Տնտեսություն Քաղաքական

Զինծառայության ժամկետը կրճատվում է․ ի՞նչ ուղղությամբ է բարեփոխվում հայկական բանակը

Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ ֆեյսբուքյան էջից

Հայաստանի կառավարությունը շարունակում է արագացված տեմպերով առաջ տանել պաշտպանական համակարգի վերափոխման իր ծրագիրը։ Այսօր՝ հոկտեմբերի 21–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2026 թ․ հունվարի 1-ից ժամկետային զինծառայության տևողությունը 2 տարվա փոխարեն կդառնա 1,5 տարի։

Որոշումն արդեն կայացված է, և ժամանակը ցույց կտա, թե ինչպես է փոփոխությունն ազդելու բանակի համալրման, պատրաստվածության և անձնակազմի կառավարման վրա։

Վարչապետն իր ֆեյսբուքյան ուղերձում նշել է, որ սկզբնական տարբերակով նոր կարգավորումը պետք է ուժի մեջ մտներ 2026-ի ամռանը, սակայն պաշտպանության նախարարի և խորհրդարանական գործընկերների հետ քննարկումներից հետո որոշվել է, որ օրենքն ուժի մեջ կմտնի ավելի շուտ՝ արդեն ձմեռային զորակոչից։

Այս քայլը փաստացի լրացնում է պաշտպանության ոլորտում վերջին տարիներին իրականացվող փոփոխությունների շարքը, որոնք հաճախ ավելի արագ են, քան դրանց հանրային բացատրությունն ու ընկալումը։

2020 թվականի պատերազմից հետո Հայաստանի պաշտպանական համակարգը շարունակում է մնալ հանրային ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Պատերազմից քաղած փորձն ու տարածաշրջանային փոփոխվող իրողությունները Հայաստանին կանգնեցրել են անվտանգության և զինված ուժերի կառավարման մոտեցումները վերանայելու խնդրի առջև։

Չնայած ոլորտը շարունակում է մնալ ամենափակ համակարգերից մեկը, վերջին տարիներին մի շարք փաստեր ու նախաձեռնություններ վկայում են, որ Հայաստանի պաշտպանական քաղաքականությունը թևակոխում է վերափոխման փուլ։

Փորձագետների խոսքով՝ առաջին անգամն է, երբ զինտեխնիկայի ձեռքբերումների և պաշտպանության համակարգի արդիականացման համար նման ծավալի ֆինանսական ներդրումներ են արվում։

«Գոնե տեխնիկայի գնման հարցում շատ լուրջ գումարներ են ներդրվել վերջին տարիներին՝ 2022 թվականից հետո։ Այս չափի գումարներ Հայաստանը երբևիցե չի ծախսել գնումների վրա։ Օրինակ՝ 2016-2020 թթ․ համեմատությամբ, գնումների ծավալները հնգապատկվել են», – «Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում նշում է «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող, ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը։

Անվտանգության ոլորտի փոփոխությունները հիմնականում պայմանավորված են վերջին ինը տարիների երեք պատերազմներով։ Դրանք ստիպել են վերաիմաստավորել պետական ռազմավարությունը, վերակառուցել բանակի կառուցվածքն ու վերանայել սպառազինության քաղաքականությունը։

2025 թվականը դարձավ մի շարք պաշտպանական նախաձեռնությունների և քաղաքական որոշումների տարի։ Հանրային ուշադրության կենտրոնում էին ժամկետային զինծառայության ժամկետների փոփոխությունը, բյուջեում ռազմական ծախսերի կրճատումը և հանրության շրջանում «փողով ծառայությունից ազատման» անունը ստացած օրենսդրական նախաձեռնությունը։

ՊՆ ՌՈ ստորաբաժանումը ԱՄՆ–ում «Համատեղ լուծում-2025» զորավարժությանը, փետրվար, 2025թ․ / Լուսանկարը՝  ՀՀ ՊՆ

Այս նյութով ամփոփում ենք անցնող տարվա առանցքային զարգացումները Հայաստանի պաշտպանական համակարգում՝ փորձելով հասկանալ, թե ինչպես են ձևավորվում երկրի նոր պաշտպանական քաղաքականության ուղղությունները՝ հիմնվելով բաց աղբյուրների և հանրային հասանելի տվյալների վրա։

