Ընտրություններ

Երեւանի ավագանու ընտրություններ. ի՞նչ, ինչո՞ւ եւ ինչպե՞ս

Լուսանկարը` Ֆոտոլուրի

Ազգային ժողովի ընտրությունների եւ հետընտրական շրջանի թոհուբոհից դեռ ուշքի չեկած Երեւանի բնակիչներին քաղաքական ուժերը պատրաստում են մեկ այլ՝ Երեւանի ավագանու ընտրություններին: Այն տեղի կունենա մայիսի 14-ին: Նախընտրական քարոզարշավի մեկնարկը կտրվի ապրիլի 21-ից եւ կտեւի մինչեւ մայիսի 12-ը։ Ավագանու ընտրություններում մրցապայքարի են դուրս եկել երկու կուսակցություն եւ մեկ դաշինք՝ ի տարբերություն ԱԺ ընտրությունների, որտեղ պատգամավորական մանդատի համար պայքարող քաղաքական ուժերի թիվը երեք անգամ ավել էր։ Բայց դա ամենեւին չի նվազեցնում Երեւանի ավագանու ընտրությունների քաղաքական նշանակությունը։

Իրավիճակ

Մայրաքաղաք Երեւանն իր բնակչությամբ եւ ընտրողների քանակով Հայաստանի ամենախոշոր բնակավայրն է: Այստեղ է բնակվում երկրի մշտական բնակչության շուրջ 40%-ը կամ 1 միլիոն 76 հազար մարդ: Նրանցից ընտրելու իրավունք ունեն 841,973 քաղաքացի (2017թ. փետրվարի 20-ի դրությամբ):

2017թ. համար քաղաքի եկամուտների ընդհանուր գումարը ծրագրված է 84 մլրդ 344 մլն դրամ, ինչը շուրջ 174 մլն դոլար է: Երեւանի ավագանին է սահմանում քաղաքի հարկերն ու տուրքերը, ընդունում Երևանի զարգացման ծրագրերը, հաստատում Երեւանի բյուջեն եւ վերահսկողություն իրականացնում դրա կատարման նկատմամբ, որոշումներ ընդունում Երեւանի գլխավոր հատակագծի նախագծի, քաղաքաշինական կանոնադրության, կանաչ տարածքների պահպանման, սննդի ու սպասարկման ոլորտում գործունեության կանոնների և այլնի վերաբերյալ:


Ավագանին Երեւանում տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմին է, որը վերահսկողություն է իրականացնում քաղաքապետի գործունեության նկատմամբ: Ավագանին ՀՀ Uահմանադրությամբ եւ oրենքով իր լիազորություններն իրականացնելիu անկախ է եւ գործում է միայն ի շահ Երեւանի եւ նրա անունից:

Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենք, հոդված 11


Երեւանի ավագանու ընտրությունները կարգավորվում են ՀՀ ընտրական օրենսգրքով, իսկ ավագանու գործունեությունը կարգավորվում է Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքով: Երեւանի ավագանին ընտրվում է 4 տարի ժամկետով, եւ ունի 65 անդամ:

Մինչ նոր ավագանու կազմավորվելը, իր գործունեությունը շարունակում է 2013 թ. մայիսի 5-ի ընտրությունների արդյունքներով ձեւավորված ավագանին: Ներկայիս ավագանու կազմում ընդգրկված են երեք խմբակցության անդամներ՝ «Բարգավաճ Հայաստանից», «Բարեւ Երեւան» դաշինքից եւ Հայաստանի հանրապետական կուսակցությունից (ՀՀԿ)։ Երեւանի ավագանու կազմում մեծամասնություն են կազմում վերջինիս անդամները:

2017թ. Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար գրանցվել են ՀՀԿ-ն (195 թեկնածու), նորաստեղծ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը (50 թեկնածու) եւ «Ելք» դաշինքը (63 թեկնածու): Վերջինս թեեւ մի քանի ամսվա պատմություն ունեցող դաշինք է, սակայն ԱԺ ընտրություններում ստացած ձայներով ընդգրկվեց քաղաքական ուժերի քառյակում՝ զբաղեցնելով երրորդ տեղը։

ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, «Երկիր Ծիրանի» կուսակցության թեկնածուն՝ կուսակցության նախագահ, «Ժառանգության» նախկին անդամ Զարուհի Փոստանջյանը, իսկ «Ելք» դաշինքինը՝ Նիկոլ Փաշինյանն է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ:

image-2873

Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրության կարգը

Ավագանու ընտրություններին ընտրելու իրավունք ունի 18 տարին լրացած ՀՀ քաղաքացին, ով մինչ քվեարկության օրն ունեցել է 6 ամսվա հաշվառում Երեւանում՝ բացառությամբ զինվորական ծառայությունից զորացրվածների եւ/կամ ազատազրկման վայրերից ազատվածների, որոնց հաշվառման ժամկետը Երեւանում սահմանափակված չէ։

