Անասնապահության ոլորտը խթանելու նպատակով կառավարությունը տարիներ շարունակ իրականացրել է պետական աջակցման ծրագրեր։ Խոշոր և մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակի ավելացման նպատակով ուղղվել են միլիոնավոր դրամներ, սակայն ցանկալի արդյունքներ չեն արձանագրվել։ Ընդհակառակը՝ ոլորտում գրանցվել է զգալի անկում։
Պաշտոնական տվյալներով՝ 2021-2025 թթ-ին Հայաստանում խոշոր եղջերավորների գլխաքանակը նվազել է ավելի քան 20 %-ով։ Այլ կերպ ասած՝ այսօր յուրաքանչյուր հինգ կովից մնացել է չորսը։ Նվազել է նաև ոչխարների և այծերի գլխաքանակը։
«Ամփոփ Մեդիան» ուսումնասիրել է կառավարության իրականացրած ծրագրերը՝ փորձելով հասկանալ, թե ինչու են անասնապահության ոլորտում ծրագրերը ձախողվում, և որոնք են ճգնաժամի հիմնական պատճառները։
Իրավիճակ
ՀՀ էկոնոմիկայի նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ անասնապահության ոլորտում 2019-2025 թթ․ ընթացքում պետությունը ունեցել է երեք խոշոր ծրագիր, որոնց շրջանակում պետության կողմից մասնակի փոխհատուցմամբ ձեռք է բերվել 4407 խոշոր և մանր եղջերավոր կենդանի՝ ՌԴ-ից և եվրոպական երկրներից (Ֆրանսիա, Չեխիա, Ավստրիա և այլն)։
Մասնավորապես՝ տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակում 2019-2024 թթ․ ձեռք է բերվել 2394 գլուխ տոհմային երինջ, որի համար փոխհատուցվել է 608 մլն դրամ։ Ծրագիրն իրականացվել է վարկերի տոկոսադրույքի մասնակի փոխհատուցմամբ։ Վարկերը շահառուներին տրամադրվել են առավելագույնը 14 %-ով, որի մոտ 11-12 %-ը փոխհատուցել է պետությունը, իսկ կոոպերատիվներն ու սահմանամերձ համայնքների տնտեսվարողները ծրագրից կարող էին օգտվել անտոկոս։
Ծրագրի շրջանակում մեկ գլուխ տոհմային երինջի արժեքը կազմել է 1 մլն դրամ, իսկ մեկ շահառուի վարկի առավելագույն չափը՝ 300 մլն դրամ։ Ծրագրից օգտվել է 47 տնտեսվարող, սակայն նրանցից ոչ մեկը սահմանամերձ համայնքից չի եղել։
Նախարարության տվյալների համաձայն՝ այս ծրագրի ընթացքում ստացվել է 11,500 սերունդ։
Ոչխարաբուծության և այծաբուծության ծրագրեր իրականացվել են 2019-2023 թթ․ ընթացքում։ Այս ծրագրով ձեռք է բերվել 1695 գլուխ հղի տոհմային ոչխար, որոնցից ստացվել է 13,000 գլուխ գառ։ Պետության փոխհատուցումը կազմել է մոտ 130 մլն դրամ։
1695 գլուխ հղի տոհմային ոչխարից 1132-ը ձեռք է բերվել վարկերի տոկոսադրույքի մասնակի փոխհատուցմամբ։ Վարկերը շահառուներին տրամադրվել են առավելագույնը 14 %-ով, որից պետությունը փոխհատուցել է 12 %-ը, իսկ սահմանամերձ բնակավայրերին և կոոպերատիվներին տոկոսադրույքն ամբողջությամբ փոխհատուցվել է։ Առավելագույնը մեկ կենդանու ձեռքբերման համար սահմանվել է 450 հազար դրամ։ Ծրագրին ոչ սահմանամերձ համայնքներից մասնակցել է 5 շահառու։ Սահմանամերձ համայնքներից շահառու չկա։
