Էկոլոգիա

Հայաստանը կլիմայական ռիսկերի առաջ․ համակարգային խնդիրներ և աճող վտանգներ

Տավուշի մարզի Արճիս գյուղի բնակիչ Վալոդյա Մարտիրոսյանը երբեք չի մոռանա 2024-ի մայիսյան ջրհեղեղներից կրած վնասները։ Վարարած Դեբետ գետը կիսով չափ սրբել-տարել էր նրա գետափնյա այգին։

Վալոդյայի համար այգին փոքրիկ հողակտոր չէր, այլ ընտանիքի հիմնական ապրուստի աղբյուրը։ Տարիներ շարունակ նա ներդրումներ էր արել՝ ստեղծելով ոռոգման համակարգ, հողը բարելավող ենթակառուցվածքներ, ինչի շնորհիվ ամեն ամառ հողը նրան առատ բերք էր տալիս։ Բայց երկու օրերի հորդառատ անձրևներն ու ջրհեղեղը ոչնչացրին ոչ միայն պտղատու ծառերի մեծ մասը, այլև ենթակառուցվածքները՝ զրկելով նրան նաև այդ տարվա բերքից ստացվող եկամտից։

Վալոդյան պատմում է, որ պետությունից ստացել է ընդամենը 250,000 դրամ աջակցություն։ Գումարը բավարար էր գուցե նոր ծառեր գնելու համար, բայց ոչ՝ տիղմից մաքրման, ոռոգման համակարգի վերականգնման կամ այգին նորից կյանքի կոչելու համար։

Իսկ Վալոդյան միակը չէ։

Մայիսյան ջրհեղեղներն ավերիչ հարված հասցրեցին Լոռու և Տավուշի մարզերի 38 բնակավայրերի և, կարծես, կլիմայական փոփոխությունների առաջին լուրջ ահազանգը դարձան Հայաստանի համար։

Այս գծապատկերը ներկայացնում է Հայաստանում տեղումների քանակը 10 տարվա կտրվածքով և դրանց շեղումները նորմայից։

Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարումը մի քանի ժամում հեղեղեց տասնյակ համայնքներ, վնասեց ենթակառուցվածքներ, գետափնյա այգիներ, կամուրջներ, ճանապարհներ և խզեց համայնքների միջև հաղորդակցությունը։ Առնվազն 4 մարդ զոհվեց, հարյուրավորները մնացին անօթևան։ Հեղեղված տարածքները ՀՀ կառավարության կողմից հայտարարվեցին աղետի գոտի։

Նույն գարնանը հորդառատ անձրևները մի քանի անգամ հեղեղեցին նաև Երևանը։ Քաղաքի որոշ հատվածներ բնակիչներն արդեն համեմատում էին լճի կամ ծովի հետ։ Բայց եթե մարզերում պատճառը գետերի աննախադեպ վարարումն էր, ապա մայրաքաղաքի ջրհեղեղների պատճառը խցանված անձրևատարներն ու տարիների ընթացքում չվերանորոգված ենթակառուցվածքներն էին։

  • Երևանի հորդառատ անձրևների հետևանքները

Այս դեպքերը Հայաստանում կլիմայի փոփոխության հետևանքով ծառացած ավելի խորքային և համակարգային խնդրի ցուցիչներ են։

Արդյոք Հայաստանը պատրա՞ստ է խորհրդային շրջանից ժառանգած ենթակառուցվածքներով դիմագրավել նոր աղետների եղանակային վտանգավոր երևույթների աճի ֆոնին։

«Ամփոփ Մեդիան» ուսումնասիրել է վերջին տարիներին Հայաստանի տարածքում արձանագրված կլիմայական շեղումները, դրանց հիմնական պատճառները, ինչպես նաև պետական ու տեղական կառույցների պատրաստվածության մակարդակը՝ նմանատիպ սցենարների կրկնության դեպքում։