Ի տարբերություն համապետական ընտրությունների, տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրական իրավունքի իրացման համար պարտադիր չէ ՀՀ քաղաքացի լինելը:  Ավագանու ընտրություններին քվեարկելու իրավունք ունեն նաեւ Երեւանում մեկ տարվա հաշվառում ունեցող, սակայն ՀՀ քաղաքացիություն չունեցող անձիք: Այս նույն պահանջները տարածվում են նաեւ ավագանու անդամի թեկնածուի վրա, բայց ոչ քաղաքապետի: Քաղաքապետ կարող է դառնալ 30 տարին լրացած, ՀՀ քաղաքացիություն ունեցող ավագանու այն անդամը, ով չունի այլ պետության քաղաքացիություն: Երեւանի քաղաքապետն ընտրվում է նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում գաղտնի քվեարկությամբ՝ ավագանու անդամների ընդհանուր ձայների մեծամասնությամբ: Սակայն, եթե կուսակցություններից որեւէ մեկն ստացել է ավագանու մանդատների 50%-ից ավելին, ապա այդ կուսակցության ընտրական ցուցակի առաջին համարն ինքնըստինքյան դառնում է քաղաքապետ:

Երեւանի ավագանու եւ քաղաքապետի աշխատավարձը

Ավագանու անդամն աշխատում է առանց աշխատավարձի, սակայն իր ցանկությամբ եւ ավագանու որոշմամբ իր պարտականությունների կատարման հետեւանքով առաջացած ծախսերի դիմաց կարող է ստանալ փոխհատուցում՝ նվազագույն աշխատավարձի չափով՝ 55 000 դրամ: Իսկ քաղաքապետի աշխատավարձը որոշում է ավագանին, սակայն այդ աշխատավարձը չի կարող գերազանցել պատգամավորի աշխատավարձի կրկնակին: 2014թ. նոյեմբերի 26-ին ավագանին ընդունեց որոշում (որոշմանը կողմ քվեարկեց միայն Հանրապետական կուսակցությունը), որով բարձրացվեց քաղաքապետի եւ քաղաքապետարանի 1700-ից ավել աշխատակիցների աշխատավարձերը: Ըստ այդ որոշման՝ Երեւանի ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատավարձը կազմում է 575 000 դրամ, ներառյալ հարկերը: Ըստ պետական հայտարարագրերի ռեեստրի, քաղաքապետ Մարգարյանի 2016թ. տարեկան եկամտի չափը կազմել է շուրջ 5 մլն 255 հազար դրամ (մոտ 11 հազար դոլար), իսկ դրամական միջոցներինը` 250 մլն դրամ, ինչպես նաեւ 45 000 դոլար եւ 50 000 եվրո: Նույն ռեեստրում առկա 2014թ. տվյալների հետ համեմատած, ստացվում է, որ վերջին երեք տարիների ընթացքում քաղաքապետ Մարգարյանի տարեկան եկամուտն ավելացել է ընդամենը 541 000 դրամով, մինչդեռ դրամական միջոցները` 135 մլն դրամով:


կարդացեք նաեւ    Երեւանյան տրանսպորտի անվերջ ճգնաժամը

Պատմական ակնարկ

Հայաստանի անկախությունից հետո Երեւանն ունեցել է 11 քաղաքապետ: 2010թ. դեկտեմբերի 8-ին, երբ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հրաժարական տվեց, դրանից 8 օր անց ավագանու արտահերթ նիստում փակ գաղտնի քվեարկությամբ՝ 50 կողմ, 1 դեմ ձայներով, քաղաքապետ ընտրվեց Կարեն Կարապետյանը (ՀՀ ներկայիս վարչապետ): Այդ ժամանակ Երեւանի ավագանու անդամները ներկայացնում էին երկու խմբակցություն՝ ՀՀԿ եւ ԲՀԿ: Երրորդ խմբակցությունը՝ ՀԱԿ-ը, բոյկոտել էր ավագանու ընտրությունները եւ, կառույցը ոչ լեգիտիմ համարելով, չէր մասնակցում ավագանու նիստերին: 11 ամիս պաշտոնավարելուց հետո հրաժարական տվեց նաեւ Կարեն Կարապետյանը: Ավագանու միաձայն կողմ քվեարկության արդյունքում քաղաքապետ ընտրվեց Տարոն Մարգարյանը, ով քաղաքապետ դարձավ նաեւ 2013թ. տեղի ունեցած ավագանու ընտրությունների արդյունքում:

image-2874
2010թ․ դեկտեմբերի 20, նորընտիր քաղաքապետ Կարեն Կարապետյանի երդմնակալության հանդիսավոր արարողություն։ Աջից՝ Աստղիկ Գեւորգյան՝ ավագանու անդամ, Ժուռնալիստների միության նախագահ։