Վճարովի չծառայելու գաղափարը՝ օրակարգից դուրս, բայց ոչ վերջնականապես փակված

2025 թվականի մայիսին կառավարությունը քննարկեց և նախնական հավանություն տվեց պարտադիր զինվորական ծառայության ժամկետները վճարի դիմաց կրճատելուն վերաբերող օրենսդրական նախաձեռնությանը, սակայն նախագիծը չվերածվեց օրենքի։

Նախաձեռնությունը Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանինն էր, ով առաջարկեց սահմանել վճարովի ծառայության տարբերակներ․ երկու տարվա պարտադիր ծառայության փոխարեն մեկ ամիս ծառայելու դիմաց վճարել 20 միլիոն դրամ, իսկ վեց ամսվա ծառայության համար՝ 15 միլիոն դրամ։ Միաժամանակ առաջարկվում էր զորակոչի սահմանային տարիքը 27 տարեկանից բարձրացնել մինչև 37։

Պաշտպանության նախարարությունը հանդես եկավ սեփական դիտարկումներով՝ առաջարկելով բարձրացնել վճարի չափերը՝ դարձնելով դրանք 24 միլիոն և 18 միլիոն դրամ, իսկ զորակոչի սահմանային տարիքը սահմանել մինչև 32 տարին լրանալը:

Սա առաջին անգամը չէ, որ նմանատիպ նախաձեռնություն է առաջ քաշվում։ Նույն պատգամավորը նման առաջարկով հանդես էր եկել դեռևս 2019-ին՝ 10 միլիոն դրամ վճարի տարբերակով, իսկ 2022-ին արդեն հենց Պաշտպանության նախարարությունն էր քննարկում 24 միլիոն դրամով և չորսուկես ամիս ծառայությամբ տարբերակը, ըստ որի նախատեսվում էր, որ հավաքված գումարները կուղղվեն պայմանագրային զինծառայողների վարձատրությանը։

Թեև վերջին տարբերակը ևս կյանքի չկոչվեց, թեման, ըստ մասնագետների, պարբերաբար վերադառնում է քաղաքական օրակարգ։

Վիտալի Մանգասարյան

«Բարեբախտաբար, առայժմ այս գաղափարը չի իրագործվել, սակայն չկա որևէ երաշխիք, որ այն ապագայում չի վերադառնա նոր ձևակերպումներով և, ասենք, «էլ ավելի հարմար գնով»», – «Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում նշում է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական վերլուծաբան Վիտալի Մանգասարյանը։ «Նման մոտեցումը, իմ կարծիքով, կարող է ուղղակիորեն խիստ բացասաբար ազդել մեր ռազմական հնարավորությունների ու կարողությունների վրա»։

Հաջորդ խնդրին անդրադառնանք առավել հանգամանալից։

Ժամկետային զինվորական ծառայության ժամկետի կրճատում․ արդյո՞ք ժամանակն է

2025-ի սեպտեմբերին Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման ներկայացրեց օրենքի նախագիծ, որով առաջարկվում է 2026 թվականի ամառային զորակոչից սկսած՝ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատել 6 ամսով՝ այն սահմանելով 18 ամիս։

Հոկտեմբերի 21-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այդ փոփոխությունը կկիրառվի արդեն 2026 թ․ հունվարի 1-ից [խմբ․ օրենքը չի տարածվի արդեն ծառայության մեջ գտնվողների վրա

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ կրճատումը բխում է կառավարության 2021–2026թթ. ծրագրից՝ պայմանագրային ծառայության ընդլայնման հաշվին պարտադիր ծառայության կրճատման տրամաբանությամբ։ Վերջին տարիներին արդեն գործարկվել են մի քանի նախաձեռնություններ՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, արհեստավարժ սերժանտական համակարգը, զինծառայողների ատեստավորման համակարգի ներդրման, ինչպես նաև սահմանամերձ զորամասերում պայմանագրային ծառայության խրախուսումը և այլն։

Սակայն հարցը շարունակում է մնալ արդիական՝ արդյոք պայմանագրային ծառայության ընդլայնումն իսկապես կարո՞ղ է լրացնել կրճատվող զորակոչային կազմը։

Լեոնիդ Ներսիսյան

Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանի խոսքով՝ նախագիծը տրամաբանական շարունակությունն է այն հայեցակարգի, որով նախատեսվում է բանակը աստիճանաբար դարձնել պրոֆեսիոնալ։ Սակայն նա զգուշացնում է՝ նման փոփոխությունը միայն այն դեպքում կարող է լինել արդյունավետ, եթե պետությունը հասցնի բավարար թվով որակյալ պայմանագրային զինծառայողներ հավաքագրել։