Մնացած 563 գլուխ տոհմային ոչխարները ձեռք են բերվել փոխհատուցման բաղադրիչով։ Այս դեպքում պետությունը փոխհատուցել է՝ մինչև 450 հազար դրամ արժեքով յուրաքանչյուր տոհմային ոչխարի համար վճարված գումարի 23 %-ը։ Սահմանամերձ համայնքների ու գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող կոոպերատիվների համար փոխհատուցման տոկոսադրույքը կազմել է 27 %, իսկ շահառուների ընդհանուր թիվը՝ 11։ Այս դեպքում ևս սահմանամերձ համայնքներից շահառուներ չեն դիմել։
Նույն ծրագրի շրջանակում մեկ շահառուի կողմից ձեռք է բերվել նաև 51 գլուխ այծ։ Այծերի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 21 մլն դրամ, որից 5.7 մլն-ը հատկացրել է պետությունը։ Փոխհատուցումը կատարվել է նույն սկզբունքով՝ յուրաքանչյուր ձեռք բերված կենդանու համար՝ վերոնշյալ տոկոսաչափերով։ Այս դեպքում միակ շահառուն սահմանամերձ համայնքի տնտեսվարող է։
Մեկ այլ՝ 2024-2028 թթ․ ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման ծրագրով էլ Հայաստան է ներկրվել 267 տոհմային ոչխար։ Պետությունը փոխհատուցել է մոտ 60 մլն դրամ։ Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շահառու կարող է ձեռք բերել առավելագույնը 300 գլուխ տոհմային մանր եղջերավոր կենդանի։ 2025 թ․ հուլիսի դրությամբ, ծրագիրն ունի մեկ շահառու, ում կողմից ձեռք բերված յուրաքանչյուր ոչխարի արժեքը կազմել է մոտ 450 հազար դրամ։ Արժեքի 50 %-ը փոխհատուցել է պետությունը։
Թվարկված ծրագրերից, բացառությամբ վերջինի, որը ընթացքի մեջ է, ընդհանուր օգտվել է ընդամենը 64 շահառու, նրանցից միայն մեկը՝ սահմանամերձ բնակավայրից։ Սա այն դեպքում, երբ սահմանամերձ բնակավայրերի տնտեսվարողների համար գործել են անհամեմատ շահավետ պայմաններ։ Արդյոք ծրագրերի մասին իրազեկումը բավարար չի՞ կազմակերպվել, թե՞ սահմանամերձ համայնքներում անասնապահությամբ զբաղվելու բավարար պայմաններ չկան։ Գուցե ա՞յլ պատճառ կա։
Մտահոգիչ են նաև Վիճակագրական կոմիտեի ոլորտին վերաբերող տվյալները, համաձայն որոնց՝ 2021-2025 թթ․ ընթացքում խոշոր եղջերավորների (կովեր, ցլեր) գլխաքանակի 22.4 % նվազումից բացի, նվազել է նաև մանր եղջերավորներից՝ ոչխարների գլխաքանակը՝ 3.6 %-ով։ Ամենաբարձր անկումը գրանցվել է այծերի շրջանում՝ 28.6 %։
2015 թ․–ից մինչ օրս խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը նվազել է ավելի քան 31 %-ով, ինչը նշանակում է, որ ոլորտում կան խնդիրներ, որոնք այդպես էլ չեն լուծվում։
Գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտների փորձագետ Էմիլ Գևորգյանը նվազումը կապում է այն հանգամանքի հետ, որ վերջին տարիներին Հայաստան են ներմուծվում տեղի բնակլիմայական պայմաններին չհարմարեցված կենդանիներ։ Գևորգյանը հիշեցնում է, որ նախկինում Հայաստանում բուծում էին կենդանիների տեսակներ, որոնք հարմարեցված էին տեղի պայմաններին։
«Գուցե մի քիչ արտադրողականության առումով ցածր էին այդ տեսակները, բայց ավելի դիմացկուն, երկարակյաց կենդանիներ էին։ Իսկ եվրոպական երկրներից ներմուծված կովերն ու ոչխարները այստեղի պայմաններին չեն հարմարվում, շուտ են անկում», – ասում է նա։
