Քաղաքական

Փաստարկում. Լավրովն ասել է «այնտեղ»` նկատի ունենալով «այլ տեղ»

Դեկտեմբերի 17-ին հայկական և ռուսական մամուլում տարածվեց մի լուր, համաձայն որի՝ Հայաստանն ու Ռուսաստանը համաձայնագիր են մշակում Հայաստանում օտարերկրյա զինվորականներ չլինելու վերաբերյալ: Թեպետ նման բովանդակությամբ լուրը կասկածի տեղիք է տալիս, սակայն որոշ լրատվականներ դրա հիման վրա սկսեցին ենթադրություններ գրել, թե Հայաստանի տարածքում ռուսական զորքերից բացի այլ երկրի զինվորականներ չեն կարող լինել:

Ռուսական Ռիա Նովոստի լրատվական գործակալությունը, հղում տալով ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդային» (Комсомольская правда), գրեց, որ Մոսկվան և Երևանը ավարտում են փաստաթղթի մշակումը, որով կերաշխավորվի Հայաստանում արտասահմանյան զինվորականների բացակայությունը:

«Ազատություն» ռադիոկայանն իր հերթին նշեց, որ «Մոսկվան և Երևանը փաստաթուղթ են մշակում, որը կարգելի Հայաստանում օտարերկրյա զինվորականների ներկայությունը»: Ընդ որում, ի տարբերություն ռուսական լրատվամիջոցի, տեքստում չակերտներով մեջբերվում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքը, սակայն ոչ այնպես, ինչպես ասել է ինքը` Լավրովը:

Այս լուրին պաշտոնապես արձագանքեց նույնիսկ «Սասնա Ծռեր» կուսակցությունը՝ պահանջելով ՀՀ կառավարությունից պարզաբանում ներկայացնել պետության ինքնիշխանությունը կասկածի տակ դնող այդ պայմանագրի վերաբերյալ:

Իրականում

Ի՞նչ էր ասել իրականում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանին տված հարցազրույցում, որը նման տարըմբռնումների պատճառ դարձավ:

Լրագրողների և Լավրովի միջև քննարկումները ծավալվեցին ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում, Ղազախստանում կենսաբանական լաբորատորիաների բացման խնդրի շուրջ, և հնչեցին մտահոգություններ այդ լաբորատորիաներում կենսաբանական զենքերի ստեղծման նպատակով գործողություններ և փորձարկումներ չկատարելու անհրաժեշտության մասին:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչու է Ռուսաստանը թույլ տվել, որ ԱՄՆ-ը Հայաստանում 3 կենսաբանական լաբորատորիա բացի` Լավրովն ասել է (տեսանյութն այստեղ).

Հայաստանի հետ արդեն ավարտին է հասցվում փաստաթղթի մշակումը, որը կերաշխավորի, որ այնտեղ ներկա չեն լինի արտասահմանյան զինվորականներ և որը կերաշխավորի, որ այդ ամենը թափանցիկ է:

Թերևս Լավրովի կողմից օգտագործված «այնտեղ» բառի փոխարինումը «Հայաստան» բառով պատճառ դարձավ տեղեկատվության սխալ ընկալման համար: Խոսքն այստեղ, իհարկե, կենսաբանական լաբորատորիաներում արտասահմանյան զինվորականներ չլինելու երաշխիքի մասին է:

Անդրադառնալով այս հարցին` ՀՀ արտգործնախարարի մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը նշեց. «Կոնտեքստից հասկանում ենք, որ խոսքը գնում է կենսաբանական լաբորատորիաների մասին: Սանիտարահամաճարակային վերահսկողության ոլորտում համագործակցությունը մեր երկկողմ օրակարգի մաս է կազմում: Հայաստանը կատարում է մանրէաբանության ոլորտում գիտական ուսումնասիրությունների խաղաղ գործածմանն ուղղված իր բոլոր միջազգային պարտավորությունները»:

Ինչպես նշում է ԱԳՆ մամլո խոսնակը՝ Հայաստանում չկան ամերիկյան կամ այլ երկրի կենսաբանական լաբորատորիաներ: Դրանք սանիտարահամաճարակային վերահսկողության բարձրացումն ապահովող լաբորատորիաներ են, որտեղ աշխատում են բացառապես հայ մասնագետները: Լաբորատորիաները Հայաստանինն են և քաղաքացիական բնույթ են կրում:

Անդրադառնալով Լավրովի այն հայտարարությանը, թե Հայաստանի հետ ավարտին է հասցվում պայմանագրի մշակումը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց (25:30). «Նման պայմանագիր նախկինում քննարկվել է Հայաստանի իշխանությունների հետ: Մեր կառավարության օրոք մենք երբեք Ռուսաստանի մեր գործընկերների հետ այդպիսի հարց չենք քննարկել»:

Մինչդեռ այս տարվա սեպտեմբերի 10-ին վարչապետ Փաշինյանը, մեկնաբանելով ռուս մասնագետների այցը կենսաբանական լաբորատորիաներ, նշել էր, որ ռուս մասնագետներն արդեն այնտեղ եղել են ու համոզվել, որ այդ լաբորատորիաներում ոչ մի սարսափելի բան չկա:

Այնուամենայնիվ, ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել էր, որ նման պայմանագրի շուրջ քննարկումներ եղել են: «Անկախ ներքաղաքական դրությունից մենք գործ ունենք Հայաստան պետության հետ»,- նշել էր նա:

Դեռևս 2016թ. ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության ֆինանսավորմամբ Երևանում, Գյումրիում և Իջևանում բացվել է երեք լաբորատորիա: Չնայած այդ լաբորատորիաներն ունեն քաղաքացիական նշանակություն, սակայն դրանց երկակի նշանակության վերաբերյալ տեղեկատվությունը շրջանառվում է ժամանակ առ ժամանակ:

Հայաստանում նման լաբորատորիաների ստեղծման համար ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտը հատկացրել է շուրջ 15,5 մլն դոլար, որից, ըստ բաց աղբյուրների՝ 4,1 մլն դոլարը ներդրվել է ՀՀ գյուղնախարարության առանձնապես վտանգավոր պաթոգենների համար սննդամթերքի անվտանգության բաժնի ռեֆերենս լաբորատորիայի կառուցման համար, 9,8 մլն դոլարը` Երևանում Վերահսկողության և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիայի վերանորոգման, իսկ 1,7 մլն դոլարը` նոր սարքավորում և կահույք ձեռք բերելու համար:

Փորձագետի կարծիք



Ամփոփ մեդիա

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Հրապարակվել է` 25/12/2018