակարգը:
Բնապահպանության նախարարությունը մեղրեցիների մտահոգություններին առաջին անգամ պատասխանել է 2018թ. գարնան հեղափոխոխությունից առաջ՝ նշելով, որ մտահոգություններն անտեղի են, քանի որ Լիճք գյուղի բնակելի հատվածը հանքից ավելի քան 300 մ հեռու է: Նախարարությունը վստահեցրել է, որ հանքավայրի պայթեցումները բնակիչների համար վտանգավոր լինել չեն կարող, քանի որ լեռնային աշխատանքների խորացմանը զուգընթաց բնակավայրի և պայթեցման տեղամասերի միջև բնական պատնեշ կձևավորվի:
Ինչ վերաբերում է գետերին, ապա ըստ նախարարության՝ դրանք հանքից բավական հեռու են՝ 180 և 220 մետր: Իսկ խմելու ջրի ջրահավաք ավազանն էլ գտնվում է հանքից վերև [սակայն նշված չէ՝ որքան]։ Հանքի մոտակայքով անցնող ջրագիծն անցնում է խողովակաշարով, ինչը նվազեցնում է վտանգը:
Մեղրեցիներին չեն բավարարել այս պնդումները: Վերջիններս ասում են, որ նախկինում հանքը շահագործել ցանկացող մեկ այլ ընկերություն հրաժարվել է այդ մտքից՝ գնահատելով շրջակա միջավայրի վրա հավանական վնասների ծավալները:
Ներկա պահին հանքը գտնվում է մակաբացված վիճակում: Հայկական բնապահպանական ճակատի 2019թ. մարտին կատարած ուսումնասիրությունների համաձայն, ռադիոակտիվ ճառագայթների մակարդակը հանքավայրի շրջակայքում նորմայից բարձր է` 25-48 միկրոռենտգեն/ժամ: Մինչդեռ անվտանգ է համարվում մինչև 20-ը:
Մեղրիի տարածաշրջան. ընդհանուր տեղեկություններ
Շուրջ 11000 բնակչություն ունեցող Մեղրիի տարածաշրջանը հայտնի է իր երկրաբանական առանձնահատուկ կառուցվածքով: Մեղրի խոշորացված համայնքի 15 բնակավայրերից գրեթե յուրաքանչյուրում հանքավայր կա՝ ընդհանուր առմամբ շուրջ 14 հանքավայր:
Թերևս առանձնացողը 1963թ. գործող Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրն է, որը շահագործում է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը: Այն ունի հանրապետական նշանակության կարևորություն և համարվում է Հայաստանի հանքարդյունաբերության հսկաներից:
Հանքավայրը գտնվում է Մեղրիից 8 կմ, իսկ Ագարակ քաղաքից 2 կմ հեռավորության վրա: Իր մեջ ներառում է բաց հանքն ու հարստացուցիչ ֆաբրիկան, որը տարեկան արդյունահանում է 3.7 միլիոն տոննա հանքաքար:
Այս տարածաշրջանի ամենախոշոր բնակավայրը Մեղրին է` 4500 բնակիչներով: Համեմատության համար նշենք, որ մարզկենտրոն Կապանում կա 42 500, իսկ Գորիսում` 20 400 բնակիչ:
2016թ. սեպտեմբերին խոշորացման արդյունքում Մեղրին դարձավ բազմաբնակավայր համայնք՝ միավորելով Մեղրիի տարածաշրջանի 15 համայնքները՝ Մեղրի և Ագարակ քաղաքային բնակավայրերը և Ալվանք, Այգեձոր, Գուդեմնիս, Թխկուտ, Լեհվազ, Կարճևան, Կուրիս, Նռնաձոր, Շվանիձոր, Վահրավար, Վարդանիձոր, Տաշտուն, Լիճք գյուղական բնակավայրերը։
Լիճք գյուղն ու հանքը
Լիճքը Հայաստանի փոքրաթիվ բնակչությամբ գյուղերից մեկն է։ Գյուղում ապրում է շուրջ 140 բնակիչ: Այստեղ հիմնական զբաղմունքներն անասնապահությունն ու հողագործությունն են: Գյուղի դպրոցահասակ սերունդը վերջին տարիներին այնքան է նվազել, որ այս տարի դպրոցը վերջնականապես փակվել է, իսկ առկա մեկ աշակերտի ընտանիքը տեղափոխվել է Մեղրի, որպեսզի երեխան ուսումն այնտեղ շարունակի:
Լիճքի հանքն առանձնանում է իր աշխարհագրական դիրքով։
Հանքավայրի շահագործման մանրամասներ