Փորձագետի դիտարկմամբ՝ անասնապահության ոլորտը պետական քաղաքականության բացերի հետևանքով կորցնում է գրավչությունը։
«Դրա պատճառով է, որ մասնագետների և փորձագետների պակաս կա թե՛ կառավարության օղակներում, թե՛ գյուղերում։ Ագրարային համալսարանում, որտեղ մասնագետներ են պատրաստում այս ոլորտի համար, «անասնաբուծություն», «անասնաբուժություն» մասնագիտություններում տարեկան ընդամենը 1-2 դիմորդ է լինում, ինչը լրջագույն խնդիր է, որը արտացոլվում է տարիների ընթացքում և բերում է նման անկման»։
Պետական կառավարման մասնագետ Արտակ Քյուրումյանն էլ նշում է, որ պետական ծրագրերը մշակելիս հիմնական խնդիրները հստակ ձևակերպում չեն ունենում, ինչն էլ իրականացման փուլում նպաստում է ծրագրերի անարդյունավետությանը։ Ըստ նրա՝ օրինակ, 2019-2024 թթ․ տավարաբուծության զարգացման ծրագրում չկա ոլորտի խնդիրներին վերաբերող վերլուծական հատված։
«Ինչո՞ւ է ստեղծվել այս իրավիճակը։ Գլխաքանակի նվազումը կարող է բազմաթիվ պատճառներ ունենալ, և հենց այդ ռիսկերն ու դրանց լուծումները հարկավոր էր նախապես ունենալ ծրագրում։ Օրինակ՝ նշվեր ծրագրում, որ գլխաքանակի նվազման պատճառ կարող են դառնալ ոչ բավարար անասնաբուժական ծառայությունները և անասնակերի ոչ բավարար քանակը կամ այլ գործոններ», – ասում է Քյուրումյանը։
Գլխաքանակի անկման պատճառները
Սյունիքի մարզի Շատին գյուղի բնակիչ Շահանդուխտ Համբարձումյանը պատմում է, որ խոտ չլինելու պատճառով ստիպված վաճառել են իրենց 20 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիները։
«Վաճառեցինք, քանի որ արոտավայրերը չորանում են, և չենք կարողանում բավականին խոտ հավաքել ձմեռվա համար, որ սնունդ լինի անասուններին։ Հիմա ջերմոց ունեմ, որը ավելի շատ եկամուտ է տալիս, քան 20 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի պահելը», – ասում է Շահանդուխտը։
Փորձագետ Էմիլ Գևորգյանի խոսքով՝ մինչ Արցախյան երկրորդ պատերազմը, գյուղացիները ակտիվորեն օգտվում էին Արցախի արոտավայրերից, խոտ էին պահեստավորում։ Սակայն այդ ռեսուրսի կորստից հետո ՀՀ-ում արոտավայրերը գերարածեցված են։ Արցախի խոշոր և մանր եղջերավոր կենդանիների որոշակի գլխաքանակի տեղափոխումը Հայաստան էլ ավելի է խորացրել կերի պակասի խնդիրը։
Բացի այդ, անասնապահները բախվում են կաթի վաճառքի գնի ցածր շեմին և մսի սպանդանոցային պարտադիր կարգին։ 2020-ից գործող օրենքը, ըստ նրանց, միայն բարդացրել է իրավիճակը։
Սպանդանոցների հեռավորությունը և դրանց ծառայություններից օգտվելու ծախսերը՝ տրանսպորտից մինչև փաստաթղթավորում, ըստ Շատինի բնակիչների, թույլ չեն տալիս ոլորտից շահույթ ստանալ։
Գյուղի մեկ այլ բնակիչ՝ Սոֆիան (խմբ․ անունը փոխված է նրա խնդրանքով), հիշում է, որ մինչ օրենքի ընդունումը իրենց ապրուստը ապահովում էին տեղում՝ ամուսնու միջոցով կենդանիների մորթ իրականացնելով։