Փաստարկ

Երեւանի ավագանու ընտրություններն անց են կացվում համամասնական ընտրակարգով, այսինքն՝ դրան կարող են մասնակցել միայն կուսակցությունները կամ կուսակցություններից ձեւավորված դաշինքները: 1995թ. Սահմանադրությամբ՝  Երևանի քաղաքապետին նշանակում եւ ազատում էր նախագահը, իսկ տեղական ինքնակառավարումն իրականացվում էր թաղային համայնքներում: 2005թ. Սահմանադրությամբ՝ Երևանի տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները պետք է սահմանվեին օրենքով, որն ընդունվեց 2008թ.: Ըստ այդ օրենքի՝ Երեւանի ավագանու հաջորդ ընտրությունները՝ 2009թ., կազմակերպվեցին համամասնական ընտրակարգով: Ավագանու ընտրության այս կարգը մնաց անփոփոխ նաև 2011թ. և 2016թ. ընտրական օրենսգրքերում:

Ի տարբերություն խորհրդարանական ընտրությունների, Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրողին տրվելու է ընդամենը մեկ քվեաթերթիկ եւ մեկ ծրար: Ընտրողը պետք է V-աձեւ նշան դնի իր նախընտրած կուսակցության կամ դաշինքի դիմաց, այլ ոչ թե առանձին թեկնածուների:

Յուրաքանչյուր կուսակցություն/դաշինք պետք է իր ընտրական ցուցակում ունենա նվազագույնը՝ 25, առավելագույնը՝ 195 ավագանու թեկնածու: Ընտրական ցուցակում կարող են ընդգրկվել նաեւ ոչ կուսակցականներ, սակայն նրանց թիվը չպետք է գերազանցի տվյալ կուսակցության ցուցակի թեկնածուների 20%-ը: Յուրաքանչյուր կուսակցություն/դաշինք պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաշվեհամարին վճարի 3 միլիոն դրամի չափով ընտրագրավ: Ընտրագրավն օգտագործվում է ԿԸՀ-ի կողմից ընտրությունների կազմակերպման հետ կապված ծախսերը հոգալու համար: Այն հետ է վերադարձվում, եթե կուսակցությունը մինչ ընտրական ցուցակների գրանցումն ինքնաբացարկ է ներկայացնում, կամ ընտրությունների արդյունքում ստանում է 4 կամ ավելի տոկոս, կամ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչվում:

Եթե խորհրդարան մտնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեին 5%-ի շեմը, իսկ դաշինքները՝ 7%-ինը, ապա ավագանու անդամի մանդատներ ստանալու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 6%-ի, իսկ դաշինքները՝ 8%-ի շեմը: Եթե կուսակցություններից մեկը ստանում է տեղերի 40%-ից ավելին, որը, սակայն, չի կազմում բացարձակ մեծամասնություն, ապա հենց նրան է տրվում այնքան տեղ, որ հասնի բացարձակ մեծամասնության:

Ինչպես Ազգային ժողովի ընտրությունների եւ մանդատների բաշխման դեպքում, այնպես էլ Երեւանի ավագանու ընտրություններում ընտրական ցուցակների առաջին եռյակներում պետք է ներկայացված լինեն երկու սեռի ներկայացուցիչներ, իսկ մանդատների բաշխման ժամանակ որևէ սեռի ներկայացվածությունը չպետք է պակաս լինի 25%-ից: Երեւանի ավագանու կազմում ազգային փոքրամասնությունների ներգրավման մասով որեւէ կարգավորում չկա:

Երեւանի ավագանու ընտրությունների կազմակերպման նպատակով ԿԸՀ-ն արդեն ձեւավորել է 10 տեղամասային ընտրական հանձնաժողով, որոնցից յուրաքանչյուրն ունի իր տեղամասային կենտրոնը:

Փորձագետի կարծիք



Հղումների պահոց

  • Անկախ ընտրությունների արդյունքներից՝ ՀՀԿ-ն, «Ելք»-ը եւ «Երկիր ծիրանի»-ն կլինեն Երեւանի ավագանու կազմում
  • Ավագանու թեկնածուները պետք է ներկայացնեն Երեւանի զարգացման ծրագիր. «Պահպանվում է երեւանցու կողմից» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Վիկտոր Մնացականյան
  • Երեւանի ավագանու ՀՀԿ-ի ցուցակը էական փոփոխության չի ենթարկվե. «Հրապարակ»-ի անդրադարձը
  • Lragir.am-ի անդրադարձը Երեւանի ավագանու ընտրությունների «ինտրիգին»

Ամփոփեց Աստղիկ Գեւորգյանը

Պատասխանատու խմբագիր՝ Սուրեն Դեհերյան

© Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on FacebookTweet about this on TwitterShare on Google+Share on LinkedIn