Լիճքի հանքի շահագործման փաստաթղթերը «Թաթսթոուն» ընկերությունը Շրջակա միջավայրի նախարարություն ներկայացրել է 2012թ.-ին: Հանքավայրի շահագործման համար 2013թ.-ի հունվարի 23-ին Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի կողմից ստացել է դրական եզրակացություն, որը կորցրել է ուժը՝ մեկ տարվա ընթացքում հանքի շահագործման նախագիծը չիրականացնելու պատճառով:
Ըստ «Թաթսթոուն»-ի՝ հանքավայրը չի շահագործվել, քանի որ վերագնահատվել են հանքավայրի պաշարները: Ապա կրկին մշակվել և հաստատման է ներկայացվել հանքի շահագործման նոր նախագիծ: Հանքը շահագործելու թույլտվությունն ընկերությունը ստացել է 2016թ. մայիսի 11-ին:
Հանքի շահագործումը նախատեսված էր իրականացնել 2 փուլով: Ըստ նախնական հայտի՝ բացահանքից արդյունահանվող հանքաքարի տարեկան արտադրողականությունը կազմելու էր 1 մլն տոննա: Բացահանքը գործելու էր շուրջ 40 տարի՝ մինչև 2056թ.: Իսկ առաջնահերթ շահագործվող տարածքը, որը կազմում է 28 հա, գործելու էր 12 տարի՝ մինչև 2028թ.:
Հանքաքարը նախատեսվում է տեղափոխել «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության (ԶՊՄԿ) հարստացուցիչ ֆաբրիկա (Լիճքից 27.6 կմ հեռավորության վրա)՝ պղնձի խտանյութ արտադրելու նպատակով:
Իսկ օքսիդացած հանքաքարը նախատեսվում է պահեստավորել, քանի որ դրանից պղնձի կորզումը հնարավոր է միայն կույտային տարալվացման եղանակով, որը բնապահպանական տեսանկյունից ցանկալի չէ: Շահագործման երկու փուլերում լցակույտի (հատուկ առանձնացված վայրում դատարկ ապարների, արտադրության թափոնների կուտակում) համար տարածքը պետք է կազմի 34 հա, երկու լցակույտի տարողությունը՝ շուրջ 10 մլն խոր. մետր:
2016-2018թթ. պաշտոնական տվյալների համաձայն՝ «Թաթսթոուն» ընկերությունն ունեցել է 11 աշխատակից և վճարել է 86 մլն դրամ հարկ, սակայն լիճքեցիները նշում են, որ հանքավայրի տարածքում աշխատողների թիվը շատ ավելին է եղել:
Լիճքեցի Գագիկ Սարգսյանը, ով այժմ ապրում է Երևանում, պապական գյուղի ճակատագրով մտահոգ՝ ակտիվորեն մասնակցել է Լիճքի հանքավայրի շահագործման դեմ ուղղված մի շարք նախաձեռնությունների:
«Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում Գագիկն ասում է, որ Լիճքի հանքավայրում մինչև 120 հոգի աշխատող է եղել` մեծ մասը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից: Նրանցից շուրջ 20-ը եղել են հենց Լիճք համայնքից:
«Նույնիսկ Լիճքի գյուղացիները, որոնք աշխատում էին այդտեղ, նույնպես պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատողներ էին»,- ասում է Գագիկը:
Նա նշում է, որ գյուղացիները սկզբում դեմ են եղել հանքի շահագործմանը, սակայն նախկին մարզպետ, Հանրապետական Սուրիկ Խաչատրյանի այցն իրավիճակը փոխել է: Գյուղացիներին մի շարք խոստումներ են տրվել:
Լիճքեցիներից շատերն էլ պնդում են, որ խաբեություն է տեղի ունեցել: Իրենց տրվել է «առանց վերնագրի, սակայն կնքված թուղթ», որպեսզի նրանք ստորագրեն: Ասվել է, որ եթե չեն ցանկանում շահագործվի, ապա կարող են ստորագրել: Վերջում, սակայն, գյուղացիները պարզել են, որ դա համաձայնության փաստաթուղթ էր:
Վերջինիս խոսքով՝ շատ անպատասխան հարցեր կան: Օրինակ՝ ի՞նչ կապ ունի «Թաթսթոուն»-ը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ, ի՞նչ հիմքերով են աշխատել, ի՞նչ հիմքով է տրամադրվել տեխնիկան, արդյոք կնքվե՞լ են պայմանագրեր, վճարվե՞լ են հարկեր ․․․
