Կրթություն

Ampop Media․ «Քննադատական-վերլուծական լրագրություն» թեմայով դասընթաց և համագործակցություն

«Ամփոփ Մեդիան» իր գործընկեր Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի (ՖԷՀ) հետ համագործակցությամբ նախատեսում է կազմակերպել եռօրյա դասընթաց այն անձանց համար, ովքեր մասնագիտացած են սոցիալ-տնտեսական, առողջապահական կամ կրթական ոլորտներում, ունեն քննադատական մտածողություն և հետաքրքրված են հրապարակախոսությամբ:

Եթե դուք երբևէ հանդես եք եկել քննադատական-վերլուծական նյութերով և/կամ հետաքրքրված եք նման ակտիվությամբ, «Ամփոփ Մեդիան» պատրաստ է աջակցել Ձեզ զարգացնելու լրագրողական-վերլուծական հմտությունները և հարթակ տրամադրել Ձեր նյութերը հրապարակելու համար։

Ո՞րն է քննադատ-վերլուծաբանի հիմնական առաքելությունը՝ 

  • հետազոտել և գրել ոլորտային խնդիրների վերաբերյալ քննադատական-վերլուծական հոդվածներ Ampop.am կայքի համար,
  • վերլուծականների միջոցով հանդես գալ բարեփոխումների նպատակային իրականացմանն ուղղված առաջարկություններով,
  • հետևել ոլորտին առնչվող լուրերին և պաշտոնական լրահոսին,
  • առաջարկել լուսաբանման ենթակա ակտուալ թեմաներ,
  • մասնակցել խմբագրական աշխատանքներին։

Թեկնածուն պետք է

  • ունենա բարձրագույն կրթություն կամ լինի բարձր կուրսի ուսանող,
  • գերազանց տիրապետի հայերենին,
  • կարողանա շարադրել վերլուծական-քննադատական հիմնավոր և փաստարկված մտքեր,
  • ունենա ակտուալ թեմաների դուրսբերման կարողություն և հետազոտական ունակություններ,
  • ցուցաբերի ստեղծագործական մոտեցում։

Ծրագրի նախաձեռնողների մասին

Ampop.am կայքը տվյալների լրագրության հարթակ է, որը ստեղծվել է 2016թ․-ին «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի կողմից։ Այս նորարարական մեդիա հարթակը բացատրական լրագրության ժանրում` ամփոփ ձևաչափով և մուլտիմեդիա ծրագրերի համադրությամբ, ներկայացնում է Հայաստանում և աշխարհում սոցիալ-տնտեսական խնդիրների, շուկայական տնտեսության զարգացումների, քաղաքական գործընթացների և այլ ակտուալ ու քննարկվող թեմաներ:

Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամը իր հիմնադրման տարեթվից` 1925թ.-ից ի վեր, ունի հարուստ ավանդույթներ սոցիալ-դեմոկրատիայի բնագավառում: Հայաստանում այն գործում է 1995 թ․-ից։ ՖԵՀ-ի աշխատանքն ուղղված է սոցիալ-դեմոկրատիայի հիմնական գաղափարների ու արժեքների խթանմանը՝ ազատությանը, արդարությանը և համերաշխությանը, որոնք մեզ կապում են սոցիալ-դեմոկրատների և ազատ արհմիությունների հետ: Հիմնադրամը խթանում և ամրապնդում է սոցիալ-դեմոկրատիան քաղաքական կրթության, տաղանդավոր երիտասարդների աջակցության, միջազգային համագործակցության և այլ գործիքների միջոցով։

Ինչպե՞ս ներկայացնել հետաքրքրության հայտ

Հետաքրքրված անձինք ampopmedia@gmail.com հասցեին մինչև սույն թվականի մայիսի 7-ը, պետք է ուղարկեն ինքնակենսագրություն (CV) և մեկ վերլուծական հոդված (մաքսիմալ ամփոփ՝ 500 բառի սահմանում), որում արտահայտված կլինի հեղինակի վերլուծական/քննադատական միտքը ստորև նշված ոլորտներից մեկին վերաբերող կոնկրետ ակտուալ թեմայով՝

  1. սոցիալ-տնտեսական
  2. գյուղատնտեսություն
  3. առողջապահություն
  4. կրթություն
  5. մեդիա

Ի՞նչ կստանան ընտրված թեկնածուները

  • Լավագույն վերլուծությունների հեղինակներին կառաջարկվի համագործակցել «Ամփոփ Մեդիայի» հետ,
  • Հնարավորություն կտրվի մասնակցել «Քննադատական-վերլուծական լրագրություն» թեմայով հատուկ դասընթացին, որը կվարեն տեղական և միջազգային փորձագետները (դասընթացի օրերի մասին լրացուցիչ կտեղեկացվի),
  • Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան մասնակցության վկայագրեր։

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 22/04/2020