«Եթե ճիշտ կազմակերպվեն աշխատանքները՝ հատկապես բանակի հեղինակության բարձրացման և մարքեթինգային արշավների միջոցով, հնարավոր է տարեկան շուրջ 4-5 հազար նորակոչիկի փոխարինել պայմանագրայիններով։ Բայց այստեղ ամենակարևորը որակն է, ոչ թե թիվը։ Պետք է մրցույթը մեծ լինի ընտրության հնարավորություն ապահովելու համար։ Ես այն կարծիքին եմ, որ եթե ուզում ենք, որ մեր բանակում շատ պրոֆեսիոնալներ լինեն, ապա պետք է դրա մասին շատ խոսել ու պատմել, թե ինչով է բանակում ծառայելը լավ», – նշում է Ներսիսյանը։

Փորձագետը նաև ընդգծում է, որ ժամկետի կրճատման հարցը կարելի է դիտարկել միայն համապարփակ բարեփոխումների՝ պատրաստության փուլերի արդիականացման, նոր տեխնոլոգիաների ներդրման, ծառայության արդյունավետության բարձրացման դեպքում։

«Օրինակ՝ այժմ զինվորական նախապատրաստական շրջանը տևում է մոտ վեց ամիս, բայց եթե այն վերակազմակերպվի որպես ինտենսիվ երեքամսյա ծրագիր՝ առանց որակի կորստի, դա կարող է իրական հիմք դառնալ կրճատման համար», – ասում է նա։

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը, սակայն, ավելի զգուշավոր է այս հարցում։ Նրա կարծիքով՝ առանց համապարփակ պաշտպանության կոնցեպտի ընդունման նման փոփոխությունը կարող է նոր խնդիրներ առաջացնել։

«Եթե չունենք ամբողջական պաշտպանական մոդել և պարզապես կրճատում ենք ծառայությունը, ապա դա ոչ թե բարեփոխում, այլ ռիսկի մեծացում է։ Բանակը պետք է նախապես ունենա բավարար մարդկային և նյութատեխնիկական ռեսուրսներ», — նշում է նա։

Մասնագետները հիշեցնում են նաև՝ ժամկետի կրճատումը միայն թվերով չի որոշվում։ Այն կապված է երկրի ժողովրդագրական պատկերի, տեխնոլոգիական զարգացվածության մակարդակի, բյուջետային հնարավորությունների և ռազմավարական նպատակների հետ։ Պրոֆեսիոնալ բանակի ձևավորումն անհրաժեշտ, բայց նաև ծախսատար ուղղություն է։

Միջազգային փորձ

Պարտադիր զինվորական ծառայության տևողության և կազմակերպման հարցում աշխարհում միասնական ձևաչափ չկա։ Յուրաքանչյուր երկիր այն ձևավորում է իր անվտանգային քաղաքականության, ժողովրդագրության և տնտեսական հնարավորությունների հիման վրա։ Սակայն համեմատությունը երբեմն լավագույն պատկերն է տալիս։

«Ամփոփ Մեդիա»-ի պատրաստած ինտերակտիվ քարտեզի միջոցով դիտարկենք, թե ինչպես են պարտադիր ծառայությունն ու զորակոչային համակարգը կազմակերպվում զարգացած, գիտելիքահենք տնտեսություն և հզոր պաշտպանական համակարգ ունեցող երկրներում։

«Եթե 10 ժամկետային զինվոր պահելու համար պետք է 100 հազար դոլար, ապա նույն քանակի պայմանագրայինների դեպքում անհրաժեշտ է առնվազն տասն անգամ ավելի գումար։ Այսինքն՝ եթե կրճատում ես ժամկետը, բայց չես մեծացնում պաշտպանական բյուջեն, ապա այդ մոդելը չի կարող կայուն լինել», — նշում է Մանգասարյանը։

Այս համատեքստում առավել հակասական է դառնում այն փաստը, որ 2026 թվականի բյուջեով նախատեսվում է պաշտպանական ծախսերի կրճատում։ Սա հարց է առաջացնում՝ արդյոք բանակի կառուցվածքային փոփոխությունները համընկնո՞ւմ են պետության ֆինանսական քաղաքականության հետ։