Իրավիճակ` աճող ռիսկեր, սահմանափակ կարողություններ

Թեև Հայաստանն աշխարհում ջերմոցային գազերի ամենացածր արտանետումներով երկրներից է (0.02%), այնուամենայնիվ, կլիմայի փոփոխությունների նկատմամբ խիստ խոցելի է։

Եթե մինչև 2015 թվականը՝ Հայաստանում նախաարդյունաբերական շրջանի (1929թ.) համեմատ միջին ջերմաստիճանը նորմայից բարձր էր 1.23°C-ով, ապա դրանից հետո այն բարձրացել է՝ հասնելով 1.6-1.7°C-ի։

Դրանով պայմանավորված՝ կլիմայական ռիսկերը՝ սելավների, ջրհեղեղների, կարկուտի, երաշտի, հրդեհների և ցրտահարության հաճախականությունն ու ինտենսիվությունը Հայաստանում զգալիորեն աճել են։ Դրանք իրենց բացասական հետևանքն են ունենում էկոհամակարգի, տնտեսության և մարդու գործունեության վրա։

ՄԱԿ-ի գրասենյակի աջակցությամբ իրականացված հետաղետային կարիքների արագ գնահատման համաձայն՝ միայն մայիսյան ջրհեղեղներից կրած ընդհանուր տնտեսական վնասներն ու կորուստները Լոռու և Տավուշի մարզերում կազմել է ավելի քան 82 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ վերականգնման համար անհրաժեշտ գումարը գերազանցել է 117 միլիոն ԱՄՆ դոլարը։

Դեբեդ գետի վարարման հետևանքով վնասվել էին հիմնական տրանսպորտային մայրուղիները՝ ընդհանուր շուրջ 30 կմ հատված, ինչպես նաև մի քանի կամուրջներ։  Սա իր հերթին յոթ բնակավայրի մեկուսացման պատճառ էր դարձել։

Խաթարվել էր կապը, հետաձգվել էր սննդի ու բժշկական օգնության մատակարարումը։

Այս ջրհեղեղը բացահայտեց աղետների նկատմամբ Հայաստանի պատրաստվածության և արձագանքման համակարգերի խոցելիությունը՝ հատկապես ինստիտուցիոնալ կառույցների միջև համագործակցության, օգնության արագ տրամադրման և հետագա ռիսկերին դիմակայելու տեսանկյունից։

Այս իրավիճակն արձանագրել էր նաև «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը, ում ղեկավարած կազմակերպությունը գործում է Ալավերդիում։ Նրա խոսքով՝ աղետի մասին լսելով՝ թե՛ իրենց կամավորները, թե՛ բազմաթիվ քաղաքացիներ անմիջապես շտապել են տուժած համայնքներ՝ առաջին օգնություն տրամադրելու։

«Արձագանքը շատ արագ էր։ Նույնը կարելի է ասել պետական և տեղական մարմինների մասին։ Տարբեր կառույցների աշխատակիցներ՝ ղեկավարից մինչև մասնագետ, բոլորն էլ աղետի գոտում էին և փորձում էին օգնել, կազմակերպել, ներգրավել կամավորներին», — պատմում է Դուլգարյանը «Ամփոփ Մեդիային»։

Բայց, ըստ նրա, կար մի մեծ բաց՝ ինստիտուցիոնալ պատրաստվածության պակաս։

«Փոխգործակցություն կար, բայց նկատվում էր, որ տեղ հասած ծառայությունները համակարգված չէին աշխատում։ Համայնքի ղեկավարը, մյուսների պես «սապոգներով» տիղմ էր մաքրում, բայց պլանավորված, համակարգված գործողություններ, ցավոք, չէին նկատվում։ Շատ քաոսային վիճակ էր», – ասում է Դուլգարյանը։

Դուլգարյանի համոզմամբ՝ նման բնական աղետների հետևանքները կարող են լինել շատ ավելի փոքր, եթե գործի նախապես մշակված և փորձարկված քաղպաշտպանության պլան։