«Մինչ սպանդանոցների մասին օրենքի ընդունումը՝ ամուսինս էր գյուղում մորթը անում։ Դա մեր ապրուստի միջոցն էր։ Մենք շատ կուզեինք, որ պետությունը աջակցեր և նորմային համապատասխան սպանդանոց կառուցվեր այստեղ», – պատմում է նա։
Անասնապահությունը, ըստ Սոֆիայի, այլևս ձեռնտու չէ, քանի որ կաթն իրենցից գնում են «ջրի գնով»՝ 150 դրամով, երբ խանութներում արժեքը եռակի–քառակի թանկ է։
Գյուղի վարչական ղեկավար Տիգրան Խաչատրյանն այսօր էլ շարունակում է զբաղվել անասնապահությամբ, բայց նշում է, որ ստիպված է խոշոր եղջերավորներին կենդանի վիճակում վաճառել վերավաճառողի։ Վերջինս էլ կենդանիներին սպառում է Արմավիրում։
«Ծախսերը շատ են, իսկ միսը մեզանից ընդունում են ընդամենը 3000 դրամով։ Սպանդանոցի ծախսերից բացի՝ մսի գնորդ պետք ա գտնեմ՝ տարբեր փաստաթղթային շրջանառությունների մեջ ընկնելով։ Ունենք վստահելի մարդ Հոկտեմբերյանից, իրան ենք վաճառում։ Միանգամից 5-6 գլուխ տանում է»։
Հետաքրքիր է, որ վերջին 5 տարիներին՝ 2021-2025 թթ․ ընթացքում, միայն Արմավիրում է խոշոր եղջերավորների գլխաքանակի աճ գրանցվել, այն էլ չնչին՝ 3.7 %։ Մինչդեռ մյուս մարզերում համատարած նվազում է գլխաքանակը․ Սյունիքում նվազումը 35 % է, Գեղարքունիքում՝ 30 %, Շիրակում՝ 28 % և այլն։ Եթե դիտարկենք միայն բնակչության տնտեսություններում գլխաքանակի տարբերությունը, այնտեղ ևս միայն Արմավիրի մարզում աճ կա։
Բոլոր մարզերում անասնապահության ոլորտում խնդիրները հիմնականում նույնն են՝ ցածր մթերման գներ, կերի պակաս, սպանդանոցային ծրագրի բարդություններ, աշխատուժի պակաս։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանն ընդգծում է, որ մթերումի ավելցուկի դեպքում գյուղացին ու մթերողը հաճախ հայտնվում են հակառակ բևեռներում։ Եվ քանի որ կաթի կամ կարտոֆիլի արտադրողների միություն չկա, ֆերմերները չեն կարողանում համախմբվել ու միասին պայմանավորվել։ Արդյունքում, ըստ Պետրոսյանի՝ մթերողներն են թելադրում գները։
Մարզպետարանի ներկայացուցիչը նկատում է նաև, որ այսօր գյուղական համայնքներում տղամարդիկ նախընտրում են աշխատել շինարարությունում՝ լքելով գյուղատնտեսությունը։
«Մեծամասնությունն աշխատում է շինարարությունում։ Իրենց հողի տեղը չգիտեն։ Մեծ մասամբ Երևանում կամ հենց մարզում շինարարությամբ են զբաղվում», – ասում է նա։
Նույն պատկերը նաև Շիրակի մարզում է։
Անասնապահության ոլորտի բազմաթիվ խնդիրներ դեռ լուծում չեն ստացել, ինչի հետևանքով այս կարևոր ճյուղը շարունակաբար թուլանում է։ Եթե պետությունը նախորդ ծրագրերի բացթողումներից դասեր չքաղի, թիրախային ծրագրերով չաջակցի, չմշակվեն նոր լուծումներ՝ տեղական մասնագետների ու գիտական ներուժի մասնակցությամբ, ոլորտի վերականգնումն ու կայունացումը քիչ հավանական է։
Հեղինակ՝ Մարիա Խաչատրյան
Գրաֆիկները՝ հեղինակի
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 26/07/2025