Ռազմական բյուջեի կրճատում՝ մարտահրավե՞ր, թե՞ սովորական գործընթաց

Կառավարության ներկայացրած 2026 թվականի պետական բյուջեի նախագծով պաշտպանական ծախսերը նախատեսվում է նվազեցնել շուրջ 15․2%-ով։ Նախագծով Պաշտպանության նախարարությանը հատկացվելու է 563 միլիարդ դրամ, ինչը 2025 թվականի համեմատ պակաս կլինի 101,5 միլիարդ դրամով (մոտ 265 միլիոն դոլարով)։

Պաշտպանական բյուջեի կրճատման մասին խոսելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում նշեց, որ 2024 թվականի համեմատ 2025 թվականին պաշտպանական ծախսերն աճել էին կտրուկ և անհամաչափ (115 միլիարդ դրամով), ինչը պայմանավորված է եղել որոշակի հրատապ կարիքներով։

Սակայն այս հիմնավորումը չի փարատում փորձագետների մտահոգությունները։

Արտակ Քյուրումյան

«Կառավարությունը պարբերաբար հայտարարում է, որ ձգտում է ստեղծել արհեստավարժ բանակ։ Բայց դա, իհարկե, ժամանակ և ավելի շատ ռեսուրսներ է պահանջում։ Այս իմաստով խիստ մտահոգիչ է, որ պաշտպանության համար ռեսուրսները կրճատվում են, հատկապես հաշվի առնելով, որ աշխարհում շուրջբոլորը գնում են պաշտպանական ծախսերի ավելացման», – «Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում ասում է պետական գնումների կառավարման մասնագետ Արտակ Քյուրումյանը և ավելացնում, «մենք ինչպես ենք լուծելու մեր պաշտպանական խնդիրներն ավելի քիչ ռեսուրսներով, դժվար է պատկերացնել»։

Զինվում են բոլորը

Վերջին երեք տարիներին ռազմական ծախսերի աճը համաշխարհային միտում ունի։ Եվրամիությունն իր ռազմական ծախսերն ավելացրել է շուրջ 30 տոկոսով։ Իսկ այս տարվա մարտի 6-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենը (Ursula von der Leyen) հատարարեց, որ Եվրոպան պետք է վերազինվի և դրա համար կհատկացվի 800 միլիարդ եվրո։

Այս տարի հունիսին ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի ժամանակ կազմակերպության անդամ երկրները հանձն առան մինչև 2035 թվականը պաշտպանական ծախսերը հասցնել իրենց ՀՆԱ-ի 5 տոկոսին, նախկին 2 տոկոսի փոխարեն։

Ընդհանուր առմամբ, ռազմական բյուջեներն ավելացրել են աշխարհի պետությունների մեծ մասը։ Ըստ Խաղաղության խնդիրների ուսումնասիրման ստոկհոլմյան ինստիտուտի (SIPRI) զեկույցի՝ 2024 թվականին համաշխարհային ռազմական ծախսերը հասել են նոր առավելագույն մակարդակի՝ 2,7 տրիլիոն ԱՄՆ դոլարի, ինչը 9,4%-ով ավել է նախորդ՝ 2023 թվականի ցուցանիշից։

ԵՄ և ՆԱՏՕ անդամ մի շարք երկրներ վերջին տարիներին կտրուկ մեծացրել են իրենց ռազմական բյուջեները՝ արձագանքելով անվտանգության նոր մարտահրավերներին։

Գերմանիան, օրինակ, 2024 թվականին իր պաշտպանական ծախսերն ավելացրել է 28%-ով՝ հասցնելով 88,5 միլիարդ դոլարի և դառնալով ռազմական ծախսերի ծավալով աշխարհում 4-րդ երկիրը՝ ԱՄՆ-ից, Չինաստանից և Ռուսաստանից հետո։

Լեհաստանը նախորդ տարվա համեմատ աճեցրել է իր բյուջեն 31%-ով՝ այն հասցնելով ՀՆԱ-ի 4,2%-ին, իսկ Շվեդիան՝ 34%-ով՝ 12 միլիարդ դոլարի մակարդակի։

Զինվելու այս միտումը բնորոշ է ոչ միայն Եվրոպային։ Մեր հարևան Իրանը 2024 թվականին իր պաշտպանական ծախսերը գրեթե եռապատկել է՝ 10,3 միլիարդ դոլարից հասցնելով 27,5 միլիարդի։