«Մինչ մայիսյան աղետը տարբեր կազմակերպություններ մշտադիտարկել էին Ալավերդու կլիմայական պայմանները, գնահատել ռիսկերը, այդ թվում՝ ջրհեղեղի վտանգը, և ներկայացրել առաջարկություններ», — նշում է նա։ Նրա խոսքով՝ համայնքները պարտավոր են ունենալ քաղպաշտպանության պլաններ և դրանց հիման վրա ամեն տարի կազմակերպել վարժանքներ՝ ներգրավելով բնակչությանը։

«Պետք է հստակ գրված լինի՝ ինչպես պետք է արձագանքեն ՏԻՄ-երը, ինչպես գործեն նախապես ձևավորված խմբերը։ Բայց որպեսզի դա աշխատի, անհրաժեշտ է գոնե տարեկան մեկ անգամ իրականացնել վարժանքներ։ 2016-ից հետո ես նման վարժանքների մասին չեմ լսել։ Համայնքները ինստիտուցիոնալ առումով պատրաստ չէին», — ասում է Դուլգարյանը։

Մեկ այլ խնդիր, որի մասին հաճախ խոսում էին տուժած բնակիչները, վնասների գնահատման թերի գործընթացն էր և դրա հետևանքով տրամադրվող անհամաչափ աջակցությունը։ Շատերը նշում էին, որ աջակցության չափը հաճախ չէր արտացոլում իրական վնասը։ Օրինակ՝ ոռոգման համակարգերը, գյուղատնտեսական տեխնիկան կամ այլ ռեսուրսներ սկզբնական հաշվարկներում ընդհանրապես չէին ներառվում, իսկ շարժական գույքի համար սահմանված ֆիքսված վճարները չէին համապատասխանում կորուստների իրական արժեքին։

Աջակցության չափը վերանայվում էր միայն այն ընտանիքների համար, ովքեր հրապարակային հայտնում էին իրենց դժգոհությունը կամ հայտնվում էին լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։

Ջրհեղեղից մեկուկես տարի անց կարելի է արձանագրել, որ կարևոր ենթակառուցվածքները կամ վերականգնվել են, կամ գտնվում են վերջնական վերականգնման փուլում։

Լոռու մարզում մաքրվել է Դեբետ գետի հունը, լայնացվել է Ձորագետի հունը, բացվել են փակված թունելները, վերականգնվել են վնասված կամուրջները։ Իսկ մեկուսացված բնակավայրերի հետ կապը նոր կամուրջների միջոցով վերականգնվել էր աղետից կարճ ժամանակ անց։

Չնայած այս դրական տեղաշարժերին, ճանապարհների ամրացման և լիարժեք շինարարական աշխատանքներն առանձին հատվածներում դեռևս ավարտած չեն, ինչը վկայում է այն մասին, որ ենթակառուցվածքների դիմակայունությունն ամբողջությամբ և վերջնականապես ապահովված չէ։

Կլիմայական քաղաքականության բացթողումները

Հայաստանում կլիմայական փոփոխությունների ռիսկերը խորանում են ոչ միայն գլոբալ տաքացման, այլև ոչ կոմպետենտ կառավարման պատճառով։ Բնական ռեսուրսների չկանոնակարգված օգտագործումը, անտառային և գյուղատնտեսական հողերի նվազեցումը, թափոնների ավելացումն ու էներգետիկ ռեսուրսների ոչ արդյունավետ տնօրինումը էականորեն թուլացնում են երկրի դիմակայունությունը։

2025թ․-ի հուլիսին հրապարակված «Քաղաքացիական հասարակության կողմից ՀԸԳՀ (CEPA) իրականացման մոնիթորինգի ուժեղացում» զեկույցն արձանագրում է, որ բոլոր ուսումնասիրված ոլորտներում՝ անտառից և գյուղատնտեսությունից մինչև էներգետիկա և թափոններ, իրական քաղաքականությունները հաճախ մնում են կիսատ կամ չհամակարգված։