Լիճք համայնքի բնակիչ Վերա Հովհաննիսյանը, ով որպես բուժաշխատող 30 տարի աշխատել է Մեղրիի հիվանդանոցում, ասում է, որ Լիճքում հանքի շահագործման վերաբերյալ բնակիչները երկու ճամբարի են բաժանվել:
«Ովքեր ապահովված են և մի քանի ավտոմեքենա ու բնակարան ունեն Երևանում, պատճառաբանում են, որ չեն ուզում թունավորվել ու հանքը չպետք է շահագործվի: Այդ մարդիկ Երևանից Լիճք են գալիս միայն ամռանը։ Իսկ այն գյուղացիները, որոնք աշխատանք չունեն, ապրուստ չունեն, հույս ունեն, որ հանքը կրկին կվերագործարկվի»,- ասում է Վերան, ով 2009թ. կրճատման հետևանքով դարձել է գործազուրկ:
Վերան նաև խոստովանում է, որ հանքի շահագործմանը կողմ են նաև այն գյուղացիները, ում հողը շահագործող ընկերությունը խոստացել է գնել, բայց այդ գործարքը սառեցվել է հանքավայրի աշխատանքների դադարեցմանը զուգահեռ:
«Համայնքի բնակիչների մի մասը դեռ չի էլ վճարվել իր հողի համար։ Ինձ նույնպես չեն վճարել, բայց բողոքել չեմ ուզում, քանի որ ես էլ այդ մարդկանցից մեկն եմ, ով աշխատանք գտնելու հույսը դրել է հանքի վերաբացման վրա»,- ասում է Վերան:
Վերա Հովհաննիսյանի խոսքով՝ երբ հանքը գործում էր, Լիճքի բնակիչներն ավելացել էին հանքավայրի աշխատակիցների հաշվին: «Սյունիքի տարբեր հատվածներից մարդիկ գալիս էին ու մնում գյուղում, քանի որ աշխատանք կար», – ասում է Վերան։
Աշխատանքների դադարեցումից հետո գյուղը կրկին դատարկվել է: Որոշները Մեղրու ու Քաջարանի հանքերում նոր աշխատանք գտնելով` տեղափոխվել են՝ այլևս չսպասելով Լիճքի հանքավայրի վերաբացմանը:
Մինչդեռ, ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների, Լիճքի բնակչությունը վերջին երեք տարիներին աճել է:
Իսկ Գագիկ Սարգսյանը պնդում է, որ եթե ընկերությունը փորձի հանքը շահագործել, ապա մեղրեցիները հաստատ կպայքարեն դրա դեմ:
«Մարդիկ դուրս կգան փողոց, նունիսկ ճանապարհ կփակեն»:
Մեղրի համայնքի ավագանու անդամ Կարեն Ադամյանը համակարծիք է Գագիկի հետ:
«Մեղրեցիները միաձայն դեմ են հանքի շահագործմանը, ինչը փաստում է անցկացված ստորագրահավաքը` երկու օրում 3500 ստորագրություն: Այն ներկայացվել է վարչապետին, առ այն, որ մեղրեցիները չեն ուզում Մեղրիի տարածաշրջանում որևէ նոր մետաղական հանք գործարկվի»,- նշում է նա:
Սակայն ըստ Ադամյանի՝ համայնքապետարանում հանքավայրի շահագործման հետ կապված այսօր էլ տարակարծություն կա: Ավագանու անդամներից յուրաքանչյուրն իր տեսակետն ունի:
Ջրօգտագործման մերժում
Շահագործման դադարեցումից ամիսներ հետո՝ 2019թ. հունվարին, ընկերությունը Շրջակա միջավայրի նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալություն էր դիմել ակնկալելով ստանալ 2.09 լ/վրկ ջրառի թույլտվություն՝ Մեղրի գետի Այրիջուր վտակից (Զվարագետ): Փետրվարի սկզբին, սակայն, ընկերությունը մերժվել է՝ մինչև տեսչական ստուգումների անցկացումը:
Ի դեպ, «Թաթսթուոն» ՍՊԸ-ն նախկինում ջրօգտագործման թույլտվություն չի ունեցել: Այս մասին «Ամփոփ Մեդիայի» գրավոր հարցմանն ի պատասխան՝ նշել էր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:
«Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի փետրվարի 11-ի գրության հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժինը՝ առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործում իրականացնելու համար «Թաթսթուոն» ՍՊԸ-ի տնօրեն Սամվել Թաթևոսյանի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ: Նշանակվել է տուգանք»,- նշված է գրությունում:
Հենց նույն՝ հունվար ամսին մամուլում լուրեր շրջանառվեցին, որ ընկերությունը ցանկություն է հայտնել վերագործարկել հանքը: 2019թ. օգոստոսին «Ամփոփ Մեդիան» Շրջակա միջավայրի նախարարությանը գրավոր հարցում հղեց կապված հանքի վերագործարկման հետ, որին ի պատասխան նախարարությունը նշեց, որ «Թաթսթոուն» ՍՊԸ-ն հանքի վերագործարկման հայտ չի ներկայացրել:
«Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում Մեղրիի ավագանու անդամ Կարեն Ադամյանը նշեց, որ տեսչական ստուգումների արդյունքները, որոնք սկսվել են տարվա սկզբին հանքը վերագործարկելու նպատակով, դեռևս հայտնի չեն:
Ազդեցությունը՝ շրջակա միջավայրի վրա
Դեռ 2016թ. Հայաստանի «Օրհուս» կենտրոնը ուսումնասիրություններ է կատարել՝ Լիճքի պղնձի հանքավայրի շահագործման դեպքում շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունը պարզելու համար: Մասնավորապես, մատնանշվել են մի շարք բացթողումներ:
Ըստ մասնագետների՝ հանքավայրը կարող է ազդել Մեղրի գետի և համայնքի խմելու ջրի վրա, ուստի անհրաժետություն կա նախ ամբողջական հետազոտություն կատարել՝ ջրի որակական և քանակական բնութագրիչների վրա ազդեցությունը պարզելու նպատակով:
Սա փաստում է նաև Ադամյանը` ասելով. «Մեղրու ջրի ակունքը, որտեղից սկսվում է ջրառը դեպի մաքրման կայան, հանքից հեռու է ընդամենը 200 մետր, և, բնականաբար, այն կունենա բացասական ազդեցություն»:
Բացի դա, «Օրհուս» կենտրոնի հետազոտության մեջ նշվում է, որ չեն հաշվարկվել ազդեցության ռիսկերը՝ մշակաբույսերի և կլիմայի վրա:
Հանքից 700 մ հեռավորության վրա է գտնվում «Արևիկ» ազգային պարկը, որն ունի ավելի քան 30 300 հա տարածք: Հատուկ ուշադրության առարկա են վայրի բնության հազվագյուտ և ոչնչացող տեսակները: Այստեղ հայտնաբերվել է Հայաստանի Կարմիր գրքում գրանցված զոլավոր բորենի:
Զեկույցում նշվում է, որ հանքի շահագործման դեպքում նշված բուսատեսակների պոպուլյացիաները ենթարկվելու են լուրջ վտանգի՝ աճին նպաստող վայրերի կրճատման կամ դեգրադացիայի պատճառով:
Նշենք, որ ՀՀ կառավարության 2015թ. հուլիսի 2-ի որոշմամբ՝ Բնապահպանության (Շրջակա միջավայրի) նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքն ընդլայնվել է «Արևիկ» ազգային պարկի տարածքի կրճատման հաշվին:
Վերջինիս սահմանները հստակ գծված չեն, ինչից օգտվում են հանքարդյունագործությամբ զբաղվող ընկերությունները. կա միայն առաջարկվող սահմանազատում:
Վտանգված է նաև հանքից 50 մ հեռավորության վրա գտնվող «Բողաքար» արգելավայրը: Այն ստեղծվել է բուսական ու կենդական աշխարհի էնդեմիկ և հազվագյուտ տեսակների պահպանության նպատակով։
Դատական գործընթաց՝ հանքի շահագործման դեմ
2016թ.-ի դեկտեմբերի 13-ին Հայաստանի վարչական դատարանը վարույթ է ընդունել «Էկոլոգիական իրավունք» հասարակական կազմակերպության ներկայացրած հայցադիմումն ընդդեմ Բնապահպանության և Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունների՝ պահանջելով առոչինչ ճանաչել [խմբ. փաստաթուղթ, որը չունի իրավական ուժ և ենթակա չէ դատական նիստի քննարկման] Սյունիքում գտնվող Լիճքի հանքավայրի «շահագործմանը տրված թույլտվության հիմքում ընկած փաստաթղթերը»:
Հայցին կից ներկայացված փաստաթղթերի համաձայն՝
Լիճքի բացահանքի տարածքը մասնակիորեն ընկած է «Արևիկ» ազգային պարկի տարածքի մեջ, որտեղ բաց եղանակով հանքավայրի շահագործումն արգելված է՝ «Հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի ուժով:
«Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ի անդամ Արթուր Գրիգորյանը, ով 2018թ. հեղափոխությունից հետո կարճ ժամանակ հասցրեց լինել ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար, «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում նշեց, որ դատական պրոցեսն ըստ էության դեռ ավարտված չէ, սակայն այս պահին որևէ գործընթաց չի ընթանում:
«Դատարանը ժամանակին Բնապահպանության և Էներգետիկայի նախարարություններին պարտավորեցրեց, որպեսզի վերջիններս ներկայացնեն հստակ քարտեզագրական տվյալներ «Արևիկ» ազգային պարկի սահմանների վերաբերյալ: Սակայն այդ քարտեզագրական տվյալները մինչև հիմա չկան»,-նշում է Գրիգորյանը:
Նա ասում է, որ պետք է հստակ սահմանագծում իրականացվի, որպեսզի պարզ լինի՝ արդյոք Լիճքի հանքավայրը որևէ կերպ մտնո՞ւմ է «Արևիկ» ազգային պարկի տարածք, թե՞ ոչ:
«Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ը վերջին տարիներին մի շարք դատական գործընթացների է մասնակցել՝ Լիճք, Ամուլսար, Թեղուտ: Գրիգորյանի խոսքով` բոլորի դեպքում էլ, բացի Թեղուտից, խոշոր հաշվով վիճարկվում էր տրված փորձագիտական եզրակացության օրինականությունը: Այսինքն՝ մինչև գործունեություն իրականցնելն ընկերությունը պետք է ունենա փորձաքննական դրական եզրակացություն, որը պետք է լինի հիմնավոր:
«Ուսումնասիրության արդյունքում մենք պարզել ենք, որ այդ փորձաքննական եզրակացությունները հիմնավոր և օրինական չեն: Այսինքն՝ վիճարկվում էր դրանց օրինականության հարցը: Եվ, քանի որ Լիճքի հանքը մասնակիորեն գտնվում էր «Արևիկ» ազգային պարկի տարածքում, ազդեցություն ուներ պարկի տարածքի վրա, ուստի չէր կարող դրական եզրակացություն տրվել»:
Իբրև վերջաբան
Մեղրիի տարածաշրջանում տարածված հիվանդությունների թվում գերակշռում են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները՝ հիմնականում հիպերտոնիա և սրտամկանի կաթված: Ընդ որում՝ մահվան դեպքերի 53%-ի արձանագրություններում նշվում են հենց այս հիվանդությունները:
Առողջապահական համակարգի աշխատակիցները հիմնավոր պատասխան չունեն՝ արդյոք սա կապվա՞ծ է Մեղրիի բնակավայրերին մոտ շահագործվող հանքավայրերի հետ, թե՞ ոչ: Այնուամենայնիվ, ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի կողմից «Ամփոփ Մեդիային» տրամադրած տվյալների՝ վերջին 10 տարիներին (2008-2018թթ.) գրանցված 1300 մահացության դեպքերից միայն 691-ի դեպքում են նշված հիվանդությունները մահվան պատճառ եղել:
Նյութի հեղինակ և պատկերների ձևավորում` Գայանե Մելիքյան
Լուսանկարները` Արփի Ադամյանի
Տեղեկատվության հավաքագրմանը մասնակցել է նաև Ռաֆ Ենգիբարյանը
Պատասխանատու խմբագիր` Սուրեն Դեհերյան
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 10/09/2019