Ըստ Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ստոկհոլմյան ինստիտուտի (SIPRI) տվյալների՝ ավելի քան 100 երկրներ 2024-ին ավելացրել են ռազմական բյուջեները։ Սա «Սառը պատերազմի» ավարտից ի վեր պաշտպանական ծախսերի ամենախոշոր աճն է։ Այսպիսի աճի պատճառ դարձան Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմները։

Եվ այս միտումը, ըստ փորձագետների, շարունակվելու է։ Հատկապես մտահոգիչ է, որ զինվելու մրցավազքին ակտիվորեն միացել են նաև Հայաստանի անմիջական հարևանները՝ Թուրքիան և Ադրբեջանը։ Եթե Թուրքիան 2023-ին պաշտպանական նպատակներով ծախսել էր մոտ 16 միլիարդ դոլար, ապա ընդամենը մեկ տարում այն իր բյուջեն ավելացրեց ավելի քան 150 տոկոսով՝ հասցնելով 40,5 միլիարդի։ 2025-ի բյուջեով էլ նախատեսվում է նոր՝ 17,5% աճ՝ ռեկորդային՝ 47 միլիարդ դոլարի մակարդակով։

Ադրբեջանի ռազմական ծախսերն էլ շարունակում են աճել։ 2026 թվականի պետական բյուջեի նախագծով այդ երկրում պաշտպանական և ազգային անվտանգության ծախսերը կավելանան ևս 3,8 տոկոսով՝ հասնելով շուրջ 5,1 միլիարդ դոլարի։

Հայաստանի և Ադրբեջանի ռազմական բյուջեների անհամաչափությունը շարունակվում է երեք տասնամյակ։ Տարբերությունը տեսնելու համար բավական է հպանցիկ հայացք նետել «Ամփոփ Մեդիա»–ի պատրաստած գրաֆիկին, որում ներկայացված են երկու երկրների ռազմական ծախսերը։

Ռազմական գնումների վերջին տարիների աճը, ըստ փորձագետների, պետք է դիտարկել ոչ թե որպես անակնկալ, այլ որպես պատերազմի հետևանքների բնական շարունակություն։

2020 թվականի 44-օրյա պատերազմը և դրան հաջորդած զենք-զինամթերքի մեծ կորուստները պարտադրեցին պետությանը նորից համալրել իր զինանոցը։

Պետական գնումների կառավարման մասնագետ Արտակ Քյուրումյանի խոսքով՝ պատերազմի ընթացքում սպառված զինատեսակների վերականգնման անհրաժեշտությունը և համաշխարհային պահանջարկի աճը հանգեցրել են զենքի շուկայի թանկացմանը։

Նրա դիտարկմամբ՝ վերջին տարիներին Հայաստանն իրականացրել է մի շարք գնումներ, այդ թվում՝ Հնդկաստանից, սակայն դեռ պարզ չէ՝ արդյոք դրանք բավարա՞ր են մեր ռազմական պաշարների լիարժեք վերականգնման համար։

Քյուրումյանը նշում է նաև, որ տեղական ռազմարդյունաբերական ներուժի զարգացման դանդաղ տեմպերն այս հարցը դարձնում են առավել զգայուն.

«Զենքն այսօր աշխարհում թանկացել է, իսկ Հայաստանի ներսում նոր արտադրական հզորությունների ստեղծման կամ տեխնոլոգիական զարգացման նշաններ գրեթե չկան», – ընդգծում է նա։

Պետական բյուջեում այդ տողով ծախսերն իրականում չեն աճել։ Վերջին երեք տարում դրանք պահպանվել են մոտ 5 միլիարդ դրամի սահմաններում և նույնիսկ նվազել են․ 2026-ին նախատեսված է 4,975 միլիարդ դրամ, 2025-ի 5,720 միլիարդի փոխարեն։

Այս իրավիճակում հարց է առաջանում՝ եթե նախատեսվում է ավելացնել պայմանագրային զինծառայողների թիվը (ինչը ենթադրում է շատ ավելի բարձր ծախսեր), ինչպես նաև համալրել սպառված զինտեխնիկան՝ զենք-զինամթերքի համաշխարհային գների աճի ֆոնին, ինչպե՞ս է հնարավոր դա անել պաշտպանական բյուջեի կրճատման պայմաններում։

Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը ենթադրում է, որ կրճատումները կարող են կապված լինել այլ ուղղությամբ՝ սահմանապահ զորքերի ընդլայնման ծրագրի հետ։