Անտառածածկ տարածքների ընդլայնման ծրագրերը չեն իրականացվում։ Մինչև 2030թ.-ը անտառածածկ տարածքները նախատեսված 50,000 հա-ով ավելացնելու պլանը նախորդ երեք տարիներին իրականացվել է ընդամենը 1,64%-ով, ասել է թե դեռ տնկվել է ընդամենը 820 հա տարածք, մինչդեռ 1993-ից հետո անտառային հողերը արդեն իսկ կրճատվել են 126,200 հա-ով։

2021–2023 թթ․ գյուղատնտեսական նշանակության հողերը նվազել են մոտ 1100 հա-ով, իսկ ոլորտի (ներառյալ անտառային տնտեսությունը և ձկնորսությունը) մասնաբաժինը ՀՆԱ-ում 11,1%-ից նվազել է մինչև 7,9%։ Ոռոգման ջրի անհասանելիությունը, ջրամբարներում ջրի սակավությունը և հողերի մասնատվածությունը շարունակում են խոչընդոտել տեղական տնտեսություններին՝ մեծացնելով գյուղատնտեսական ռիսկերը։

Պակաս մտահոգիչ չէ նաև Էներգետիկ և թափոնների կառավարման իրավիճակը։ ԵՄ սահմանմամբ՝ Հայաստանի տնտեսությունների 58.6%-ը էներգետիկ աղքատ է, մինչդեռ ՀԸԳՀ-ում էներգետիկ աղքատության հաղթահարման համար առանձին քաղաքականություն առայժմ չկա։

Թափոնների տեսակավորման և վերամշակման ցածր մակարդակի պատճառով կոշտ թափոնների մեծ մասն ուղղվում է աղբավայրեր, իսկ տնտեսական խթանների բացակայությունը խոչընդոտում է վերամշակող բիզնեսների զարգացմանը։ Առանց կենսագազի հավաքման՝ կեղտաջրերի մաքրման կայաններում աճում է արտանետումների քանակը, իսկ 580 բնակավայրեր դեռևս չունեն կոյուղատար համակարգեր։ Հայաստանը նույնիսկ չունի կեղտաջրերի կառավարման զարգացման ծրագիր։

Քաղպաշտպանական ու վաղ նախազգուշացման համակարգերը բավարար գործունակ չեն, համայնքներում կլիմայական ռիսկերը գնահատված չեն, չկան հարմարվողականության ծրագրեր, իսկ գործիքների ու մասնագետների պակասը լրացուցիչ խոչընդոտ է հանդիսանում առաջընթացի համար։

Այս ամենը ցույց է տալիս, որ կլիմայական վնասները նվազեցնելու համար հավասարապես կարևոր է ոչ միայն աղետներին արագ ու արդյունավետ արձագանքումը, այլև դրանց կանխարգելումը՝ բնակչության կրթության, իրազեկվածության բարձրացման, համայնքային պատրաստվածության, որակյալ ու ժամանակին իրականացվող ծրագրերի, համակարգված կառավարման և ռեսուրսների պատասխանատու օգտագործման միջոցով։

Կանխարգելիչ գործողությունների և կառավարման համակարգերի անբավարար զարգացումը փաստացի համայնքները դարձնում են ավելի խոցելի։ Այս պարագայում նույնիսկ համեմատաբար փոքր կլիմայական շեղումները կարող են վերածվել մեծածավալ աղետների։

Հեղինակ՝ Սուրեն Դեհերյան
Ինտերակտիվ գրաֆիկները՝ Կարինե Դարբինյանի
Լուսանկարները՝ Ֆոտոլուրի, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության
Ձևավորումը՝ Վան Սիմոնի

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 20/11/2025