Նրա խոսքով՝ «այժմ քննարկվում է սահմանապահ զորքի թվաքանակի ավելացման հարցը, ինչը հնարավոր է՝ արտացոլվի ԱԱԾ, ոչ թե ՊՆ բյուջեում»։

Եթե այս սցենարը ճիշտ է, ապա որոշակի տրամաբանություն կա՝ խաղաղության պայմաններում առաջնագծի մշտական զորախմբերը կարող են փոխարինվել սահմանապահ ուժերով։ Սակայն, ինչպես տեսնում ենք հաջորդ տարվա բյուջեի նախագիծն ուսումնասիրելիս, այս պահին պետական բյուջեում նման միտում չի երևում․ ԱԱԾ-ի և ազգային անվտանգության ընդհանուր ծախսերը էապես չեն ավելացել։

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը հավելում է, որ Հայաստանի անվտանգության միջավայրն այնքան անկայուն է, որ նման կրճատումները կարող են առաջացնել լուրջ ռիսկեր․

«Եվրոպական երկրներն անգամ, որոնք այս պահին ուղղակի սպառնալիքներ չունեն, ավելացնում են իրենց ռազմական ծախսերը։ Իսկ մենք՝ դեռևս չապահովված խաղաղության պայմաններում, կրճատում ենք պաշտպանության ռեսուրսները», — ընդգծում է նա։

Բյուջեի նախագիծը դեռ պետք է անցնի խորհրդարանական քննարկումների, օրենսդիրի կողմից հաստատման փուլը, որից հետո կդառնա օրենք։ Մինչ այդ տեսականորեն հնարավոր են այդ նախագծում որոշակի փոփոխություններ, բայց գործնականում դա իրատեսական սցենար չէ։

Ամփոփում

Հայաստանի պաշտպանական համակարգը կանգնած է բարդ ու բազմաշերտ վերափոխման փուլում։ 2020 թվականի պատերազմից հետո պետությունը փորձում է ձևավորել նոր մոտեցումներ՝ բանակի կառուցվածքը, մարդկային ռեսուրսների համալրումը և ռազմական գնումների տրամաբանությունը վերանայելու ուղղությամբ։ Սակայն մինչև հիմա այդ փոփոխությունները չեն վերածվել լիարժեք ռազմավարության․ առաջարկվող նախաձեռնությունները հաճախ մնում են կիսատ և առանց երկարաժամկետ ռազմավարական հիմնավորման։

Պարտադիր զինծառայության ժամկետի կրճատման և պաշտպանական բյուջեի նվազման նախաձեռնությունները ցույց են տալիս, որ պետությունը փորձում է շարժվել դեպի ավելի պրոֆեսիոնալ բանակի մոդել։ Բայց եթե այդ գործընթացը չի ուղեկցվում համապատասխան ֆինանսավորմամբ, տեխնոլոգիաների արդիականացմամբ և սեփական ռազմարդյունաբերական ներուժի զարգացմամբ, ապա այն կարող է հանգեցնել ոչ թե համակարգի զարգացման, այլ դրա թուլացման։

Փորձագետները նշում են, որ առաջիկա տարիների կարևորագույն խնդիրներից են բանակի կրթական և կառավարման որակի բարձրացումը, պայմանագրային ծառայության գրավչության բարձրացումը և տեխնոլոգիական լուծումների ինտեգրումը՝ մարտական կարողությունները պահպանելու համար։

Հայաստանի համար ռացիոնալ չէ մտնել սպառազինությունների մրցավազքի մեջ տնտեսական անհամաչափ պայմաններում, բայց անհրաժեշտ է ձևավորել փոքր, ճկուն և բարձր պատրաստվածությամբ պաշտպանական համակարգ, որը կկարողանա արձագանքել տարածաշրջանային մարտահրավերներին՝ ոչ թե ծավալով, այլ որակով։

Հեղինակ՝ Գևորգ Ավչյան
Ինֆոգրաֆիկները՝ Կարինե Դարբինյանի
Ձևավորումը՝ Վան Սիմոնի
Լուսանկարները՝ ՀՀ ՊՆ ֆեյսբուքյան էջից

Նյութը պատրաստվել է «Ամփոփ Մեդիա»-ի կողմից Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի (ՖԷՀ) հետ համագործակցությամբ։ Սույն հրապարակման մեջ արտահայտված մտքերի համար պատասխանատվությունը կրում է հեղինակը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 20/10/2025